Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հունիսի 25-ին Ապարանի Ոստիկանության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում օրեր առաջ Նիգավան համայնքում կրակոցների հետեւանքով սպանված երկու եւ վիրավորում ստացած հինգ երիտասարդների հարազատները՝ պահանջելով արդար քննություն: «Արդեն 6-րդ օրն է, եւ նույնիսկ ձերբակալված չեն սպանության կազմակերպիչները, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ գործն իր հունով չի գնում»,- հայտարարեց սպանված 27-ամյա Հմայակ Միքայելյանի հորեղբայրը՝ Աբրահամ Միքայելյանը: Ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ արյունալի միջադեպին առնչություն են ունեցել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի ու ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի բարեկամները:
Մեկնաբանությունը
Ապարանյան ողբերգության շուրջ հանրային աղմուկը երկար ժամանակ չէր հանդարտվում: Հնչում էին ամենատարբեր կարծիքներ, մեկնաբանություններ, գնահատականներ, որոնք մեծ մասամբ հակասական էին եւ փոխբացասող: Որոշ լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ միջադեպը սկսել էր այն բանից հետո, երբ երիտասարդները հայհոյել էին Նիկոլ Փաշինյանին: Իրավապահները, սակայն, արագ հերքեցին այդ վարկածը՝ պաշտոնապես հաղորդելով, որ դեպքը կենցաղային բնույթ ունի եւ ծագել է ավտոմեքենային ճանապարհ չզիջելու պատճառով:
Ամեն դեպքում այս գործին ՔՊ-ական որոշ ազդեցիկ դեմքերի՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի եւ ԱԺ-ում իշխող քաղաքական մեծամասնության խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի միջնորդավորված մասնակցությունը անհերքելի փաստ է: Այս մարդիկ՝ որպես մարզում հեղինակություն ունեցող երեւելի գործիչներ, կարող էին հարթել տաքարյուն երիտասարդների միջեւ ծագած վեճը, եւ բանը սպանության չէր հասնի: Բայց նրանք հակառակն են արել՝ կրակին յուղ են լցրել: Արյունալի հաշվեհարդար իրականացնողների ճամբարում եղել են ՔՊ-ական փոխմարզպետի եւ պատգամավորի ամենամերձավոր ազգականներն ու բարեկամները, որոնցից ոչ ոք ցայժմ ձերբակալված չէ:
Ականատեսների վկայություններով՝ միջադեպին նախորդած ուղիղ երեք օրերին թեժ վիճաբանություններ էին գնում հակամարտ խմբերի միջեւ, եւ այդ ընթացքում չգտնվեց բանական մեկը, ում խոսքը գին ունի ու կարող էր խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալ, հաշտեցնել կռվազան ջահելներին: Եվ, վերջապես, որտե՞ղ էին Ոստիկանության Ապարանի բաժանմունքի ծառայողները, ինչո՞ւ անհաղորդ մնացին երիտասարդների՝ երեք օր ընթացող խոսքակռիվներին, ո՞վ էր կանգնած այս ամենի հետեւում, ում ահից Ոստիկանությունը, նախաքննական մարմինը, իրավապահ մյուս կառույցները կաշվից դուրս են գալիս իրականությունը կոծկելու կամ այն «ծուռ հայելու» մեջ ներկայացնելու համար:
Քննչական կոմիտեն պաշտոնապես հաղորդում է միայն մեկ ձերբակալվածի մասին, նախաքննական մարմինը շաբաթ օրով չի պատասխանում տուժածների հարազատների հարցերին՝ հիմնավորելով, որ «այսօր հանգստյան օր է», ՀՀ ոստիկանությունը շտապում է տեղեկացնել, թե «միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի»: Նույն Ոստիկանության պաշտոնական հաղորդմամբ՝ «նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան, տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ: Նրանցից մեկը մահացել է»:
Նման հաղորդագրություններն անաչառության առումով խիստ խոցելի են եւ չեն կարող հավաստիություն ներշնչել: Որսորդական հրացանից 7 մարդու տուժելը, մեղմ ասած, անհեթեթություն է: Դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե մեկին կրակելուց հետո մյուսները կանգնած սպասեն խփվելու իրենց հերթին: Կա՞ մեկը, ով կհավատա այս պոչավոր ստին: Երկրորդ՝ Ոստիկանությունը որտեղից եւ ինչպես որոշեց, որ միջադեպը չունի քաղաքական ենթատեքստ՝ դա նախաքննությունը ցույց կտա: Կամ՝ ինչո՞ւ է խնամքով թաքցվում արդեն հայտնի այն փաստը, որ հրազենային վիրավորում ստացածներից մեկը հենց տեղում էր մահացել, երկուսը՝ հիվանդանոցում:
Կլինի՞ արդար, անաչառ դատավարություն, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց որ տեղի ունեցածը մեր ուժային կառույցների այլասերվածության մասին է վկայում, ակնհայտ է: Եվ մեղքն այստեղ ոչ այնքան ուժայիններինն է, որքան՝ վերջիններիս իր բռի մեջ հավաքած եւ չքմեղ ձեւացող բոլորիս հայտնի անձինը: Պատերազմի բացահայտ սպառնալիքի իրադրությունում բանակն ամրապնդելու, ուժեղացնելու փոխարեն, որպեսզի պետական սահմանն անառիկ լինի, զինվորն՝ անվտանգ, այդ անձը սեփական իշխանությունն է ամրապնդում, որովհետեւ իր անձը վեր է դասում պետության եւ ժողովրդի անվտանգության շահերից:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Խորհրդարանի հուլիսի 1-ի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելու հարցերն էին: Սաղաթելյանին եւ Հակոբյանին պաշտոններից հեռացնելու որոշումը ՔՊ խմբակցությունը կայացրել էր հունիսի 28-ին: Մնում էր ԱԺ-ի վավերացումը, ինչը եւ տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստում՝ իշխանական պատգամավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում: Որոշումը ընդդիմության կողմից գնահատվեց որպես պատիժ՝ ընդդիմադիր գործունեության համար:
Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան, հայազգի դիվանագետ Նորա Արիսյանին հունիսի 28-ին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու ուղղությամբ: Նշելով այս տարիների ընթացքում սիրիացիների, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին՝ Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես եւ հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատեւ ճգնաժամի ծանր հետեւանքները եւ առաջընթացի փուլ կմտնեն։ Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին՝ Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու նախաձեռնության համար:
Արդարադատության 36-ամյա փոխնախարար Աննա Վարդապետյանը սեպտեմբերից կստանձնի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը՝ 6 տարով։ Հունիսի 29-ին նա ԱԺ-ում ընտրվեց միայն իշխանական պատգամավորների 70 կողմ, 0 դեմ ձայներով: Նախընտրական ելույթը Վարդապետյանը սկսել էր հստակ շեշտադրությամբ, թե հետեւողական լինելու դեպքում հնարավոր է հասնել արդյունավետ դատախազական հսկողության։ «Ձախողում՝ նշանակում է ձախողում ամբողջ ապրած կենսագրության։ Երեւի պատկերացնում եք՝ ինչ է դրված ինձ համար նժարի վրա, եւ սա թեթեւսոլիկ որոշում չի եղել իմ կողմից»,- ասել է նա:
Հունիսի 29-ին Կանադան դեսպանատուն է բացել Հայաստանում՝ ժողովրդավարության ամրապնդմանը աջակցելու համար։ «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջեւ եւ մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը»,- Թվիթերում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին: Պաշտոնական Երեւանն, իր հերթին, ողջունել է բարեկամ երկրի այդ որոշումը։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հունիսի 30-ին մերժել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Այս մասին ՖԲ իր էջում գրել է կառույցի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրվել է նաեւ, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, այսինքն՝ Ռուբեն Վարդազարյանը ձայնագրությունը հրապարակել է ձայնագրելուց ավելի քան մեկ տարի անց։