Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի եւ այլ հատվածներում սկսել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ ծանր։ Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ, ինտենսիվորեն թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները: Ժամը 11:00-ի դրությամբ՝ հայկական կողմն ուներ 49 զոհ, վիրավորների թիվը չէր հրապարակվում:
Մեկնաբանությունը
Այն, որ Ադրբեջանը նոր զինված ագրեսիայի պատրաստություն էր տեսնում, ակնհայտ էր շատերի համար, բայց ոչ՝ ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձի, որի հոգը չէ, կարծես, ազերիների ռազմական ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Այն, որ չի փոխվել թուրքի գիշատչական բնույթը, չեն փոխվել Հայաստանի եւ հայոց Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերն ու տարածքային նկրտումները, նույն այդ անձին ամենաքիչն էր հուզում: Մարդն ակնհայտաբար ավելի գլոբալ մտահոգություններ ուներ. Մարս մոլորակի բնակեցում, երեւանյան բուհերն Աշտարակ տեղափոխելու նախագծերի մշակում, դավաճան գեներալների բացահայտում եւ այլն:
Ադրբեջանը զինվում էր, ամրաշինում իր առաջնագծերը, կառուցում նոր զորանոցներ, ձեւավորում հատուկ նշանակության ջոկատներ, անցկացնում զորավարժություններ, մի խոսքով՝ ամենքի աչքին ի տես պատրաստվում էր նոր պատերազմի, ինչը, Դավիթ Տոնոյանի բնորոշմամբ, նոր տարածքներ ասել է: Մինչդեռ սահմանի այս կողմում բանակաշինության առումով խաղաղ անդորր էր: Ավելին՝ հակառակ գործընթացներ էին տեղի ունենում՝ սպայակազմի երեւելի դեմքերի ձերբակալություններ, բանակի մարտունակությանն ու ամրությանը հարվածող օրենսդրական փոփոխություններ, այլ կերպ ասած՝ տոտալ քամահրական վերաբերմունք Զինված ուժերի վերակազմավորման եւ վերահագեցման հրամայականի նկատմամբ:
Ասվածից բխում է, որ Հայաստանի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի ախորժակը գրգռեց ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մեր ռազմավարական դաշնակցի բազմազբաղվածությունը, այլեւ ռազմական տեսակետից ՀՀ-ի աննախադեպ թուլությունը: Հետպատերազմյան շրջանում թշնամի պետությունը կարողացել է իր օգտին թեքել ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության նժարը: Այդ մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի հարցուպատասխանի ընթացքում գրեթե խոստովանեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ զենք գնելու համար ֆինանսական միջոցներ կան, բայց զենքի տեղափոխման խնդիրը թեական է:
Վերջին չորսուկես տարում լավ ճանաչելով Փաշինյանին, կարելի է սխալվելու աննշան հավականությամբ պնդել, որ նա ուղղակի պատճառներ է փնտրում իր անգործությունը կամ, միգուցե, դիտավորությունը կոծկելու համար: Նրա օրոք Հայաստանը չունեցավ լավ դաշնակիցներ,- սա է փաստը,- որոնք կարող էին օգնել ե՛ւ անհրաժեշտ զենք հայթայթել, ե՛ւ այն տեղափոխելու ճանապարհ գտնել: ԱԺ նույն նիստում Փաշինյանն ուշագրավ եւս մեկ խոստովանություն արեց՝ նշելով, որ խաղաղության օրակարգը ձախողվել է. «Արդյո՞ք այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ Ալիեւն ուզածը չստանալու դեպքում սպառնում է վերցնել պատերազմով:
Հետաքրքիր է՝ ա՞յս դեպքում ինչ է Ալիեւը ցանկացել ստանալ եւ չստանալով՝ լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել ընդդեմ Հայաստանի: ԱԺ խնդրո նիստում Փաշինյանը այս հարցին չանդրադարձավ, սակայն կարելի է կռահել, որ Իլհամի ուզածն ու չստացածը, ինչով հատկապես հետաքրքրված է նրա ավագ եղբայր Էրդողանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է: Կարո՞ղ ենք սրանից բխեցնել, որ Փաշինյանը հող է նախապատրաստում հաջորդ անգամ Սյունիքով «միջանցքը» զիջելու համար: Միանշանակ դժվար է ասել, քանի որ տվյալ զիջումը, կարծես թե, այս պահին Ռուսաստանի շահերին հակոտնյա է: Կյանքը ցույց կտա:
Օգնության խնդրանքով, Հայաստանը, ըստ Փաշինյանի, դիմել է Ռուսաստանին՝ 1997 թվականին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ին՝ այդ կառույցի Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, համաձայն որի եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կողմից (կամ՝ պետությունների խմբի), ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Սակայն, ինչպես նախկինում, երբ 2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական հրոսակները սահմանի մի քանի հատվածներում կիլոմետրերով խորացել էին ՀՀ ինքնիշխան տարածք, այս դեպքում նույնպես, առարկայական օգնության ակնկալիքները գրեթե զրոյական են: Առավել եւս, որ ընդդիմության պնդմամբ՝ ՀԱՊԿ-ին ներկայացված հայտը ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով է, այլ՝ անդեմ ու անատամ 2-րդի, որն ընդամենը խորհրդատվական բնույթ ունի:
Այսպիսով՝ միջազգային որեւէ ատյանից իրական աջակցություն, բացի Ադրբեջանի ագրեսիան դատապարտող անազդու հայտարարություններից, առայժմ չի երեւում: ՀԱՊԿ անդամ Ղազախստանն արդեն իսկ ԱԳ նախարարի շութերով հայտնել է իր դիրքորոշումը՝ ասելով, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»:
Ու պատերազմի բոլոր կանոններով ընթացող ռազմական գործողությունների կասեցման ողջ ծանրությունը, ինչպես միշտ, մնում է մեր զինվորների ուսերին՝ համոթ կռիվը երկրորդ անգամ մեր տուն բերող անկյալ ու անկար ղեկավարության: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ամփոփագրի պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը 105 էր, մի շարք ուղղություններով լարված մարտերը շարունակվում էին, հայ ռազմիկները խիզախաբար դիմակայում էին թվով եւ ռազմական հանդերձանքով ու զենքով բազմակի գերազանցող թշնամու գրոհները, ստիպում նրան վերադառնալ ելման դիրքեր:
Պատերազմ է, եւ կան անձնվիրության ու հերոսացման բազմաթիվ կենդանի օրինակներ: Ցավոք սրտի, կան նաեւ հանուն Հայրենիքի՝ նահատակության դիպվածներ: Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում հերոս հայորդիներ լույս աշխարհ բերած, մեծացրած եւ հայրենասիրության ոգով դաստիարակած ընտանիքներին, որոնց զավակները կյանքի գնով պաշտպանում են Հող-հայրենին: Մեր խոնարհումը ազգաշահ այդ առաքելության ճանապարհին բոլոր ընկածների պայծառ հիշատակին՝ անուն առ անուն:
ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում, որին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները, Կառավարության ղեկավարը հանդես եկավ աղմկահարույց մի հայտարարությամբ, որը բուռն արձագանք առաջացրեց ՀՀ-ի ու Արցախի քաղաքական դաշտում եւ, հատկապես, հանրության շրջանում: Կարճ ժամանակ անց տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին խորհրդարանի շենքի մուտքերի մոտ՝ վանկարկելով «Նիկո՛լ դավաճան» եւ պահանջելով նրա հրաժարականը: Թե ինչ էր հայտարարել Փաշինյանը եւ ինչ զարգացում ստացան իրադարձությունները՝ կարող եք տեղեկանալ մեկնաբանության մեջ:
Մեկնաբանությունը
Ահավասիկ՝ հայտարարության տեքստից մի հատված (միգուցեեւ՝ տեքստից անջատ), որը ներկայացված էր սոցցանցերում. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29.800 քառ. կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ, որ այդ որոշումը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»:
Խորհրդավորության քողով շղարշված այս տողերը բավական մեծ հուզումների տեղիք տվեցին: Ի՞նչ էր ակնարկում արդյոք անկանխատեսելի վարքագծի տեր այս անձը, որից բազմաչարչար հայությունը անցած գրեթե չորսուկես տարում ոչ մի լավ բան չտեսավ: «Ուզում ենք ստորագրել մի թուղթ…» մի տեսակ հնչում է որպես գույժ: Ախր, այս մարդու ամեն ստորագրություն միշտ մի չարիք, մի կորուստ, համազգային մի աղետ բերել է մեր պետության ու ժողովրդի գլխին: Եղան տարբեր մեկնություններ ու վարկածներ, որոնցից գերակշռողը վերաբերում էր Արցախի հանձնման «դատավճիռն» ամրագրող ենթադրյալ փաստաթղթին, մյուսը՝ Սյունիքի հանձնմանը կամ «Զանգեզուրի միջանցքի» հավանական բացմանը եւ այլն:
Ելույթից եւ ՖԲ նույնաբովանդակ գրառումից հետո մեկ ժամ չանցած, մեկ էլ ինչ տեսնենք՝ Փաշինյանը լայվ է մտել եւ պարզաբանում է, թե ինչու էր այդպիսի ելույթով հանդես եկել: Եվ, դիմելով «սիրելի հայրենակիցներին», կոչ է անում չտրվել մանիպուլյացիաների: «Մենք երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրելու, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով դնի կասկածի տակ։ Րոպե անգամ չկասկածեք, վայրկյան անգամ չկասկածեք: Մեր հայրենիքն ավելին է՝ քան սրբությունը, սակարկման ենթակա չէ»,- նշել է նա՝ պնդելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որեւէ թուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ «Փաշինյանը փոշմանեց», «Փաշինյանը հերթական անգամ իրեն գժի տեղ է դնում»,- գրում էին ՖԲ-ի կատակասերները:
Իսկապես՝ մեկ ժամվա մեջ նման կտրուկ կերպարափոխություն դժվար է պատկերացնել: Բացեիբաց հայտարարել, թե ուզում են ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում ժողովուրդն իրենց կքննադատի, կհայհոյի, կանվանի դավաճան եւ այլն, ապա րոպեներ անց դարձյալ հրապարակավ հակադարձել ինքնիրեն, թե՝ «սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից», եւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել ու չի ստորագրվելու երբեք: Կարծես՝ մեկ մարդու մեջ երկու մարդ է խոսում՝ արտահայտելով տրամագծորեն ներհակ երկու միտք: Տպավորություն է, թե գործ ունենք անձի երկվության երեւույթի հետ, եւ այստեղ անելիք ունեն հոգեբանները:
Միտքը՝ միտք (միգուցեեւ՝ տեքստից անջատ), բայց այն խթանեց մարդկային մեծ հոսքերի շարժը դեպի Բաղրամյան պողոտա՝ խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաեւ Վերածննդի հրապարակ՝ Արցախի մայրաքաղաքում: Բողոքավորների շարքերը գնալով ստվարանում էին, եւ Փաշինյանի հակասական արտահայտությունները վերծանելու գործին, ինչպես հաճախ է պատահում, ձեռնամուխ եղան ՔՊ-ական պատգամավորները, ԱԺ նախագահը, նույնիսկ ԱԱԾ-ն՝ շեշտադրելով այն ասպեկտը, թե նրան ճիշտ չեն հասկացել, նենգափոխել են մտքերը եւ այլն: Իրեն՝ Փաշինյանին, ըստ որոշ լուրերի, շտապ տեղափոխել էին ժամանակավոր զետեղարան՝ բունկեր:
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը քաղաքացիների հոծ զանգվածներ էին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ Ազգային ժողովի մուտքերի մոտ, որտեղ հընթացս մեկնարկել էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Սակայն նախապես մշակված ճշգրիտ հաշվարկների, ճանապարհային հստակ քարտեզի բացակայության եւ կազմակերպչական այլ բացերի պատճառով իմպիչմենտի գործընթացն անհաջող սկիզբ ունեցավ: Ընդդիմադիրների 35 ստորագրություններից զատ՝ պահանջվում էր ՔՊ-ական եւս 18 ստորագրություն, որը հավաքել չհաջողվեց: Հավաքն ինքնաբուխ էր, հանպատրաստից, չուներ կենտրոնացված կազմակերպչական կորիզ, իմպիչմենտի համար անհրաժեշտ գործիքակազմ:
Ավարտենք Նիկոլ Փաշինյանի սկանդալային ելույթից եւս մեկ ուշագրավ մեջբերմամբ. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից եւ տարիքից, անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին պիտի պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը»: Եվ սա ասում է մի մարդ, ով հեկտարներով հողատարածքներ է զիջել ու շարունակում է զիջել թշնամուն: Սա էլ հո համատեքստից կտրված չէ՞:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի Խաչվերաց տոնը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, նշում է սեպտեմբերի 11-ին: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԽ նիստ, որին մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են «Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը»: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի վիճակի մասին: Քննարկումներից հետո Արցախի նախագահն իր ՖԲ էջում նշել է, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որեւէ փաստաթուղթ չի քննարկվում:
Սեպտեմբերի 15-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մշտադիտարկման առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը եւ առաջադրել առաջիկա մշտադիտարկման հետ կապված խնդիրները:
Իրանի եւ Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա՝ չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Իրանի եւ Հայաստանի սահմանը մեզ համար հաղորդակցության պատմական ուղի է, եւ այն փոփոխությունների չպետք է ենթարկվի»,- Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` նշել է Ամիր Աբդոլահիանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր կարիերայի ընթացքում արդեն 4-րդ անգամ նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը: Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ եւ 5։1 հաշվով հաղթանակ տարել։ Արթուրը աշխարհի չեմպիոն է դարձել նաեւ 2014, 2015 եւ 2017 թվականներին։ 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճել էր ոսկե, իսկ 2021-ին՝ Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում՝ արծաթե մեդալ:
Հայաստանը սեպտեմբերի 13-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: