Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

16-23 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անցած կիրակի՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության 9 համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հաղորդմամբ՝ կազմավորվել էր ընդհանուր թվով 152 տեղամաս: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել վեց համայնքներից երեքում՝ Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում։ Առաջին երկուսում հաղթել են համապատասխանաբար՝ «Բալասանյան» եւ «Առուշ Առուշանյան» դաշինքները, իսկ երրորդում՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը: Վեց համայնքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Տեղում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով. քաղաքացիներն ընտրել են կուսակցություններին կամ դաշինքներին, քաղաքական ուժը կձեւավորի ավագանու թիմ՝ ըստ ցուցակի, եւ ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

Գյումրիում ընտրություններին մասնակցում էին 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն եւ 3 դաշինք, Դիլիջանում՝ 5 կուսակցություն, Գորիսում՝ 1 դաշինք եւ 2 կուսակցություն, Մեղրիում՝ 4, Տեղ համայնքում՝ 2 եւ Տաթեւում՝ 3 կուսակցություն: Բոլոր նշված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրված էր: Մյուս երեք համայնքներում` Շամիրամ (Արագածոտնի մարզ), Ֆերիկ (Արմավիրի մարզ), Ֆիոլետովո (Լոռու մարզ), ընտրություններն անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվը չէր անցնում 4 հազարը: Ընդհանուր առմամբ՝ ընտրողների մասնակցությունը աննախադեպ ցածր էր՝ 33.23 տոկոս: Ամենացածր մասնակցությունը ՀՀ ամենախոշոր համայնքում էր՝ Գյումրիում՝ 24.14 տոկոս, ամենաբարձր մասնակցությունը՝ Տաթեւում՝ 62.66 տոկոս:

…ՏԻՄ ընտրությունների առաջին շաբաթվա արդյունքները փորձագետներն իշխանության համար ջախջախիչ պարտություն են համարում, ինչն իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի վարկանիշի անկման մասին է վկայում։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այդ տեսակետը չի կիսում: Նրա կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները այլ տրամաբանության մեջ են. խնդիրն այստեղ ավելի շուտ թեկնածուների անձնական հատկանիշներն են. «Ես կարծում եմ, որ թեկնածուների սխալ ընտրություն է եղել, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Իսկ ժողովրդավարական առումով շատ դրական եմ գնահատում»,- նշել է Սուքիասյանը՝ հավանաբար նկատի ունենալով Գյումրիում եւ Գորիսում ընդդիմության հաղթանակը, որը, նրա վերաիմաստավորմամբ, ազատ, արդար ընտրության եւ բարձր ժողովրդավարության ցուցիչ է։ Խորհրդարանական ընդդիմության գնահատականն ավելի պրագմատիկ է՝ «իշխանական թեկնածուները չկարողացան հաղթել անգամ այն պարագայում, երբ իրենց մրցակիցները ոչ շահեկան մրցակցային պայմաններում էին. մեկը բանտում էր, մյուսը՝ հիվանդանոցում»:

Իշխանությունները մեծ ջանքեր ու միջոցներ են ներդրել հատկապես Սյունիքում ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերին ցանկացած գնով յուրայիններով փոխարինելու համար: Այդ մասին նրանք հոգ էին տարել դեռեւս այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, երբ տարբեր շինծու մեղադրանքներով սկսեցին քրեական գործեր հարուցել եւ կալանքի տակ վերցնել ու ցայսօր անազատության մեջ պահել Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի եւ Սյունիքի մի շարք այլ համայնքների ղեկավարների, որոնք մերժում են իշխանությունների ապազգային քաղաքականությունը: Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ուսերին կրել են 44-օրյա պատերազմի ողջ ծանրությունը, անառիկ պահել Սյունիքի սահմանները, արժանացել ժողովրդի հարգանքին ու վստահությանը: «Գորիսի ընտրություններին ունեցանք հաղթանակ, քանի որ այս անգամ բացակայում էին բանակը, շրջիկ խմբերը, ապօրինի անձնագրերը։ Իսկ Առուշանյանն այսօր ցույց տվեց Գորիսի իրական պատկերը, այն է՝ իշխանությունն իրականում չունի 20-22 տոկոսից ավել քվե»,- լրագրողներին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ 

Գաղտնիք չէ, որ ՏԻՄ ընտրությունները մի շարք տեղամասերում՝ Գորիսում առավելապես, քաղաքականացված էին, եւ այդ իմաստով գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի մրցակիցը, ըստ էության, ոչ թե ՔՊ-ն պաշտոնապես ներկայացնող Վլադիմիր Աբունցն էր, այլ Նիկոլ Փաշինյանը, ով Առուշանյանի հետ հին հաշիվներ ուներ: Վերջինս՝ որպես կամավորական, 2020-ի ամռան-աշնան ամիսներին մասնակցում էր Սյունյաց սահմանների պաշտպանությանը եւ դեմ էր Սյունիքի բարձունքները թշնամուն հանձնելու՝ Փաշինյանի որոշմանը, որով վտանգվում էր մարդկանց անվտանգությունը: Օրեր շարունակ Սյունիքում տեղի էին ունենում բողոքի գործողություններ, բայց դիրքերը, այնուամենայնիվ, հանձնվեցին, եւ այժմ ապահով չէ երթեւեկը Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհներով: Առուշը լավ «ընդունելություն» էր խոստացել Փաշինյանին եւ խոստմանը տեր եղավ, երբ անցած տարվա դեկտեմբերի 20-ին գորիսեցիները նրա կոչով արգելափակեցին «Սյունիքի դարպասները», որպեսզի «հայոց հողը օտարողը» չմտնի Սյունիքի մարզ: Սակայն գիշերը Երեւանից ոստիկանական մեծ խմբեր էին ուղարկվել Սյունիք եւ անմիջապես բերման ենթարկել Գորիսի քաղաքապետին: 

Բայց անգամ նրա մեկուսացումը չփոխեց իրավիճակը, ցուցարարները հասցրել էին վաղ առավոտյան փակել ճանապարհը, եւ Փաշինյանը ստիպված էր ուղղաթիռով գնալ Սիսիան, հանդիպել մի քանի տասնյակ մարդկանց հետ, արժանանալ Սիսիանի եկեղեցու քահանայի արհամարհանքին եւ «քոռ ու փոշման» վերադառնալ մայրաքաղաք: Այսպիսով, կարծես թե, հասկանալի է դառնում Գորիսի եւ, առհասարակ, Սյունիքի մյուս անհնազանդ համայնքապետերից ազատվելու, նրանց սեփական մանկլավիկներով փոխարինելու՝ իշխանությունների շահագրգռվածությունը, որոնք չեն ուզում գործ ունենալ «հաստակող», բայց իրականում սկզբունքային, իշխանական պատվերներ չհանդուրժող գործիչների հետ: Հոկտեմբերի 17-ին ՔՊ-ն Գորիսում մեծաքանակ աջակիցներ ու ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել, խուզարկություններ էր ձեռնարկել Առուշ Առուշանյանի ընտրական շտաբում, նրա հոր եւ մյուս հարազատների տներում, իսկ ընտրություններից առաջ սոցիալական աջակցության անվան տակ ընտրողներին գումարներ էր բաժանել եւ այլն: Սակայն ոչինչ չօգնեց. Գորիսը արժանին հատուցեց իր հերոս զավակի անկաշառ նվիրումին, անձնուրացությանն ու հայրենասիրական ջիղին: 

ՀՀ երկու խոշոր համայնքներում՝ Սյունիքում եւ Գյումրիում իշխող քաղաքական ուժի ջախջախիչ պարտությունը ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի ամենացնցող իրադարձությունն էր: Իշխանությունը, բնականաբար, վատ է տարել իր ձախողումները: «Հրապարակ» թերթի տեղեկությամբ՝ Գյումրիում պարտվելուց հետո ՔՊ-ի տեղական շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել. սկսել են պարտության համար միմյանց մեղադրել, հարձակվել իրար վրա, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրար: Թերթի նկարագրությամբ՝ վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը: Վերջինս Հարությունյանին մեղադրել է անկազմակերպ, ոչ թիմային, աշխատանքի համար, իսկ Հարությունյանը Սարուխանյանին՝ «տակից խաղեր տալու» մեջ: Ասում են՝ «կրակը թեժացնողը» շտաբում ներկա գտնված ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն է եղել, որը գյումրեցի թիմակիցներին հանդիմանել է, թե՝ «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշներիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ 

Հետաքրքիր է, որ ընդամենը 4 ամիս առաջ Գյումրիում ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավաքել էր 28.200 ձայն, մինչդեռ հոկտեմբերի 17-ին նրա օգտին տրված քվեների թիվը 7.700 էր՝ գրեթե չորս անգամ պակաս: Ինչպե՞ս հասկանալ: Ամենայն հավանականությամբ՝ Գյումրիում եւս, ինչպես Գորիսում, Վահե Հակոբյանի նշած պատճառն է՝ ի տարբերություն հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների, այս անգամ հնարավոր չեղավ գործողության մեջ դնել բանակը, շրջիկ խմբերը եւ ապօրինի անձնագրերը: Իշխանությունն, ըստ երեւույթին, հեշտ հաղթանակ էր ակնկալում, ուստի որոշեց գնալ անհամեմատ «թավշյա» խախտումների: Սակայն հաշվարկները սխալ դուրս եկան, ձեռքի հետ էլ ապացուցվեց, որ ինչպես Սյունիքում, այնպես էլ Գյումրիում եւ այլուր, հունիսի 20-ին տեղի են ունեցել աննախադեպ ընտրակեղծարարություններ: 

ՏԻՄ հաջորդ երկու փուլերի ընտրությունները նախատեսված են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Առջեւում նոր ընտրական ճակատամարտեր կան դեռ: Ավելորդ է ասել, թե ինչպիսի բծախնդրությամբ են իշխանությունները պատրաստվում հաջորդ «ռաունդներին». նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի համայնքներում: Ասել է թե՝ թեժ օրեր են սպասվում եւ, իհարկե, նոր անակնկալներ: 

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մոսկվայում հոկտեմբերի 20-ին ավարտվեց Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստը, որի ընթացքում դիտարկվել են երեք երկրների ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության շրջանակում Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները: Աշխատանքային խմբի Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի նախօրեին հայտարարել էր, որ «միջանցքի» հարց ընդհանրապես չի քննարկվում: Նրա խոսքով՝ օրակարգում առաջնայինը խորհրդային տարիներին գործած բոլոր երկաթգծերի վերականգնումն է:

Հոկտեմբերի 19-ին Բաքվից Հայաստան են վերադարձել 5 հայ ռազմագերիներ։ «Էրեբունի» օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։ ՀՀ կառավարությունից գեթ մեկ ներկայացուցիչ օդանավակայան չէր գնացել: Վերադարձածների խմբում էին Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը եւ Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը: Նրանց նկատմամբ Ադրբեջանը շինծու քրեական գործեր էր կազմել եւ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ դատապարտել 6-ական տարվա ազատազրկման: Այդպիսով՝ Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 114-ի, նրանց թվում են եւ՛ զինծառայողներ, եւ՛ քաղաքացիական անձինք։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Կա 5 զոհ եւ 10 տուժած։ Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց հոսպիտալացված 13 վիրավորի մասին։ Ըստ նախարարության, 10 տուժած, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: