Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Սեպտեմբերի 22 - Հոկտեմբերի 6

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

22-29 սեպտեմբերի

Սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է Երեւանի ավագանու` նախօրյակին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Բացահայտ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքն է, որը ստացել է քվեների 80 տոկոսից ավելին: Այսպիսով` բոլոր 475 ընտրական տեղամասերում քվեների հաշվարկի արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 81.06 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 25 հազար 219 ընտրող կամ 6.95 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 18 հազար 112 քվե կամ 4.99 տոկոսը: Մյուս 9 քաղաքական ուժերից միայն ՀՅ Դաշնակցությունը, «Երկիր Ծիրանի»-ն եւ «Օրինաց երկիր»-ն են ստացել 1 տոկոսից ավելի ձայներ: Քվեարկությանը մասնակցել է 370 հազար 323 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 43.65 տոկոսը: Օրենքի ուժով Երեւանի քաղաքապետ կդառնա Հայկ Մարությանը:

Եվ այսպես` վերջին գրեթե երկուսուկես տասնամյակի ընթացքում այս ընտրություններն առաջինն էին, երբ չգործեցին իշխանության ձեւավորման արատավոր մեխանիզմները՝ ընտրակաշառք, թաղային հեղինակությունների ապօրինի միջամտություններ, լցոնումներ, իշխանությունների հետ ստվերային գործարքներ եւ այլն, որոնք զրոյացնում էին ընտրողների քվեների արժեքը: Սեպտեմբերի 23-ին առաջին անգամ քաղաքացու կամարտահայտությունը դադարեց հռչակագրային բնույթ կրելուց եւ ձեռք բերեց իրական իմաստ, ինչը զգալիորեն խթանել է ընտրողների ակտիվությունը: Շատերն ասում էին, որ նախկինում չէին մասնակցում ընտրություններին, որովհետեւ իրենց քվեն ոչինչ չէր որոշում: Նույնիսկ իշխանություններն ամենաբարձր մակարդակով չէին թաքցնում, որ «ինչքան ուզեն` այդքան կխփեն»: Այդ ամենը բացասական նստվածք էր թողել ընտրազանգվածի հոգեբանության վրա` առաջ բերելով անտարբերության, ապատիայի իրավիճակ:

Նկարագրված իրավիճակն այժմ, կարծես թե, փոխվում է հօգուտ քաղաքացիների ինքնավստահության, նրանց քվեի արժեւորման, որը կարող է Հայաստանում, ի վերջո, նպաստել իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների կենսակոչմանը: Ակնհայտ է, որ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու առաջին քայլերն արվում են, եւ սա է Երեւանի ավագանու ընտրությունների ամենակարեւոր արդյունքը: Այս միտումների պահպանումն ու հետագա զարգացումը` որպես պետականության ապագայի ռազմավարություն, անտարակույս, հեղափոխական նոր նշանակություն կունենան եւ դրական կանդրադառնան թե´ երկրի տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացին, թե´ ազգային անվտանգության խնդիրների լուծմանը: Չէ՞ որ աշխարհը նախընտրում է գործ ունենալ սեփական պետության ինքնիշխանությունն ու քաղաքացիների ազատությունը հարգող, վերջիններիս աջակցությունը վայելող լեգիտիմ իշխանությունների հետ: Այս տեսակետից սեպտեմբերի 23-ի ընտրությունները հատուկ իմաստ ու հնչեղություն ունեն:

Ավագանու ընտրության մյուս յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ մայրաքաղաքում է կենտրոնացված ՀՀ ընտրողների ավելի քան մեկ երրորդը: Երեւանում հաղթելը հուսալի երաշխիք է առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում եւս փայլուն հաջողության հասնելու համար: Իզուր չէ, որ «Իմ քայլը» բացեիբաց հայտարարում էր, թե Ավագանու ընտրությունը խորհրդարանական ընտրության «բանալին» է: Ավելին` ընտրությունը փաստացի հռչակվել էր հանրաքվե, որը «Իմ քայլը» դաշինքին բերեց անվերապահ հաղթանակ եւ Նիկոլ Փաշինյանին օժտեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ սկսելու մանդատով: Այդ մանդատը` որպես վստահության ցայտուն առհավատչյա, նոր կառավարությունը վերստին ստացավ: Այն ավելի կարժեւորի երեւանցիների քվեն, եւ իշխանությունը կկարողանա սահուն ու անցնցում լուծարել կեղծիքներով ընտրված, հանրային տրամադրությունները չարտահայտող Ազգային ժողովը եւ ամենամոտ ժամանակներս անցկացնել ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ:  Փույթ չէ, որ ՀՀԿ-ականները շարունակեն պնդել, թե արտահերթ ընտրությունների համար հիմքեր չկան: 

Անցած կիրակի վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Երեւանի ավագանու ընտրությունների 8/16 տեղամասում կատարելով իր քաղաքացիական պարտքը, աշխատանքային այցով մեկնեց Ամերիկայի միացյալ նահանգներ: Նյու Յորքում Փաշինյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես եկավ ելույթով: Այցի ընթացքում վարչապետը հանդիպեց եւ զրուցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այնուհետեւ տեղի ունեցան տարբեր երկրների գործընկերների հետ նրա երկկողմ հանդիպումները: Փաշինյանը հանդիպում ունեցավ նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեց Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Ամերիկայի միացյալ նահանգներ այցով Նիկոլ Փաշինյանն ամբողջացրեց վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման համանախագահ երկրներ կատարած իր այցելությունների շարքը: Այն սկսվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոսկովյան հանդիպմամբ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարներն անդրադարձել էին արցախյան թեմային, ապա շարունակվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններով եւ ավարտվել Միացյալ նահանգներ կատարած այցով: Բնականաբար`Փաշինյանի ամերիկյան այցի հիմնական ինտրիգը կապված էր նրա եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հետ։ Այդ ուղղությամբ հայկական կողմը բավական երկար ժամանակ աշխատել է, հատուկ այդ նպատակով ԱՄՆ էր գործուղվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն հանդիպման կայացումն այդպես էլ չէր հաջողվել: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի խոսքով` Փաշինյան-Թրամփ հանդիպում կկայանա, բայց ավելի ուշ: Համենայն դեպս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում այն հնարավոր չի եղել կազմակերպել։

Թե ինչու ամերիկյան կողմն այս պահին նպատակահարմար չհամարեց նման հանդիպումը` դժվար է ասել: Մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ոմանք պնդում են, թե Վաշինգտոնն այս պահին ուրիշ առաջնահերթություններ ունի, որոնցում Հայաստանը չի նշմարվում, էլ չասած, որ հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Ուրիշների կարծիքով՝ Արեւմուտքն այնքան էլ ոգեւորված չէ Երեւանի ավագանու ընտրության «հանրաքվեացման» մարտավարությամբ: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ` Վաշինգտոնին զայրացրել է Ռուսաստանի հետ համատեղ Սիրիա զինվորականներ ուղարկելու` Հայաստանի որոշումը։ Այս տեսակետը միանգամից կարելի է բացառել` վկայաբերելով Սպիտակ տան երկար տարիների աշխատակից, նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի եւ Բուշի աշխատակազմերի հայազգի անդամ Արամ Բախշյանի հավաստիացումը. «Հայ-ամերիկյան հարաբերություններում որեւէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաեւ հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով` որեւէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա»,- Փաշինյանի նյույորքյան այցի օրերին ասել է Բախշյանը` հավելելով, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու Միացյալ նահանգների պետքարտուղարությունը «կարողանան նուրբ արարողակարգ մշակել»:

Ամեն դեպքում Թրամփն առայժմ նախընտրում է Հայաստանի ղեկավարի հետ շփվել ուղերձների ժանրով: ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանին հղած իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահը, ի մասնավորի, գրել է. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաեւ նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ՝ հակամարտությանը տեւական խաղաղ լուծում գտնելու շուրջ»:

Դե ինչ, մնում է մխիթարվել նրանով, որ ինչքան սառն էր ԱՄՆ-ում մեր վարչապետի պաշտոնական ընդունելությունը, այնքան ջերմ էր հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

29 սեպտեմբերի - 6 հոկտեմբերի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերից՝ որոշ մանրամասներ ներկայացրելով «ոտքի վրա» տեղի ունեցած իրենց ոչ պաշտոնական քննարկումից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Փաշինյանը Նյու Յորք կատարած եռօրյա աշխատանքային այցից անմիջապես հետո Տաջիկստանի մայրաքաղաք էր ժամանել՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց, եւ դրա արդյունքում մենք մի քանի կարեւոր կետեր արձանագրեցինք»,- գոհունակությամբ նշել է վարչապետը:

Կողմերը մասնավորապես պայմանավորվել են քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը մեղմելու եւ հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու համար՝ նշելով, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով: Միաժամանակ երկու երկրների ղեկավարները որոշել են մեխանիզմներ մշակել համապատասխան կառույցների միջեւ մշտական օպերատիվ կապ ստեղծելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը վերահաստատել է այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ կողմերը հանձն են առել շարունակել բանակցությունները «հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ՝ շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին տեղի ունեցող միջադեպերի կանխարգելման համար»: Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի աշխատակից Հիքմեթ Հաջիեւը շտապել է հայտարարել, որ Դուշանբեում Ալիեւ-Փաշինյան հանդիպման նախաձեռնողը Հայաստանի վարչապետն է եղել: Նրա խոսքով` «դա եւս մեկ անգամ վկայում է, որ բանակցությունների ձեւաչափն անփոփոխ է, եւ դրանք ընթանում են հենց հակամարտության կողմ հանդիսացող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Այնուհետեւ Հաջիեւը հիշեցրել է, որ նույն ձեւաչափում էին ընթացել նաեւ Նյու Յորքում արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի սեպտեմբերի 26-ին կայացած բանակցություններն ու Բրյուսելում հուլիսին տեղի ունեցած հանդիպումը: «Մենք այդ ամենը դրական ենք գնահատում: Ադրբեջանը պատրաստ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստող կառուցողական բանակցություններին եւ շփումներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Այսպիսով՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման համատեքստում պաշտոնական Բաքուն տեսնում է կամ ուզում է տեսնել ոչ թե սահմանային միջադեպերը, որոնց հետեւանքով երկու կողմից երիտասարդներ են զոհվում, այլ բանակցությունների՝ Ադրբեջան-Հայաստան ձեւաչափը: Այսինքն՝ այդ երկրի համար առաջնայինը հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ որեւէ աղերս, որեւէ շփում չունենալն է, որպեսզի դա հանկարծ չընկալվի իբրեւ Լեռնային Ղարաբաղի անուղղակի ճանաչում: Միայն պատկերացնել կարելի է, թե Ադրբեջանի համար ինչպիսի ցնցակաթված է եղել Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով Բաքուն պետք է բանակցի ոչ թե Հայաստանի հետ, այլ՝ Արցախի, իսկ Հայաստանը կարող է հանդես գալ միայն իր անունից: Ամեն դեպքում  Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիեւ երկխոսությունն ինքնին կարեւոր քայլ է: Թե որքանով  Ադրբեջանը կհարգի իր խոսքն ու պայմանավորվածությունները՝ ցույց կտա ժամանակը: Կկարողանա՞ արդյոք այդ երկիրը հաղթահարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իր կենսաբանական վախը, թե՞ կշարունակի սեփական զինվորի կյանքը ստորադասել բանակցությունների իր նախընտրելի ձեւաչափից:

Հոկտեմբերի 1-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպումների շարք՝ քննարկելու մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Նույն օրը երեկոյան առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Ավելի վաղ Փաշինյանն ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորել էր Հայաստանում ներդրումներ ապահովելու եւ բիզնեսին վստահություն ներշնչելու հանգամանքով: Նա հուսով էր, որ քաղաքական ուժերն այս հարցում կգան համաձայնության եւ քաղաքացիների աջակցությանը դիմելու կարիք չի լինի: Սակայն հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ծագեց հենց ա՛յդ տարբերակի անհրաժեշտությունը: Խորհրդարանն արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխությունների մի նախագիծ, որը փաստացի բացառում էր խորհրդարանի լուծարումը: Նախագծին կողմ էին քվեարկել նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք եւ Դաշնակցություն խմբակցությունների անդամները: Այս փոփոխության կողմնակից պատգամավորներին ու քաղաքական ուժերին Փաշինյանը հակահեղափոխականներ էր անվանել եւ իր աջակիցներին կոչ արել երեկոյան հավաքվել Ազգային ժողովի մատույցներում:

Վարչապետի կոչով մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանրահավաքում ելույթ ունենալով՝  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունում ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները կազատվեն պաշտոններից, իսկ շատ չանցած՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը: ԱԺ-ում ունեցած հանդիպումից հետո Փաշինյանը հանրահավաքին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կընձեռի դեկտեմբերի սկզբներին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել: Համենայն դեպս՝ այդպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀԿ-ի եւ նրան աջակցող ուժերի հետ բանակցությունների արդյունքում:

Հանրապետականները, ինչպես հայտնի է, երբեք չեն էլ թաքցրել, որ դեմ են արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի պնդումներին: Ավելին՝ նրանք բացեիբաց հայտարարում էին, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան, եւ դրանք պետք է տեղի ունենան 2022-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մասնավորապես, գտնում էր, որ քանի դեռ հետհեղափոխական «էյֆորիկ շրջանը» չի անցել, քաղաքական ուժերի հավասար հնարավորությունների սկզբունքով ընտրությունների անցկացումը հնարավոր չի լինի: Այլ փաստարկ էր առաջ քաշում ՀՀԿ-ի խոսնակ Էդ. Շարմազանովը: Նրա կարծիքով՝ Փաշինյանի խոստացած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը, առանց որի չպետք է անցնեն ընտրությունները, տակավին բացակայում է՝ Ազգային ժողով չի մտել, նույնիսկ փորձագիտական կարծիքի համար չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին: ՀՀԿ-ն իր ժխտողական դիրքորոշմամբ միակը չէր: ԱԺ արտահերթ նիստի քվեարկությունը ցույց տվեց, որ այդ կարծիքը կիսում էին ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ Ազգային ժողովում մեծությամբ 2-րդ՝ «Ծառուկյան» դաշինքը: Այդ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, օրինակ, վկայաբերում էր Փաշինյանի կառավարության ծրագիրը, որտեղ գրված է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում եւ փոփոխված Ընտրական օրենսգրքով: Իսկ ժողովրդի ճնշմամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու մղումը, ըստ նրա, սահմանադրական կարգը տապալելու կոչ է, ինչն իրենց համար անընդունելի է:

Այսպիսով՝ մինչեւ այս տարեվերջ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանն ընդդիմանում են խորհրդարանական երեք ուժեր, եւ միայն «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան»-ն է պաշտպանում վարչապետի նախաձեռնությունը: Խնդրի հետ կապված իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ հանրապետականներն անընդհատ փորձում են անորոշություններ ստեղծել կամ, ինչպես ասում են, «խոսքը կտուրը գցել»: Այսպես՝ հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունը, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ժամեր անց ներկայացնում են արդեն նենգափոխված: «ՀՀԿ-ն առաջարկել է վարչապետի թեկնածու չառաջադրել այն դեպքում, եթե ընտրություններն անցկացվեն մայիսին»,- «Ազատությանն» ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Չքմեղացած՝ նույնն է կրկնում նաեւ կուսակցության խոսնակ Շարմազանովը. «Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա»,- հայտարարել է նա: Որոշ դիտորդներ սրանց խոսքերի ու գործողությունների ետեւում տեսնում են Ռոբերտ Քոչարյանի «ականջները»: Նույնը նաեւ «Բարգավաճ»-ի պարագայում է: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա ընտրություններում ձայն հավաքելու նրա հավանականությունը զրոյական է: Մինչդեռ առջեւում գրեթե 4 տարի ԱԺ-ում հանգիստ «գլուխ պահելու» հնարավորություն կա, ինչո՞ւ պիտի ՀՅԴ-ն ձեռքից բաց թողնի այդ հիանալի հնարավորությունը: Մի խոսքով՝ տղերքը քրտնաթոր աշխատում են՝ չէ՞ որ կորցնելու շա՜տ բան ունեն: 

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ֆրանսահայ հռչակավոր երգիչ Շառլ Ազնավուրը: Դա տեղի է ունեցել Ազնավուրի՝ Ֆրանսիայի հարավում գտնվող տանը: Մի քանի օր առաջ էր ըստ France-Presse գործակալության, Շառլ Ազնավուրը վերադարձել Ճապոնիայում կազմակերպված համերգային շրջագայությունից:

Շանսոնյեի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում եւ Արցախում սգո օր է հայտարարվել:

…Աշխարհը ցնցված է` չկա այլեւս մեր ժամանակի խոշորագույն արվեստագետը, սիրո ու հավատարմության, միայնության ու տառապանքի անկրկնելի երգիչը, համաշխարհային մեծության ամենավառ աստղերից մեկը: Գնաց, խառնվեց հավերժությանը: Այս օրերին ողջ երկրագնդում շանսոնյեի մահն են սգում նրա հանճարի միլիոնավոր երկրպագուները: «Խորապես ֆրանսիացի եւ նույնքան խորապես կապված իր հայկական արմատներին, գնահատված ողջ աշխարհում՝ Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերունդների ուրախությունն ու վիշտը»,- այսպես է նրան բնորոշել Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը տեղեկացրել է, որ Ազնավուրին հրավիրել էր երեւանյան ուղեւորության՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ «Նա պետք է երգեր այնտեղ: Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը»,- իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ցեղասպանությունից մազապուրծ փրկված ու Փարիզում ապաստան գտած հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում 1924 թվականին ծնված փոքրամարմին Վաղինակին փառքն ու հռչակը գտան 50-ականների կեսերին, եւ այդ պահից սկսվեց նրա երթը դեպի երաժշտական Օլիմպոս: Գրեթե 70-ամյա ակտիվ գործունեության գրական-երաժշտական հունձքը բավական առատ եղավ` հազարից ավելի երգեր` հարյուր միլիոնավոր սկավառակներով սփռված ողջ աշխարհում: Նրա կյանքում ուրույն տեղ ուներ իր պատմական հայրենիքը՝ Հայաստանը, որին օգնության հասավ 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո եւ որի անմեղ զոհերի հիշատակը հավերժացրեց «Քեզ համար, Հայաստան» հրաշալի երգով: Իսկ բոլորովին վերջերս՝ «թավշյա» հեղափոխությունից հետո Ազնավուրը շտապեց ուրախության ու հպարտության իր զգացմունքները կիսել հայ ժողովրդի հետ՝ նրան ուղղված բաց նամակում գրելով. «Ես հավանաբար աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ Հայաստանով եւ երբեք դա չեմ թաքցրել… Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք հաղթահարել, հիմա բացում ենք երջանկության, իմաստնության եւ սիրո էջը»:

Լեգենդար երգչի մահով աշխարհը կորցրեց պայծառ մի կերպար, յուրահատուկ մի ձայն եւ ճառագուն մի լույս: Երիցս իրավացի է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը. «Շառլը ֆրանսիական երաժշտության միակ լույսն էր»,- ասել է Դելոնը:

Փա՛ռք նրա լուսեղ հիշատակին:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

22-29 սեպտեմբերի

ՄԱԿ-ի ելույթում Թրամփն աշխարհին կոչ է անում հրաժարվել գլոբալիզացումից 

Ինչպես գրում է The Guardian-ը, ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կառավարվում է ամերիկացիների կողմից. «Մենք մերժում ենք գլոբալիզացման գաղափարախոսությունը եւ ընդունում հայրենասիրության դոկտրինը»,- ասել է Թրամփը՝ պետություններին կոչ անելով կենտրոնանալ սեփական ազգային շահերի վրա: «Ամբողջ աշխարհում պատասխանատու ազգերը պետք է պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը ոչ միայն գլոբալ կառավարումից, այլեւ պարտադրանքի եւ գերիշխանության նոր ձեւերից»,- ըստ պարբերականի, հավելել է ԱՄՆ նախագահը:

Ելույթում Թրամփը կարեւորել է իր նախագահության ձեռքբերումները, իսկ թշնամիներից առաջին հերթին առանձնացրել Իրանին: «Իրանի ղեկավարները տարածում են քաոս, մահ եւ կործանում: Նրանք չեն հարգում իրենց հարեւանների սահմանները կամ ինքնիշխան ազգերի իրավունքները»,- նշել է Թրամփը՝ Իրանի ղեկավարներին մեղադրելով «միլիարդավոր դոլարներ» յուրացնելու եւ Սիրիայում հումանիտար ճգնաժամ հրահրելու համար:

Ինչպես հայտնում է The New York Times-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը դարձյալ ուշադրություն է հրավիրել Իրանի դեմ պատժամիջոցների վրա: Նա ասել է, որ մտադիր է այս տարվա ընթացքում Իրանին նոր տնտեսական պատժամիջոցներ ներկայացնել՝ հավելելով, որ դրանք «ավելի կոշտ կլինեն, քան երբեւէ»:

Պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատասխանել է, որ Միացյալ Նահանգները մեկուսացված է միջազգային կազմակերպությունում` հրաժարվելով Իրանի միջուկային համաձայնագրից եւ նախազգուշացնելով ուրիշներին, որ պետք է հետեւեն ամերիկյան պատժամիջոցներին կամ պատասխանատվության ենթարկվեն:

Միաժամանակ Թրամփի վարչակազմը խստորեն նախազգուշացրել է ԱՄՆ-ի ամենամերձավոր եվրոպական դաշնակիցներին` խոստանալով լրջորեն տուգանել եվրոպական կառավարություններին կամ ընկերություններին, որոնք կշարունակեն Իրանի հետ գործարքները: «Մենք մտադիր չենք թույլ տալ, որ Եվրոպան կամ որեւէ մեկը խուսափի մեր պատժամիջոցներից»,- երեքշաբթի երեկոյան «Միավորված ընդդեմ միջուկային Իրանի» խմբի համաժողովում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը եւ «սարսափելի հետեւանքներ» խոստացել բոլոր նրանց համար, ովքեր նոյեմբերի 4-ից հետո կշարունակեն բիզնես անել Իրանի հետ: Նույն համաժողովի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլ երկրների կողմից Իրանին տնտեսական օժանդակություն ցուցաբերելու համար:

 

29 սեպտեմբերի - 6 հոկտեմբերի 

Զանգվածային ցույց Երեւանում

Reuters-ը հայտնում է, որ երեքշաբթի երեկոյան Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Տեղեկատվական գործակալության պարզաբանմամբ՝ բողոքի ցույցի պատճառը նույն օրը խորհրդարանի արտահերթ նիստում կայացված անսպասելի որոշումն էր «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են ձգձգել նման ընտրությունները: «Փոփոխություններին կողմ էին քվեարկել ինչպես ՀՀԿ-ականները, այնպես էլ «Ծառուկյան դաշինքը» եւ Դաշնակցությունը, որոնք այս տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աջակցություն էին հայտնել Փաշինյանին»,- գրում է Reuters-ը՝ նշելով, որ Փաշինյանը հենց հանրահավաքում հրամանագրեր է ստորագրել կառավարության կազմից «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Դաշնակցություն» կուսակցության 6 ներկայացուցիչներին հեռացնելու մասին:

The New York Times-ը նույնպես տեղեկացնելով հանրահավաքի մասին, գրում է, որ Փաշինյանը կոչ էր արել իր կողմնակիցներին բողոքի ցույց կազմակերպել, «եւ մի քանի տասնյակ հազար մարդ արագ հավաքվել էր խորհրդարանի դիմաց»: Փաշինյանի կողմնակից օրենսդիրներն, ըստ թերթի, արգելափակել էին խորհրդարանի ելքերը, որպեսզի նրա հակառակորդները չհեռանան շենքից:

Radio Free Europe/Radio Liberty-ին մեջբերում է Փաշինյանի կրակոտ ելույթը. «Նրանք պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդի դեմ»: Փաշինյանը նաեւ կոչ է արել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն եւ չխոչընդոտել պատգամավորներին՝ հեռանալու խորհրդարանից: Ռադիոկայանի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ ցանկանում է ընտրություններն անցկացնել դեկտեմբերի առաջին կեսին` ավելացնելով, որ խորհրդարանի կազմը չի արտացոլում ժողովրդի կամքը եւ երկրի քաղաքական իրողությունները: «Խորհրդարանական ընտրությունների վաղաժամկետ անցկացումը մեր «թավշյա» հեղափոխության պայմաններից մեկն էր եւ ընդգրկվել է կառավարության ծրագրում, որը հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից»,- ըստ լրատվականի, հիշեցրել է Փաշինյանը՝ կողմնակիցներին տեղեկացնելով, որ կոչ է արել նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել տվյալ օրենքը:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: