Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին` շփման գծի ամբողջ երկայնքով: «Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակն օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկություններն ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: Արցախում ու Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ` «հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը»: Հայտնվում է հայկական կողմի 16 զոհի ու հարյուրից ավելի վիրավորի մասին: Հայերը խոցել են հակառակորդի երկու ուղղաթիռ, տանկեր եւ երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Զոհերի թիվը, որը շատ ավելի մեծ է, ճշտվում է:
Հարձակման ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է` հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ադրբեջանական կողմն իր հերթին մեղադրել է հայկական կողմին:
…Հակառակորդի սանձազերծած հերթական ագրեսիայի ամենաբնութագրական յուրահատկությունը Թուրքիայի աննախադեպ ակտիվ ներգրավվածությունն է: «Այդ երկրի ծրագրերը մեզ հայտնի են վաղուց` հայաթափել Արցախն ու Հայաստանը»,- նշել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը` հավելելով, որ Պաշտպանության բանակի նպատակն է` «ջախջախել հակառակորդին, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաեւ ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն»: Կարելի է դրանում չկասկածել, քանի որ քաջարի արցախցին երբեք խոսքը քամուն չի տալիս:
Ուշագրավ մի նրբերանգ` մարտական գործողությունների վերսկսման նախօրեին Միացյալ Նահանգները կոչ էր արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին` զգոն լինել, զգուշություն ցուցաբերել եւ խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ: Զգուշություն պահպանելու նույնատիպ հորդորով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն էլ դիմել էր իր երկրի այն քաղաքացիներին, որոնք տարբեր հանգամանքների բերումով այդ օրերին Ադրբեջանում էին: Մի՞թե Միացյալ Նահանգները տեղեկացված էր պատերազմի վերահաս վտանգի մասին: Չնայած պետք չէ զարմանալ, քանզի պարզ երեւում էր, որ նախապատերազմական օրերից վառոդի հոտ է փչում: Նախանշանները օգոստոսի կեսերին թուրք-ադրբեջանական տանդեմի` Նախիջեւանում անցկացրած խոշորածավալ զորավարժություններն էին` թուրքական մեծաքանակ նորագույն զենք-զինամթերքի կուտակմամբ, ապաեւ սահմանային սրացումները, Իլհամ Ալիեւի մանիպուլյատիվ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը:
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական գործողության օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այդ օրը` ժամը 10-ից սկսած, Թուրքիայի օդուժի` Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաեւ ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել ԱՀ Հադրութի եւ Մարտունու շրջանների բնակավայրերին: Ավելի վաղ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել էր հայկական ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈՒ-25 գրոհիչը: Օդուժը գործում էր թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ` Էրզրում-Ղարս հատվածից: Թուրքիան հերքել է իր անմիջական մասնակցությունը պատերազմական գործողություններին:
Բայց` իզուր: Այդ երկիրն Ադրբեջանի կողմից լիարժեքորեն ներգրավվել է Արցախի դեմ զինված ագրեսիայի նաեւ մարտական գործողություններում, ինչը եւ պահանջվում էր ապացուցել, թեեւ սկզբունքորեն Հայաստանի ու հայության բնաջնջմամբ Թուրքիայի շահագրգռվածությունն առանձնապես ապացուցելու կարիք չունի: Ապացույցը կարելի է գտնել մեր ժողովրդի վերջին հարյուրամյակների պատմության բազմաթիվ էջերում: Գաղտնիք չեն նաեւ համաթուրանական ծրագրեր փայփայող էրդողանյան Թուրքիայի նվաճողական նկրտումները, որոնց իրականացման ճանապարհին անկախացած Հայաստանը մեծագույն խոչընդոտն է: Վերջին շրջանում մեր երկրի հասցեին հնչեցրած տասնյակ սպառնալիքներից հետո պաշտոնական Անկարան ձեռնամուխ եղավ դրանց գործնական իրականացմանը` անտեսելով միջազգային կարծիքը: Այժմ նա աներեր կանգնած է «կրտսեր եղբոր կողքին», ինչպես բազմիցս խոստացել էր:
Դիտորդների պնդմամբ` Արցախի եւ Հայաստանի դիրքերն այսօր հրետակոծվում են այս տարվա օգոստոս ամսին Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ օգտագործված, ինչպես նաեւ դրանից առաջ այդտեղ, դարձյալ զորավարժությունների անվան տակ, կուտակված թուրքական զենքերից: Ավելին` թուրքական բանակն ապօրինաբար, առանց դրա իրավունքն ունենալու, ստանձնել է ռազմաճակատի ամենաազդու տեղամասերից մեկի` ադրբեջանական օդուժի կառավարման պատասխանատվությունը եւ իրականացնում է օդից Հայաստանի ռազմական օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին ու խաղաղ բնակչությանը հարվածելու հանձնառություն: Այդ հարվածներից արդեն Հայաստանի տարածքում «ՍՈՒ-25» ռազմաօդանավ է կործանվել, սպանվել են քաղաքացիական անձինք Հադրութում, Մարտունիում եւ Վարդենիսում: Սա, Արցախի օմբուդսմենի խոսքով, պատերազմական հանցագործություն է եւ պետք է պատժվի:
Ամենաարդիական հարցերը, որ կարող են ծագել տվյալ իրավիճակում, հետեւյալն են` ի՞նչ է կորցրել Թուրքիան Հարավային Կովկասում, որ չի գտնում: Մեծ Մերձավոր Արեւելքում կատարած խառնակչությունների համար տակավին պատասխան չտված` նա անարգել մտել է մեկ այլ զգայուն տարածաշրջան: Փորձագետների մեծ մասի կարծիքով` Թուրքիայի մտադրությունը Հարավային Կովկասում «ոտքին տեղ» անելն ու Ռուսաստանին այնտեղից աստիճանաբար դուրս մղելն է: Դա կհեշտացնի Հայաստանի հարցի լուծումը եւ համաթուրանական նախագծի կենսակոչումը: Սակայն Էրդողանի «մուրազը», կարծես թե, փորումն է մնալու, Հայաստանը «չջարդվող ընկույզի» պես ամուր դուրս եկավ: Երեւում է` իր ռազմական արկածախնդրությունն այնտեղ չի անցնելու, սա Սիրիա ու Լիբիա չէ, ինչպես խոստովանում են անգամ իր հավաքագրած եւ Արցախի դեմ կռվելու նպատակով Ադրբեջան բերած իսլամիստ թափթփուկները:
Այս հիասթափությունը, իր երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը ասես քիչ են, հիմա էլ աշխարհի մամուլն ու միջազգային բարձրագույն ատյաններն են սկսել թուքումուր տալ: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը խստորեն դատապարտում են ԼՂ-ում վերսկսված ռազմական գործողությունները` հատուկ ընդգծելով դրանցում երրորդ կողմի ներգրավման անթույլատրելիությունը: Արցախյան հակամարտության նոր լարվածության մասին միջազգային մամուլի էջերում կարմիր թելի պես անցնում է Հարավային Կովկասում Թուրքիայի ախորժակը զսպելու հրամայականը, եթե անգամ դրա համար արեւմտյան գերտերությունները ստիպված լինեն համագործակցել բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունեցող Մոսկվայի հետ:
Ուշագրավ դիտարկում է Evrensel պարբերականում ներկայացրել թուրք հեղինակավոր փորձագետներից Յուսուֆ Քարաթաշը, որի կարծիքով` ԼՂ խնդրի ներկա սրացման գործում մեծ դերակատարություն ունի Էրդողանը: Հենց նա է, ըստ փորձագետի, Բաքվին հրահրում ակտիվ ռազմական գործողությունների` այդկերպ փորձելով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ «Բայց Անկարայի մտադրությունները կարող են հանգեցնել հակառակ արդյունքների, որոնք Թուրքիային չեն ուրախացնի»,- նշել է թուրք փորձագետը։ Այս տեսակետն իրականությանը ավելի մոտ է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շարունակվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը: Վարչապետը մանրամասն անդրադարձել է «Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցող զարգացումներին»: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ եւ կարեւորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Կիրակի օրը սկսած ռազմական գործողություններից հետո սա արդեն Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցն էր։
Սեպտեմբերի 30-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում` Եգիպտոսի նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին: Սարգսյանը Եգիպտոսի իր գործընկերոջը եւ Հորդանանի թագավորին դիմել է՝ օգտագործել միջազգային հարթակներում ունեցած իրենց կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
Վատիկանում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջեւ ձեւավորված սերտ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։ Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված մարտական գործողություններին, որոնց հետեւանքով զոհեր կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում։
Երկու հովվապետերն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար։
Սեպտեմբերի 27-ին Հաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ (ՄԻԵԴ) Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի եւ Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ձեռնպահ մնալու ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտներն ու բնակավայրերը թիրախավորելուց: