Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

27 օգոստոսի - 3 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Օգոստոսի 31-ին Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այն տեւել է գրեթե 4 ժամ։ Ըստ ՀՀ կառավարության այդ օրը տարածած հաղորդագրության՝ Միշելի միջնորդությամբ անցկացված հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը եւ ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր:

 

Մեկնաբանությունը

Սա Շառլ Միշելի «քավորությամբ» Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպումն էր: Մյուս երեք հանդիպումները կայացել են 2021թ. դեկտեմբերի 14-ին, 2022թ. ապրիլի 6-ին եւ 2022-ի մայիսի 22-ին: Խոշոր հաշվով՝ այդ հանդիպումներն ու պայմանավորվածությունները միշտ հատկանշվել են ի վնաս Արցախի եւ Հայաստանի՝ չբերելով որեւէ հիշարժան արդյունք, դրական ազդեցություն կամ ցանկալի փոփոխություն: Փոխարենը ունեցել ենք տարածքային կորուստներ, սահմանային ցավալի միջադեպեր եւ այլ ձախողումներ, որոնց շղթան գնալով՝ շարունակում է մեծանալ: Ուրեմն՝ ո՞րն է մեր շահածը: Մխիթարական պատասխան դժվար է գտնել:

Փաստն այն է, որ նմանօրինակ ձեւաչափի հանդիպումների արդյունքում պատրաստվող փաստաթղթերում, որպես կանոն, տեղ են գտնում ադրբեջանական թեզերին համահունչ ձեւակերպումներ: Հայկական կողմը շարունակում է բանակցությունների գնալ «թղթե շերեփով»՝ չունենալով հստակ ձեւակերպված բովանդակային առաջարկներ: Ընդամենը հայտարարելով, թե բացելու ես «խաղաղության դարաշրջան» եւ այն էլ՝ մի պետության հետ, որը սպառնում է քո տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, նշանակում է ինքդ քեզ մղում ես փակուղի՝ ենթարկվելով հակառակորդի թելադրած օրակարգին: Չորս տարի այս նույն պատկերն ենք տեսնում:

Բրյուսելյան ներկա այցից առաջ էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ Բելգիայի մայրաքաղաքում նախատեսվում է համաձայնեցնել Ադրբեջանի  եւ Հայաստանի միջեւ «Խաղաղության համաձայնագրի» տեքստը նախապատրաստող հանձնախումբ ստեղծելու հարցը, ինչը եւ հաստատվեց օգոստոսի 31-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո: Հաստատվեց նաեւ այն իրողությունը, որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, Բրյուսել էր մեկնել լավ տեղեկացված եւ, հետեւաբար, հանդիպման օրակարգին կազմ ու պատրաստ: Իսկ մերո՞նք…

Մերոնք ասելով՝ նկատի ունենք համացանցում շրջանառվող մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում էր, որ Բրյուսելում Փաշինյանին ուղեկցում են ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը եւ ԱԽ քարտուղար Գրիգորյանը: Ուշագրավ է, որ այցից մեկ օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին, որին մեղադրանք առաջադրվեց նախ՝ Շուշիի պաշտպանության գործում պաշտոնեական անփութություն ցուցաբերելու, ապա նաեւ՝ «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջի հրաման տալու համար։

Ձերբակալությունը տեղի է ունեցել Արցախից Երեւան գնալու ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանի նախասիրած կանոնների ոգով. դիմակավոր ոստիկաններ, ձեռնաշղթաներ, բիրտ ուժի ցուցադրական կիրառում՝ չնայած Արզումանյանի կողմից որեւէ դիմադրության բացակայությանը: Ականատեսներն ու ծառայակիցները հիմնականում դրական են բնութագրում մարտական գեներալին, որը ՊԲ հրամանատար էր նշանակվել պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, այդ պաշտոնում փոխարինելով Ջալալ Հարությունյանին: Դա այն ժամանակ էր, երբ տանուլ տրվող պատերազմը, ցավոք, արդեն անկասելի էր:

Որոշ դիտորդներ պատահականություն չեն համարում Բրյուսել այցի եւ Արզումանյանի ձերբակալության զուգադիպումը: Ըստ երեւույթին՝ Փաշինյանը չէր ուզում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը գնալ «դատարկաձեռն»: Եվ երկրորդ՝ մտածեցին, որ Արզումանյանը Շուշիի հանձնման համար «քավության նոխազի» դերի ամենահարմար թեկնածուն կարող է լինել: Եթե հիշում եք, ժամանակներ առաջ իշխանական շրջանակներում «քավության նոխազի» ինտենսիվ փնտրտուքներ էին ընթանում 44-օրյա պատերազմի պարտության մեղքը  «գլխավոր մեղավորից» շեղելու եւ այլոց վերագրելու համար: Ցանկալի էր, որ այն լինի ընդդիմադիր ճամբարից:

Ամենասկզբից իշխանությունները փորձեցին հայոց բերդաքաղաքը հանձնելու մեղքը բարդել Գագիկ Ծառուկյանի վրա, որն այդ օրերին իրեն «լավ» չէր պահում: Բայց «չկպավ»: Հետո սկսեցին թիրախավորել Արթուր Վանեցյանին, ինչը եւս անհաջողության մատնվեց, հաջորդ «ընտրությունը» կանգ առավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վրա: Դարձյալ՝ անիմաստ: Եվ ահա հայտնվեց «քավության նոխազի» նոր տիպար՝ ի դեմս մի գեներալի, որը, զինակիցների բնորոշմամբ, թշնամու ահուսարսափն էր, եւ որի ձերբակալությունը լավագույն «նվերը» կլիներ Իլհամ Ալիեւի համար: Չհաշված Բերձորի եւ հարակից մյուս հայկական բնակավայրերի նվիրաբերումը:

Եվ այսպես՝ բրյուսելյան հանդիպման ավարտին ԵԽ նախագահը հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարեւորությունը եւ խոստանալով շարունակաբար զբաղվել այդ հարցով: Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է նաեւ սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ գրանցված առաջընթացները: Այսինքն, ինչպես միշտ, խոսքեր ու խոստումներ, սակայն վերջնարդյունքում խաբկանք ու հուսախաբություն:

Ստացվում է, որ մի կողմից ռուս դաշնակիցներն են աչք փակում ադրբեջանական ոտնձգությունների առջեւ, մյուս կողմից եվրոպացի եւ ամերիկացի գործընկերներն են ոչ համարժեք արձագանքում իրողություններին: Սա ավելի է արձակում Բաքվի ձեռքերն ու լեզվի կապանքները: Եվս մեկ անգամ վերահաստատվում է, որ ինչ զիջումների էլ գնա Հայաստանը, նույնիսկ եթե ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, միեւնույն է, մենք չենք ունենա խաղաղություն: Որովհետեւ խաղաղությունն ամենից առաջ հզոր բանակն է եւ հզոր առաջնորդը: Ցավոք, մենք չունենք ո՛չ առաջինը եւ ո՛չ երկրորդը:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպեսեւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: Մասնավորապես օրինագծի համաձայն՝ չորսուկես ամիս պարտադիր զինծառայություն անցած զինծառայողը ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում հնարավորություն կստանա վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

 

Մեկնաբանությունը

Եվ այսպես, պետբյուջե վճարիր ոչ ավել, ոչ պակաս՝ 24 մլն դրամ եւ բանակում ծառայիր աներեւակայելիորեն կարճ մի ժամկետ՝ 4,5 ամիս: Ըստ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների, այս նորամուծությունը թույլ կտա ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան՝ բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, նախադրյալներ ստեղծել արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար, ներդնել պարտադիր զինծառայության անցնելու նոր համակարգ եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ:

Սա հանրային լայն քննարկման դրված՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտության պաշտոնական հիմնավորումն է: Իսկ ի՞նչ կարծիքի են ՀՀ քաղաքացիները եւ ոլորտին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք: Ստորեւ ներկայացնենք մի քանի հատկանշական գնահատականներ հանրային խոսույթի մասնակիցների արձագանքներից.

Կարեն Աբրահամյան. «Վճարի նման շեմ սահմանելով՝ հայրենիքի պաշտպանության գործը թողնվում է աղքատ, անապահով խավի 18 տարեկան զավակի վրա, ինչպես նախկինում, քանզի գումար ունեցողը ազատվելու է ծառայությունից, իսկ ով որ չունի գումար, գնալու է «գյուլլի» բերան»: Շմավոն Ավագյան. «Սրանով զինծառայությունից՝ նախկինում կաշառքով ազատվելու փորձը դարձնում եք օրինական. սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ պետականության հիմքերի թուլացում»: Գրիգոր Դավթյան. «Գումարը վճարելու պայմանով ծառայությունից վաղաժամկետ զորացրվածները պետք է զրկվեն հետագայում պետական բարձր պաշտոն զբաղեցնելու եւ ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից։ Այս պայմանի առկայությունը որոշակի հավասարություն կմտցնի տարբեր սոցիալական խմբերի քաղաքացիների միջեւ»:

Հիմա լսենք ռազմական փորձագետների տեսակետները: Տիգրան Աբրահամյան. «Շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու եւ ընդամենը 4,5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։ Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլեւ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու»։ Կարեն Հովհաննիսյան. «Տեղին չէ համեմատվել այն երկրների հետ, որոնք ունեն բարձրակարգ պրոֆեսիոնալ բանակներ: Այդ երկրներն այլեւս շեշտը դնում են ոչ թե թվակազմի վրա, այլ՝ մեկ զինվորի հաշվով տարբեր գործառույթների յուրացման: Մեր բանակը բարեփոխումների կարիք ունի, բայց ոչ թվակազմի կրճատման կամ նման ծրագրերի»:

Գումարով ծառայությունից վաղաժամկետ ազատվելու մասին սույն օրենսդրական նախաձեռնությունը բանակի ու զինծառայության հանդեպ իշխող քաղաքական ուժի անտարբերության, բարձիթողի վերաբերմունքի հերթական ապացույցն է: Ինչպե՞ս կարելի է նման օրենք շրջանառել մի պետության մեջ, որն անընդհատ պատերազմի սպառնալիքների է բախվում: Անվտանգայինից բացի, մյուս՝ ամենազգայուն մարտահրավերը սոցիալական գործոնն է. մի՞թե ակնհայտ չէ, որ այս նախաձեռնությունը մեզ սոցիալական անջրպետի խորացման է տանելու:

Չավարտված պատերազմի վտանգներ ունեցող երկրում փոխանակ ձեւեր մտածեն ավելի արդյունավետ ու գրավիչ դարձնելու բանակում ծառայությունը, մշակում են օրենքներ, որոնք սողանցքներ են բացում ծառայությունից խուսափելու համար՝ միաժամանակ պատճառելով սոցիալական շերտավորումներ, ներհասարակական հարաբերությունների ճգնաժամ, անարդարության եւ, մանավանդ, զորակոչային տարիքի պատանիների հոգեբանության ու մտածելակերպի աղճատումներ: Սա անթույլատրելի է:

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կառավարության տեղեկացմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, բացի հայ-ռուսական օրակարգին վերաբերող մի շարք հարցերից, անդրադարձ է եղել ԼՂ շուրջ իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը: Երկու երկրների ղեկավարները նաեւ շնորհավորել են միմյանց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով:

Սեպտեմբերի 2-ին նշվեց Արցախի Անկախության օրը։ 1991թ. սեպտեմբերի այդ օրը Արցախը հռչակել է Խորհրդային Միությունից իր անկախությունը: Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, ԽՍՀՄ-ի պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, ԼՂ-ում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լիակատար անկախանալու օգտին: Դրան հետեւած ընտրություններում ընտրվել է ԼՂ խորհրդարան, որն էլ կազմել է առաջին կառավարությունը: Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները նախաձեռնել են քայլերթ եւ հանրահավաք։ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարները: «Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական եւ շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»,- նշված է Արայիկ Հարությունյանի ուղերձում:

Մոսկվայում օգոստոսի 30-ին կայացել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ փոխվարչապետներ Մ.Գրիգորյանի եւ Շ.Մուստաֆաեւի նախագահությամբ: Կողմերը քննարկել են կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի եւ հետագա աշխատանքների շուրջ: Հանդիպման արդյունքներով պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ ՌԴ ԱԳ նախարարությունը:

Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից եւ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Բացի դրանից, գործարարը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել «զսպանակը սեղմել». «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»,- նշել է Վարդանյանն իր տեսաուղերձում։ Ավելի վաղ նա հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու նորմը վերականգնելու համար: Նա դիմել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին` առաջարկեով սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը՝ որպես պատժատեսակ, կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը: ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, սակայն, նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: