Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ` հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի զգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները` թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին, ինչպես ասված է հաղորդագրությունում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, ետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: Ավելի ուշ հակառակորդը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ:
…Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը քայլ առ քայլ հայկական տարածք ներթափանցելու եւ Հայաստանի ու Արցախի հետ սահմանի ամենակարեւոր հատվածներում իր դիրքերն առավելագույնս բարելավելու մարտավարություն է որդեգրել: Հակառակորդի համար դա նաեւ տարբեր ուղղություններում ՀՀ զինված ուժերի ամրությունը ստուգելու, իսկ հնարավորության դեպքում` պաշտպանական գիծը ճեղքելու միջոց է: Առաջին այդպիսի մեծ փորձը 2016 թվականի Ապրիլյան քառօրյան էր, որի ընթացքում թշնամուն հաջողվեց մեծաթիվ զոհերի գնով Արցախի հարավում գրավել հայկական մի քանի դիրքեր: Արցախյան կողմը պատրաստակամ էր ետ գրավել իր դիրքերը, սակայն ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գտավ, որ տարածքային կորուստն այնքան մեծ ու նշանակալից չէ, որպեսզի դրա համար վտանգվեն երիտասարդների նոր կյանքեր:
Այս անգամ` Տավուշի ուղղությամբ, հակառակորդը վրիպեց ու վարձահատույց եղավ ոչ միայն չորս զինծառայողի կյանքով, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող իր դիրքերից մեկի` «Կարա դաշ» («Սեւ քար») բարձունքի կորստով: Ռազմական փորձագետների գնահատմամբ` այս դիրքը շատ ավելի արժեքավոր է, քան Թալիշի մոտակայքի այն դիրքերը, որոնց ադրբեջանցիները տիրացել էին 2016-ի Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: «Կարա դաշ»-ի ուղիղ նշանառության տակ էին Տավուշի մարզի հինգ հայկական գյուղեր: Այդ բարձունքը ՀՀ զինված ուժերի վերահսկողությանն անցնելու հետո` ինչպես ափիդ մեջ, մեր սահմանապահների թիրախում են հայտնվել ադրբեջանական մի քանի գյուղեր, ինչպես նաեւ բավական խոշոր Թաուզ քաղաքը:
Առաջնագծում հուլիսի 12-ի հետմիջօրեին եւ հետագա մի քանի օրերին փաստացի պատերազմական վիճակ էր: Ադրբեջանական զինուժը գնդակոծում էր մեր խաղաղ բնակավայրերը` օգտագործելով հրետանային միջոցներ, ականանետեր եւ տանկ: Թշնամական կրակի նշանակետում էին Չինարի, Մովսես, Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար գյուղերը, Բերդ քաղաքը: Հայ սահմանապահներն ու բանակի հրամկազմը, ինչպես միշտ, գտնվեցին իրենց կոչման բարձրության վրա` կասեցնելով թշնամու հերթական արկածախնդրությունը եւ արժանի հակահարված հասցնելով նրան: Փա´ռք հայրենյաց հողի մեր քաջարի պաշտպաններին, որոնք ցուցադրեցին աննկուն կամք եւ անօրինակ խիզախություն` ոմանք, ցավոք, իրենց կյանքի գնով:
Կարող է հարց առաջանալ` իսկ ինչպե՞ս է ռազմի դաշտում հայոց մարտական սխրանքը համարժեք դիվանագիտական կապիտալի փոխարկվում միջազգային հարթակում: Պետք է խոստովանել, որ այդ հարցում հպարտանալու քիչ բան ունեն թե´ ԱԳ նախարարությունը եւ թե´ խորհրդարանական դիվանագիտությունը: Բայց արժե խնդրին անդրադառնալ փոքր-ինչ ավելի մանրամասն: Այո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը առաջին օրվանից մշտական կապի մեջ էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Մնացականյանը նաեւ հեռախոսազրույցներ էր ունեցել Մինսկի խմբի համանախագահների ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը սահմանային իրավիճակի հետ կապված նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին, իսկ ՄԻՊ գրասենյակն անգլերեն լեզվով երկու միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին:
Այս ամենը շատ լավ է, մնում է հասկանալ, թե ինչու ադրբեջանական ագրեսիան, այդուամենայնիվ, միջազգային արժանի արձագանք չստացավ: ԵԱՀԿ-ն հանդես եկավ ոչինչ չասող հայտարարությամբ, ՀԱՊԿ կայքում արտահերթ նիստի մասին ծանուցում հայտնվեց, ապա հանվեց, թե հավելյալ խորհրդակցությունների անհրաժեշտություն է ծագել: Թերեւս չեն կողմնորոշվում` ում պաշտպանել` ՀԱՊԿ անդամ Հայաստանի՞ն, թե՞ Թուրքիա-Ադրբեջան տանդեմին: Չէ՞ որ այնտեղ հիմա որոշողը Ադրբեջանի «ազիզ» բարեկամ Ստանիսլավ Զասն է, որով 2018 թվականին փոխարինվեց Յուրի Խաչատուրովը, ի դեպ, մեր «թավշյա» հեղափոխականների տեւական համառ ջանքերի արդյունքում: ՄԱԿ գլխավոր քարտուղարն էլ կողմերին կոչ է անում «անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ» եւ այդպես շարունակ:
Իլհամ Ալիեւի դեպքում ամեն ինչ պարզ է` նա միշտ իրականությունը տեսնում է «ծուռ հայելու» մեջ. «Սա հայկական կողմի հերթական սադրանքն է: Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը եւ համարժեք պատասխան տվել` վրեժ լուծելով մեր զոհված զինվորների համար»,- հուլիսի 12-ին հրավիրած ԱԽ նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահը` նշելով, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կասկածելի օպերատիվությամբ էր նույն օրը սահմանային իրավիճակին արձագանքել Ադրբեջանի «ավագ եղբայրը»` Թուրքիան, հայկական կողմի գործողությունները որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսեւորում»: Տպավորություն էր, թե Թուրքիան համաձայնեցված իր տեքստերը` «երեք օրինակից», պատրաստել էր նախօրոք: Միմյանց լրացնելով` Հայաստանի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել Թուրքիայի նախագահը, ԱԳ նախարարը եւ պաշտպանության նախարարը: Երեք առանձին հայտարարություն, որոնց միջով կարմիր թելի պես նույն միտքն է անցնում` «Թուրքիան Բաքվի կողքին է` ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը»:
Որոշ աղբյուրների հավաստմամբ` Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ մշակել են Հայաստանի վրա հարձակվելու նոր ծրագիր, որի հաջողելու դեպքում հաջորդ քայլը լինելու էր Արցախի վրա հարձակումը: Ընդ որում` չի բացառվում, որ Թուրքիան էլ իր կողմից փորձի սահմանային միջադեպեր ստեղծել: Տեղեկատվական պատերազմում երկու երկրները վաղուց են գործում միասին: Ըստ երեւույթին, եկել է ժամանակը կողք կողքի գործելու նաեւ ռազմադաշտում: Միգուցե հենց այդ մասի՞ն էր ակնարկում Թուրքիան, երբ ասում էր, թե «Բաքվի կողքին կլինի` ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը»: Եվ Թուրքիայի հույսով էլ, հավանաբար, Ադրբեջանը կայացրել էր իր որոշումը, սակայն նորից բախտի անիվը խափանվեց: Նորից Ալիեւը ստացավ մռթին եւ ետ շպրտվեց: «Ավագ եղբորը» ոչինչ չէր մնում անել, քան դատարկ խոսքերով սփոփել իր «փոքրին»` շոյելով գլուխը:
Իսկ եթե ավելի լուրջ` Ադրբեջանը երկար էր պատրաստվում պատերազմի: Դեռ այն ժամանակներից, երբ մեզ այստեղ խաղաղության էին պատրաստում: Հուլիսի 12-ին, երբ թշնամին հրետակոծության էր ենթարկում մեր սահմանապահների դիրքերն ու Տավուշի խաղաղ բնակավայրերը, մեր արվեստասեր վարչապետը ֆեյսբուքյան իր էջում քնարական ոտանավորներ էր զետեղում եւ ցուցադրում փոքրիկ դստեր պարը: Դե, իսկ առաջին տիկինը դաշտային դեղին ծաղիկների փունջը ափերի մեջ սեղմած` խաղաղության կոչ էր հնչեցնում ադրբեջանցի մայրերին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մինսկ, որտեղ հուլիսի 17-ին մասնակցեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Միության երկրների կառավարությունների ղեկավարներից նիստին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը: Նիստը նախագահում էր Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բելառուս ժամանած ՀՀ պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը եւ այլ պաշտոնյաներ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Քննարկվել են համահայկական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի նախագահը վստահեցրել է Վեհափառ Հայրապետին, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը, որի երաշխավորված խաղաղությունը ապահովում է հայոց հզոր բանակը, եւ պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրերին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցած շաբաթավերջին Zoom-ով հանդիպում է ունեցել իր աջակիցների ու համակիրների հետ եւ, ըստ էության, ազդարարել քաղաքական ակտիվ հայտի մասին։ «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է նա իր համակիրներին ու հավելել․ «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, եւ ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։
Քննարկվել են հարցեր ներքին եւ արտաքին քաղաքականությունից, արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչեւ անձնական։ «Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում»,- ասել է նա ու խոստացել այդ մասին առաջիկայում խոսել։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածք։ Հուլիսի 15-ին տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել է Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։ Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Հայաստանի ոստիկանության Սիսիանի բաժինը հայտնել էր, որ որոնում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանին։ Հայաստանյան Կարմիր Խաչի գրասենյակից «Ազատությանը» փոխանցել են, որ այս պահին Նարեկ Սարդարյանի մասին ոչինչ հայտնել չեն կարող։ Ոստիկանությունից եւս նոր մանրամասներ չեն հայտնում։