Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Պաշտոնական Երեւանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու շուրջ խոսելու հնարավորություն է տեսնում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին գործադիրի ղեկավարը հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին։ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորել բարիդրացիության եւ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մենք պատրաստ ենք նման խոսակցության»,- շեշտել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ պարզաբանելով, որ մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արեւելքը արեւմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։
…Տարածաշրջանում վերագործարկվող ճանապարհներ, բացվող սահմաններ, կարգավորվող հարաբերություններ, բարիդրացիություն, խաղաղություն, արեւելքն արեւմուտքին, իսկ հյուսիսը հարավին կապող խաչմերուկ եւ այլն: Սրանք առաջին հայացքից հրապուրիչ թվացող խոստումներ ու բարձրագոչ խոսքեր են, որոնց արժեքը՝ տասնապատիկ չափազանցված, ՔՊ-ական իշխանությունները 2020-ի նոյեմբերի 9-ից այս կողմ հետեւողականորեն ջանում են փաթաթել հայ ժողովրդի վզին՝ այս անգամ դրանք ներկայացնելով իբրեւ Թուրքիայից ստացվող «դրական ազդակներ», որոնց դիմաց, ըստ իշխանության, պետք է արժանին մատուցել: «Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի եւ այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի»,- ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատեհությունը բաց չթողնելով եւս մեկ անգամ թմբկահարել ականջ շոյող՝ տարածաշրջանային խաղաղության թեման:
Ինչպեսեւ ակնկալվում էր, Թուրքիայի արձագանքը չէր ուշացել: Օգոստոսի 29-ին Չեռնոգորիայում Ռեջեփ Էրդողանը խոսել է Երեւանի հետ բարիդրացիական հարաբերությունները կարգավորելու մասին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Անկարան վերաբերվում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, որ Երեւանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից եւ դրանց համարժեք կարձագանքի: «Ժամանակն է կայունությունը եւ խաղաղությունը դարձնել մշտական եւ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության համար: Եթե Երեւանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ»,- ասել է Էրդողանը: Ըստ նրա, նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, որն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար:
Խաղաղությունն, իհարկե, մարդկության անանց արժեքներից է: Սակայն խոսքերով, որքան էլ դրանք գեղեցիկ հնչեն, խաղաղություն չես հաստատի: Ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը դեռ տարածքային ու քաղաքական նոր բնագծեր նվաճելու ոգեւորության մեջ է, չի դադարեցնում սադրանքները, նկրտումների ու հոխորտանքի ցուցադրումը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ գրեթե մեկ տարի գործող հրադադարի պայմաններում, թշնամին շարունակում է գնդակոծության տակ պահել Հայաստանի եւ Արցախի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը, հավակնել նոր տարածքների, «միջանցքների», ռազմավարական նշանակության ճանապարհների ու բարձունքների: Ոչ պատերազմական իրադրությունում եղել են տասնյակ զոհեր ու վիրավորներ, մարդկանց առեւանգման, ավտոճանապարհների արգելափակման, ծեծկռտուքների, անասնագողության, խոտածածկերի հրդեհման բազմաթիվ միջադեպեր:
Ադրբեջանը չարամտորեն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պահանջները, չի վերադարձնում հայ ռազմագերիներին եւ ապօրինաբար պահվող մյուս հայազգի անձանց, որոնց թիվը, համաձայն որոշ տվյալների, անցնում է 200-ից: Բաքվում նրանք ենթարկվում են դաժան խոշտանգումների ու նվաստացումների, ինչի մասին օրերս հրավիրած մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ադրբեջանում՝ սկսած մանկապարտեզից, պետական բարձր մակարդակով ատելություն եւ ազգային անհանդուրժողականություն է քարոզվում հայերի հանդեպ: Արցախի բռնազավթած տարածքներում ոչնչացվում կամ յուրացվում են դարերի կնիք կրող հայկական հուշարձանները, մեր հոգեւոր արժեքները, պատմության խոսուն վկայագրերը:
Նույնը կարելի է ասել Թուրքիայի վերաբերյալ, որի խղճին են Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման չփարատված մեղքը, 1915-ին սրի քաշված մեկուկես միլիոն անմեղ հայերի սպանդը: Սին պատրանքներ են, թե թուրքը փոխվել է, քաղաքակրթվել, կարելի է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, բարեկամանալ եւ այլն: Հեքիաթներ են: Թուրքը մնում է թուրք: Նա չի փոխվել, միայն ախորժակն է մեծացել եւ ժանիքներն են սրվել, ինչը երեւաց Եղեռնից 105 տարի անց՝ 2020-ի աշնանը: Անցած տարվա մայիսին Էրդողա՞նը չէր, որ հայերին ուղղակիորեն անվանեց «մեր թրի մնացորդներ»: Էրդողա՞նը չէր, որ այսքան տարիներ անց նպաստավոր պահն ընտրելով, կատարեց պանթուրքիզմի ծրագրի հերթական քայլը՝ դառնալով Արցախի դեմ նոր պատերազմի գլխավոր հովանավորն ու կազմակերպիչը:
Հիմա հարց է ծագում՝ որո՞նք են այստեղ «դրական ազդակները», որ այդպես հմայել են Նիկոլ Փաշինյանին, սիրտը լցրել խաղաղասիրական խանդաղատանքով: Պարզ է՝ նա հավատացել է Էրդողանի խոսքին, թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, եւ եթե Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին, ապա Թուրքիայի կողմից կարվեն «անհրաժեշտ քայլեր»: Ալլահը միայն գիտի, թե ինչ նկատի ուներ նա՝ ասելով «անհրաժեշտ քայլեր»: Բայց քանի որ արտահայտությունն արվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում, կարելի է եզրակացնել, որ խոսքը Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու՝ Ադրբեջանի առաջարկի մասին է:
Եթե սա է Փաշինյանի ակնկալած «դրական ազդակը», իսկ տողերիս հեղինակը գրեթե համոզված է, որ հենց սա է, ուրեմն հայ ազգին մեծ հուսախաբություն է սպասվում: Ըստ հավաստի աղբյուրների, սեպտեմբերի վերջին տասնօրյակում կամ հոկտեմբերի ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիր», որի նպատակն է Արցախյան 44-օրյա պատերազմում մեր կրած de facto պարտությունն ամրագրել de jure: Այս փաստաթուղթը, համաձայն աղբյուրի, բազմաթիվ բացասական հետեւանքներ է ունենալու ՀՀ-ի եւ ողջ հայության համար:
Այսպես՝ «Խաղաղության պայմանագիրը».
1. մեկընդմիշտ փակելու է Արցախի հարցը՝ այն դարձնելով Ադրբեջանի ներքին հարց.
2. ամրագրելու է, որ ՀՀ-ն 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, ինչը լրջագույն հիմքեր կտա Ադրբեջանին՝ միջազգային ատյաններում հատուցման հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ մի քանի տասնակ միլիարդ դոլարից մինչեւ մի քանի հարյուր միլիարդ.
3. ամրագրելու է ԽՍՀՄ վարչական սահմանները՝ որպես պետական սահմաններ, ինչի հետեւանքով Հայաստանը կստանա ոչ թե ապաշրջափակում, այլ ավելի խորը շրջափակում, քանի որ Ադրբեջանը վերահսկողություն կստանա Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների վրա.
4. ամրագրելու է ԽՍՀՄ վարչական սահմանները՝ որպես պետական սահմաններ, ինչը կհանգեցնի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վերահաստատմանը, քանի որ վարչական սահմանների օրինականացումը թեկուզ մեկ մասի վրա, նշանակում է նրա օրինական լինելը ամբողջության մեջ: Ըստ այդմ, Հայաստանը զրկվում է Թուրքիայի նկատմամբ իր իրավունքները երբեւէ բանեցնելու հնարավորությունից: Հայոց պահանջատիրության հարյուրամյա պայքարն ի չիք է դառնում.
5. նույն կերպ կասեցվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պայքարը, քանի որ այն համարվելու է «բարիդրացիական հարաբերություններին հակասող»: Միեւնույն ժամանակ իմաստազրկվելու են բոլոր «ճանաչումները», քանի որ այլեւս հատուցման հնարավորություն չի լինելու:
Իսկ դուք ասում եք՝ դրական ազդակներ, վերագործարկվող ճանապարհներ, բարիդրացիական հարաբերություններ, խաչմերուկ, ֆլան-ֆստան…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւար իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Սեպտեմբերի 9-ին ավարտվեց ՀՀ վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։
Ճանաչողական այցով սեպտեմբերի 6-ին Երեւանում գտնվող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաեւին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները` ընդգծելով ՄԽ համանախագահության գործունեության կարեւորությունը: Խովաեւին ավելի վաղ ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ռուսաստանցի համանախագահը նախքան երեւանյան այցը եղել էր Բաքվում՝ օգոստոսի 30-ին նա հանդիպում էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւը, որն օգոստոսի 25-ին հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ գերիների վերադարձը Երեւան տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։
Դատարանը սեպտեմբերի 8-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց՝ բավարարելով ՀՔԾ-ի միջնորդությունը։ Նախօրեին Հովսեփյանը ձերբակալվել էր փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով: Ըստ իրավապահների, 68-ամյա Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել 800 միլիոն դրամի գույք։
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Սեպտեմբերի 9-ին Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին եւ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը՝ բարձր գնահատելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու՝ Մոսկվայի ջանքերը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովն ավարտեց իր առաքելությունը՝ որպես Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։