Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Սեպտեմբերի 8-15

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Անցած շաբաթավերջին` սեպտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ նույն օրը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը երրորդն էր նրա վարչապետության ընթացքում: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպեսեւ համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում»։ Դռնփակ բանակցություններից առաջ Փաշինյանը փաստել է, որ «կան խնդիրներ», միաժամանակ վստահություն հայտնել, որ դրանք անլուծելի չեն: Իր հերթին` Պուտինը նշել է, որ «հայ-ռուսական հարաբերությունները գնալով զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ու տնտեսական: Պաշտոնական բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ:

…Հանդիպման մեկնարկին Փաշինյանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Հայաստանի վարչապետի այս հայտարարությանն են ամենաշատն անդրադարձել ռուսական լրատվամիջոցները։ Ըստ երեւույթին, սա հետանկախական շրջանում նրանց ականջին հնչած ամենից արտասովոր, եթե չասենք` հանդուգն, արտահայտությունն է եղել: Ինչպես է փոքրիկ Հայաստանն իրեն թույլ տալիս աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարի հետ խոսել ինչպես հավասարը` հավասարի: Սա էր, ամենայն հավանականությամբ, հարուցել ռուսական մամուլի թե´ զարմանքը եւ թե´ տարակուսանքը: Հայաստանի նախորդ նախագահներից ոչ մեկը նման հիշատակում որեւէ առիթով, առավել եւս մոսկովյան բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, չէր հնչեցրել: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, մինչեւ այժմ էլ համոզված է, որ «Ռուսաստանն այն երկիր չէ, որի հետ կարելի է այդկերպ խոսել»: Այս առնչությամբ նա վերջերս իր դժգոհությունն էր հայտնել տեղական մամուլին տված հարցազրույցներից մեկում: Երկրորդ նախագահը պարզապես չի պատկերացնում հայ-ռուսական հորիզոնական հարաբերություններ, որովհետեւ 20 տարվա ընթացքում ձեւավորված այդ հարաբերությունները Քոչարյանը միշտ տեսել է ուղղաձիգ հարթության մեջ, եւ դա Հայաստանի դժբախտություններից մեկն էր: Պաշտոնական Երեւանն այժմ ակնհայտորեն ձգտում է, որպեսզի երկու երկրների միջեւ հաստատվի բանակցությունների եւ այլ կարգի փոխառնչությունների հորիզոնական հարթություն՝ որքան էլ Մոսկվան հոգեբանորեն ծանր տանի իր համար ծագած այդ «դիսկոմֆորտը»:  Ի դեպ, հենց դա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ մեր ռուս գործընկերները պետք է ադապտացվեն հայաստանյան նոր իրավիճակին: «Այո՛, ռուսները պետք է համակերպվեն նոր իրողություններին... այլեւս չի լինելու այնպես, որ երբ Մոսկվայից մատերով ճտտացնեն, Երեւանում զգաստ կանգնեն՝ սպասելով նրանց հրահանգին: Դա չի լինելու: Որքան էլ Մոսկվային խորթ լինի, բայց ժամանակն է՝ սովորել, որ Հայաստանն անկախ երկիր է եւ ունի իր շահերը»,- «ՄԵԴԻԱԼԱԲ» կայքի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անկասկած, Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների հարցեր, որոնց հետ կապված՝ Ռուսաստանում կան, այսպես ասած, թյուրըմբռնումներ: Քանի որ հանդիպման մեծ մասն անցել է առանց լրագրողների, հավանաբար այդ փակ հատվածում էլ շոշափվել են բոլոր այն հարցերը, որոնք տարաձայնությունների պատճառ են դարձել: Այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին եւ ռուսամետ այլ գործիչների առնչվող հարցերը: Ռուսաստանը երբեք չի թաքցրել Արեւմուտքի հետ մեր երկրի մերձեցման ցանկացած փորձի դեպքում իր խրոնիկական խանդը, որը շատ հաճախ արտահայտել է Կրեմլի ոչ պաշտոնական «բանախոսների» շուրթերով: Հազիվ թե այդ թեման շրջանցված լիներ նաեւ Պուտին-Փաշինյան փակ ռեժիմով տեղի ունեցած երկխոսության ժամանակ: Ամեն դեպքում բանակցություններից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է«Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»:

Դե, ինչ, մեզ մնում է ցանկանալ, որ այդ «փայլը», եթե իհարկե սրանում չափազանցություն չկա, էլ ավելի պայծառ շողարձակի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների փոխհարաբերությունների երկնակամարում եւ երբեք չխամրի:

 

Սեպտեմբերի 10-ին, ըստ սահմանված կարգի, մեկնարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ուղիղ 12 օրվա ընթացքում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը երեւանցի ընտրողներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան մայրաքաղաքի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր: Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր Ծիրանի», «Ռեֆորմիստներ», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Իմ քայլը», «Երեւանցիներ», «Երեւանի հանրություն», «Լույս» դաշինքները:

…Երեւանի «փոքր խորհրդարանի» ընտրություններին մեզանում միշտ կարեւոր նշանակություն է տրվել: Ընդունված կարծիքի համաձայն՝ այն քաղաքական ուժը, որը կարողանա իշխել Երեւանին՝ կիշխի նաեւ ողջ հանրապետությանը. չէ՞ որ իրական ընտրողների գրեթե կեսը կենտրոնացած է մայրաքաղաքում: Սա է պատճառը, որ համապետական ընտրությունների ժամանակ առաջատար թեկնածուների համար հաղթանակի հավանականության կողմնորոշիչ են դիտարկվում Երեւանում ստացած մեծաքանակ քվեները, ինչով էլ պայմանավորվում է մրցապայքարի ուժգնությունը: Եթե սրան էլ գումարենք այն, որ մինչեւ եկող մայիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, որոնք ակներեւաբար «թեժ» են լինելու, արդյունքում կամբողջանա ներկա ընտրական մրցավազքի սրության ողջ գունապնակը՝ հայկական միջավայրին բնորոշ իր պերճանքով ու թշվառությամբ: Դրա առաջին «ծիծեռնակը»՝ հանձին մեր քաջարի ոստիկանության, ի հայտ եկավ քարոզարշավի մեկնարկի հետ միաժամանակ: Սեպտեմբերի 10-ի վաղ առավոտյան Ազգային ժողովի մոտակայքից ձեռնաշղթաներով ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման ենթարկվեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Նրանց «հանցանքն» այն էր, որ փորձել են մայթերի վրա "Street art" ոճով պատկերել «Ժառանգության» քաղաքական գովազդը: Ընդ որում՝ առանց որեւէ նախընտրական տարբերանշանի: Հասարակական կարգի աչալուրջ պահապանները աշխարհում լայնորեն կիրառվող քաղտեխնոլոգիան բնութագրել են որպես վարչական իրավախախտում: Ճիշտ է, ոստիկանական բաժանմունքում պարզելով, որ տղաները հակաօրինական որեւէ բան չեն արել, անհապաղ ազատ են արձակել, սակայն ոստիկանական անհարկի միջամտության «մրուրը» մնացել է: Ականջը կանչի Վովա Գասպարյանի, կասեր՝ «սթափվեցեք, գժուկներ»:

Որոշ քաղաքագետների դիտարկումներով՝ երեւանյան ընտրությունները կարեւոր փորձաշրջան են առաջիկա համապետական ավելի մեծ ընտրություններից առաջ, սեփական ուժերի ու հնարավորությունների յուրահատուկ ստուգատես: Հուսանք, որ դրանք որակապես կտարբերվեն նախորդ վարչակարգերի օրոք տեղի ունեցածներից, որոնք ուղեկցվում էին խոշոր ընտրակեղծիքներով, եւ աչքի կընկնեն ծրագրերի, նոր մտահղացումների, խոսքի ու գործի միասնության արդար մրցակցությամբ:

 

Շաբաթվա ամենաաղմկոտ թեման Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունն է, որը սեպտեմբերի 11-ի հետմիջօրեին տարածվել էր համացանցում: Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի խոսակցությունը «Մարտի 1»-ի գործի շուրջ էր: ԱԱԾ ղեկավարին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ինչպիսին է Ռ.Քոչարյանի արձագանքն իրեն առաջադրված մեղադրանքին: Զրույցի մի հատված էլ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ձայնագրության հրապարակման դեպքի առիթով գլխավոր դատախազությունը երկու հոդվածով քրեական գործ է հարուցել:

…Աղմկահարույց ձայնագրությունն արագորեն տարածվեց եւ լայն արձագանք ստացավ: Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը ստիպված էին վարչապետի հանձնարարությամբ ասուլիս հրավիրել եւ պարզաբանումներ տալ՝ հաստատելով, որ խնդրո առարկա խոսակցության մասնակիցներն իսկապես իրենք են, եւ այն տեղի է ունեցել Ռոբերտ  Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու օրը: Դիպվածին անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապաեւ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Վարչապետի վստահեցմամբ՝ դավադրության կազմակերպիչները չեն խուսափելու օրենքով սահմանված պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությանը, ապա այն զրուցակիցներին վարկաբեկող կամ նոր կառավարության գործելակերպն արատավորող որեւէ էական բաղադրիչ չի պարունակում եւ, ինչպես պարզաբանվեց մամուլի ասուլիսում, կրում է բացառապես իրավաբանական քննարկման բնույթ: Դրա հրապարակման նպատակը, ըստ երեւույթին, ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակի արժեզրկումն է, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի եւ «Մարտի 1»-ի ոճրագործության բացահայտման խոչընդոտումը: Հասկանալի է, որ թե´ կոռուպցիոն բացահայտումները եւ թե´ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ճշմարտացի վերհանումը ձեռնտու չեն այն ժամանակվա բարձրագույն իշխանություններին, հետեւապես սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածը պետք է դիտարկել նախեւառաջ այդ տրամաբանության ծիրում:

Հատկանշական է, որ դեպքից մեկ օր անց գաղտնալսված տեքստում Քոչարյանին վերաբերող հատվածների առնչությամբ հայտարարություն տարածեց վերջինիս գրասենյակը: Նրանում մատնանշվում է` «հրապարակված ձայնագրությունն ապացուցում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, եւ այն ուղղորդվում է անմիջականորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»: Ժողովրդական մի ասացվածք կա` բոլորը գոռում են. «բռնեցե´ք գողին», եւ բոլորից բարձր գոռացողը ինքը` գողն է: Ի դեպ, օրերս Քոչարյանի դեմ եւս մեկ գործ է հարուցվել, այս անգամ՝ փողերի լվացման հատկանիշներով: Արթուր Վանեցյանի հավաստմամբ՝ ԱԱԾ-ն երկրորդ նախագահի ընտանիքի ունեցվածքի մասին փաստաթղթեր ունի, եւ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է: Սա նշանակում է, որ մեր իրավապահ մարմինների համար գործունեության լուրջ ասպարեզ կա բացված, ուրեմն` ի գործ, թող բարի լինեն այստեղ դրսեւորել իրենց փորձն ու արհեստավարժությունը, այլ ոչ թե փողոցում օրինական քարոզարշավ իրականացնող ջահելների ակցիաները խափանելով:

Ամենամտահոգիչը, այնուամենայնիվ, բուն գաղտնալսման փաստն է: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին գաղտնալսելն աննախադեպ, ուստիեւ պետության համար խիստ ամոթալի երեւույթ է, նրա թուլության, խոցելիության խոսուն ցուցիչը: Եթե այսօր ինչ-որ մարդիկ` միգուցե կապի տարանցիկ օպերատորներ կամ, ինչու չէ, հենց ԱԱԾ-ում ներդրվածներ, ի վիճակի են այդպես հեշտ հանրայնացնել երկու առանցքային պետական պաշտոնյաների հեռախոսազրույցները, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը նույն հաջողությամբ չեն տիրապետի թշնամական աքցանում գտնվող մեր երկրի ռազմական գաղտնիքներին: Մտածել եւ արագ գործել է պետք:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Թուրքիայի կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքները` արժութային ճգնաժամի դեմն առնելու համար

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի իշխանության 15 տարվա ընթացքում առաջին անգամ շեշտակիորեն բարձրացրել է իր բազային տոկոսադրույքը՝ հակադրվելով վարկավորման ցածր տոկոսադրույք ապահովելու մասին նախագահի կոչին: Տոկոսադրույքի բարձրացումից քիչ անց թուրքական լիրան սկսել է փոքր-ինչ վերականգնվել:

Ըստ Associated Press-ի, Թուրքիայի կենտրոնական բանկը նշել է, որ տեղական տնտեսությունը թուլանում է, իսկ գնաճը՝ բարձրանում: Տոկոսադրույքի բարձրացումը կարող է նպաստել տնտեսության աճին, սակայն անկախ փորձագետները նշում են, որ գնաճը չպետք է գերազանցի 18 տոկոսը, որպեսզի արժույթի անկումը կասեցվի:

Ինչպես հաղորդում են լրատվականները, Անկարայում թուրք գործարարների եւ արհեստագործների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ կենտրոնական բանկն անկախ է իր որոշումների ընդունման հարցում: Սակայն կրկնել է այն համոզմունքը, որ պետք է տոկոսադրույքները կրճատվեն`դրանք անվանելով «շահագործման գործիք»: Կենտրոնական բանկը, ըստ Էրդողանի, հետեւողականորեն սխալ հաշվարկային գնաճային նպատակներ է հետապնդել: «Արտարժույթի ճգնաժամն իրականում ոչ այլ ինչ է, քան օտար երկրների կազմակերպած դավադրություն»,- հայտարարել է նա: Կառավարությունը թուրքական լիրան կայունացնելու համար նաեւ հրամանագիր է ստորագրել, որով արգելում է գույքի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձակալության ժամանակ արտարժույթի օգտագործումը: Նման գործարքների դեպքում, հրամանագրի համաձայն, արտարժույթը փոխարկվելու է թուրքական լիրայի:

 

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչեւ 2019-ի մարտը 

Radio Free Europe/Radio Liberty-ի տեղեկացմամբ՝ Եվրամիությունը վեց ամիս ժամկետով երկարաձգել է վիզայի արգելափակումներն ու ակտիվների սառեցումը ռուս եւ ուկրաինացի 155 անհատների, ինչպես նաեւ 44 ընկերությունների համար`Ուկրաինայի անկախությունը խարխլելու կամ անկախությանը սպառնալու համար: «Իրավիճակի գնահատումը չի արդարացնում պատժամիջոցների ռեժիմի փոփոխությունը»,- ասվում է ԵՄ խորհրդի կողմից սեպտեմբերի 13-ին տարածած հայտարարության մեջ: «Radio Free Europe»-ն միաժամանակ հայտնում է, որ նույն օրը Եվրամիության ընդհանուր դատարանը երկարաձգել է ռուսական բանկերի եւ էներգետիկ ընկերությունների դեմ պատժամիջոցների ռեժիմը`Ռուսաստանի կողմից Ուկրաինային ճգնաժամի մեջ ներքաշելու համար: ԵՄ պատժամիջոցները սահմանափակում են ռուսական բանկերի ու գազային ընկերությունների որոշ ֆինանսական գործարքներ կատարելու եւ որոշակի զգայուն ապրանքներ ու տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորությունը, ինչպես նաեւ արգելում են դրանց մուտքը ԵՄ կապիտալի շուկաներ:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: