Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

3-10 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 6-9-ը Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում էր, որտեղ մասնակցում էր «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Այն տեղի էր ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Վլադիվոստոկյան համաժողովի շրջանակներում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, ռուս-հայկական կապերի առանցքային կողմերը՝ ներառյալ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

 

Մեկնաբանությունը

Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով 4-րդն էր անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր: Քննարկվել էին, մասնավորապես, արցախյան խնդրին եւ հայ-ադրբեջանական օրակարգի մյուս կարեւորագույն թեմաներին վերաբերող հարցեր (խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանային անվտանգության ապահովում, սահմանագծման-սահմանազատման հանձնախմբերի ստեղծում, գերիների վերադարձ, տարածաշրջանային ապաշրջափակում եւ այլն):

Սրանք հիմնականում այն հարցերն են, որոնք իրենց արտացոլումն են գտել ռուսական կողմի նախաձեռնություններում՝ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից մինչեւ հետագայում Մոսկվայում Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով ընդունված մյուս երկու փաստաթղթերը: Եվ բնական է, որ հայ-ադրբեջանական շփումների հարցում Բրյուսելի միջնորդական առաքելությունը պիտի հարուցեր Կրեմլի խանդը: Ռուսաստանում լավ են տեսնում ՀՀ իշխանական ընտրախավի երկդիմի խաղերը, ժամանակ առ ժամանակ հակառուսական տրամադրությունների գեներացումը, մինչեւիսկ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմահենակետը դուրս բերելու վերաբերյալ ակնարկները:

Արեւմուտքի հասցեին առաջին կոշտ արձագանքը հնչեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերից. «Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման փորձի է նման, որի տակ ոչինչ չկա։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, եւ այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա»,- ասել է Զախարովան՝ հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ-ի ակտիվությունը պայմանավորելով աշխարհաքաղաքական հավակնություններով:

Վլադիվոստոկում Պուտինի հետ հանդիպումը մասամբ «մեղքը քավելու» լավ պատեհություն էր, եւ Փաշինյանը դրանից օգտվեց՝ որքան թույլ կտար նրա արեւելյան խորամանկությունը Արեւելյան 7-րդ տնտեսական համաժողովի լիագումար նիստի 18 րոպեանոց ելույթում, որի ընթացքում 9 անգամ շնորհակալություն հայտնեց Պուտինից՝ «Հայաստանին աջակցելու համար»: Եվ ամեն երկու րոպեում երախտագիտության մեկ հավաստիքը դեռ բոլորը չէ: Իր ելույթում Փաշինյանն ամեն կերպ ջանում էր սիրաշահել Ռուսաստանի ղեկավարին, շոյել նրա ինքնասիրությունը, հասկանալ տալ, որ պետք չէ մտահոգվել Բրյուսել կատարած իր այցով՝ դա ոչինչ չի նշանակում, եւ հանուն ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած զոհողության:

«Տպավորված եմ Պուտինի՝ մեր խնդրանքներին արձագանքելու օպերատիվությամբ»,- Վլադիվոստոկում հայտարարեց Նիկոլ Վովաեւիչը, իսկ կատակով հնչած հարցին, թե մտավախություն չունի, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման հենքին հնարավոր է՝ պատժամիջոցների ենթարկվի Արեւմուտքի կողմից, նա պատասխանեց. «Վախենալն օգտակար դիրքորոշում չէ: Պետք է ուղղակի կառավարել այդ վտանգները… Հայաստանում Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա, եւ սա նաեւ Ռուսաստանի աջակցության շնորհիվ է»:

…Երբ Նիկոլ Փաշինյանին կշտամբում են, թե հողատու է, դավաճան է եւ այլն, կարող է շատ հանգիստ Հրանտ Մաթեւոսյանի հերոսի հանգույն հակադարձել, որ ինքը դավաճան չէ, փիլիսոփա է: Փիլիսոփայի փայլուն քանքարը դրսեւորվեց հատկապես նրա ելույթի այն հատվածում, որտեղ ասվում է. «Մարդկության պատմությունը դժվարին ժամանակներից բաղկացած շղթա է, դրա համար էլ մարդկությունը հորինել է մի բանաձեւ, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր մարտահրավերներ ու բացում նոր հնարավորություններ»:

Եվ այս փիլիսոփայական մտքի համատեքստում էլ նա իր պատգամն է հղում աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին՝ «ճիշտ կառավարել ճգնաժամերն ու ճիշտ օգտագործել հնարավորությունները»: Է, իզուր չի ասված. նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես անել, լուռ ու մունջ իրենց գործը կատարում են, իսկ ովքեր չգիտեն՝ սովորեցնում են:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Սա Պապիկյանի՝ որպես նախարարի, առաջին այցն էր Միացյալ Նահանգներ։ Թե ինչ նպատակով էր Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ-ում եւ ինչ կարեւոր հանդիպումներ էին նախատեսված՝ նախարարությունը պաշտոնական հաղորդագրության տեքստում չի մանրամասնել, ինչը բնական է:

Հաղորդագրության ժլատ տողերն իրականում շատ խոսուն են: Չպետք է մոռանալ, որ թեման առնչվում է ռազմաքաղաքական ոլորտին, որն իր առանձնահատկությունների բերումով գաղտնիության ամենաբարձր նշաձողն ունի: Մանավանդ՝ պատերազմական իրավիճակը տակավին չթոթափած Հայաստանի դեպքում: Եվ որքան էլ իշխանություններն անխոհեմաբար թմբկահարեն խաղաղության դարաշրջան բացելու հեքիաթը, փաստն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր կրակում են, եւ հաճախացել են դեպքերը, երբ ազերի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվում:

Անշուշտ՝ Հայաստանի նման վտիտ, անվտանգության կարիք ունեցող երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի այցը ԱՄՆ շատ կարեւոր է մի շարք առումներով եւ մեզ համար նպաստավոր սպասելիքներով, բացի մեկից՝ ռազմավարական մեր հյուսիսային դաշնակցի ենթադրյալ արձագանքից, որի դիրքորոշումը թերեւս անկարելի է հաշվի չառնել: Այսօր, երբ գործող իշխանությունը բացեիբաց, Ալիեւի պահանջով «ձեռքերը լվացել», մի կողմ է քաշվել Արցախից, մեր հայրենակիցների անվտանգության միակ երաշխավորը, լավ-վատ, Ռուսաստանն է մնացել, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով:

Տվյալ իրողությունից ելնելով՝ չի կարելի անտեսել Ռուսաստանի գործոնը: «Պապիկյանի ամերիկյան այցը կարող է ճիշտ չհասկացվել մեր դաշնակից երկրում, ուստի այդ այցը բավական անզգույշ քայլ է, որն արվել է ինչ-ինչ կենտրոնների հետ խորհրդատվության արդյունքում եւ հիմնավորվել ուժային կենտրոնների միջեւ հավասարակշռություն ապահովելու նկատառմամբ»,- «Sputnik Արմենիայի» եթերում այսպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Ոլորտին տիրապետող մասնագետները չեն համարում, որ Պապիկյանի վաշինգտոնյան այցը կապված է դարակազմիկ ինչ-որ իրադարձության հետ, որը Հարավային Կովկասում կարող է հայաստանանպաստ որեւէ բան փոխել: Փոփոխության ակնկալիք միգուցեեւ լիներ, բայց՝ ավելի վաղ, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ունեին շփման որոշակի եզրեր եւ ինչ-որ հարցերում դեռ կարողանում էին գալ փոխզիջումների, ինչի հնարավորությունը ներկայումս իսպառ բացառվում է: Հիմա կարգեր են փոխվել, անցյալում են մնացել մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու եւ, այսպես կոչված, կոմպլեմենտարության քաղաքականություն որդեգրելու օսկանյանական ժամանակները:

Չգիտեմ էլ՝ երանելի՞ կոչել այդ ժամանակները, թե՝ դժնդակ, երբ կոմպլեմենտարությունը որոշակի չափով հանդուրժելի էր պետությունների հարաբերություններում, եւ Հայաստանը կարող էր հավասար հիմունքներով ինտեգրվել թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին: Այժմ արտաքին կողմնորոշման հարցում հստակություն է պահանջվում, հետեւաբար չես կարող այլեւս առաջ տանել «եւ-եւ»-ի ուղեգիծը: Խստագույն «կամ-կամ»-ը, ըստ երեւույթին, հավակնում է դառնալ գալիք աշխարհակարգի անսակարկելի սկզբունքը:

Թեեւ դրան տակավին չենք հասել: Ապացույցն ակներեւ է՝ նույն շաբաթվա կտրվածքով ՀՀ առանցքային պաշտոնյաներից վարչապետը Բրյուսելում էր, պաշտպանության նախարարը Վաշինգտոնում, արտաքին գործերի նախարարը՝ Մոսկվայում: Ի՜նչ պակաս կոմպլեմենտար իրավիճակ էր, այդպես չէ՞:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը 

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ադրբեջանական կողմը, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 8-ին ՀՀ-ին է վերադարձրել 5 հայ ռազմագերու: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները եւ ազատ արձակել նրանց»։ «Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում դեռ պահվում են շուրջ ութ տասնյակ հայ գերիներ, որոնց Բաքուն «ահաբեկիչներ» է անվանում։

Արցախի ԱԺ 24 պատգամավորներ սեպտեմբերի 6-ին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ պահանջելով 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ՊԲ-ն ղեկավարած Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Պատգամավորները միջնորդությամբ նաեւ պատրաստակամություն են հայտնել հանդես գալու որպես Արզումանյանի պատշաճ վարքագծի երաշխավորներ, մասնավորապես, որ ազատության մեջ լինելով Արզումանյանը չի խոչընդոտի գործի քննությանը։

Մոսկվայում սեպտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները: Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդիրների լայն շրջանակ՝ հաղորդում է հայկական կողմը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտությանը: Քննարկվել է նաեւ ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երեւանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը:

Սեպտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է գործարար Ռուբեն Վարդանյանին, որը անցած շաբաթավերջին հայտարարեց, թե հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից եւ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները։ Ավելի վաղ Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Հարությունյանը ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: