Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ինչպես նախապես ծանուցվել էր, «Հայացք Երեւանից» (ACNIS reView) կայքէջի խմբագրակազմը հուլիսի 16-ից հերթական աշխատանքային արձակուրդում էր: Դրա հետ կապված` «Հայացքի» շաբաթական թարմացումներից դուրս է մնացել հուլիսի 14-օգոստոսի 11 ժամանակահատվածը` լուսաբանումից դուրս թողնելով նաեւ մի շարք կարեւորագույն անցքեր, որոնց էլ հակիրճ կանդրադառնանք` նախքան հաշվետու շաբաթվա անցուդարձի մեկնաբանումը: Այսպես.
Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից հուլիսի 17-ին անցկացված զորավարժանքը մեծ խուճապ էր առաջացրել գյուղում: Զորավարժություններից անտեղյակ գյուղացիները սարսափար են եղել՝ մտածելով, թե գյուղում իրական ռազմական գործողություններ են ընթանում: Հետո է պարզվել, որ փամփուշտներն ու պայթուցիները եղել են ուսումնական, ոչ թե մարտական: Բայցեւայնպես՝ դա փանիկցիներին չի հանգստացրել: Նրանք ռուս հրամանատարից պահանջել են բացատրել, թե ինչ հրամանի հիման վրա են առանց նախազգուշացման զորավարժանք անցկացրել:
Մոտ 3000 բնակիչ ունեցող Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանն ահազանգել է Ազգային անվտանգության ծառայություն ու ոստիկանություն եւ, մինչեւ նրանց գալը, զինվորականներին չեն թույլատրել հեռանալ վարժանքի վայրից: Մակեյանի ասելով` կրակոցների ու պայթյունների ձայներից անգամ երեխաներ են ուշագնաց եղել: Բնակիչներն այդ ամենը տեսանկարահանել ու տարածել են համացանցի միջոցով: Ռուսական 102-րդ ռազմահենակետի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին ընդունել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Վերջինիս խոսքով`ռուս սպան ներողություն է խնդրել ու հավաստիացրել, որ այլեւս նման բան չի կրկնվի: «Ծառայողական քննություն են իրենք կատարում, եւ մեղավորներն անպայման պատասխան կտան»,- ասել է մարզպետը: Փանիկում տեղի ունեցածին արձագանքել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
…Փաստորեն հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն` 102-րդ ռազմահենակետը պետք է նախապես զգուշացներ տեղական ինքնակառավարման մարմիններին, ոստիկանությանն ու ԱԱ ծառայությանը զորաշարժի երթուղու մասին, իսկ զորավարժանք, բացի սահմանված ուսումնավարժարանների տարածքներից, այլ վայրերում իրականացնելու իրավունք չունի: Դե, առաջին անգամը չէ, որ խախտվում են միջպետական պայմանագրի պահանջները: Փանիկցիները հիշում են տարիներ առաջ մարզի Վահրամաբերդ գյուղում ռուսական ռազահենակետի զորավարժարանի տարածքում պայթուցիկի պատճառով երկու երեխաների զոհվելու դեպքը, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը եւ այլն: Ըստ գերիշխող կարծիքի, փանիկյան միջադեպը սադրանք է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Իսկ միգուցե այս փաստը նոր Հայաստանի հանդեպ Ռուսաստանի իշխանությունների իրական վերաբերմունքի արտահայտությո՞ւն է…
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` հուլիսի 20-ին ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տվյալները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքով։ Կոմիտեն նշում է, որ քաղաքացուց հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված` շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք` տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:
…Բնապահպան ակտիվիստները համոզմունք են հայտնում, որ Ամուլսարի ոսկու արդյունահանման` այս տարի մեկնարկելիք ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ջերմուկ քաղաքի ու հարակից գյուղերի մի խումբ բնակիչների հետ նրանք գրեթե մեկ ամիս փակ էին պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում: Ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը, լրագրողների հարցին ի պատասխան, ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական եւ ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի ամենահայտնի խորհրդատվական ընկերությունների ծառայություններից: Նա վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի: Սակայն բնապահպաններին ու ջերմուկցիներին այդպես էլ համոզել չհաջողվեց: Թնջուկը չհարթվեց, ավելին` կարծես թե էլ ավելի խճճվեց այն բանից հետո, երբ հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունը չի կարող փակել Ամուլսարի հանքը, եթե դրա համար չլինեն իրավական հիմնավորումներ: Վարչապետը միաժամանակ հիշեցրեց, որ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է սկսել Ամուլսարում, այսինքն` իշխանությունները քննում են ստեղծված իրավիճակը։ Մնում է հետեւել իրադարձությունների զարգացմանը:
Հուլիսի 24-ին, վերաքննիչ դատարանի որոշումից 4 օր անց, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարեց դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը եւ ազատ արձակվեց կալանքից: Մոտ մեկ ամիս առաջ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով եւ,համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:
…Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետը չէր հայտարարագրել 1 մլն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո եւ 460 մլն դրամի գույք: Սակայն նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ, փաստաբանի ասելով, դեռ գործով ցուցմունք չի տվել: Քննությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Վաչագան Ղազարյանի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն՝ վերջինս ապօրինի հարստացել է: Ինչ վերաբերում է Ղազարյանի գործին, պետք է նկատել, որ հանրության որոշ շերտեր կասկածի տակ են դնում նրան պատժելու մտադրությունը: Մարդուն բռնել-բաց թողնելը` իսկ այդօրինակ մի քանի դեպքեր վերջերս արձանագրվեցին, մի տեսակ «մուկ ու կատվի» խաղ է հիշեցնում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետեւ անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
…Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի ու մաքսային համագործակցությանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավանորմատիվային հիմքի կատարելագործման հարցերին։ Իր ելույթում Փաշինյանն ասել է. «Հայաստանում արդեն ձեւավորվել է թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները. դա նախեւառաջ վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետեւելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների կազմավորումը եւ այլն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:
Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրված Ռոբերտ Քոչարյանին եւ միջնորդություն ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հայաստանի նախկին նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին ու 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ: Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում պնդում էր, որ Հայաստանի նոր իշխանություններն իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։
…2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն: Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։ Արդարադատությանը խոչընդոտելու համար ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին պետական բարձր պաշտոններ վարած, 2008 թվականի մարտիմեկյան զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գեւորգյանին։
Այժմ ներկայացնենք անցնող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունները` մեկնաբանությամբ.
Դռնփակ նիստում երկու օր շարունակ քննելուց հետո Վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ին վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը եւ հայտարարեց, որ բավարարում է խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների բողոքը՝ «հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ապօրինի է որակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ հույս հայտնելով, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի: Նախկին նախագահը, վերջինիս շահերի պաշտպանները, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ իրականացվում է քաղաքական հետապնդում: ՀՀ Ազգային ժողովի 46 պատգամավորների ու Արցախի խորհրդարանի 15 պատգամավորների ստորագրությամբ եւս երաշխավորագրեր էին ներկայացվել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու խնդրանքով:
…Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Նա արագ դուրս է եկել դատարանի դահլիճից եւ հապշտապ հեռացել: Թե ուր է գնացել ՝ ոչ ոք տեղյակ չէր: Լրագրողների հետաքրքրասիրությունը չկարողացավ փարատել նաեւ փաստաբան Ռուբեն Սահակյանը: Փոխարենը նա նշեց, որ անձը չի կարող «պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո ենթարկվել քրեական հետապնդման ու պատասխանատվության, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»: Փաստաբանի խոսքով՝ դատական ատյաններում խափանման միջոցի հարցը դեռ սպառված չէ, «քանի որ առջեւում կա նաեւ վճռաբեկ դատարանը»: Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի պաշտպանական թիմի հետագա քայլերին, ապա դրանք, Սահակյանի ասելով, պայմանավորված են լինելու իրավապահ մարմինների գործողություններով: Ասել է թե՝ դատապաշտպաններն ընտրել են «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Քոչարյանի նման ամբարտավան, ոխակալ ու պատվախնդիր անձնավորության՝ դրսում գտնվելը, այն էլ մոտալուտ արտահերթ ընտրությունների նախաշեմին, բավական վտանգավոր է մեր պետականության եւ հասարակության անվտանգության առումով: Երկրորդ նախագահը տիրապետում է մարդկային եւ ֆինանսական ահռելի միջոցների, որոնք աշխատում էին անգամ նրա՝ կալանքում գտնվելու օրերին: Բոլոր նշաններից երեւում է, որ «վիրավոր գազանը» պատրաստվում է փոխվրեժի: Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի քաոսային իրավիճակ կստեղծվի երկրում, եթե հասարակությունը, աստված մի արասցե, պառակտվի, բաժանվի երկու հակադիր ճամբարի՝ քոչարյանականների եւ «թավշյա» հեղափոխության կողմնակիցների: Հայաստանում քաղաքացիական ընդհարումների, խռովությունների բռնկումը հենց մեր դարավոր թշնամիների ուզածն է: Կարծում ենք՝ խոհեմությունը չի լքի ճակատագրական պահերին համախմբվելու, մի սիրտ, մի հոգի դառնալու ներունակ հայ ժողովրդին: Հիմա, կարծես թե, այդպիսի պահերից մեկն է հասունանում: Չպետք է թույլ տալ, որ ատելությունը, վրեժխնդրությունը, փողի մոլուցքը, նեղ խմբակային շահերն ու հատվածապաշտական նկրտումները վեր կանգնեն օրենքից, առողջ դատողությունից, ազգային միասնության գաղափարից: Ներքին եւ արտաքին մարտահրավերների հենքին պատկերանող ներկայիս վիճակը մեզ պարտավորեցնում է պատվով դուրս գալ ուրվագծվող ազգային դիմակայության փորձաքննությունից: Այլ ելք մենք պարզապես չունենք:
Պաշտոնավարման 100 օրը Նիկոլ Փաշինյանը «նշեց» օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքով, որտեղ նոր կառավարությունն ընդունված ավանդույթի համաձայն` հաշվետվություն ներկայացրեց այդ ընթացքում կատարած աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին:
Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հրատապ լուծում պահանջող այն խնդիրներին, որոնք կառավարության գործունեության հաջորդ փուլի օրակարգում են: Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվեց անցումային արդարադատության մարմինների ստեղծման, պետական կառավարման համակարգի կատարելագործման, ներդրումների եւ սեփականության անվտանգության պետական երաշխավորման, տնտեսության արագընթաց զարգացման հրամայականը:
…Հանրահավաքի ձեւաչափը Հայաստանում աննախադեպ էր: Սկզբունքորեն աննախադեպ էին նաեւ հետհեղափոխական շրջանում ծավալված գործընթացների` մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի եւ աղմկոտ բացահայտումների բնույթն ու ծավալները: Վերջին 10 տարում առաջին անգամ լրջորեն ընթացք տրվեց «Մարտի 1»-ի գործին, որի շրջանակներում կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանքներ առաջադրվեցին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին, պաշտոնատար այլ անձանց: Իր համար անբարենպաստ հեռանկարների դրդմամբ նախկին համակարգը սկսեց զորաշարժի ենթարկել նյութական ու մարդկային իր հսկայական պաշարամիջոցները` լավ հասկանալով, որ կոռուպցիան եւ սահմանադրական կարգի տապալման դեմ ուղղված գործողությունները համակարգային լուրջ հանցագործություններ են: Դրանց համար պետք է պատասխան տան ոչ միայն Քոչարյանն ու այն ժամանակվա` 2008-ի բարձրաստիճան զինվորականությունը, այլեւ քաղաքական եւ դատաիրավական համակարգի մյուս կարկառուն դեմքերը, որոնք դույզն-ինչ թաթախված են «Մարտի 1»-ի գործում կամ կոռուպցիոն զանազան խարդավանքներում:
Վայրիվերումներից զերծ չմնաց արտաքին քաղաքականության ոլորտը: Նոր կառավարությունը կարողացավ նախ Ռուսաստանում, ապաեւ` Եվրոպայում ոչ միայն հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից, այլեւ առաջ քաշել գործընկերային հավասար հարաբերությունների, հորիզոնական կապերի խնդիրը: Եվ քանի որ դա նախորդ վարչակարգերի ժամանակ չտեսնված «հանդգնություն» կարելի էր համարել, որոշ դժվարություններ ի հայտ եկան արտաքին քաղաքական հարթություններում: Օրինակ` հայ բարձրաստիճան ռուսամետ գործիչներին լրջագույն մեղադրանքների առաջադրմանն ու Փանիկի միջադեպին տրված կոշտ գնահատանքին ռուսական կողմն արձագանքեց ՀՀ նոր իշխանության խոստումների եւ գործողությունների միջեւ հակասության առկայության մասին Սերգեյ Լավրովի հայտարարությամբ, ինչպես նաեւ Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ «Կոմերսանտ» պարբերականում զետեղված հոդվածով: Լավրովի հայտարարության արձագանքում Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Ռուսաստանը պետք է ընտելանա հայաստանյան նոր իրողություններին:
Ամենաքննարկվող ու քննադատվող խնդիրը, որ 100-օրյա ժամկետի կտրվածքով հնչում էին կառավարության հասցեին, առնչվում է կադրային քաղաքականությանն ու ծրագրային հայեցակարգերի բացակայությանը: Տարածված կարծիք կա, թե նոր իշխանության քայլերն այդ առումով իրավիճակային են եւ չեն դիմանա ժամանակի քննությանը: Քննադատությունը, որի չափաբաժինը զգալիորեն ավելացել էր ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումից հետո եւ մեդիադաշտում վերջինիս կատարած ֆինանսական «ներարկումների» շնորհիվ, երբեմն վերածվում էր հայհոյախոսության ու անձնական վիրավորանքների:
Մի իրավիճակում, երբ ներսում գլուխ է բարձրացնում հակահեղափոխությունը, իսկ դրսում՝ սպառնալիքների ալիքը, կառավարության 100-օրյա հաշվետվության հանրահավաքային ձեւաչափը լավագույն տարբերակն է դառնում՝ ցուցադրելու հանրության կամքը, վերահաստատելու, որ նոր իշխանության թիկունքն ամուր է իրեն հավատացող եւ վստահող ժողովրդի ամենալայն աջակցությամբ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Թուրքական լիրան արժերզրկվում է
Ինչպես հայտնում է The New York Times-ը, օգոստոսի 10-ին ԱՄՆ-ն բարձրացրեց Թուրքիայից ներմուծվող մետաղի եւ ալյումինի մաքսադրույքները, իսկ ավելի վաղ նոր պատժամիջոցներ էին սահմանվել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է Թուրքիայում ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկմամբ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ: Ավելի ուշ, Էրդողանը դիմեց թուրք հասարակությանը` խնդրելով նրանց վաճառել իրենց մոտ եղած դոլարը, եվրոն կամ ոսկին՝ սեփական արժույթը ձեռք բերելու համար: Պատժամիջոցների հետեւանքով թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվեց ավելի քան 20 տոկոսով:
Դրան ի պատասխան` օգոստոսի 15-ին Թուրքիան բարձրացրեց ԱՄՆ-ից ներմուծող ապրանքների մաքսադրույքները, հաղորդում է BBC-ին: Ըստ լրատվականի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված հրամանագրով ավտոմեքենաների մաքսադրույքները բարձրացվել են մինչեւ 120 տոկոս, ալկոհոլային խմիչքներինը` 140, իսկ ծխախոտինը` 60 տոկոս: Բարձրացվել են նաեւ կոսմետիկայի, բրնձի եւ ածխի մաքսադրույքները: «Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կստիպի բոյկոտել ԱՄՆ էլեկտրոնային արտադրանքը»,- հավելում է BBC-ին:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը