Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

18-25 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անկախ Հայաստանը 30 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։

Երկրում սեպտեմբերի 21-ին պաշտոնական միջոցառումներ էին նախատեսված. առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Կեսօրին նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն էր։ Ժամը 14-ից երկրի ուժային կառույցների ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին մայրաքաղաքի փողոցներում։ Իսկ ժամը 20-ին Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումն էր, որի ժամանակ ծավալուն ուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անկախության օրվա առթիվ ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ստացվել են օրվա խորհրդի ոգով բազմաթիվ ուղերձներ, հեռագրեր, բարեմաղթանքներ Հայաստանից ու արտերկրից:

…Անկախության երեսնամյակն այս տարի համընկավ Արցախյան 2-րդ պատերազմի հետեւանքով ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ստեղծված նոր, ծանրագույն իրավիճակի հաղթահարման օրերի հետ, որոնք լի են ներքին ու արտաքին մարտահրավերներով, փորձություններով եւ ներհասարակական հակասություններով: Դժնդակ պատերազմը լրջորեն սասանեց մեր գոյութենական ամրության հիմքերը, քայքայեց տնտեսությունը, բազմաչարչար հայ ժողովրդին բերեց նրա հազարավոր զավակների կորստյան վիշտ, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, գերության կամ անհայտության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի հոգեմաշ անհուսություն, ամոթալի պարտություն եւ ավերածություններ։

Հետպատերազմական շրջանում անհետաձելի իրականացում պահանջող բազում խնդիրներ են կուտակվել, որոնց լուծումը պահանջում է միասնականություն, ջանքերի մեկտեղում եւ անդադրում աշխատանք, որպեսզի կարողանանք վերակերտել անվտանգ, պաշտպանունակ եւ ուժեղ պետություն, քանզի կարեւորագույն խնդիրն այսօր մնում է եւ, ըստ երեւույթին, դեռ երկար ժամանակ կմնա ազգային անվտանգությունը։ Հետեւաբար՝ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ բարեփոխելու մեր բանակը, անվտանգային ողջ համակարգը եւ մյուս բոլոր ոլորտները: «Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ոչ զարգացում, ոչ էլ առաջընթաց: Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի ապագային միտված զարգացմանը»,- իր ուղերձում իրավացիորեն նկատել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Անկախության երեք տասնամյակները հարթ ու սահուն չանցան. ժողովրդի եւ պետության կյանքում դրանք նշանավորվեցին որպես մակընթացությունների ու տեղատվությունների տարիներ: Ամենանշանավոր իրադարձությունը, անտարակույս, Արցախյան ազատագրական պայքարի շրջանն էր, որը Հայաստանի պատմության աննախադեպ երեւույթներից էր՝ հայերը կարողացան սեփական ուժերով վերատիրանալ նախնյաց հողերի մի հատվածին՝ հայկական տարածքներն ընդարձակելով մինչեւ 42 հազար քառակուսի կիլոմետր: Սա անկախության արշալույսին հայոց մեծագույն ձեռքբերումն էր, որը, սակայն, 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին ետ նվաճեց՝ Հայաստանի եւ Արցախի ղեկավարության ապիկարության պատճառով: Անկախության տարիների ՀՀ պատմության ամոթալի էջերից են նաեւ 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, 2008-ի «Մարտի 1»-ը, մի շարք աղմկոտ սպանություններ եւ այլն:

Նմանօրինակ իրադարձությունների խորապատկերին եւ որոշ շրջանակների ակտիվ հակաքարոզչության պատճառով հասարակության շրջանում անկախության հարգը գնալով տեղի էր տալիս. ոմանց կողմից այն ընկալվում էր որպես դժբախտությունների, ձախողումների, մեղքերի աղբյուր: Ամեն ինչի «մեղավորը»՝ ապօրինություններ, սոցիալ-տնտեսական կեղեքումներ, անպատժելիություն, կոռուպցիա, կեղծված ընտրություններ եւ այլն, նրանց կարծիքով, անկախությունն է: «Անկախությունը վաճառքի էր հանված, իսկ քաղաքական փերեզակների պակաս չկա Հայաստանում: Եվ անկախությունը վերջին արժեքն է, որը կարելի է վաճառքի հանել: Ուստի Անկախության 30-րդ տարում նրա դեմ ոտքի ելած փերեզակները փորձում են դա էլ վաճառել»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք (այժմ արդեն անցկացված-Գ.Լ.) «մասշտաբային եւ գունագեղ տոնակատարության» մասին, ինչն առաջացրել էր հանրության տարբեր շերտերի, այդ թվում՝ զոհված զինծառայողների հարազատների զայրույթը։ Եվ դա բնական է: Մարդիկ համարում են, որ ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային ու մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, եւ նման պայմաններում «գունագեղ» տոնակատարությունն ուղղակի անթույլատրելի է, մանավանդ՝ երբ դեռ չի լրացել հազարավոր մեր երիտասարդների նահատակության առաջին տարելիցը:

«Տոնակատարության» առնչությամբ հասարակության ավելի արմատական հատվածի գնահատականն առավել կտրական էր: Այդ շերտի ներկայացուցիչների համոզմամբ՝ պետությունը, որը մսխել է իր ինքնիշխանությունը եւ այսօր ի վիճակի չէ պաշտպանել սեփական տարածքային ամբողջականությունը, որեւէ բարոյական իրավունք չունի  Անկախություն տոնելու։ Եվ չնայած իշխանությունները որոշ սրբագրումներով, այնուամենայնիվ, կազմակերպեցին միջոցառումը, դժգոհությունների բնույթը դրանից չմեղմվեց: Մամուլում եւ սոցցանցերում բազմաթիվ են արձագանքները, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անցկացված միջոցառումը «իրենից հերթական սատանիստական խրախճանք էր ներկայացնում»։ «Պարտությամբ հպարտացողների, ստի, կեղծ արցունքների տոնահանդես». այսպես է ՖԲ օգտատերերից մեկը հակադարձել այն հիացական գրառումների հեղինակներին, որոնք «տոնակատարությունը» որակում են որպես «միջազգային մակարդակի» միջոցառում: Դե, ճաշակին ընկեր չկա: Տատս կասեր՝ «մեկին երեցն է դուր գալիս, մեկելին՝ երեցկինը»:

Միջոցառման գլխավոր մասը սկսվել էր երեկոյան ժամը 8-ին: Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որն ավելի շուտ նման էր տրամաբանական-փիլիսոփայական տրակտատի: Այն մի շարք հետաքրքիր, եթե չասենք՝ տարօրինակ դատողություններ էր պարունակում, որոնք գրավել էին ԶԼՄ-ների ուշադրությունը: Ահավասիկ՝ «Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»; կամ՝ «Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի» եւ այլն: Այս վերջինը, կարծես թե, պատերազմի առաջին օրը ԱԺ հատուկ նիստում Փաշինյանի արած հայտնի հայտարարության շարունակությունն է, երբ նա ասաց. «Եկեք պայմանավորվենք մի բան. ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»:

Ինքը՝ Փաշինյանը, այդ պատվիրանին միշտ հավատարիմ է, իրեն երբեք պարտված չի ճանաչում: Ավելին՝ հպարտանում է իր պարտությամբ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւար իրադարձությունների մասին՝ մի քանի տողով 

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 23-ին օրինագիծ է ընդունել, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Օրինագիծը, որը ներկայացվել է պալատի 16 անդամների կողմից, պահանջում է նաեւ զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ ապօրինի զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ: Բացի դրամից, պահանջվում է հետաքննություն անցկացնել այն ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ շնորհավորել նրան Անկախության տոնի առթիվ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաեւ դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում։

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: «Հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված»,- փոխանցել են Ոստիկանությունից։

Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նրան սպառնում է պատիժ՝ մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչեւ երեք ամիս ժամկետով:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակում նախատեսվում էին երկկողմ հանդիպումներ գործընկերների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 22-ի նիստում «Հայաստան» խմբակցության կողմից չորրորդ անգամ առաջադրված նույն թեկնածուն՝ Արթուր Ղազինյանը դարձյալ չընտրվեց նշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Վերջինս, ըստ ԱԺ լրատվական ծառայության հաղորդման, առաջարկել էր օրակարգում ընդգրկել Հայաստանի հարավ-արեւելյան հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հարցը, սակայն մերժվել էր, ինչից հետո ընդդիմության բոլոր ներկայացուցիչները լքել էին դահլիճը: ՔՊ խմբակցության անդամներն էլ կրկին չէին ընտրել ընդդիմադիր թեկնածուին:

Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին: Ղազինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն չընտրելը անձնավորված է, եւ որ իշխանության համար այդ պաշտոնում ինքը քաղաքական իմաստով վտանգ է ներկայացնում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: