Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

24-31 օգոստոսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով օգոստոսի 24-ին Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթ՝ հանուն Ամուլսարի փրկության։ Այն կազմակերպել էր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչների խոսքով՝ միջոցառումն անցկացվում էր ի սատարումն ջերմուկցիների եւ Կառավարության։ Հավաքված քաղաքացիները պնդում էին, թե Ամուլսարը հանք չի դառնալու։ Քայլերթն անցնում էր Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Տիգրան Մեծի, Խանջյան, Սայաթ-Նովայի փողոցներով եւ ավարտվեց դարձյալ Ազատության հրապարակում։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս միացել էին երթին։ Հընթացս տեղի ունեցավ նաեւ դրամահավաք, որի ողջ հասույթը նախաձեռնությունն ուղարկել է Ջերմուկ՝ Ամուլսարի դիրքերում հերթապահողներին:

...Անցնող շաբաթվա ընթացքում Ամուլսարի խնդիրը շարունակում էր մնալ հայ հանրության ուշադրության կիզակետում եւ լինել ամենաքննարկվողը: Սոցցանցերն ու մյուս լրատվամիջոցները ողողված են թեմայի վերաբերյալ դատողություններով, տեսակետներով, առաջարկներով: Բնապահպանների, հանքամերձ համայնքների բնակիչների, հիմնահարցին տիրապետող մասնագետների մեծամասնության մտահոգությունները հիմք են տալիս պնդելու, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու եւ հիմնվելով միայն վերջին փորձաքննության վրա, չպետք է թույլ տալ հանքի շահագործումը։ Այլապես հետագայում՝ տարիներ ու տասնամյակներ անց, մեր սերունդները կհայտնվեն բնապահպանական լրջագույն մարտահրավերների դեմհանդիման: Ի վերջո` օտարին միայն իր շահն է հետաքրքրում, այն կստանա ու կգնա վայելելու, իսկ իրենից հետո... «թեկուզ ջրհեղեղ»: Մեզ ու մեր երեխաներին են բաժին հասնելու հայրենի բնության կողոպուտի դառն հետեւանքները եւ, գուցե նաեւ անվերականգնելի կորուստները: «Որեւէ կերպ վնասները հաշվարկված չեն,- իր անհանգստությունն է «Ազատությանը» փոխանցել Գեւորգ Գորգիսյանը,- եւ այսպիսի իրադրությունում շահագործել՝ ուղղակի անթույլատրելի է, սա կարող է հանգեցնել ընդհուպ մինչեւ թունաքիմիկատներով Սեւանի եւ Ջերմուկի վարակման, իսկ ավելի գլոբալ առումով՝ ողջ Հայաստանի Հանրապետության ամայացման ու ապականման»:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ եւ շրջակա բնակավայրեր, հանդիպել ու զրուցել տեղի բնակիչների, բնապահպանների հետ, ինչպես նաեւ շրջայց կատարել «Լիդիան Արմենիա»-ի լաբորատորիայում, որտեղ Կառավարության պատվերով Ամուլսարում համալիր փորձաքննություն էր իրականացրել ELARD ընկերությունը: Հանքի շահագործմանը դեմ արտահայտվող հատվածը, սակայն, դժգոհ է այդ ընկերության աշխատանքի արդյունքներից, քանի որ ELARD-ը, ըստ նրանց, դաշտային ուսումնասիրություն չի կատարել, այլ բավարարվել է ընդամենը հրապարակի վրա եղած եզրակացությունների, մյուս փաստաթղթերի վերաքննությամբ եւ հրապարակել իր վճիռը՝ հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի: Նման թեթեւ վերաբերմունքը բողոքողների համար անընդունելի է: Ժողովուրդն այլեւս պահանջատեր է, ամուր կանգնած իր իրավունքների պաշտպանության դիրքերում՝ չհանդուրժելով ոչ մի կեղծիք, ոչ մի անպատասխանատու քայլ: Նիկոլ Փաշինյանի վիճակն ակնհայտորեն աննախանձելի է՝ 2016-ից այս կողմ՝ հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման օրոք, «Լիդան Արմենիա»-ի գործը շատ է «խորացել», հսկայական միջոցներ են ներդրվել, հետքայլը գրեթե անհնար է: Մյուս կողմից՝ նժարի վրա մեր պետության միջազգային հեղինակության հարցը կա: Էլ չասած՝ հավանական ներդրողների մասին, որոնք հաստատ չեն ցանկանա գործ ունենալ լրջության պակաս ունեցող սուբյեկտի հետ՝ լինի անհատ, թե երկիր:

Կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, հակված է հանքը շահագործելուն, իսկ ժողովրդի մի հոծ զանգված անդրդվելի է՝ Ամուլսարը պետք է մնա սար, եւ վերջ: Խնդրի վերաբերյալ տարաձայնություններ կան ոչ միայն խորհրդարանական ուժերի շրջանում, այլեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ, որոնց Փաշինյանը քանիցս կշտամբել է կառավարության դիրքորոշմանը չաջակցելու եւ, մասնավորապես, Ամուլսարի հարցում իրեն միայնակ թողնելու եւ «ծակերը մտնելու» համար: Ինչպե՞ս վարվել: Հանքի շահագործման պարագայում իշխանության վարկանիշը կարող է ինչ-որ չափով տուժել: Դա խոստովանել է նույնիսկ ԱԺ նախագահ Ա.Միրզոյանը օգոստոսի 26-ին լրագրողների հետ խորհրդարանական իր ճեպազրույցում։ «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ իշխանության վարկանիշը դրանից կարող է որոշակի անկում ապրել, թեեւ չեմ կարծում, թե չշահագործմանը կողմ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը «Իմ քայլ»-ին է ձայն տվել»,- ասել է նա:

Այսպիսով՝ Կառավարությունը դժվար ընտրության առջեւ է՝ պետք է կայացնել շատ զգուշավոր, հավասարակշռված, ողջախոհ եւ, ամենակարեւորը, կամային որոշում՝ հիմքում դնելով պետության եւ ժողովրդի շահը: Կհաջողվի՞ արդյոք Ամուլսարի ոսկու հանքի գործում գտնել «ոսկե միջինը»՝ ցույց կտա ժամանակը:

 

Ռազմական եւ քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին 17 տարվա վաղեմության հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի՝ «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

...Պաշտպանության նախկին նախարարը բոլոր զինվորական կոչումներից զրկվել էր ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, որի տեքստը մինչեւ օրս չի հրապարակվել՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում զետեղվել էր սոսկ դրա շարադրանքը: Որոշ գնահատականներով՝ նախագահ Քոչարյանի հրամանագիրը Սահմանադրության խախտում էր, որովհետեւ այն նախագահին տալիս է միայն բարձագույն զինվորական կոչումներ շնորհելու, բայց ոչ դրանցից զրկելու իրավունք: Ոմանք էլ հակառակ տեսակետն էին պնդում՝ մատնացույց անելով «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքի համապատասխան դրույթը, որը, նրանց կարծիքով, հանրապետության նախագահին տալիս է բարձրագույն սպաներին զինվորական կոչումից զրկելու իրավունք: Ի դեպ, վերոնշյալ օրենքում, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի դիտարկմամբ, նախագահի գործողությունները հստակ իրավական ձեւակերպում չեն ստացել: «Բավական հապճեպ ընթացակարգով այդ օրենքի ընդունումը, արագ ստորագրելը, ուժի մեջ դնելն ու Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ կիրառելը միանշանակ վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել քաղաքական հաշվեհարդար, վրեժխնդրություն»,- ասել է Պողոսյանը` հավելելով, որ նախագահ Քոչարյանն օրինական հիմքեր չի ունեցել Հարությունյանին աստիճանազրկելու համար: Այդ առնչությամբ ուշագրավ է այն ժամանակվա ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության համանախագահներից Ալբերտ Բազեյանի մեկնաբանությունը, որի ասելով` հրամանագրի համար հիմք է հանդիսացել Վաղարշակ Հարությունյանի քաղաքական գործունեությունը, «հատկապես, երբ վերջինս սկսել է քաղաքական գնահատականներ տալ Ռոբերտ Քոչարյանի գործելակերպին»: Հիշեցնենք, որ

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր 2000 թվականի մայիսին` ամենայն հավանականությամբ տեղ բացելով Սերժ Սարգսյանի համար:

Հետագա զարգացումներում ամենահետաքրքրականն այն է, որ պաշտպանության նախկին նախարարին զինվորական բարձրագույն կոչումներից զրկելուց 17 տարի անց ճիշտ նույն եղանակով` դարձյալ առանց օրինական հիմքի, Արմեն Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվում 2-րդ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը: Վաղարշակ Հարությունյանի գեներալական ուսադիրները վերադարձնելու իրավական հիմքն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն է եւ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, որում ընդամենը ասվում է. «Իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր եւ կարգադրություններ»: Որեւէ իրավունքի կամ հանձնառության մասին, ինչպես տեսնում եք, խոսք չկա: Անհասկանալի է մնում այն, թե ինչ հիմքով է վարչապետը միջնորդել նախագահին, ինչպես նաեւ այն, թե ինչ հիմքով է նախագահն ընդունել վարչապետի միջնորդությունը եւ չեղարկել գեներալ-լեյտենանտի կոչումից Հարությունյանին զրկելու մասին Քոչարյանի հրամանագիրը:

Վերջնարդյունքում ստացվում է, որ կադրային գեներալը ինչպես 2002 թվականին ապօրինաբար աստիճանազրկվել է, նույնկերպ ապօրինաբար էլ 2019 թվականին վերականգնվել է: Ու դեռ փորձում են համոզել, թե երկրում իրավիճակ է փոխվել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ այցելել է Գյումրի ու մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։ Վարչապետի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը։ Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել է մեծանուն հայ բանաստեղծի թոռը։ Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առիթով։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման ու առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով օգոստոսի 27-ին բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտ եւ ձերբակալվել։ Նույն օրը ԱԱԾ քննչական դեպարտամենտը խուզարկություն է իրականացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաեւ Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում ու առանձնատներում:

Օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին եւ զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը, այդ թվում նաեւ Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: