Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

9-16 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Պուտին-Փաշինյան դեմառդեմ հանդիպումը, որն արդեն չորրորդն էր այս տարվա ընթացքում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ Մոսկվա էր ժամանել կարճատեւ աշխատանքային այցով, որի շրջանակում միայն հանդիպումն է ՌԴ նախագահի հետ, այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նախատեսված չեն։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Մամուլի ասուլիս կամ հայտարարություն բանակցություններից հետո նախատեսված չէ:

Ավելի վաղ Հայաստանի կառավարության լրատվականը հաղորդել էր, որ Փաշինյանը եւ Պուտինը պատրաստվում են քննարկել Երեւանի եւ Մոսկվայի դաշնակցային օրակարգը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, ինչպես նաեւ ինտեգրացիոն միություններում փոխգործակցությունը:

…Հատկանշական է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից 3 օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը: Դեպքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը վերահսկող ռուս խաղաղապահներից ոչ հեռու: Ավելին՝ խաղաղապահներից մեկը, որպես ապահովության երաշխավոր, այդ պահին նստած է եղել մեքենավարի կողքին, եւ գնդակը կարող էր նաեւ նրան խոցել: Այդ իմաստով տեղի ունեցածը հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների դուրսբերումը պահանջող ադրբեջանական կողմի՝ քանիցս հնչեցրած հայտարարությունների ու դժգոհությունների տրամաբանության ծիրում է: Ըստ փորձագիտական որոշ շրջանակներում առկա տեսակետների, դա երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված շանտաժ է, որով Ադրբեջանը փորձում է վերահաստատել այլեւս ԼՂ-ի խնդրի չգոյության վերաբերյալ Իլհամ Ալիեւի պնդումները, ինչն ինքնին հանգեցնում է ռուս խաղաղարար առաքելության անիմաստության գաղափարին: 

Իրականում Արցախի կարգավիճակի հարցը, որն, անտարակույս, արծարծվել է կրեմլյան քննարկումներում, չի կորցրել իր արդիականությունը՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահի մեծագույն ցանկության: Բանակցությունները վերականգնելու մասին խոսակցությունները գնալով աշխուժանում են՝ ՀՀ-ում մի քիչ վհատ ու վախվորած, ՀՀ-ից դուրս՝ ավելի կտրուկ ու վճռական: Ամեն դեպքում հարցը վերստին Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների օրակարգ է վերադառնում, եւ Ալիեւը ստիպված է հաշվի նստել իր համար դառն իրողության հետ: Գործընթացը տորպեդահարել չի հաջողվի նաեւ «մեծ եղբորը», որը դեռեւս 2008-ից էր փորձում շրջանառության մեջ դնել իր «3+3» առաջարկը՝ նպատակ ունենալով Ռուսաստանի ու Իրանի հետ միասին փոխարինել ներկայումս գործող Մինսկի խմբին եւ «ոտքին տեղ անել»՝ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդի անվան տակ Հարավային Կովկաս ներթափանցելու համար: Նույն փորձը նա անում է նաեւ այժմ՝ օգտվելով ՀՀ թույլ ղեկավարության պատեհությունից: Բարեբախտաբար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ է, եւ այն ոչ ոք չի կարող փոխել, առավել եւս՝ միջինարեւելյան տարածագոտում իր ծավալապաշտական, նախահարձակ նկրտումներով աշխարհին քաջածանոթ Թուրքիան: 

Գալով մեր թեմային, պետք է նկատել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման պաշտոնական ժլատ տեղեկությունների պակասը Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, փորձել է լրացնել «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարած որոշ մանրամասներով: «Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- գրել է Փաշինյանը՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Արդյոք «Զանգեզուրի միջանցք» կոչվածի՞, սահմանազատումների՞, թե՞ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի: Թերեւս՝ գերիների ու պահվող այլ անձանց վերադարձին, ինչպեսեւ կոնկրետ ԼՂ կարգավիճակի թեմային Փաշինյանը, համենայնդեպս, զրույցի բաց հատվածներում չանդրադարձավ: Նա միայն շեշտեց, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ։ «Ցավոք, մեր տարածաշրջանի հետ կապված դեռեւս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, եւ հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- Պուտինին հիշեցրել է Փաշինյանը:

Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների մասին պաշտոնական տեղեկությունների սահմանափակումը, ինչը բանակցությունների փակ ռեժիմի պարագայում կարելի է բնական համարել, երկու պատճառ կարող է ունենալ. ա/ որոշակի հարցերի շուրջ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ; բ/ ձեռք բերված պայմանավորվածությունները բավական զգայուն են, եւ կողմերը որոշել են դրանք հրապարակել միայն շահագրգիռ հասարակություններին փոքր-ինչ նախապատրաստելուց հետո: Քանի որ մեր դեպքում պայմանավորվող կողմերը Ռուսաստանն ու Հայաստանն են, այսինքն՝ անհամաչափ ուժեր, ավելի հավանականը երկրորդ պատճառն է: Հետեւաբար՝ փորձագետ-վերլուծաբաններին մնում է խնդրո առարկա պայմանավորվածությունների մասով անսխալ եզրահանգումներ անելու համար կամ սպասել արդյունքների ամբողջական հստակեցմանը, կամ էլ առայժմ բավարարվել ընդհանուր դատողություններով՝ չնայած զարգացումներին ուշի-ուշով հետեւողների համար շատ բան պարզ է: Փորձենք ծանոթանալ որոշ քննական հայացքների: 

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ Պուտինի հետ Փաշինյանի հանդիպման ընթացքում առաջնահերթության կարգով քննարկվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը թուրք-ադրբեջանական կողմն անընդհատ շահարկում է: Ըստ նրա, Հայաստանի համար կարեւոր է «միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը «հետեւողականորեն ջանում են «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը հավասարեցնել Լաչինի միջանցքի կարգավիճակին»: «Միջանցքի» հարցի քննարկման հավանականությունը մեծ է համարում «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը: «Չեմ բացառում, որ Ռուսաստանը շահագրգռված կլինի, որպեսզի մի հատ էլ էդպիսի միջանցք լինի Նոյեմբերյանի Ոսկեպարի հատվածում Այսինքն՝ ՌԴ-ն ունի հնարավորություն Հայաստանի տարածքում 3-4 միջանցք իր վերահսկողության տակ պահելու եւ դրանով իսկ ազդեցության իր լծակներն ունենալու»,- «Ազատությանն» ասել է Հակոբյանը։ Քաղաքագետներից Ստեփան Գրիգորյան էլ վստահ է, որ ՌԴ-ն սեփական շահի համար կփորձի համոզել Հայաստանին, որ համաձայնի ռուս-թուրքական ծրագրին եւ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ ռուսական զորքի վերահսկողության գաղափարին, ինչը, ըստ քաղաքագետի, «Հայաստանի համար կնշանակի ինքնիշխանության ամբողջական կորուստ»: 

Այո, ինքնիշխանության կորուստը՝ ամբողջական, թե մասնակի, ակնհայտ է: Չակնհայտն ուրիշ հարց է՝ արդյո՞ք պետության ինքնիշխանության կորուստն է այսօր գործող իշխանություններին ամենամտահոգողը: Թե, միգուցե, ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանա՞կը:

 

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հոկտեմբերի 11-ին տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի համար, որը նա չի կատարել: Փաստաբանների խոսքով՝ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս, շարունակում է փաստաբանական խումբը, ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

«Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»,- ասված է հայտարարության մեջ:

…Նախ՝ հիշեցնենք. ավելի վաղ ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն՝ հայտնելով, որ ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության նախարարությունում առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափով՝ 2.277.323.840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ժամեր անց գործի շրջանակներում ԱԱԾ էր հրավիրվել ու կալանավորվել նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ բոլոր մեղավոր անձինք՝ ներկա, թե նախկին, քրեական պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ։ 

Մեծ աղմուկ հանած եւ այժմ էլ հանրային խոսույթի կարեւոր մաս հանդիսացող այս գործը նոր երանգ ստացավ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խմբի հոկտեմբերի 11-ին տարածած հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ չի պատրաստվում պատասխան տալ մի արարքի համար, որը չի կատարել: Հայտարարության մեջ ուշագրավ ուղերձներ կան: Ահա դրանցից մեկը. «…նախկին նախարարը՝ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Ասել է թե՝ շատ բան գիտի, բայց առայժմ չի խոսի: «Հրապարակ»-ն այդ օրերին գրում էր. «Ոմանք սպասում էին նման զարգացումների, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են, եւ նոր բեմականացումներ էին պետք»: Տոնոյանի նկատմամբ իրականացվածը, ըստ թերթի, հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին, որոնց ասելով՝ որոշ ժամանակ առաջ Փաշինյանն ընդունել էր նրան եւ խոստացել ինչ-որ պաշտոն, ինչին նա սպասում էր. «Օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը եւ կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը»: 

Տպավորությունն այնպիսին է, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով դեռ չստեղծած՝ իշխանությունը սկսել է պարտության մեղավորներ «նշանակել» եւ, որպես առաջին քայլ, մոտակա ժամանակներս կազմավորվելիք հանձնաժողովին ուղղորդում է բանակի բարձրաստիճան զինվորականների կողմը: Ոմանք չեն բացառում, որ Տոնոյանի եւ մյուսների կալանավորումը հանրության ուշադրությունը շեղելու միջոց է: Այն հուշում է, որ ինչ-որ վատ բան է լինելու, ինչ-որ բան են ստորագրելու կամ հանձնելու: Անշուշտ՝ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի. ուղղորդո՞ւմ է, թե՞ շեղում՝ ցույց կտա ժամանակը, ամեն դեպքում մի բան հաստատ է՝ ՀՀ պաշտպանության համակարգում ոչինչ չի փոխվել, ինչպես նախկինում՝ այն թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ մահվան դեպքերը, ցավոք, չեն նվազել: «Հիմա էլ բանակում մթնոլորտ չի փոխվել։ Ճաշացուցակը փոխելով՝ մթնոլորտ չես փոխի, մեր զինվորներն արժանի են լավ սնվելու, բայց անցյալ տարվա տվյալներով՝ խաղաղ պայմաններում բանակում հարյուր մահվան դեպք է գրանցվել։ Սա աննախադեպ ցուցանիշ է»,- ասել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ 

Նիկոլ Փաշինյանին լավ ճանաչողները նրան բնութագրում են որպես անհուսալի ընկերոջ, որը կարող է նույնիսկ ամենամերձավորին զոհաբերել հանուն իր հավակնությունների: Տոնոյանն առաջիններից էր, որ առանցքային պաշտոն ստացավ Փաշինյանի կառավարությունում: Նրան այդ պաշտոնում երաշխավորել էր Արարատ Միրզոյանը. «Պարոն Տոնոյանն իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն, երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի»,- ՖԲ իր էջում գրել էր Միրզոյանը։ Այդ ժամանակ Տոնոյանը Սերժ Սարգսյանի կաբինետում զբաղեցնում էր ԱԻ նախարարի պաշտոնը, իսկ դրանից առաջ 7 տարի ծառայել էր ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում: 2018-2020 թթ. պաշտոնավարման ընթացքում մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է Փաշինյան-Տոնոյան հակասությունների մասին։ 2019-ի սեպտեմբերին երկու ուժային կառույցների՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականներից հետո խոսվում էր նաեւ Տոնոյանի հրաժարականի մասին: «Սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու եւ իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու»,- իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերն այսպես էր հերքել նախարարը: 

Աշխատանքում, կենցաղում եւ ընկերական միջավայրում Տոնոյանը, մտերիմ մարդկանց հավաստմամբ, Փաշինյանի հակապատկերն է: Հատկանշական է 2021թ. հունվարին Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցը, որտեղ անդրադարձել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրը ինքը զգուշացրել է քաղաքական ղեկավարությանը, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Տոնոյանը վերահաստատել էր Գասպարյանի խոսքերը՝ ասելով. «Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»: Երեք ամիս անց խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հերքեց բարձրաստիճան զինվորականների այս պնդումները: Նա հայտարարեց. «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես: Ընդհակառակն` ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»: 

Ամեն ինչ նույն տրամաբանության մեջ է՝ բոլորը ստախոսներ են, դավաճաններ ու մեղավորներ են, բացի մեկ մարդուց: Եվ այդ մեկ մարդը… հայտնի է՝ ով է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 14-ին Մինսկում` ռուսական կողմի նախաձեռնությամբ, մասնակցում էին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքին։ Նրանք քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը: Արարատ Միրզոյանն արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարեւորել է ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Նա ուշադրություն է հրավիրել եռակողմ հայտարարության որոշ դրույթների իրականացված չլինելուն` ընդգծելով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՍԴ-ն հոկտեմբերի 9-ին որոշել է, որ մարտի 24-ին ԱԺ-ի ընդունած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար այսուհետ սահմանվում է մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք` նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 6 միլիոն։

Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագիծն` այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոկտեմբերի 11-ին երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր հանդիպում է ունեցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ եւ մասնակցել տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Նորին Սրբությանն ուղեկցում է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ավելի վաղ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին՝ հոկտեմբերի 10-ին, Մոսկվա էր մեկնել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ ՊՆ տեղեկատվության ծառայությունը մանրամասներ չի հրապարակում:

Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ: Հենց Ֆրանցիսկոս Պապի հետ առանձնազրույցն է եղել նախագահի առաջին հանդիպումը: Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով արցախյան հարցին, նշել է, որ այն մարդու իրավունքների խնդիր է: Նախագահը նաեւ երախտագիտությամբ նշել է, որ Հայաստանի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք է մեկնել: Որպես դրա վկայության օրինակներ՝ Սարգսյանը բերել է պատերազմի օրերին ու դրանից հետո Հռոմի պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաեւ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար. հոկտեմբերի 13-ին Հնդկաստանի ԱԳ խարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Ջայշանկարը Երեւան էր ժամանել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Նրան ընդունել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվել: Հնդկական լրատվամիջոցները այցին ընդառաջ գրել էին, որ ԱԳ նախարարը Երեւանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները։

Նախագահի հոկտեմբերի 13-ի հրամանագրով Արտաշես Թումանյանն ազատվել է Իրանում դեսպանի պաշտոնից: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան: Վերջինս 2019-2021թթ. եղել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: