Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հուլիսի 15-ին Բրյուսելում, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որն այդ ձեւաչափով վեցերորդն էր, իսկ արդյունավետությամբ՝ նախորդ հինգ հանդիպումների ոգուց ու տրամաբանությունից գրեթե ոչնչով չզանազանվող։ ԵԽ նախաձեռնությունները, խոշոր հաշվով, որեւէ տեսանելի փոփոխություններ չեն բերում, համենայն դեպս՝ Հայաստանի մասով: Տպավորությունն այնպիսին է՝ կարծես բանակցությունների օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծով Ադրբեջանի ներկայացրած պահանջների ու նախապայմանների քննարկումը:
Անշուշտ, ճիշտ չէ ասել, թե հայկական կողմի խնդիրները լիովին անտեսված են: Հանդիպումից հանդիպում խոսվում է դրանց լուծման անհրաժեշտության մասին, այն է՝ Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, սահմանային միջադեպերի բացառում, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակում եւ այլն: Սակայն իրական գետնի վրա նշված հարցերը շարունակում են չլուծված մնալ. 8-րդ ամիսն է, ինչ Բերձորի միջանցքը չի բացվում՝ սովի ու մարդասիրական աղետի այլ սպառնալիքներ ստեղծելով Արցախի 120 հազար բնակչության համար: Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահում հայկական դիրքերն ու բնակավայրերը, իսկ ռազմագերիների վերադարձի մասին խոսք անգամ չկա:
Եթե իրերն անվանենք իրենց անուններով, բրյուսելյան հանդիպումները հայկական կողմի համար վերջնարդյունքում դատարկ կրակոցի են փոխարկվում: Բայց Ադրբեջանի առավելապաշտական պահանջների առջեւ Եվրոպան, մասամբ հասկանալի պատճառով, «կանաչ լույս» է վառում, խրախուսում այդ երկրի քայլերը: Հուլիսի 15-ին Միշելը ճիշտ այդպես խրախուսեց դեպի Արցախ մարդասիրական մատակարարումներն Ակնայով (Աղդամ) իրականացնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը։ Մինչդեռ սա ոչ թե խրախուսման արժանի բարի կամքի արտահայտություն է, այլ արցախահայությանը Ադրբեջանին «ինտեգրելու» կարեւորագույն քայլ, որին Արցախում կտրականապես դեմ են:
Եվրախորհրդի ղեկավարը իր մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններն «անկեղծ եւ ազնիվ» է որակել, թեպետ դրանցում ո՛չ անկեղծություն նշմարվեց, ո՛չ էլ, առավել եւս, ազնվություն: Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւս մեկ անգամ լիովին հաստատել են իրենց հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ՝ «հիմնվելով այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը կազմում է 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քառակուսի կիլոմետր»։
Արդեն երկրորդ անգամ Շառլ Միշելը երկու երկրների ղեկավարների անունից բերում է թվական տվյալներ, որոնք հանրությունը կուզեր լսել հենց Ալիեւից ու Փաշինյանից, ոչ թե միջնորդավորված: Վերջինս այդ թվերը մի քանի անգամ կրկնել է, սակայն Ալիեւը ցայսօր խուսափում է Հայաստանի տարածքի թվային արտահայտությանն անդրադառնալ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նա չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը: Փոխարենը նրա բերանից շատ ենք լսել հայտարարություններ, թե «Էրիվանը, Զանգեզուրը, Բասարգեչարը» (նկատի ունի Գեղարքունիքը), իբր, պատմական ադրբեջանական հողեր են, որտեղ վաղ թե ուշ վերադառնալու են: Ավելին՝ Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքը Ալիեւն «Արեւմտյան Ադրբեջան» է անվանում:
Եթե սա է Ալիեւի «անկեղծությունն ու ազնվությունը»՝ թողնում ենք ԵԽ նախագահի դատին: Պարոն Միշելը միաժամանակ նշել է, որ կողմերն ակտիվորեն սկսել են զբաղվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործերով՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով ստանձնած հանձնառությունը: Ցավոք, սա եւս կոպիտ խեղաթյուրում է. իրականում սահմանազատման աշխատանքները խոր տեղապտույտի մեջ են՝ քարտեզի շուրջ տարաձայնություններ են առաջացել կողմերի միջեւ, եւ պետական հանձնաժողովների գործունեությունը խաթարվել է: Նախապես պայմանավորված՝ 1975թ. քարտեզից Ադրբեջանը «խրտնում է», քանզի Տիգրանաշենը մնում է ՀՀ վերահսկողության տակ: Օրինակարգ այլ քարտեզ էլ Ադրբեջանը չի առաջարկում:
Շաբաթը զերծ չէր նաեւ արտառոց դիպվածներից: Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ տեսաուղերձով եւ հայտարարեց, որ որոշել է դիմել ծայրահեղ միջոցի՝ միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող համաքաղաքացիներին: «Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրությունը գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ կատարել ստանձնած պարտավորությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ պահն օրհասական է, եւ դա է նման քայլի դիմելու պատճառը:
Հարությունյանն ուզում է հավատալ, որ այդպիսով Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա նախահարձակ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց եւ անտեսելուց: «Այս իրավիճակում ես ավելի արդյունավետ տարբերակ չեմ գտել»,- ասել է Արցախի ղեկավարը եւ, ըստ երեւույթին, վերոթվարկյալ երկրներին ու կառույցներին նկատի ունենալով՝ զգուշացրել. եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո «մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների ե՛ւ Արցախում, ե՛ւ դրանից դուրս»:
Իրավիճակը բավական արտասովոր է, որոշ առումով՝ անգամ զավեշտալի: Մի կողմից՝ Հարությունյանը, որպես քաղաքացի, իրավունք ունի դիմելու նստացույցի, հացադուլի եւ իր բողոքն արտահայտելու կամ իր օրինական պահանջը հետապնդելու այլ միջոցների, որոնք ընդունված են տեղական ու միջազգային իրավական կարգավորումներով: Մյուս կողմից՝ նա չճանաչված պետության օրինակարգ նախագահ է՝ լայն լիազորություններով ու պատասխանատվությամբ: Թշնամի երկրի կողմից յոթուկես ամիս ապօրինաբար շրջափակված եւ, ըստ էության, ցեղասպանական աղետի ենթարկված Արցախի 120 հազար բնակչությունը նրանից վճռական քայլեր է ակնկալում եւ իրավիճակի հանգուցալուծմանը միտված պայքարի ամուր կամք:
Մինչդեռ առաջնորդն ընտրել է պայքարի տարբերակներից ամենաանհուսալին, որը միայն գութ ու կարեկցանք կարող է առաջացնել: Մամուլում եւ սոցցանցերում սուր ծաղրով ու քննադատությամբ են արձագանքել Արայիկ Հարությունյանի, ինչպես նաեւ Վերածննդի հրապարակի «հնգաստղանի» վրանում նրան միացած՝ Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանի անխոհեմ, իրենց պաշտոնեական կարգավիճակին անհամարժեք եւ անհարիր քայլին: «Սա ի՞նչ կապիկություն է։ Թշնամին հարձակվել է երկրիդ վրա, հողդ պատառ-պատառ է անում, դու նստացո՞ւյց ես անում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Սեւ հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը:
Իրոք որ, կապիկություն է: Դավադրաբար հանձնված Արցախում այսօր ստեղծված ճակատագրական, անելանելի իրադրության գլխավոր մեղավորները՝ փոխանակ կենտրոնացնելու բոլոր պաշարամիջոցները, ոտքի հանելու ժողովրդին եւ առաջնորդելու հայրենիքի փրկության սրբազան պայքարի, երկրորդական զբաղմունք են գտել իրենց համար՝ մեկը վրանի տակ նստացույցի է, մյուսը Մասիսում ինչ-որ «խելացի անասնագոմի» կովանոցում: Համո Սահյանը կասեր. /«Սրա՞նք են մեր երկրի տերերը…/, /Ես սրանց տիրո մերերը…/»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները հուլիսի 19-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն, ըստ հաղորդագրության, նաեւ անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Կիրակի՝ հուլիսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Հայ Առաքելական սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաեւ Վարդավառ անվանումով: Այն շարժական տոն է եւ նշվում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը:
Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 18-ին Ավստրիայի իր գործընկերոջը՝ Ալեքսանդր Շալենբերգին, ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Միրզոյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների եւ, հատկապես, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը: Հանդիպման ավարտին Միրզոյանն ու Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հուլիսի 17-ին ազատ է արձակվել. դատարանը մերժել է նրան կալանավորելու՝ իրավապահների միջնորդությունը: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱԱԾ ներկայացուցիչները, ըստ փաստաբանի, մտել էին Բալասանյանի Ասկերանում գտնվող տուն ու խուզարկություն սկսել։ Նա ձերբակալվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական հոդվածով:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ հուլիսի 17-ին մերժել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի բողոքարկումը՝ հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկն ու վերաքննիչ բողոքը եւ քաղբանտարկյալ Աշոտյանին թողեց կալանքի տակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը: 47-ամյա Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։
«Շուրջ 3 հազար քառակուսի կմ տարածքում Ադրբեջանը ստեղծել է ամենաբարդ ժամանակակից համակենտրոնացման ճամբարը». հուլիսի 19-ին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ դիմելով միջազգային հանրությանն ու միջկառավարական ինստիտուտներին։ Թովմասյանն ահազանգում է՝ ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի եւ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի եւ դեղորայքի։ Ըստ Արցախի խորհրդարանի ղեկավարի՝ «վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»:
Փողերի լվացման շինծու գործով անցնող՝ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է գեներալի փաստաբան Միհրան Պողոսյանը: