Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

19-26 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում էր Անկախության տոնը՝  հռչակման 29-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, պետական, հասարակական-քաղաքական գործիչներ:

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ: Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

…1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարեւոր իրադարձություններից է, որը սկզբնավորվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։ Հանրաքվեի արդյունքներն ամբողջ աշխարհին ազդարարեցին անկախ ու ժողովրդավար պետություն ունենալու` հայ ժողովրդի ազատատենչ կամքը: Անկախությունը միշտ մեր ժողովրդի դարավոր երազանքն ու ազգային բարձրագույն նպատակն է եղել: Այն իրականացված տեսնելու բախտը, վիճակված էր մեր սերնդին, որը պարտավոր է ոչ միայն արժանի լինել անկախության պատգամին, այլեւ պահել-պահպանել մարդկության այդ մեծագույն բարիքը եւ, որպես սրբազան մասունք, փոխանցել հաջորդ սերունդներին: 

Անկախության տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց հանդեպ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։ Պետք է համախմբվենք։ Գործենք  միասին` որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքն ու պատկերացումները»: Նա միաժամանակ կոչ է արել Անկախության օրը դարձնել համազգային միասնության խորհրդանիշ, պաշտպանել եւ զորացնել Հայրենիքը` Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք ու հիմնասյուն։ 

Նախագահի հորդորը, ինչ խոսք, դիպչում է ներհայաստանյան իրականության ամենացավոտ տեղին: Մեզանում համերաշխությունը, միասնությունը, բարությունը, հանդուրժողականությունը վաղուց մոռացված հասկացություններ են: Հանդիսավոր միջոցառումների ամբիոններից միշտ հնչել են այսօրինակ սրտամորմոք ու պաթետիկ ճառեր, որոնց «կյանքը», սակայն, տեւել է առավելագույնը մինչեւ տոնակատարության հաջորդ օրը: Անշուշտ` հոգեպարար, հուզական խոսքերով մեր հասարակությանն ավելի բարի ու հանդուրժող չես դարձնի, ոչ էլ անկախ պետականության հիմքերն ավելի ամրակուռ կդարձնես: Ցանկացած հաջողության երաշխիքը գործն է` ստեղծարար, տքնաջան աշխատանքը, որի կարիքը ներկայումս շատ է զգացվում թե´ ներհայաստանյան միջավայրում, թե´ արտաքին քաղաքական ճակատում: 

Անկախ պետականության հզորացման շահերը պահանջում են լրջորեն վերանայել բոլոր ուղղություններով վարվող քաղաքականությունը, որի հետեւանքները, մեղմ ասած, մխիթարական չեն, գործի դնել համահայկական ուժերի եւ պաշարամիջոցների ողջ զինանոցը: Չպետք է մոռանալ, որ մենք երկու թշնամի պետության աքցանում ենք, հետեւաբար` մասնատված հասարակությունը, անառողջ մթնոլորտն ու ներքին գժտությունները բացառապես մեր ամբարիշտ հարեւանների դաշնակիցներն են դառնում: Նման պայմաններում տրամաբանական կլիներ ճկուն ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ հնարավորինս ավելացնել բարեկամ երկրների թիվը, սակայն իրականում կատարվում է ճիշտ հակառակը` փչացնում ենք արդեն ձեռք բերված լավ հարաբերությունները մեր նկատմամբ դրականորեն տրամադրված երկրների հետ` մինչեւիսկ դաշնակցի: 

Հայաստանի բարձրագույն քաղաքական այրերի անհեռատեսության եւ չմտածված գործողությունների պատճառով մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, որոնք ձեռք են բերվել ծանր զրկանքների գնով, հետզհետե հեռանում են Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից, դառնում արտաքին մարտահրավերների առջեւ ավելի փխրուն եւ խոցելի: Սակայն ամեն ինչից զատ` անկախությունն անանց արժեք է շարքային քաղաքացիներիս համար, ուստի բոլորիս պարտքն է` աչքի լույսի պես այն պահպանել ու պաշտպանել, եթե հարկ լինի` անգամ իշխանություններից: Քանզի անկախությունը ոչ թե իշխանությունների, այլ հասարակության ձեռքբերումն է: Հիշենք իմաստունի խոսքը. «Երբ մի ազգի մեջ մեռնում է անկախ ապրելու պահանջը, սկսվում է այդ ազգի հոգեվարքը»: 

Իսկ 91-ի հանրաքվեից առաջ` «Այո»-ի ու «Ոչ»-ի առնչությամբ հայտնելով իր կարծիքը, ոչ պակաս իմաստուն Համո Սահյանն ասել է. «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «Ո՛չ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո՛Այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները»:

Հավատարիմ մնանք Անկախության հռչակագրի արժեքներին ու գաղափարներին:

 

Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը` նրա վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը: Նա երկրի 30-ամյա վերափոխման ռազմավարության մեջ առանձնացրել է 4 առաջնորդող արժեքներ` նշելով, որ դրանք գործառնական ու գործնական նշանակություն կունենան ռազմավարությունն իրականացնելիս։ Այդ արժեքներն են` հայոց պետականությունը, կրթությունը, անհատը եւ աշխատանքը:

Վարչապետը ներկայացրել է նաեւ Հայաստանի վերափոխման ռազմավարության երեք առաջնորդող կարգախոսները` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես»։ Փաշինյանի խոսքով` այս ռազմավարությունը, 2050-ի Հայաստանի մասին մեր պատկերացումները, նպատակներն ու դրանց հասնելու ուղիների քննարկման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ է:

…Մոտ ու հեռու ապագայի անելիքները պլանավորելու տեխնոլոգիան նոր երեւույթ չէ: Խորհրդային շրջանում, օրինակ, կոմունիստները 5 տարվա կտրվածքով հնգամյա պլաններ էին մշակում եւ, որպես կանոն, դրանց իրագործումն ապահովում «ժամկետից շուտ»: Սակայն չպետք է անտեսել, որ, ի տարբերություն մեր խառնակ ժամանակների, ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանին բնորոշ էին կայունությունը, կանխատեսելիությունը եւ կուսակցական խստագույն կարգապահությունը: Մեր դեպքում չկա ծրագրվածի հաջող կատարումը երաշխավորող վերոնշյալ գործոններից ոչ մեկը: Եվ, ընդհանրապես, չկա որեւէ երաշխիք նմանօրինակ հավակնոտ ծրագրի հաջողության հետ հույսեր կապելու համար` մանավանդ 30 տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու առումով: Մի երկրում, որտեղ կան ժողովրդագրական լուրջ խնդիրներ, գումարած արտագաղթ, սոցիալ-տնտեսական դժվարություններ, գործազրկություն, աղքատություն, ներհասարակական հակասություններ եւ այլն, բնակչության աճի մասին բոլոր խոսակցություններն անիմաստ են: 

Խոշոր հաշվով` նույնը վերաբերում է երկարաժամկետ ապագայի պլանավորմանն առհասարակ: Արագ փոփոխվող, տեխնոլոգիապես բուռն զարգացում ապրող այս աշխարհում երկարամյա կտրվածքով հաշվարկներ անելու փորձերը ոչ միայն դատապարտված են ձախողման, այլեւ ծիծաղելի են: Դիցուք` 1990-ին նույնպիսի պլանավորում կատարվեր մինչեւ 2020 թվականը: Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ 30 տարվա ընթացքում ի հայտ եկած բարձր տեխնոլոգիաների ոլորտը` իր մի շարք ուղղություններով (տեղեկատվական, թեստային ու նախագծային համակարգեր, արհեստական ինտելեկտ, կիսահաղորդիչներ, կիբերանվտանգություն եւ այլն) պիտի հիմնովին փոխեր աշխարհի տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական դեմքը, խառներ հասարակագետների, գիտնականների, ապագան հետազոտողների խաղաթղթերը: Ճիշտ այդպես էլ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչպիսի նոր անակնկալներ են մարդկությանը մատուցելու առաջիկա 3 տասնամյակները: 

Այնպես որ, ժամանակը գերազանցելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քայլել նրան համընթաց: Ռուսական մի թեւավոր խոսք կա` «Հանգիստ գնաս, հեռուն կհասնես»: Մինչեւ 2050 թվականին հասնելը, գործող իշխանությունը լավ կաներ մտածել ներկան արգասավորելու, իր ապրած ժամանակը գեղեցկացնելու մասին, ոչ թե ժամանակից առաջ անցնելու անպտուղ ջանք ու եռանդ վատնել, ինչը հողմաղացների դեմ դոնքիխոտյան կռիվ է հիշեցնում: Մի իշխանություն, որն այդպես էլ չկարողացավ մսամթերողներին գոհացնող մի սպանդանոց կառուցել կամ Ռուսաստան մեկնել ցանկացող «հպարտ» քաղաքացիների համար մի չվերթուղի բացել, ինչպե՞ս կարող է խնդրո առարկա ռազմավարության շրջանակում քսանապատկել երկրի համախառն ներքին արդյունքը: Ա´յ, ոչնչով աչքի չընկած իր թիմակիցների պարգեւավճարները քսանապատկել կարող է` դրանում ոչ ոք կասկած չունի: 

Փաշինյանի երազանքը ոչ այլ ինչ է, քան իրականությունից փախչելու եւ իր բաժին հաջողությունն անիմանալի ապագայում որոնելու ձգտում: Իսկ թե ինչու է նա ուզում փախչել ներկայից` շատ պարզ է: Ներկան եւ առօրեականը նրան ձախողումներ են միայն բերում` արժանացնելով նախատինքի: 2050-ի ձախողումների համար նրան նախատել չեն կարող, որովհետեւ նման ձախողումներ կանխավ լինել չեն կարող: Ներկան պարտավորեցնում է, ապագան` ոչ: Չէ, 2050-ն առավելություններ շատ ունի, եւ ամենագլխավորը` նրանով մանիպուլյացիաները հեշտ են ստացվում: 

«Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, եւ այդ առաքելությունը իրագործելո՛ւ ենք միասին»,- Անկախության օրը հայտարարեց վարչապետը: Եթե փորձենք վերծանել այս նախադասության ենթատեքստը, դժվար չէ հասկանալ, որ «մեր սերունդը»` դա «Իմ քայլն» է: Իսկ «այդ առաքելությունը իրագործելո´ւ ենք միասին»-ը եւ, հատկապես, «իրագործելու» բառի շեշտադրումը նշանակում է` «հանգիստ նստեք տեղներդ, հրաժարական տվողը չեմ` մինչեւ 75 տարեկան դառնալս»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին Կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որը Երեւան էր ժամանել մասնակցելու Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Հաջորդ օրը` սեպտեմբերի 22-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը: Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի եւ Զինված ուժերի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակից: Հյուրընկալն էլ նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ ողջունել է Արցախի նախագահին եւ վստահեցրել, որ շարունակելու են ամրապնդել Հայաստանի եւ Արցախի անվտանգային համակարգը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության եւ հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով, ստացել են կոչումներ ու դասային աստիճաններ: Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգեւատրվել են հետմահու:

Նախագահի նստավայրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությանը Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները եւ շնորհավորել Անկախության տոնի եւ պարգեւների ու կոչումների առթիվ:

Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ընդլայնել եւ առավել ամրապնդել Չինաստանի հետ համագործակցությունը: Դեսպանը վստահություն է հայտնել, որ փոխգործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաեւ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական ոլորտներում համագործակցությանն ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու` ՊԵԿ-ի միջնորդությունը։ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Սերժ Սարգսյանի փեսան հետախուզման մեջ է։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: