Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ըստ նախորդ շաբաթավերջին ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել: Իբրեւ հիմք` վկայաբերվում են «Քաղաքացիական, ընտանեկան ու քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993թ. հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
…Կոնվենցիայի վերոնշյալ հոդվածը պարզորոշ նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել արտահանձնման միջնորդությունը քննարկող կողմի` այս դեպքում Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Դժվար է պատկերացնել, թե կոնկրետ Պողոսյանի հանձնումը ինչով կարող էր վնասել ՌԴ-ի ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ էլ հակասել այդ երկրի օրենսդրությանը: Ուրեմն ո՞րն է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը մերժելու իրական հիմքը, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հստակ տեղեկատվություն չի ներկայացնում: «Հարկադիրի» նախկին պետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ այդմ նա՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել պաշտոնական լիազորությունները` առաջացնելով ծանր հետեւանքներ: Կան նաեւ հիմնավոր փաստեր, որ 2011-ին նա օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերություններ, վստահված անձանց միջոցով մասնակցել Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը ի պաշտոնե արտոնություններ ու առավելություններ է տրամադրել այդ ընկերություններին, եւ 2014-ին հենց իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ընկերության հետ կնքել անշարժ եւ շարժական գույքի գնահատման պայմանագիր։ Դրանով պետական բյուջեից ԴԱՀԿ-ին հատկացված միջոցներից այդ կազմակերպությանը վճարվել է ավելի քան 43 միլիոն դրամ։
Ռազմավարական դաշնակից համարվող պետության պահվածքը Հայաստանում շատերի զարմանքն է հարուցել: Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով` հարցը տեխնիկական է. «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի համապատասխան համաձայնագիր, ու ես չեմ կարծում, որ նա պատրաստ է իր տարածքը դարձնել Հայաստանում քրեական գործերով դատապարտված, դատապարտվող, կասկածյալ մարդկանց ապաստան»,- ասել է նա։ Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանի գործը, պատգամավորի համոզմամբ, բացառապես իրավական դաշտում է։ Սակայն դա, ըստ երեւույթին, Ռուսաստանին ամենաքիչն է հետաքրքրում. այդ երկիրն ունի սեփական հաշվարկները, ամեն ինչում իր շահը հետապնդելու, իր ազդեցությունը տարածելու մղումը: Դա պարզ երեւաց ինչպես «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, այնպես էլ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող եւ Մոսկվայում ապաստանած Վահագն Հարությունյանի դեպքում, որոնց Ռուսաստանը բացեիբաց չի ցանկանում հանձնել հայաստանյան արդարադատությանը: Ուրեմն ո՞րն է խնդիրը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ Ռուսաստանը փորձում է Միհրան Պողոսյանի հարցը առեւտրի առարկա դարձնել։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ Պողոսյանի նկատմամբ ընտրվել է ամենամեղմ հոդվածը: «Դա գոնե ինձ ապացուցում է, որ այս ամբողջ գործընթացը կրում է ձեւական բնույթ՝ զուտ մի քանի հարցեր լուծելու համար»,- նկատում է Գեւորգյանը: Սակայն ձեւավորվող մեծամասնական կարծիքի համաձայն՝ Ռուսաստանն ուզում է վերականգնել «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում կորցրած իր ազդեցության լծակները, որոնք էին՝ կոռուպցիան, տնտեսական, քրեական ու ռազմական գործոնները: «Դրանք այն գործիքներն են, որոնցով Կրեմլը ե՛ւ սնուցում էր, ե՛ւ վերահսկողության տակ պահում նախկին իշխանություններին: Եվ որպեսզի կարողանա իր ազդեցությունը վերագտնել՝ պետք է վերանայի իր գործիքակազմը, որի մեջ տեղավորվում են Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը եւ հետագայում նաեւ այլ գործիչներ, որոնց կարող է հարմար պահին օգտագործել իր նպատակների համար»,- իրավապաշտպան Արթուր Սաքունցի այս տեսակետի հետ դժվար է չհամաձայնել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ, որին մասնակցել են Կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամներ, հարակից համայնքների բնակիչներ, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը եւ դրա վերլուծությանը: Հաջորդիվ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները օգոստոսի 19-ին այցելել են օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ 19-ամյա զինծառայողը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով` զինծառայողը տեղանքում մոլորվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում Արայիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներ ունի։
Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նրա խոսքով` Սանասարյանի մեղադրանքը մնացել է նույնը, որոշ փոփոխություններ եղել են մեղադրանքի ձեւակերպումներում: Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանը 20 օր ժամանակ է խնդրել: Սանասարյանը հեմոդիալիզի գնումների գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: