Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Կորոնավիրուսով պայմանավորված` ընթացիկ ուսումնական տարին սկսվեց սովորականից երկու շաբաթ ուշ` սեպտեմբերի 14-ին: Այդ օրը դպրոց հաճախեցին միայն առաջին դասարանցիները, իսկ հաջորդ օրվանից` նաեւ մնացած բոլոր աշակերտները: Դպրոցները վարում են աշակերտների ջերմաչափման մատյան, որտեղ գրանցվում են միայն 37 եւ ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմություն ունեցող սովորողները մեկուսացվում են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այդ մասին տեղյակ են պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը եւ տարածքը սպասարկող բժշկական կազմակերպությունը։
Օրվա ընթացքում անձնակազմը եւ սովորողներն ապահովվում են անհրաժեշտ քանակության դիմակներով եւ ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվին համապատասխան։
…Ուսումնական տարվա մեկնարկը հասկանալիորեն անսովոր էր: Չկային երբեմնի աշխույժը, խինդն ու ուրախությունը: Դիմակներ կրելու անհարմարությանը եւ հասակակիցների հետ հաղորդակցվելու, ամառային տպավորություններով կիսվելու սահմանափակ հնարավորություններին ծնողները հակադրել էին կազմակերպչական իրենց ձիրքն ու երեւակայությունը, որպեսզի հատկապես նոր դպրոց հաճախող երեխաների համար անմոռաց դարձնեն նրանց կյանքի առաջին սեպտեմբերը: Այդուհանդերձ` համաճարակի վտանգն իր պայմաններն է թելադրում` պարտադիր կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, դրսեւորել հիգիենիկ վարքագիծ, բացառել կուտակումներն ու սերտ շփումները եւ այլն:
Նոր ուստարվան ընդառաջ դպրոցներում մի շարք միջոցառումներ ու չափանիշներ են մշակվել սովորողների անվտանգային բաղադրիչը մշտական ուշադրության եւ վերահսկողության տակ պահելու համար: Օրինակ` սահմանված է, որ հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ դա հնարավոր չէ, նշանակվում են հերթապահներ, ովքեր կարգավորում են դպրոցականների շարժը: Իսկ կորոնավիրուսային հիվանդության դեպք հաստատվելիս` 14-օրյա ժամկետով դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների հաճախումը դպրոց` կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ: Սովորողների անվտանգության նկատառումներով գործում են նաեւ մի շարք այլ կարգավորումներ, որոնք, բնականաբար, ժամանակավոր բնույթ են կրում:
Ամեն դեպքում` GOVID-19-ի հետ կապված անբարեհարմարությունները կանցնեն-կերթան, իսկ կրթության ոլորտում առկա ավելի խորքային խնդիրները, ցավոք, դեռ երկար ժամանակ հանգիստ չեն տա ոլորտի թիվ մեկ պատասխանատուի` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հանրությանը: Ավագ սերունդը միանշանակ չի ընդունում բարեփոխումների, նորամուծությունների անվան տակ դպրոց սողոսկող խորթ երեւույթները, որոնք սպառնում են մեր ազգային ավանդույթներին, արժեքներին եւ հոգեկերտվածքին: Մարդիկ կտրականապես դեմ են եւ չեն ուզում, որ իրենց երեխաները վաղ տարիքում սեռական դաստիարակություն ստանան` հայրենասիրական կոփվածքի փոխարեն, չեն ընդունում ուսումնական նոր ծրագրերն ու դասագրքերը, որոնք միտված են աճող սենդին կտրել նախնյաց արմատներից, կրթել ու դաստիարակել արեւմուտքից ներմուծված օտար մտածողության ու օտար գաղափարների ոգով:
Հասարակությունը` ի դեմս ավագ սերունդների, այդ ամենում վաղվա իր արժանի հերթափոխին, հայրենիքի ապագա պաշտպաններին սեփական արժեհամակարգից կտրելու, նրանց մանկուրտ եւ անհայրենիք աշխարհաքաղաքացի մեծացնելու դիտավորություն է տեսնում, ինչն իր մեջ ազգային անվտանգության մեծ սպառնալիք է պարունակում: Իրավիճակի ողջ ահավորությունն այն է, որ պետության հիմնասյուներից մեկը հանդիսացող` կրթության ոլորտի կառավարման ղեկը, մեղմ ասած, անհուսալի ձեռքերում է: Մարդ, ով ակնհայտորեն կատարում է դրսի պատվերը, ընդորում` երբեմն մեր դարավոր թշնամիների հետ համագործակցաբար: «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Հայ գրականություն» առարկաների` Թուրքիայից ներմուծված տխրահամբավ չափորոշիչները ձեզ օրինակ: Իսկ պետության առաջին դեմքը լռելյայն հանդուրժում է այս ամենը: Ավելին` նախարարն այն եզակի պաշտոնյաներից է, որին վարչապետը երբեք չի ասի` «աչքիդ վերը հոնք կա»:
Ահա սա է մեր կրթական համակարգի այսօրվա խորքային խնդիրը, որի լուծումը հրամայաբար պահանջում է համազգային ջանքերի մեկտեղում: Ճանապարհից պետք է հեռացվեն անխտիր բոլոր նրանք, ովքեր կփորձեն խանգարել ազգային ավանդներով մեծացող, հայեցի դաստիարակություն ստացող, բազմակողմանի գիտելիքներ ու լայն մտահորիզոն ունեցող, հայրենասեր սերնդի աճեցման ազգանվեր առաքելությանը:
Հագուստի եւ կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները սեպտեմբերի 16-ին շարունակում էին Կառավարության շենքի դիմաց ավելի վաղ սկսած բողոքի գործողությունները: Հավաքվածները բողոքում էին Մաքսային օրենսգրքում կատարված այն փոփոխություններից, որոնցով նոր պայմաններ են սահմանվել ներկրվող ապրանքատեսակների համար։ Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պահանջում էին չեղարկել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումները, որոնց համաձայն` կիլոգրամով հաշվարկելու փոխարեն հետայսու ապրանքը պետք է մաքսազերծեն կտոր առ կտոր։ Նոր կարգով առաջնորդվելու դեպքում հագուստի եւ կոշկեղենի մաքսատուրքերը, ըստ առեւտրականների, կբարձրանան 6 անգամ, ինչն էլ կազդի հագուստի գների ու իրենց հետագա գործունեության վրա։
Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ պետք է վերադառնալ մաքսազերծման նախկին կարգին, այլապես այդ գործունեությամբ զբաղվելն իմաստ չի ունենա:
…Ամենաանցանկալին, որ մաքսային վճարների բարձրացման պատճառով առաջիկայում լինելու է, վաճառվող հագուստի եւ կոշկեղենի թանկացումն է, ինչը անվճարունակ գնորդի համար առանց այդ էլ դժվար հաղթահարելի խնդիր է: Նշված տեսականու ներկրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդունել է, որ Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքի մաքսազերծման գների բարձրացման արդյունքում հագուստն ու տեքստիլը կթանկանան, սակայն ոչ թե վեց անգամ, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ` ընդամենը 1,5-2 անգամ: Անշուշտ, փառք աստծո, որ գոնե վեցապատիկ թանկացում չի ծանրանում հայ սպառողի վտիտ ուսերին, բայց պետական պաշտոնյայի նշած թիվն անգամ գնի մեջ զգալի է: Այսպես` 10 հազար դրամ գնահատվող զգեստը մաքսատուրքի բարձրացումից հետո կարժենա 15-20 հազար, որը բնակչության մեծամասնության համար պատկառելի տարբերություն է:
Ցավալի է, որ երբեմնի տեքստիլ արդյունաբերության վիթխարի ներուժ ունեցող Հայաստանը այսօր մնացել է Չինաստանի եւ, առավել եւս, ոչ բարեկամ Թուրքիայի հույսին: Պաշտոնական տվյալներով` միայն 2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներմուծվել 750 մլն դոլարի, իսկ Թուրքիայից 268 մլն դոլարի ապրանք` մեծամասամբ հագուստ եւ տեքստիլ: Մինչդեռ խորհրդային տարիներին մեր երկիրը ոչ միայն հագուստ-կոշկեղենի ներքին պահանջմունքն էր բավարարում, այլեւ տարի առ տարի ավելացնում էր արտահանման ծավալները: Այսպես` եթե 1988-ին Հայաստանում թողարկվել էր 2.2 մլրդ դոլարի տեքստիլ արտադրանք, ապա 2019-ին այդ թիվը նվազել էր մինչեւ 60 մլն դոլար։ «Խորհրդային տարիներին մենք «Գարուն» ձեռնարկություն ենք ունեցել, որը կարում էր լավագույն կոստյումները եւ ապահովում էր ԽՍՀՄ պահանջարկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Ոլորտի մասնագետի հաշվարկներով` վերջին տարիներին Հայաստանը դրսից, ընդհանուր առմամբ, ներկրել եւ տեղում իրացրել է 62 մլրդ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 24 մլրդ դոլարի արտադրատեսակներ: Այսինքն` 37-38 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ 20 տարվա ընթացքում այդքան գումար Հայաստանից դուրս է հոսել։ Պատճառը պարզ է` ներքին արտադրության անբավարար կազմակերպումը, որը միշտ հետանկախական շրջանի մեր ամենախոցելի տեղն է եղել: Բերենք ուշագրավ մեկ օրինակ. Հայաստանում տարեկան 3500-4000 տոննա կովի ու ոչխարի կաշի է առաջանում, որի զգալի մասն արտահանվում է Թուրքիա։ Այնտեղ կաշին վերամշակվում, օգտագործվում է կոշկի ու կաշվե իրերի արտադրության մեջ եւ, որպես պատրաստի արտադրանք, դարձյալ ներկրվում է Հայաստան։ Պետք չէ տնտեսագետ լինել` հաշվելու համար, թե որքան կլիներ տնտեսական շահութաբերությունը, եթե արտահանեինք ոչ թե կաշվե հումքը, այլ պատրաստի արտադրանքը: Շահույթը, թերեւս, կկրկնապատկվեր:
Փորձագետների կանխատեսումների համաձայն` արդեն մի քանի օր բողոքի գործողություններ իրականացնող ներմուծողների դժգոհությունը միայն առաջին ալիքն է: Երկրորդն, ըստ նրանց, սպասվում է մոտակա ժամանակներս, երբ հագուստի ու կոշկեղենի թանկացումից կսկսեն դժգոհել արդեն սպառողները: Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսային գների բարձրացման գործընթացը մեկնարկել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք: Այն պայմանավորված է Երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային գների բարձրացման մասին ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված կարգավորումներով: Այսինքն` եվրասիական միության անդամ պետությունների ներսում գործում է մաքսազերծման մեկ գին` ավելի էժան, իսկ երրորդ երկրներից ներկրվող նույն ապրանքատեսակի համար` մեկ այլ գին, որն ավելի բարձր է: Հասկանալի է, որ սա արվել է ԵԱՏՄ ներսում առեւտրաշրջանառությունը խթանելու համար:
Բայց չգրված օրենք է` պետություններն իրար մեջ ինչ էլ տան-առնեն` ցանկացած գործարքի հնարավոր բացասական հետեւանքները միշտ ժողովուրդներին է բաժին հասնում: Այնպես որ, հագուստն ու կոշկեղենը միայն սկիզբն է։ Արդեն լուրեր են պտտվում, որ հունվարին թանկանալու են ԵԱՏՄ ոչ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող եւս 647 անուն ապրանքներ, այդ թվում` առաջին անհրաժեշտության` շաքարավազ, կարագ, դեղորայք եւ այլն։ Ասում են նաեւ, որ նոր մաքսատուրքերն ուժի մեջ պետք է մտնեին 2020թ. հունվարից, բայց Հայաստանին 1 տարի ժամանակ էր տրվել այդ ապրանքների ներկրման աշխարհագրությունը փոխելու եւ ԵԱՏՄ–ում նոր գործընկերներ գտնելու համար։ Թե որքանով է մեր երկիրն օգտվել այդ ժամկետից, պարզ կլինի մի քանի ամսից, երբ կթանկանան ոչ միայն թուրքական շորերը, այլեւ զելանդական կարագն ու ամերիկյան թռչնամիսը։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին եւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Ինչպես հայտնում են կառավարությունից, զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր եւ կառավարության համար առաջնայինը Հայաստանի, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է, ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում:
Ազգային ժողովի դիմաց սեպտեմբերի 16-ին բողոքի ակցիա իրականացնելիս բռնի ուժով բերման ենթարկվեցին «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանը ու մեկ քաղաքացի։ Այդ պահին ԱԺ-ի դիմաց ակցիա էր ընթանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Բողոքի ակցիան աջակցություն էր ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած քվեարկությամբ ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: Առաջարկին կողմ էր քվեարկել 35, դեմ`84 պատգամավոր:
Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը եւ արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես` անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանն ու հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։