Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

9-16 հուլիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր: Նրանք ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի եւ Վարդավառի տոների առթիվ: 2018-ին հաղորդվել էր Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, սակայն պաշտոնական Երեւանն այն հերքել էր: Իսկ նախորդ սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։

 

Մեկնաբանությունը

Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը, փաստորեն, առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Թե որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը՝ ՀՀ կառավարությունը նախընտրում է չմանրամասնել: Բայց մի բան պարզ է՝ Էրդողանը, Վարդավառի տոնի կապակցությամբ Փաշինյանին շնորհավորելու համար չէ, որ զանգել է նրան: Կամ հակառակն՝ առիթը Քուրբան Բայրամի տոնը շնորհավորելը չէ, որ Փաշինյանը ցանկացել է թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույց ունենալ: Փոխադարձ շնորհավորանքները սոսկ արտաքին փայլն են՝ այն համապատկերը, որի վրա խարսխված է հիմնական օրակարգը:

Իսկ հիմնական օրակարգը, կարծես թե, հայտնի է՝ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը եւ հույս հայտնել, որ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն հուլիսի 1-ին Վիեննայում իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբինյանը եւ Քըլըչը վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության երկու երկրների սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաեւ Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար «մութ անտառ» են հուլիսի 1-ին Վիեննայում ձեռք բերված հայ-թուրքական պայմանավորվածությունների էությունը եւ դրանցից բխող հնարավոր վտանգները: Եթե երկկողմ օդային բեռնափոխադրումների իրականացման պահը ինչ-որ չափով հասկանալ կարելի է, ապա երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումը բազմաթիվ հարցեր ու վտանգի զգացողություններ են առաջացնում: Արդյո՞ք մեր երկիրը չենք դարձնում ազերիների ոտքի կոխան, որովհետեւ երրորդ երկրի քաղաքացին ադրբեջանցին է, ում համար Թուրքիայից Արմավիրի եւ Շիրակի մարզերով ճանապարհ է բացվում (եթե չասենք՝ միջանցք) դեպի Նախիջեւան, Բաքու եւ այլուր: Այդ ճանապարհից նույնիսկ ՀՀ քաղաքացին չի կարող օգտվել:

Երկրորդ՝ որոշ փորձագիտական հաշվարկների համաձայն՝ Թուրքիայի հարավում ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականներ ու ապաստան հայցողներ են բնակվում: Մեր իշխանությունները գոնե պատկերացնո՞ւմ են, թե սահմանը բացվելու դեպքում, Աստված մի արասցե, այդ կարգի մարդկանց ինչպիսի հոսքի հետ կարող են գործ ունենալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ տարանցիկ երկիր է եղել փախստականների համար: Հաջորդ հարցը. արդյոք Հայաստանի սահմանապահ ծառայությունները մեր հարկատուների հաշվի՞ն պիտի սպասարկեն, օրինակ, Ադրբեջանի քաղաքացիներին։ Նման հարցերը բազմաթիվ են, իսկ պարզաբանող չկա:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մինչ օրս արդեն չորս հանդիպում են ունեցել եւ բոլոր հանդիպումներից հետո վերահաստատել բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ չնայած Անկարան (Բաքուն՝ նույնպես) մշտապես խոսում է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչպես նաեւ ընդգծում, որ հայ-թուրքական կարգավորումը համաձայնեցնում է իր դաշնակից Ադրբեջանի հետ, ինչը ինքնին նախապայման է: Եվ հետո. բանակցությունների ընթացքում Թուրքիան կարող է չդնել նախապայման, բայց շատ նրբորեն օգտագործել կողմնակի հնարավորությունները, ինչպես անմեղ թվացող՝ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանի բացման դեպքում է:

«Թուրքիայի ձգտումը կոնկրետ է՝ Հայաստանն Ադրբեջանի հետ ստորագրի պայմանագիր, որով կճանաչվի Արցախը Ադրբեջանի կազմում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Անդրադառնալով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցին, Սաֆրաստյանը նկատել է. «Սա հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլն է, որի նախաձեռնողը թուրքական կողմն է: Թուրքիան հարաբերություններ ուզում է, բայց գին է պահանջում Հայաստանից»: Միգուցե այդ գինը հենց Արմավիրի կամ Շիրակի «միջա՞նցքն» է:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին,- դա 44-օրյա պատերազմի 5-րդ օրն էր,- Նիկոլ Փաշինյանը ուշագրավ մի գրառում էր կատարել՝ նշելով, որ Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. «Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք ու դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար»,- գրել էր Փաշինյանը: Հիմա՝ դիմելով նրան, ինչպե՞ս չասես. ա՛յ խելոք, եթե այդքանը գիտես, ինչո՞ւ ես երկրիդ դարպասները կրնկի վրա բացում ցեղասպան թուրքի եւ թշնամի ազերիների առջեւ:

Եվ սա դեռ բոլորը չէ: Գործադիրի հուլիսի 7-ի նիստում նա Կառավարության անդամներին հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` բացելու ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաեւ Թուրքիայից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ սկսել բեռնափոխադրումներ օդային տրանսպորտով։ «Կարեւոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի գերատեսչությունների հետ աշխատեն: Քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց իրագործումն այդ աշխատանքից է կախված, իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք»,- ասել է Փաշինյանը։

Բերեցինք ոչ լրիվ 2 տարվա տարբերությամբ նույն մարդու տեքստերից քաղված երկու մեջբերում՝ տրամագծորեն հակադիր բովանդակությամբ: Դժվար է հավատալ, որ երկու քաղվածքի հեղինակն էլ նույն մարդն է: Որովհետեւ դժվար է հավատալ, որ պետության որեւէ ղեկավարի համար երրորդ երկրների քաղաքացիների բարեհարմարությունն ու շահը շատ ավելի կարեւոր կարող են լինել, քան սեփական քաղաքացիների՝ ցեղասպանվելու իրական սպառնալիքը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստում քննարկեց եւ որոշեց ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չդիմել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Այս նստաշրջանում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը փակված է՝ բացակայությունների հարցով ՍԴ չենք դիմի։ Երկար քննարկումների արդյունքում հանգեցինք այդ որոշմանը»,- նշել է իշխանական պատգամավորը։

Կարճատեւ այցով Երեւանում էր Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Հուլիսի 13-14-ը նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, որից հետո՝ հուլիսի 15-ին մեկնել Բաքու, որտեղ նման հանդիպումներ է ունեցել նաեւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Հանդիպումների հիմնական թեման ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ «բրյուսելյան ձեւաչափով» քննարկված առանցքային հարցերն էին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստան այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որեւէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Այս մասին հուլիսի 11-ին հայտնել է նախարարությունը` տեղեկացնելով նաեւ, որ հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է: «Դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական եւ փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո», - ասված է ՇՄՆ-ի հաղորդագրության մեջ։ Գործադիրի ղեկավարի՝ փրկչի արձանի նախագծին տված նախնական գնահատականը դրական է եղել:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հերթական անգամ հաղորդել է սահմանին` Քելբաջարի ուղղությամբ, հայկական կողմից կրակոցների մասին, ինչը ՀՀ Պնախարարությունը հերքել է: «Ադրբեջանի Պնախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: