Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում էր Սահմանադրության օրը: «Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլեւ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: Նախագահը նշում է նաեւ, որ մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն ու զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու համար:
Շնորհավորական իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ ժողովուրդը հանրաքվեով Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ է ընդունել: «Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները հանրության կողմից վստահելի չեն համարվել: Հայաստանի քաղաքացիներն իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը»,- իր ուղերձում նշել է վարչապետը:
...Նորանկախ Հայաստանի Մայր օրենքը, ինչպես հայտնի է, ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, փոփոխության է ենթարկվել 2005 եւ 2015 թվականներին: Այս տարվա հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, համաձայն որի` Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես Բարձր դատարանի նախագահ, բայց մնում է ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները` Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը, ուղարկվում են թոշակի: Արդեն հնչել են բազմաթիվ մասնագիտական կարծիքներ, այդ թվում` եվրոպական կառույցներից, որ այս վերջին փոփոխություններն անցել են Սահմանադրության ու օրենսդրության խախտումներով` հանգեցնելով իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման:
Ընդունված է համարել, որ սահմանադրությունները զուտ փաստաթղթային ձեւակերպում ունեցող իրավական նորմերի ամբողջություն չեն, այլ` շատ ավելի բարձր արժեքներ պարունակող որոշակի երեւույթ: «Սահմանադրությունը` իբրեւ խորհրդանիշ, ցանկացած սուբյեկտի` ժողովրդի, անհատների, քաղաքական ուժերի, պետական իշխանության տեսանկյունից պետք է ոչ թե որպես գործիք ծառայի, այլ լինի այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ սկզբունքային առումով որեւէ գործողություն իրականացնել»,- համոզված է իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը: Սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում երբեք չի կարող դրված լինել որեւէ անհատական շահ կամ քաղաքական անհրաժեշտություն, ինչպիսին կար վերջին փոփոխություններում:
Համաշխարհային փորձը վկայում է, որ Սահմանադրության հաճախադեպ փոփոխությունները ցնցակաթվածի են ենթարկում պետական համակարգը, խաթարում Մայր օրենքի կայունությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետեւանքներ: Չնայած դրան, հունիսի 22-ին քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված սահմանադրական փոփոխություններ իրականացրած «թավշյա» իշխանություններն արդեն խոսում են 2021-ին նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին: «Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որեւէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովրդի կամքից բխող պետական կարգ ունենալու ռազմավարական հարց պետք է լուծի»,- ուղերձում նշել է Մայր օրենքը իր եւ սեփական քաղաքական ուժի ճաշակով փոփոխությունների ենթարկած վարչապետը:
Ցավոք, Սահմանադրության հարցում` որպես պետականության խորհրդանիշներից մեկի, մեր բախտը չի բերում: Ընդունման պահից մինչեւ հիմա այն ենթարկվել է օրվա իշխանության քմահաճույքներին, քանիցս վերաձեւվել պետության առաջին դեմքերի «հագով», ծառայել նրանց անձնական կամ խմբային շահերին ու քաղաքական նկրտումներին: Շատ դիտորդների կարծիքով` նույնիսկ բուն Սահմանադրության ընդունումը, որի հանրաքվեն 1995-ի հուլիսի 5-ին զուգադիպել էր անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրություններին, տեղի էր ունեցել օրենքի կոպիտ խախտումներով, հետեւաբար, լեգիտիմ չէին թե´ սահմանադրական հանրաքվեի, թե´ ԱԺ ընտրությունների արդյունքները: Դրա մասին վկայող փաստերից է թեկուզ այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն սեփական որոշմամբ 2 ժամով ավելացրել էր քվեարկության համար օրենքով սահմանված ժամանակահատվածը: Այսինքն` կատարվել էր պաշտոնեական լուրջ կեղծիք, որի հեղինակն, ի դեպ, այսօր իրավական խնդիրների մասին պատեհ-անպատեհ ճամարտակող Գագիկ Ջհանգիրյանն էր:
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի դիտարկմամբ` ընտրակեղծիքների մշակույթը մեզանում ձեւավորվել է հենց 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ըստ Թեւանյանի` ավտորիտար համակարգն ու կլանաօլիգարխիկ հարաբերությունները եւս ձեւավորվել են նույն թվականին ընդունված Սահմանադրությամբ, որի թելադրած խաղի կանոններով երկրի նախագահը միակ քաղաքական սուբյեկտն էր, իսկ իշխանության մյուս ճյուղերը` նրա խամաճիկները։ Նախագահից ուղղակիորեն կախված էր գործադիր մարմինը եւ, որ ամենասարսափելին էր, դատաիրավական համակարգը։ «Այս ամենի հիմնադիր հայրերը սսկվելու փոխարեն դեռ վխտում են մեր քաղաքական դաշտում, իսկ իրենց արտադրական թափոնն այսօր հայտնվել է իշխանության ղեկին ու բռնաբարում է օրենսդրական դաշտը մոլագարի պես։ Սա ցինիզմ է, փարիսեցիություն եւ անբարոյականություն միաժամանակ»,- եզրակացնում է քաղաքագետը:
Աշխարհում մեծ թվով պետություններ իրենց սահմանադրություններն «անառիկ» են պահում հաճախակի փոփոխությունների ենթարկվելուց: Եվրոպական շատ երկրներում, Ամերիկայում եւ այլուր սահմանադրական տեքստերը տասնամյակներով, նույնիսկ հարյուրամյակով մնում են անփոփոխ կամ նվազագույն միջամտություններ են դրանցում կատարվում: Անշուշտ` հասարակական զարգացումներին ու փոփոխություններին համընթաց կարող են համապատասխան կարգավորումներ եւ ճշգրտումներ լինել օրենսդրական դաշտում: Մայր օրենքներում փոփոխություններ, որպես կանոն, հազվադեպ են տեղի ունենում, եւ այն էլ` «յոթ չափիր, մեկ կտրիր» սկզբունքով, այսինքն` ըստ հույժ անհրաժեշտության, ոչ թե մեկ անձից կամ իշխանությանն անհաճո անձանց մի խմբից ազատվելու հիմքով:
Ամեն դեպքում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, քաղաքացիական համերաշխությունը, խաղաղությունը երաշխավորելու համար կոչված Սահմանադրությունն ինքը այսօր ունի պաշտպանության կարիք` չդառնալու համար ներկայիս գործադիր եւ օրենսդիր իշխանության քաղաքական հավակնությունների զոհը: Պաշտպանել Սահմանադրությունը` նշանակում է ազգովին ճանաչել հանրային ու ազգային-պետական շահի եւ պետականության արժեքային կոդի կրողի` նրա վսեմ առաքելությունը, որպեսզի ցանկացած հաջորդ իշխանություն հնարավորություն չունենա Մայր օրենքի հետ վարվել սիրտն ուզածի պես: Իսկ դա ենթադրում է համերաշխ ու միաձույլ հասարակություն, բարձր իրավագիտակցություն եւ քաղաքացիական արիություն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Արցախի իշխանությունները վերահաստատում են վճռականությունը` հետամուտ լինելու Արցախի «բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն» ու «տարածքային ամբողջականության վերականգնմանը»։ Այդ մասին ասված է ադրբեջանական կազմավորումների կողմից Մարտակերտի գրավման 18-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարության հուլիսի 4-ին տարածած հայտարարությունում: 1992թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները` ունենալով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում էին իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի ուղղությամբ, որի հետեւանքով Արցախի տարածքի գրեթե կեսը հայտնվել էր Ադրբեջանի օկուպացիայի ներքո: Մեկ տարի անց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը, սակայն ցայսօր Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը եւ Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, «գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո», ասված է հայտարարությունում:
Սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը եւ Ֆելիքս Թոխյանը, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կառավարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ստրասբուրգյան դատարանից նրանց գանգատի վերաբերյալ հարցեր են ստացել եւ արդեն պատասխանել։ Գործադիրը չի մանրամասնում հարցերի բովանդակությունը։ Պաշտոնից հեռացված դատավորները եւ Թովմասյանը, որը պետք է շարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր, ավելի վաղ հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խախտումներով է ընթացել, եւ իրենք պայքարելու են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 9-ին մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` արդարադատության նախարարի միջնորդությունը: Ըստ էության, ԲԴԽ կազմում ներառված 4 դատավոր դեմ է եղել, որ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, իսկ 5 անդամ-գիտնականները` կողմ։ Ըստ նախարար Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: Ի դեպ, Ալեքսանդր Ազարյանը 2018-ին երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է: