Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Օգոստոսի 25 - Սեպտեմբերի 1

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցած շաբաթավերջին Հայաստան-Գերմանիա միջպետական կապերի պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օդանավակայանից Մերկելն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրն էլ տեղի են ունեցել երկու վարչապետների բանակցությունները: Կողմերը քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:

Հետմիջօրեին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները:

…Հիշեցնենք, որ Փաշինյան-Մերկել առաջին հանդիպումը, որը ոչ ֆորմալ էր, կայացել է հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում: Գերմանիայի կանցլերի երկրորդ` օգոստոսի 24-25-ի այցն արժեւորվում է նրանով, որ զուգադիպեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների մեկնարկին: Փոփոխություններ, որոնք մեր երկրին մեծ առաջընթաց են խոստանում համամարդկային արժեքների մի շարք հարթություններում՝ մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ, ժողովրդավարություն, հասարակական ակտիվություն, քաղաքացիական նախաձեռնություններ եւ այլն: Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Անգելա Մերկելի այցը պատմական իրադարձություն է, որը կնշանավորի մեր երկրների միջեւ հարաբերությունների նոր էջի բացումը: «Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առեւտրատնտեսական գործընկերն է աշխարհում եւ առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքով նոր թափ ու շունչ կհաղորդվեն նաեւ մեր առեւտրատնտեսական հարաբերություններին»,- ողջույնի խոսքում ասել է Փաշինյանը։ Պատասխան ելույթում Անգելա Մերկելը գոհունակություն է հայտնել Հայաստանում թափ հավաքող ժողովրդավարական փոփոխությունների համար, որոնց շունչը, ըստ նրա, զգացվում է անգամ փողոցում: «Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, եւ մի երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- նշել է կանցլերը՝ չթաքցնելով իր հիացմունքը «Թումո» կենտրոնում տեսածի առնչությամբ, որտեղ երիտասարդ աղջիկներն ու տղաները «շարունակում են նորարարություններ մշակել եւ զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները»: Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Մերկելն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել լինել Հայաստանի գործընկերը, նրան օժանդակել բոլոր հարցերում՝ սկսած Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտքի վիզաների ազատականացումից, մինչեւ ԼՂՀ խնդրի կարգավորում եւ համագործակցության տնտեսական ուղղության զարգացում:

Դիտորդների ուշադրությունից չի վրիպել ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե այցից հետո կունենանք տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ օրակարգ եւ կաշխատենք այն իրականացնելու ուղղությամբ: «Փակագծերը բացելու»՝ լրագրողների խնդրանքին ի պատասխան, գերմանական պատվիրակության անդամ Ալբերտ Վայլերը նշել է. «Համատեղ գործողությունների ծրագրին ամբողջությամբ դեռ ծանոթ չեմ, սակայն երկու կարեւոր կետ կա, որոնց կցանկանայի անդրադառնալ: Առաջին՝ աջակցություն Հայաստանին՝ սիրիացի փախստականների հարցում, որպեսզի այստեղ ավելի լավ հոգ տարվի Սիրիայից եկած մարդկանց մասին: Երկրորդ՝ տնտեսական համագործակցությունը: Այս երկու կետերը, թերեւս, կլինեն համատեղ գործողությունների ծրագրի կարեւոր հենասյուները»: Որ այդ ծրագրում տնտեսական զարգացման բաղադրիչն իսկապես առկա է՝ հաստատել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ կան մի քանի հիմնական ոլորտներ, որոնցում հնարավորություններ ունենք զարգացնելու Գերմանիայի հետ մեր հարաբերությունները: «Այդ ոլորտներից հիմնականը, իհարկե, տնտեսականն է: Ես կարծում եմ, որ հնարավորություններ կան նաեւ սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ինչպես տեղյակ եք՝ տիկին Մերկելը բավական տպավորված էր «Թումո» կենտրոնով, եւ հուսով եմ, որ շուտով Բեռլինում եւս մենք կկարողանանք բացել «Թումո» կենտրոն»,- ասել է Ավինյանը:

Գերմանիայի կանցլերի եւ նրա հետ Երեւան ժամանած պատվիրակության այցի արդյունքների ամփոփումը, այսպիսով, հստակ է դարձնում նոր Հայաստանի հետ նոր որակի հարաբերություններ շարունակելու` Գերմանիայի պատրաստակամությունը: Եթե Ռուսաստանի «խանդը» բացառենք, կարելի է հուսալ, որ Հայաստան-ԵՄ համագործակցության եւ, մասնավորապես, հայ-գերմանական մերձեցման դրական արդյունքները երկար չեն սպասեցնի:

 

Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի նախաձեռնությունը խորհրդարանի խոսնակինն էր: Օրեր առաջ վերջինս խորը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ խստորեն քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում նրա ելույթից բխող եւ առաջիկայում արմատավորվելիք որոշ վիճահարույց դրույթների համար: Խոսքը, մասնավորապես, «անցումային արդարադատության» համակարգի ներդրման եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մտադրությունների մասին է: Իրեն խիստ մտահոգող այդ օրակարգը քննարկելու համար էլ ԱԺ նախագահը նախատեսում էր հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Եվ Բաբլոյան-Փաշինյան ձեւաչափով կայացավ առաջին հանդիպումը:

Ազգային ժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ «բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

  • Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։
  • Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի։
  • Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:
  • ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն` «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:
  • Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե՛ խորհրդարանում եւ թե՛ հանրային լայն շրջանակներում»:

Փորձենք հասկանալ, թե ինչն էր հատկապես մտահոգում ԱԺ նախագահին, որ անհրաժեշտություն առաջացավ ՀՀ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունել այսօրինակ համաձայնագիր: Փաստաթղթում արտացոլված դրույթները, համենայն դեպս՝ դրանց գերակշռող մեծամասնությունը, որեւէ նորություն չեն պարունակում, դրանք ամրագրված են Սահմանադրության մեջ եւ ՀՀ օրենքներում: Ուրեմն ի՞նչ կարիք կար վերահաստատելու օրենսդրորեն արդեն իսկ հաստատվածը: Միակ նորությունը «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծման հիշատակումն է, իսկ մտահոգության մյուս առարկան՝ արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված ձեւակերպումը: Այն հանգում է նաեւ սահմանադրական փոփոխության պահանջի, որը Ազգային ժողովին ինքնալուծարվելու տարբերակի տեղ է թողնում: Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու կետերն են «ցավեցնում» նախորդ իշխանություններին, ոչ թե միայն Բաբլոյանին: Ավելին՝ այս համաձայնագիր-հուշագրի հետեւում պարզ երեւում են ՀՀԿ ղեկավարության «ականջները»: Բաբլոյանն այստեղ ընդամենը օգտագործվող ֆիգուր է: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա «ականջները» շատ ավելի վաղ էին երեւացել՝ դեռ կալանվելուց առաջ եւ, առավելեւս, կալանքից ազատ արձակվելուց անմիջապես հետո, երբ մեկ միասնական հրահանգով հրապարակ իջան կարկառուն ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանի, Արփինե Հովհաննիսյանի, Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի եւ այլոց «ղազագրերը»: Այն, որ Հանրապետականի հիմնական մտավախությունը վերը նշված զույգ թեզերից է առաջ գալիս՝ մատնում է հենց երկրում առկա իրավիճակի մասին Արա Բաբլոյանի հայտարարությունը: Մարդ սովորաբար ամենաշատն իր «ցավող տեղից» է խոսում: Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին վարչապետի հայտարարությանը Բաբլոյանի արձագանքը բավական մեծ տեղ է գրավում. «Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ: Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում»,- գրել է նա: Իսկ «անցումային արդարադատության» թեմայի անդրադարձում Բաբլոյանը փորձել է հնարավորինս խեղաթյուրել այդ համակարգի գաղափարը՝ նշելով. «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ»:

Վարչապետի եւ ԱԺ խոսնակի հանդիպումը ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ դրական գնահատել հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով:

Ինչ խոսք, պետության շահը, երկրի անվտանգությունը եւ անձի ու քաղաքացու իրավունքների հանդեպ հարգանքը պետք է գերակա լինեն բոլորիս համար: Անխտիր:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Ռուսաստանը մեծամասշտաբ զորավարժություններ է կազմակերպելու

Bloomberg-ը գրում է, որ Ռուսաստանը պատրաստվում է հաջորդ ամիս անցկացնել Սառը պատերազմից հետո ամենամեծ զորավարժությունները`մոտ 300.000 զինվորի եւ 900 տանկերի մասնակցությամբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, «Վոստոկ-2018» զորավարժությունները, որոնք կազմակերպվելու են սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում ռուսական արեւելյան եւ կենտրոնական ռազմական շրջաններում `Ուրալի լեռներից մինչեւ Խաղաղօվկիանոսյան ափ, կներառեն երկրի զինված ուժերի գրեթե մեկ երրորդը՝ դարձնելով դրանք ԽՍՀՄ-ի եւ նրա Վարշավայի պայմանագրի դաշնակիցների կողմից 1981թ. «Զապադ-81» զորավարժություններից հետո ամենածավալունը: Գործարկվելու են հազարավոր ինքնաթիռներ, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ չինացի եւ մոնղոլ զինվորականներ: Չինաստանը կտրամադրի 3.200 զինվորական եւ 30 ինքնաթիռ:

The New York Times-ը մեջբերում է Ալեքսանդր Գաբուեւին՝ Մոսկվայի Քառնեգիի կենտրոնի Չինաստանի գծով մասնագետին, ըստ որի, թեպետ զորավարժությունների չափերն իրոք տպավորիչ են, «ամենակարեւորն այն է, որ Չինաստանը մասնակցում է զորավարժություններին, որոնց նախկինում մասնակցում էին միայն Ռուսաստանի դաշնակիցները»:

Միեւնույն ժամանակ, նա նշում է, որ «Վոստոկ-2018»-ին մասնակցող չինական զորքերի գործողությունները կարող են տեղայնացվել միայն Ցուգոլին մոտ գտնվող ռազմական վարժանքների տարածքում, որտեղ հատվում են Չինաստանի, Ռուսաստանի եւ Մոնղոլիայի սահմանները: Դա կարող է թույլ տալ այլ վայրերում շատ ավելի մեծ ռուսական զորամիավորումների պատրաստվել Չինաստանի հետ բախումներին:

Ըստ Գորբուեւի՝ «Ռուսական բանակն այնքան միամիտ չէ, որ «կանխարգելիչ նախագիծ չպատրաստի», եթե Չինաստանի հետ հարաբերություններն անսպասելիորեն վատանան, ինչպես բազմիցս եղել է անցյալում»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: