Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Աշխատանքային այցով Փարիզ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթավերջին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Ինչպես լրատվամիջոցներին փոխանցել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը, Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին եւ դրա շրջանակում առաջին անգամ կազմակերպվելիք բիզնես ֆորումին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարեւորել են խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ֆրանսիական հարաբերություններն ամբողջ ծավալով քննարկել հոկտեմբերին: Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Էմանյուել Մակրոնը գալու է Հայաստան, եւ դա միաժամանակ լինելու է Ֆրանսիայի նախագահի պետական այցը մեր երկիր: Վարչապետ Փաշինյանը նույն օրն այցելել է նաեւ Փարիզի քաղաքապետարան: Քաղաքապետի հետ առանձնազրույցից հետո կողմերը հանդես են եկել ելույթներով: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հայկական «թավշյա» հեղափոխությունը սկսվեց հենց Ֆրանսիայի հրապարակից, եւ ամբիոնի հետեւում Ռոդենի քանդակն էր: Փարիզի քաղաքապետն իր հերթին հիացմունքով է խոսել, որ Նիկոլ Փաշինյանի թիկունքում երիտասարդությունն է, որն իրականացրել է «թավշյա» հեղափոխությունը: Իր խոսքում ՀՀ վարչապետը բերել է ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի օրինակը եւ նշել, որ այն` լինելով դաշտում միակ օրինական գործող մեծ խանութը` աստիճանաբար փոքրացել ու հասել էր փակման եզրին: Բայց հիմա, ըստ Փաշինյանի, ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի «Քարֆուր»-ը Հայաստանում ընդլայնի իր գործունեությունը:
…Վարչապետի փարիզյան այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը բավական հագեցած է, եթե չասենք՝ մի տեսակ փքուն: Պակաս հագեցած չէին նաեւ դրանից առաջ, սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում տեղի ունեցած՝ Փաշինյան-Պուտին, իսկ երկու օր անց Երեւանում Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի ու նրա հայ պաշտոնակցի հանդիպումների պաշտոնական հաղորդագրությունները: Նույնը կարելի է ասել էլ ավելի վաղ Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցի լուսաբանման մասին: Այսինքն՝ բարձր մակարդակի բոլոր այդ հանդիպումներում զգացմունքայինը, կարծես թե, շատ է, գործնականը՝ քիչ: Տպավորություն է, թե Հայաստանի ղեկավարի արտասահմանյան այցերը կամ Հայաստանում օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարների ընդունումը պարզապես ճանաչողական բնույթ ունեն՝ մի դեպքում մենք ենք մեկնում աշխարհը ճանաչելու, մյուս դեպքում աշխարհն է գալիս՝ ճանաչելու մեզ: Միջպետական որեւէ լուրջ համաձայնագրի, համատեղ ծրագրի, փոխշահավետ պայմանավորվածության մասին կամ ընդհանրապես խոսք չկա, կամ այդ թեման արծարծվում է մակերեսորեն: Տեսեք. նույն Վրաստանի վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո առաջինը մեկնել է Ադրբեջան (ինչը եւս վերաբերմունք է նշանակում)՝ դա օգոստոսի վերջերին էր: Բաքվում Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ավարտին Բախտաձեն հայտարարել է, թե Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ եւ օրինակելի գործընկերներ են, որոնք «մի շարք պատմական նշանակության տարածաշրջանային նախագծեր են իրականացնում»: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ նախագծերի մասին է խոսքը: Իսկ մենք Վրաստանի վարչապետի հետ լրջորեն բանակցելու ոչ մի լուրջ հարց, ոչ մի «ցավող տեղ» չունեի՞նք: Իհարկե՝ ունեինք: Չէ՞ր կարելի, օրինակ, համաձայնության գալ այդ երկրի կառավարության նորերս ընդունած այն որոշման շուրջ, որով սեպտեմբերի 15-ից նախատեսվում էր արգելել ցամաքային տրանսպորտով Վրաստանի տարածք ալյուրի ներկրումը կամ տեղափոխումը, եւ նախատեսվում է դա անել միայն երկաթուղային կամ ծովային ճանապարհով։ Տարբեր հաշվարկներով՝ այս որոշման հետեւանքով Հայաստանում ցորենը կարող է թանկանալ, եւ նույնիսկ այն պարագայում, որ վրացական կողմը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը: Ցորենի թանկացումը, բնականաբար, կհանգեցնի առաջին հերթին հանապազօրյա հացի, հրուշակեղենի եւ մի շարք այլ հացամթերքների թանկացման: Ու սա այն դեպքում, երբ արդեն տեղերից սկսել են որոշ դժգոհություններ հնչել գյուղմթերքների բարձր գներից:
Բայց չշեղվենք թեմայից: Շատերը կհիշեն, թե ինչպես վրացիները կարողացան Մերկելից ֆինանսական օգնության խոստում պոկել, մենք չարեցինք: Ինչո՞ւ: «Դե, մենք արժանապատիվ ազգ ենք, վրացիների ու ադրբեջանցիների պես հո «դիլանչի» չե՞նք»,- հավանաբար կմտածի միջին վիճակագրական հայը: Բայց դրանից մեր միջպետական հարաբերություններն ավելի արգասավոր չեն դառնա: Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցություններից մեկ շաբաթ առաջ, որոնք արդյունավետության տեսակետից այնքան էլ փայլուն չէին, ինչպես վստահեցնում էր վարչապետը, Սոչիում տեղի էր ունեցել Պուտինի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որտեղ նշված էին առեւտրատնտեսական փոխգործակցության առաջնահերթությունները: Բաքուն եւ Մոսկվան ստորագրել էին համագործակցության մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր, այդ թվում էներգետիկ ոլորտում: Մասնավորապես՝ «Ռոսնեւթ» ռուսական էներգետիկ հսկան եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը համատեղ հետազոտելու են Կասպից ծովի նավթի ու գազի պաշարները ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած հատվածում: Երկու նախագահների հանդիպմանը քննարկվել էին նաեւ Լեռնային Ղարաբաղին եւ ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից, եւ այդ համագործակցությունն աճի միտում ունի:
Ոմանք միջպետական հարաբերություններում Հայաստանի հանդեպ զգուշավոր վերաբերմունքը բացատրում են նոր կառավարության անկայունությամբ, ԱԺ-ում մեծամասնություն չունենալու հանգամանքով: Եթե իսկապես դա է միջազգային հարթակում մեր երկրի նկատմամբ ոչ լիարժեք վստահության պատճառը, ուրեմն հույս կա, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կշտկվի: Այդ հույսով էլ սպասենք եւս մի քանի ամիս՝ մինչեւ կզուլալեն ջրերը:
Սեպտեմբերի 19-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավարների գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Օրակարգում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանվածության հարցն էր։
Քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախորդ հինգշաբթի նախաձեռնել էր Հանրապետական խմբակցությունը: «Ելք» խմբակցության պատգամավորները պնդում էին, որ նման հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում, սակայն ՀՀԿ-ական գործընկերներին համոզել չհաջողվեց: 11 հոգուց բաղկացած հանձնաժողովում ՀՀԿ-ն ունի 5 անդամ, «Ծառուկյան» դաշինքը՝ 3, «Ելք»-ը՝ 2 եւ Դաշնակցությունը՝ 1:
…Ինչպես երեւում է, Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող Հանրապետականն այս օրերին ձեռքերը ծալած` նստած չէ: Նախկին իշխանության ներկայացուցիչները զուգահեռաբար կարողացել են նաեւ հասնել նրան, որ ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովի մշտադիտարկում անցկացվի «Հայաստանում իրավունքի գերակայության, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ» թեմայով: Եվրոպայից «Հայաստանի վրա տղա բերողը» այս անգամ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն է: Նրա հավաստմամբ` ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողով ներկայացրած իր փաստերի, տեսանյութերի ու հրապարակումների հիման վրա օրերս քննարկվել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանի զարգացումները: Դրանք մասնավորապես խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումներն են, ատելության աննախադեպ բռնկումն ու տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող հնարավոր սահմանադրական փոփոխությունները, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները եւ այլն։ Եվ սա դեռ բոլորը չէ: Քննարկվել է նաեւ ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի ղեկավարների միջեւ եղած ձայնագրության բովանդակությունը, որը «թանաքը դեռ չչորացած»` եվրոհանձնաժողովի դատին է հանձնել նույն Արփինե Հովհաննիսյանը: Քննարկման արդյունքում ԵԽԽՎ Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովը որոշել է նամակ ուղղել Մոնիթորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մշտադիտարկում իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ։ Իսկ Բրյուսելում «ձեռքերը վեր քշտած»` Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է ներկայացնում մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Անձնական կապերն օգտագործելով կամ մեր պարագայում՝ ի չարս գործադրելով, նա անգամ կարողացել է ներհայաստանյան իրավիճակի մասին իր ուզած հայտարարությունը «կորզել» ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլից: «Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսեւորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- ասված է Դոլի հայտարարության մեջ: ԶԼՄ-ների դիտարկմամբ՝ հանրապետականները սա իրենց առաջին լուրջ հաղթանակն են համարում եւ խիստ ոգեւորված են այս «ձեռքբերումներով»: Նրանք մտածում են, որ իրենց խմբակցության արհեստավարժ իրավաբան-պատգամավորներն ԱԺ քննիչ հանձնաժողովում կապացուցեն, որ նոր իշխանությունը ճնշումներ է գործադրում արդարադատության վրա: Հետո էլ այդ ուսումնասիրության արդյունքները մոնիթորինգի համար կտրամադրեին ԵԽԽՎ-ին:
Դիպուկ է նկատված նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի կողմից. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն այնքան թավշյա է եղել, որ նախկին վարչակարգը չի հասկացել, որ պարտվել է»: Եվ իսկապես՝ այդքան «թավշյա» չլիներ, ՀՀԿ-ականներն այսօր ոչ միայն չէին կարող հոխորտալ, եվրոպաներից «տղա» բերել կամ ԱԺ-ում հանձնաժողով ստեղծել, այլեւ ընդհանրապես՝ դուրս գալ տներից:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Սիրիան պատահաբար խոցել է ռուսական ռազմական օդանավ
CNN-ի հաղորդմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության հրթիռը կրակ է բացել ռուսական ռազմական օդանավի վրա, սպանելով 15 մարդու` Սիրիայի դիրքերի վրա Իսրայելի հարձակումից հետո: Ռուսական պետական լրատվամիջոցները նշում են, որ Սիրիայի հրթիռները խոցել են օդանավը` այդ երկրի հյուսիս-արեւմտյան Լաթաքիա շրջանում իսրայելական ինքնաթիռների հարձակման ժամանակ:
Սկզբում Մոսկվան Իսրայելին մեղադրեց իր օդանավը խոցելու համար: «Իսրայելն այդ միջադեպի համար լիովին պատասխանատու է համարում Ասադի վարչակարգին, ում ռազմական ուժերն էլ կործանել են ռուսական օդանավը»,- հայտարարել են Իսրայելի պաշտպանական ուժերը՝ հավելելով, որ Իրանը եւ «Հեզբոլլահ»-ը նույնպես պատասխանատվություն են կրում:
Ըստ Haaretz.com-ի, երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատվություն չի կրում երկուշաբթի երեկոյան Սիրիայում տեղի ունեցած հարձակման ժամանակ ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացման համար: «Դա կարծես ողբերգական հանգամանքների շղթա է, քանի որ իսրայելական ինքնաթիռը չի կրակել մեր օդանավի վրա»,- ասել է նա:
Նույն Haaretz-ը փոխանցում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում Նեթանյահուն շեշտել է Ռուսաստանի հետ անվտանգության գործողությունների համապատասխանեցումը շարունակելու կարեւորությունը, ինչը, ըստ նրա, վերջին երեք տարիների ընթացքում երկու կողմերում էլ շատ կյանքեր է փրկել: Նա առաջարկել է միջադեպը հետաքննելու համար Ռուսաստանին տրամադրել անհրաժեշտ բոլոր մանրամասները` ընդհուպ մինչեւ իսրայելական ռազմաօդային ուժերի ղեկավարին Մոսկվա ուղարկելը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցավ է հայտնել ռուսական ինքնաթիռի անդամների մահվան կապակցությամբ: Պոմպեոն նշել է, որ միջադեպը «հիշեցնում է տարածաշրջանում բազմաթիվ հակամարտությունների համար մշտական, խաղաղ եւ քաղաքական բանաձեւեր գտնելու անհրաժեշտության մասին»: Նա նաեւ ավելացրել է, որ միջադեպը «լույս է սփռում Սիրիայում բազմամարդ գործողությունների թատերաբեմում ողբերգական սխալ հաշվարկների վտանգի վրա»: «Դա նաեւ ընդգծում է սիրիական հակամարտության հրատապ լուծման անհրաժեշտությունը եւ Սիրիայի տարածքով Իրանի վտանգավոր զենքերի սադրիչ փոխադրումներին վերջ դնելու հրամայականը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի համար»,- հավելել է Պոմպեոն:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը