Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

28 օգոստոսի - 4 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Օգոստոսի 31-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ: Միրզոյանը եւ Լավրովը քննարկել են բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ինչպեսեւ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կառույցներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրադրությանը, երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:

…Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Արարատ Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն էր, ինչով մեկ անգամ եւս ընդգծվում է Հայաստանի համար Ռուսաստանի կարեւորությունը: Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա: Մեր ռազմաքաղական դաշնակիցն ու հիմնական տնտեսական գործընկերը լինելուց զատ՝ այդ երկիրը նաեւ դարավոր բարեկամ է համարվում՝ չնայած վերջին շրջանում առկա որոշ տարաձայնություններին ու փոխհարաբերությունների սառնությանը: Դա նկատելի էր հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանը, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, կրավորական դիրք բռնեց Արցախի կարգավիճակի հարցում եւ չէր էլ թաքցնում թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ իր համակրությունը: Թեպետ այդ «սիրախաղը» երկար կյանք չունեցավ, բայց մրուրը մնաց:

Գաղտնիք չէ, որ ՀՀ արտգործնախարարի անձը Ռուսաստանը միշտ հասկանալի պատճառով իր ստվերային վերահսկողության տակ է պահում: Արա Այվազյանի հրաժարականից հետո երկար ժամանակ թափուր մնացած՝ ԱԳ նախարարի պաշտոնում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակման մտադրությունը, թերեւս, Ռուսաստանի սրտով չէր: Ըստ երեւույթին, Միրզոյանի թեկնածությունը, «չարյաց փոքրագույնն» էր, եւ նշանակվելու առիթով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ էր հղել նրան` ակնկալելով «երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղում, ինչը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից»։

Նորանշանակ հայ նախարարի մոսկովյան այցից զգայացունց տպավորություն առանձնապես չէր ակնկալվում: Երկու նախարարների ասուլիսի սկզբում Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը Ռուսաստանի հետ ՀՀ-ի հարաբերությունները հետագայում եւս «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» 1997թ. պայմանագրի ոգով կառուցելու առումով: Ռուսական մամուլի ուշադրությունից չէր վրիպել ամենագլխավոր միտքը, որն ամբողջ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը ջանում էր հասցնել իր ռուս պաշտոնակցի գիտակցությանը: Դա հետեւյալն էր. Ադրբեջանը չի պահպանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրված նախորդ համաձայնագրերը, բայց արդեն պահանջում է ստորագրել նորերը:

Սակայն Լավրովը, «Կոմերսանտ» պարբերականի դիտարկմամբ, հյուրին սատարեց միայն Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության հարցում, եւ կողմերին կոչ արեց «փոխադարձ գրգռիչները» վերացնել ինքնուրույն: Ռուս դիվանագետի հավաստմամբ՝ Ռուսաստանը տարբեր մակարդակի շփումների ընթացքում Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին՝ առանց նախապայմանների, «քանի որ դա կարեւոր հումանիտար քայլ կլինի եւ գործուն ազդակ՝ վստահության ձեւավորման ուղղությամբ», որի կարիքը, ըստ նախարարի, շատ է զգացվում»: Միրզոյանն էլ տեղին համարեց հիշեցնել, որ Հայաստանը վաղուց կատարել է իր պարտավորությունը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն վերադարձնելով բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին: Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությանը վերաբերող մյուս բոլոր հարցերում Լավրովը, ինչպես միշտ, աշխատում էր չեզոքություն պահպանել կամ ուղղակի դրանց չպատասխանել՝ հասկանալ տալով, որ հարցի հասցեատերերը բացառապես հակամարտող կողմերն են: 

Նախարարների տված համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ քայլերին ու ոտնձգություններին՝ նկատի ունենալով սահմանային միջադեպերը, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի 2-օրյա արգելափակումը, որը վերաբացվեց ռուս միջնորդների օգնությամբ: Այս հանգամանքը ռուսական մամուլն իր հրապարակումներում անպայման ընդգծում է՝ պարզաբանելով, որ մայրուղու այն հատվածներում, որոնք, ըստ խորհրդային քարտեզի, տեղ-տեղ մտնում են ադրբեջանական տարածք, ռուսական բլոկ-պոստեր են տեղակայվել: Սակայն հայտնի է, որ Ադրբեջանը մինչեւ այժմ չի ստորագրել իր տարածք ռուս խաղաղապահների մուտքի մանդատը, եւ վերջիններիս առաքելությունը փաստացի համարվում է ռազմական ներխուժում (ինտերվենցիա): 

Լրագրողները հարց էին ուղղել երկու նախարարներին՝ խնդրելով մեկնաբանել Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ առաջիկայում Հայաստանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը ներառելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին կետ, ինչը փաստորեն նշանակում է հակամարտության լուծում՝ Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի պահանջից հայկական կողմի հրաժարման գնով: Լավրովը միանգամից խուսափեց պատասխանել՝ ասելով, որ հարցը վերաբերվում է պայմանավորվող կողմերին, իսկ Միրզոյանը, դիտորդների կարծիքով, բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց, որի հետ Բաքուն հաստատ չի համաձայնի: «Ներկա փուլում խաղաղության պայմանագրի վերաբերյալ որեւէ բանակցություն չի վարվում: Եթե երբեւէ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ամրագրված սկզբունքների վրա»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը եւ փակել թեման: 

Արցախի անկախության 30-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 2-ին, կարգավիճակի հարցին անդրադարձել էր նաեւ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ հստակ հայտարարելով, որ իրենց համար «անընդունելի է ցանկացած կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելը»: Պաշտոնական Երեւանը ԱԳ նորանշանակ նախարարի շուրթերով առայժմ այդ մասին խոսում է մի տեսակ վախվորած, կիսաբերան, նույնիսկ խուսափեց ներկա գտնվել Արցախի անկախության տոնին նվիրված հանդիսություններին: Ցավալի է:

 

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ անցած շաբաթավերջին վերաբացվեցին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները, որոնք ադրբեջանցիները օգոստոսի 25-ից փակել էին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկության ու քաղաքացիների ազատ տեղաշարժի առջեւ։ Ճանապարհը վերաբացելու համար սահմանապահ զորքերն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները երկու օր շարունակ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ:

44-օրյա պատերազմի պատճառով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց մի հատված, ըստ Պաշտպանության նախարարության, վիճարկելի է, ուստիեւ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ էին տեղակայվել։

…Փորձենք նախ պարզաբանել, թե ինչից սկսվեց միջադեպը: Ադրբեջանական կողմը, ըստ մամուլի հաղորդման, ստեղծված իրադրությունը կապում է օգոստոսի 24-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ հենակետում դանակահարվեց Ադրբեջանի սահմանապահ զորքերի մի ծառայող։ Հակառակորդը դանակահարության մեջ մեղադրում էր երկու հայ դիրքայինի: «Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որեւէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ»,- Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի դրանք փոխանցել նաեւ մեզ։ «Պատրաստ ենք համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- տարակուսանք հարուցող անսքող մտահոգությամբ ասել է Փաշինյանը։ 

Իհարկե, մարտական դիրքում իր խաղաղ ծառայությունն իրականացնող զինվորին դանակահարելու արարքը խիստ դատապարտելի է: Բայց նույն հայ-ադրբեջանական սահմանին մենք ականատես ենք եղել շատ ավելի ահեղ դեպքերի, որոնց «համատեղ հետաքննության» մասին նման բարձր մակարդակով երբեք չէր խոսվել: Հիշենք թեկուզ մայիսի 27-ի միջադեպը, երբ ՀՀ զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս՝ թշնամու մեծաթիվ ուժեր շրջափակեցին ու գերեվարեցին մեր 6 զինծառայողի եւ տարան Բաքու, որտեղ նրանց կեղծ մեղադրանքով՝ որպես «հետախուզադիվերսիոն խումբ», ձերբակալեցին: Միայն միջազգային ճնշումների տակ հաջողվեց նրանցից 4-ին վերադարձնել հայրենիք: Մյուս երկուսը ցայսօր Բաքվի բանտում են: Իսկ 6-ի առեւանգման միջադեպից 2 օր առաջ Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղի սահմանին հրադադարի իրադրությունում հակառակորդի արձակած կրակահերթից պայմանագրային զինծառայող զոհվեց՝ 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը: 

Դա մայիսյան այն օրերին էր, երբ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով մխրճվել էր հայկական տարածքներ, որտեղ պարբերաբար սահմանային միջադեպեր էին գրանցվում՝ ծեծկռտուքներ, հայ-ադրբեջանական ձեռնամարտեր, անասնագողություն, սահմանի տարբեր հատվածներում հայ հովիվներին քաշքշելու դեպքեր եւ այլն: Ադրբեջանի լկտի պահվածքի եւ հայկական կողմի անճարակության շարանը սկսվեց մայիսի 12-ից, երբ ադրբեջանցի մի քանի տասնյակ զինծառայողներ անարգել խորացան Սեւ լճի ափամերձ տարածքում եւ «մշտական բնակություն» հաստատեցին այնտեղ՝ օգտվելով տարածքի իրական տերերի հանցավոր թողտվությունից ու ապիկարությունից: 

Հիմա գանք Գորիս-Կապան մայրուղուն: Շուրջ 40 ժամ փակ պահելուց հետո ադրբեջանցի զինվորականները՝ թվով մոտ 60-65 մարդ, անցած շաբաթավերջին բացեցին ճանապարհը, եւ երթեւեկությունը վերականգնվեց: Ուշագրավ է, որ բանակցությունների մեկնարկին նրանք կտրուկ հրաժարվում էին վերացնել արգելափակումը, բայց ժամեր անց անսպասելիորեն «բարի կամք» դրսեւորեցին՝ հարուցելով շատերի, նույնիսկ ռուս բանակցողների զարմանքը: Ի՞նչ էր տեղի ունեցել, ինչի՞ դիմաց ադրբեջանական կողմը որոշեց գնալ զիջումների: Նման դեպքերում Ադրբեջանը դիմացինից ավելին պոկելու համար սովորաբար սիրում է երկար-բարակ սակարկել եւ համառորեն հասնել իր ուզածին: Ուրեմն ինչո՞ւմն էր բանը, ինչո՞ւ այս անգամ այդպես հեշտ ու հանգիստ համաձայնեց վերաբացել մայրուղին: Հարցը տարբեր ու հակասական մեկնությունների տեղիք տվեց: 

Կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ ճանապարհի ապաշրջափակումից ժամեր առաջ, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն արծարծել էր թեման՝ նշելով, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը անկանխատեսելի չէր։ «Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ… Բայց Էյվազլիի եւ Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- ասել էր Փաշինյանը՝ իր տեքստում մի քանի անգամ հատուկ հիշատակելով 21 կիլոմետրանոց վիճելի հատվածում գտնվող ադրբեջանական տեղանուններ։ Տպավորություն էր, որ նա փորձում է ոչ թե զսպել ադրբեջանցիների նախահարձակ գործողությունները, այլ ինչ-որ կերպ արդարացնել նրանց: «Օգտագործելով ադրբեջանական տեղանուններ՝ վարչապետն ուզում էր ընդգծել, որ ադրբեջանցիները հայկական տարածք չեն մտել»,- պարզաբանել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: 

Փաշինյանը, անշուշտ, կարող էր հղում անել ճանապարհի Կարմրաքար, Շուռնուխ, Նոր Առաջաձոր, Դավիթբեկ եւ հայկական այլ բնակավայրերին, որոնք արգելափակումից ամենաշատ տուժողներն էին: Բայց՝ ոչ, ՀՀ կառավարության ղեկավարը մատնանշում է հենց Էյվազլիի եւ Չայզամի մոռացված բնակատեղիները, որոնք Արցախյան առաջին պատերազմից հետո գրեթե ավերակների էին վերածվել եւ դարձել անմարդաբնակ: 1994-ին ստացած դասից հետո ադրբեջանցիները մոտ երեք տասնամյակ այս կողմերին չէին երեւում, միայն երբեմնի տեղանուններն էին մնացել: Բայց հիմա ոչ միայն սրտապնդվել են, այլեւ կարողացել են հասնել նրան, որ թշնամի պետության առաջին դեմքը խոնարհաբար հարգանքի տուրք է մատուցում Էյվազլի եւ Չայզամ օտարահունչ անվանումներին: Միգուցե հենց սա՞ փափկացրեց «ակցիայի» կազմակերպիչների սիրտը, եւ նրանք ետ քաշվեցին: 

Իսկ եթե ավելի լուրջ, հնարավոր է, Հայաստանն ընդունել է Ադրբեջանի դրած պայմանը, ինչի դիմաց էլ վերջինս վարձահատույց եղավ մայրուղու արգելափակման վերացմամբ: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որին վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահը հաճախ է անդրադառնում՝ սպառնալով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմել ուժի: Չի բացառվում, որ Գորիս-Կապան ճանապարհի արգելափակումը եւ, հատկապես, դրա անսպասելի վերաբացումն առնչվում է «միջանցքի» հարցում ադրբեջանանպաստ համաձայնության ձեռքբերմանը: Այդ կարծիքին է, մասնավորապես, ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: «Այս իրավիճակը կարող է շարունակվել տարիներով… Այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը կհարձակվի, կդիմի տարբեր սադրանքների, քանի դեռ Հայաստանը չի պաշտպանում իր սահմանները»,- համոզված է Կոլերովը։ 

Սահմանային լարվածությունը ոչ մի կերպ չի թուլանում: Թշնամին ամեն օր կրակում է, ՀՀ զինված ուժերը շարունակում են զոհեր տալ, սահմանի այն կողմում վերատիրացած բարձունքներից չարամիտ ոսոխը վառվող անվադողեր է գլորում հայկական խոտառատ տարածքների ուղղությամբ, հրդեհում հայ գյուղացու անասնակերի ձմեռվա պաշարը, հազարումի նողկանք գործում, իսկ երկրիս ղեկավարը խաղաղության օրակարգ է առաջ մղում, ազգին աչքալուսանք անում, թե Թուրքիայից դրական ազդակներ են հասնում իրեն, որոնց կպատասխանի նույնպիսի դրական ազդակներով: Փորձենք հասկանալ, թե ինչ ազդակների մասին է խոսքը: 

Օրերս Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան «համարժեք արձագանք կտա»։ Փաստորեն Թուրքիայի նախագահը խոսել է խաղաղության այն նույն օրակարգի մասին, որով Փաշինյանը մեզ խոստանում է նոր դարաշրջան բացել: Ինչ վերաբերում է Էրդողանի ակնկալած «համարժեք արձագանքին», ապա դա այդ երկրի հայտնի նախապայմաններն են՝ մի փոքր նորացված բովանդակությամբ: Ահավասիկ. ա/ ՀՀ-ն պետք է ճանաչի Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը; բ/ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային պահանջից եւ ընդունի 44-օրյա պատերազմի հետեւանքները; գ/ Հայաստանը պետք է կատարի «Զանգեզուրի միջանցքի» ու Ադրբեջանի մյուս պահանջների հետ կապված իր հանձնառությունները: 

Սրա՞նք են Թուրքիայից ստացված «դրական ազդակները»… Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Արցախի ինքնորոշումն Ադրբեջանը փորձեց ճնշել ռազմական ուժով, սակայն Արցախը կարողացավ ոչ միայն չեզոքացնել ադրբեջանական հարձակումները, այլեւ նոր շրջաններ ազատագրելով՝ ամրապնդել իր անկախությունը։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը եւ միջազգային մյուս պայմանագրերը, Արցախի դեմ պատերազմ սկսեցին, որի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Հադրութի շրջանն ու Շուշին, ինչպեսեւ Արցախի անվտանգության գոտին։

«Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է եւ ունի Հայաստանի եւ համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը»,- տոնի առիթվ իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը գտնվում էր կարճատեւ արձակուրդում, որն անցկացրեց Հայաստանում: Այս մասին հաղորդում է տարածել ՀՀ վարչապետի գրասենյակը: Այս ընթացքում Փաշինյանին փոխարինում էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Սեպտեմբերի 1-ին նշվեց Գիտելիքի եւ դպրության օրը: Այդ առնչությամբ ուղերձ է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Զարգացման եւ բարգավաճման համար մեկ ճանապարհ կա՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը… Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը»:

Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը՝ կարեւորելով ջանքերի ներդրումը ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար։ «Ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով պիտի դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի եւ մեր ապահով գալիքի կերտման»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

Այս տարի Հայաստանում առաջին դասարան գնաց շուրջ 37 հազար երեխա։

Վերաքննիչ դատարանում օգոստոսի 30-ին շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշման դեմ քննությունը․«Մարտի 1»-ի գործով տուժողներն ու գլխավոր դատախազությունը վիճարկում են երկրորդ նախագահին եւ նրա նախկին ենթականերին արդարացնելու` առաջին ատյանի որոշումը: Դատախազության բողոքը ներկայացնում է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ Նա էլ միջնորդեց բեկանել արդարացնելու որոշումն ու քրեական գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։ Հիշեցնենք՝ ՍԴ-ն մարտի 26-ին հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել Քոչարյանին եւ նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող՝ 300.1 հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր նրանց: Այժմ Քոչարյանն ու Գեւորգյանը մեղադրվում են միայն կաշառքի գործով, որի մասին հաղորդում է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: