Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշեց Սահմանադրության օրը: Այն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, եւ այդ օրն էլ դարձել է պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005թ. նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին: 2022-ի հունվարին հաստատված՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, պատրաստվում է մինչեւ տարեվերջ ընդունել Մայր օրենքի նոր հայեցակարգը։ Կառավարման ի՞նչ մոդել է պետք ՀՀ-ին՝ խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. հիմնականում այս հարցի պատասխանն է փնտրում խորհուրդը: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել սահմանադրական փոփոխությունների խորհրդի աշխատանքներին, եւ նրա կազմում ԱԺ-ից ներկայացված է միայն իշխանական ՔՊ-ն:
Մեկնաբանությունը
Սահմանադրության տոնը հարմար առիթ է ներկայացնել նախ մի քանի նկատառումներ: Գոյության ընդամենը 27 տարում երկու անգամ փոփոխությունների ենթարկվելը, որը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարման տարիներին, մեղմ ասած, խրախուսելի չէ: Ավելին՝ նման փոփոխությունները երբեմն մեծ ցնցակաթված են ցանկացած երկրի պետականության համար: Փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն, իհարկե, ժամանակի ընթացքում առաջանում է, ինչը պայմանավորված է հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, տեխնոլոգիական հսկայաքայլ վերափոխումների, գիտատեխնիկական նորամուծությունների եւ ի հայտ եկած նոր կենսապահանջմունքների հետ կապված իրողություններով:
Սակայն դիտարկելի է նաեւ խնդրի հակառակ կողմը. բռնապետական հակումներ ունեցող առաջնորդները, որոնց պակաս, անշուշտ, աշխարհում չկա, ձգտում են սահմանադրական բարեփոխումների անվան տակ իշխանական հավելյալ լծակներ ու գերլիազորություններ կենտրոնացնել իրենց ձեռքում՝ հասնելու համար լիակատար միահեծան կառավարման: Եվ սկսում են փոխել, իրենց «հագով» դարձնել գործող օրենքները, ի մասնավորի՝ պետության Հիմնական օրենքը: Այդ տեսակետից ՀՀ Սահմանադրությունը, ցավոք, բացառություն չէր: Անկախությունից ի վեր այն նույնպես ի չարս օգտագործվեց Հայաստանի ղեկավարների կողմից եւ, կարծես թե, այդ միտումը շարունակվում է:
Մոտավորապես մեկուկես տարի առաջ լուրեր էին պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրորեն փոխել կառավարման ներկայիս համակարգը եւ կրկին անցնել կիսանախագահականի: Այն ժամանակ որեւէ հերքում իշխանության կողմից չեղավ՝ չնայած թեման բավական լայն քննարկման հարթակ էր մտել: Ոմանք նույնիսկ կեսլուրջ-կեսկատակ գրում էին, թե Նիկոլի սիրտը հիմա էլ նախագահ դառնալ է ուզում: Դա այն օրերին էր, երբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ գեներալներ Կառավարության ու նրա ղեկավարի հրաժարականի պահանջ էին դրել, ինչը Փաշինյանը «ռազմական հեղաշրջման փորձ» էր որակել:
Ահա այդ ժամանակ էլ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս՝ Փաշինյանը, թերեւս, նկատի ունենալով Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու հարցում իր եւ նախագահի միջեւ առաջացած որոշակի հակասությունները, չէր բացառել Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը կիսանախագահականով փոխարինելու հնարավորությունը։ Սակայն նույն 2021-ի տարեվերջին նա տրամագծորեն հակառակ կարծիքը հայտնեց, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։ Իսկ այս տարվա հունվարին հաստատեց սահմանադրական բարեփոխումներ կոչված խորհրդի կազմը՝ արդարադատության իր «սրտի» նախարար Անդրեասյանի գլխավորությամբ:
Թե այս պահին կառավարման համակարգերից որ մեկն է վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար նախընտրելին՝ դժվար է ասել, քանի որ նրա միտքը նույնքան փոփոխական է, որքան եղանակը մարտ ամսում: Արդարադատության նախարարի խոսքով՝ Փաշինյանը որեւէ գաղտնի հանձնարարական իրեն չի տվել. «Քաղաքական որոշումը, թե Հայաստանը ինչ քաղաքական ուղի է ընտրելու, ինչ կառավարման ձեւ է ընտրելու, սկսվելու է այս խորհրդից: Ես երաշխավորում եմ, որ որեւէ այլ մարմին հիմա չունի նման քաղաքական որոշում, առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը»,- նշել է Կարեն Անդրեասյանը:
Ինչպես հայտնի է, Հայաստանը խորհրդարանական կառավարման ձեւին անցել էր 2018-ին՝ սահմանադրական հանրաքվեից 3 տարի անց: Այն ժամանակ դեռ ընդդիմադիր Փաշինյանը «կեղծ օրակարգ» էր պիտակել կառավարման համակարգի փոփոխությունը, իսկ 2018-ին իշխանության գալուց հետո, Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը» նրան, կարծես թե, սկսեց դուր գալ՝ թեպետ խորհրդարանական կառավարման առնչությամբ ժամանակ առ ժամանակ իրարամերժ դիրքորոշումներ էր հայտնում՝ հավանաբար փորձելով սքողել վարչապետական կյանքի վայելքներով պայմանավորված ներքին հրճվանքը: Եվ, չնայած նախորդ տարեվերջյան առցանց ասուլիսում կողմ արտահայտվեց խորհրդարանական ձեւին, նրա իրական մոտեցումն այդպես էլ մնում է անիմանալի:
Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել ու թեկնածու չի առաջադրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում: ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները համարում են, որ ներքին ու արտաքին ներկա սպառնալիքների պայմաններում սահմանադրական փոփոխությունների օրակարգը շեղող նպատակ է հետապնդում, ինչպեսեւ իշխանության վերարտադրության փորձ է։ «Կա լրջագույն կասկած, որ այս ամենն արվում է մեկ այլ նպատակի համար՝ հնարավորություն ստեղծել եւս ինչ-որ մի տեղ տեղավորվելու»,- դեռ անցած տարեվերջին ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հուլիսի 5-ին Երեւանում, «Ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության», բողոքի երթ է անցկացրել իշխանությունների հեռացումը պահանջող «Դիմադրության» շարժումը։ Երթի մասնակիցները շղթայված Սահմանադրությունը տարան Բարձր դատարանի մոտ՝ այնտեղ թողնելով նաեւ բազմաթիվ գրիչներ, որոնք, ինչպես իրենք հայտարարեցին, ոտնահարված Սահմանադրության խորհրդանիշն են։ Ընդդիմադիրները վեր էին պարզել «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» եւ այլ գրություններով պաստառներ։ Նշվեց, որ վերջին տարիներին բարեփոխման անվան տակ Սահմանադրական դատարանի դեմ քայլեր են արվել, որոնք այդ օրվանից կանխորոշել են Սահմանադրության ու իշխանության միջեւ ջրբաժանը։
2021-ի մարտիմեկյան հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը խոսել էր սահմանադրական հանրաքվով Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու եւ կիսանախագահականին վերադառնալու իր մտադրության մասին՝ նշելով, որ այսօր էլ Սահմանադրությունը «բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում»: Իսկ ընդամենը մեկ տարի առաջ տրամագծորեն հակառակ կարծիքին էր, թե կիսանախագահականը երկիրը ձախողած, անպատասխանատու համակարգ է: Փաշինյանի «համակարգաստեղծ» այս տվայտանքներն ակնհայտորեն սեփական անհաջողությունների մեղքը համակարգի վրա բարդելու դրսեւորում են: Նրա մտքի ծայրով անգամ չի անցնում, որ ձախողումների համար մեղավորը ոչ թե համակարգն է, այլ այդ համակարգը կառավարող անձը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 6-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը: Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ ԼՂ իրավիճակին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ: Կրեմլի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը. ԱԺ-ը հուլիսի 7-ին 58 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։ Ըստ այդմ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի Պնախարարի առաջին տեղակալ, բայց ոչ՝ նախարարին փոխարինող անձ։ Գերատեսչության ղեկավարի բացակայության պայմաններում իշխանությունը Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյայի դեպքում հատուկ կարգավորում է մտցնում։ «Առաջարկության նպատակն է՝ բարելավել Զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը եւ բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»,- քննարկումների ժամանակ ասել է Պնախարար Սուրեն Պապիկյանը:
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար նշանակված կողմերի բանագնացներն առաջին հանդիպումը Մոսկվայում անցկացնելուց հետո, այնուհետեւ երեք անգամ հանդիպել են Վիեննայում։ Այս մասին Ավստրիայի իր պաշտոնակցի հետ Անկարայում հուլիսի 4-ին կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Մենք Հայաստանին առաջարկել էինք՝ ասելով, որ առաջին հանդիպումը կարող ենք անցկացնել Երեւանում, բայց Հայաստանը դեռ պատրաստ չէ դրան՝ ներքին ճնշումների պատճառով»,- ասել է թուրք դիվանագետը: Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու մասին, Չավուշօղլուն, ասել է՝ պետք է բացել «Զանգեզուրյան միջանցքը», որը պետք է ստեղծվի երկուստեք համաձայնությունների հիման վրա:
Աշխատանքային այցով հուլիսի 5-6-ը Իսպանիայում գտնվող՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ: Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Միրզոյանը իսպանացի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են նաեւ 44-օրյա պատերազմի հումանիտար հետեւանքներին:
Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Շամխանիին դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջեւ:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ նշելով, որ պատճառները բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթի են. ստեղծված իրավիճակում, ըստ նրա, կայացվել է «ամենաճիշտ ու արդարացված որոշումը»: Ղազինյանն ընդգծել է, որ շարունակելու է մասնակցել «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներին: «Շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ. այն միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները»,- գրել է պատգամավորը: