Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

31 օգոստոսի - 6 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Անցած կիրակի՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշեց Գիտելիքի եւ դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության (ԿԳՄՍԵ) նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը NEWS.am-ին հայտնել է, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է։ Այդ օրը դաս չեղավ, սակայն Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական օջախներում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Ընթացիկ ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին անգամ 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք վերահրատարակվելու են այս տարի:

Գիտելիքի եւ դպրության օրը` որպես պետական տոն, նշվում է ամեն տարի սեպտեմբերի 1-ին` նոր ուստարվա առաջին օրը։ Այդ կարգը հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության հունիսի 15-ի հրամանագրով եւ նշվում է 1984 թվականից սկսյալ: Այդպիսով` սեպտեմբերի 1-ը կոչվեց «Գիտելիքի օր», քանի որ հենց դա է նոր ուսումնական տարվա ավետաբերը։ Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած` գնում են դպրոց, նշելով իրենց ուսումնական տարեմուտը: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի ու դպրության օրվան: Բարձրաստիճան պաշտոնյաները օրվա կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորողներին։ Այսպես՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, ամեն ինչ առջեւում է՝ անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան կամ նույնիսկ ամեն ինչ գիտեք: Հավատացեք, որ սովորելու բան միշտ էլ կա, որովհետեւ աշխարհում ամեն պահի մի նոր բան է ծնվում, որովհետեւ մարդն անընդհատ մտածում է՝ անկախ տարիքից եւ ունեցած գիտելիքից: Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, եւ որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք եւ մեր երկիրը: Մաղթում եմ ձեզ հաջողություն եւ ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում»:

Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց։ Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ, մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Սեպտեմբերի 1-ը մի օր է, որ սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում,- դիմելով հավաքվածներին, ասել է վարչապետը: -Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ բոլոր ներկաներին, հանրապետության բոլոր աշակերտներին, ուսանողներին, պատանիներին ու երիտասարդներին շնորհավորել Գիտելիքի օրվա կապակցությամբ, որովհետեւ այս դպրոցի, ընդհանրապես՝ դպրոցի եւ ցանկացած կրթական հաստատության դռներից ներս մենք պիտի մի բան սովորենք եւ ինքներս մեզ մի բան սովորեցնենք՝ փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, մեր գյուղը, մեր կենցաղը, նույնիսկ մեր պատմական ճակատագիրը: Եվ սա է մեր առաքելությունը, եւ մենք պետք է հաղթանակների ճանապարհով քայլենք: Շնորհավորում եմ բոլորիդ»:

Բայց որքան էլ տոնին հնչեն հանդիսավոր խոսքեր, այն լավ պատեհություն է նաեւ մատնանշելու սխալներն ու բացթողումները՝ դրանք շտկելու մտահոգությամբ: Լավ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍԵ նախարար Արայիկ Հարությունյանը, այդ օրն այցելել են Գեղարքունիքի մարզի Վահան, Նորաշեն, Զոլաքար գյուղերի դպրոցներ, շնորհավորանքի հետ մեկտեղ նաեւ ոգեւորել մանկավարժներին ու աշակերտներին՝ մանավանդ որ, ոգեւորելու առիթ կար: Բայց տեղին կլինի այդ մասին իմանալ հենց նախարարից. «Իմ այցը Գեղարքունիքի մարզ՝ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, եւ առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,- Նորաշենում հպարտացել է Արայիկ Հարությունյանը: Ասում են՝ հաջողությունը միշտ տեր ունենում է, ձախորդությունն է, որ անտեր է: Նման անտիրություն է, օրինակ, Տավուշի մարզում: Սովորողների ուսումնառությունը մարզի Նավուր գյուղում ընթանում է կիսախարխուլ, խոնավ եւ ձմռանը սաստիկ ցուրտ դպրոցում: 160 աշակերտ ունեցող սահմանային գյուղի դպրոցի անմխիթար վիճակի մասին, ըստ տնօրենի, 2000 թվականից ահազանգում են: Այդ ընթացքում դպրոցի հիմնանորոգման 3 տարբեր նախագծեր են կազմվել, բայց բոլորն էլ մնացել են թղթի վրա։ Չգիտես՝ ումից պահանջել: Դպրոցը հայտնվել է «Տարածքային կառավարման նախարարություն-Քաղաքաշինության նախարարություն-ԿԳՄՍԵ նախարարություն» արատավոր շրջապտույտում: Սա հայրենի բյուրոկրատիայից մնացած եւ ցայսօր սրբորեն պահպանվող երեւույթ է: Իսկ բերվածը՝ ընդամենը մեկը հարյուրավոր նման օրինակներից, որոնց ամեն օր բախվում են «մեր պատմական ճակատագիրը» վաղը փոխելու կոչված սովորողները, ինչպես նաեւ մանկավարժական ոչ դյուրին գործունեություն իրականացնող մարդիկ:

Այդ ամենի խորապատկերին ծիծաղելի է նույն Արայիկ Հարությունյանի՝ վերջերս մի առիթով հնչեցրած հայտարարությունը, թե Հայաստանը գիտելիք ներմուծող երկրից դարձել է գիտելիք արտահանող երկիր: Հետաքրքիր է՝ այդ ե՞րբ դարձավ, որ վրաններս խաբար չկա:

 

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ծառայողական քննության նպատակը, նրա խոսքով, ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկության ստուգումն է: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռ-հանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:

...Բանն այն է, որ նորերս պարզվեց՝ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը մոտ ազգականներ են: Հենց այն Գրիգորյանը, որը 2016 թվականին` լինելով ոլորտի թիվ մեկ պատասխանատուն, հաստատել էր հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: Այս հանգամանքից ելնելով՝ փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը: Եվ, իսկապես, ինչպե՞ս կարող էր Իվանյանն անկողմնակալ վարել շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործի քննությունը, եթե այդ պաշտոնյան իր հորեղբոր որդին է: Դե, համարյա իր եղբայրը: Չէ՞ որ սա Հայաստանն է, որտեղ միջանձնային հարաբերություններում ավանդաբար գործում է օրենքից ավելի զորեղ մի բան` խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) բանաձեւը: Շատ չանցած` եւս մեկ բացահայտում եղավ: Այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ELARD ընկերության հետ օգոստոսի 29-ի տեսակոնֆերանսի ընթացքում, որտեղ վարչապետը տհաճորեն զարմացավ՝ տեղեկանալով, որ Քննչական կոմիտեն ELARD-ից լրացուցիչ առաջարկություններ է խնդրել, որոնց կատարումը թույլ կտար հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի դարձնել: Վարչապետը Իվանյանից փորձում էր պարզել հետեւյալը. եթե ELARD-ն ասում է, որ «Լիդիան»-ի տվյալները թերի են, ինչի՞ց է, ուրեմն, Քննչական կոմիտեն եզրակացրել, որ բնապահպանական ռիսկերի մասին տվյալները չեն թաքցվել, ինչպե՞ս է ստացվել, որ այն, ինչ տեսել է ELARD-ը, կոմիտեն չի տեսել: Տեսակոնֆերանս անցկացնելու գաղափարը, ակներեւաբար, «Լիդիան» ընկերության սրտովը չէր, եւ նա կոչ արեց Կառավարությանը` բացահայտել հանքարդյունաբերական այն սուբյեկտներին, «որոնք ֆինանսավորել են Ամուլսարի դեմ արշավը»: Ու, չնայած «Լիդիան»-ի հորդորներին, Կառավարությունը հակված է գործը տանել մինչեւ վերջ, քանի որ չափից դուրս մեծ է ժողովրդի ցասումը: Ամենայն հավանականությամբ՝ Իվանյանի հանդեպ ծառայողական քննության իրականացումը եւս մեծապես հասարակության ճնշման արդյունք է:

Ամուլսարը դատարկ տեղում չառաջացավ: Ամուլսարը մի օր պիտի գար ու եկավ կոչնակ հնչեցնելու, սթափեցնելու անտարբեր պաշտոնյաներին եւ մասնագետներին, ստիպելու եւս մեկ անգամ մանրազնին վերլուծել իրավիճակը ՀՀ այն քաղաքներում, որոնք հանքարդյունաբերական կենտրոններն են: Խոսքը նախեւառաջ Կապանի, Քաջարանի, Վարդենիսի, Արարատի եւ Ալավերդու մասին է, որտեղ մեծ են ռիսկերը, որ հանքերի շահագործումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ ջրային պաշարամիջոցների եւ, մանավանդ, մարդկանց առողջության համար, ինչն աշխարհում ամենաթանկագինն է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 


Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Հոկտեմբերի 2-ին Արցախը հանդիսավորապես նշեց իր անկախության 28-րդ տարեդարձը: Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին Վերածննդի հրապարակից շքերթով դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ մասնակիցները ծաղկեպսակ զետեղեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին: Ուղիղ 28 տարի առաջ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում: «1991-ի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ եւ անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն»,- ասված է Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում: Արցախի Հանրապետության օրը շնորհավորել են նաեւ Հայաստանի ղեկավարները եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ստեփանակերտ՝ մասնակցելու «Երեւանի օրերը Արցախում» միջոցառումներին։ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, որտեղ տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին: Հայկ Մարությանը շրջել է նաեւ զորամասի տարածքում, ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին: Իսկ երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում մեկնարկել է «Տիգրան Մանսուրյան-80» խորագրով հոբելյանական համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող եւ անվավեր, իսկ մյուսը՝ 135-րդը, Սահմանադրությանը համապատասխանող: «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեցադրվող եւ կալանքի տակ գտնվող նախկին նախագահը բարձր դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի ու քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին: Քոչարյանի կողմնակիցները ՍԴ որոշումը համարում են հաղթանակ, իսկ հակառակ կողմի պնդմամբ՝ այն որեւէ բան չի փոխում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: