Ուրբաթ, Մարտի 29, 2024

Շաբաթվա անցուդարձ

24 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 25-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին: Նշված համայնքում ընտրել են համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ: ՏԻՄ ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 314 տեղամաս: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 4 տեղական հասարակական կազմակերպություն (դիտոդների ընդհանուր թիվը՝ 210): Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էին 17 ԶԼՄ-ների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:

 

Մեկնաբանությունը

ՏԻՄ ընտրությունների մասով գործող իշխանության հետաքրքրությունները միշտ անառողջ դրսեւորումներ են ունեցել: Դրանում համոզվելու համար հեռու գնալ պետք չէ, բավական է մտաբերել 2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ համամասնական ընտրություններին հետեւած զարգացումները՝ մասնավորապես ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ տեղի ունեցած աննախադեպ հալածանքները, ձերբակալությունները, շինծու քրգործերը Վեդի, Փարաքար, Վարդենիս, Վանաձոր եւ այլ համայնքներում: Չի բացառվում, որ նույն ապօրինությունները կրկնվեն նաեւ անցած կիրակի տեղի ունեցած ընտրությունների հետընտրական շրջանում:

Նախքան ընտրությունների արդյունքների դիտարկումներին անցնելը, փորձենք հասկանալ, թե ինչով է բացատրվում ՏԻՄ-երի հանդեպ իշխանությունների ակնհայտորեն խանդոտ ու հիվանդագին վերաբերմունքը: Պատճառը, հավանաբար, այն է, որ ինքնակառավարման մարմինները՝ իրենց որոշակի յուրահատկություններով պայմանավորված, ամենաքիչն են հակված կուսակցականացման, ինչն էապես խանգարում է ընտրությունների ժամանակ այդ կարեւոր ինստիտուտին ուղղորդված աշխատեցնել հօգուտ ՔՊ թեկնածուի: Բանն այն է, որ համայնքներում առավելապես աշխատում են տոհմային-ազգակցական, բարեկամական կապերը՝ գաղափարաքաղաքական սկզբունքներն ու կուսակցական նախընտրությունները մղելով հետին պլան:

Սակայն ասվածը չի նշանակում, թե օրվա իշխանություններն անկարող են ազդել ընտրությունների ընթացքի եւ քվեարկության արդյունքների վրա: Չպետք է մոռանալ, որ նրանց տրամադրության տակ ահռելի վարչական ռեսուրսներ ու լծակներ կան, որոնք անհրաժեշտ պահին գործի են դնում ի նպաստ համայնքապետերի իրենց ցանկալի թեկնածուների առաջխաղացման: Դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կազմակերպությունների փոխանցմամբ՝ ընտրակեղծիքների առումով ՔՊ-ականները ետ չեն մնում նախորդ իշխանություններից: Սա մեկ անգամ եւս հաստատվեց սեպտեմբերի 25-ի ընտրություններում:

Սիսիանի թիվ 34/06 տեղամասում ընտրախախտումների փաստեր է արձանագրել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդական առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի գործողություններում: Գրեթե ողջ օրը անհայտ կարգավիճակով իշխանական այդ պատգամավորը տեղամասում էր եւ մուտքի մոտ շարունակաբար կուտակումներ էր առաջացնում, քամահրելով մեքենան մուտքից հեռացնելու՝ ոստիկանների օրինական պահանջը: Դիտորդի խոսքով՝ ժամերով մուտքի մոտ կայանած իր մեքենայում նա լսում էր ընտրողներին տեղամաս ուղեկցող «տասովշիկների» զեկույցները եւ ինչ-որ հրահանգներ տալիս նրանց։

«Այս հենքին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, թե ՔՊ-ն՝ ի դեմս Համբարձումյանի, վարչական լծակների օգտագործմամբ Սիսիանում ընդդիմադիր թեկնածուներին ստիպում էր ինքնաբացարկ հայտնել»,- գրում է Իոաննիսյանը։ Նույն տեղամասից ահազանգ է հնչեցրել նաեւ լրագրող Նաիրի Հոխիկյանը. «ՔՊ-ն իր չինովնիկներով ու վարչական լծակներով, մարդկանց վախեցնելով՝ հազիվ 34,5% ձայն է հավաքել, ինչը մեծամասնություն է, բայց՝ ոչ բավարար»,- հայտնում է Հոխիկյանը: Ըստ նրա, իրական ընդդիմադիր մի քանի ուժեր կոալիցիա կազմելու դեպքում կարող են իրենց միասնական արդյունքը հասցնել 58,5%-ի եւ ստանձնել Սիսիանի կառավարումը:

Այսպիսով, ԿԸՀ-ի հրապարակած նախնական ամփոփագրի համաձայն՝ ՔՊ-ն այս ընտրություններում 50 տոկոսի չափ համայնքներում պարտվել է: Դրանք են Ալավերդին, Չարենցավանը, Բերդը, Տաշիրը, Անին, Ալագյազը, Քաջարանը եւ այլն, իսկ Ճամբարակում թեկնածու չի առաջադրել: Բայց իշխանական ուժը որոշ համայնքներում կոալիցիա կազմելու առնվազն տեսական հնարավորություն ունի: «Փաստ»-ի տեղեկությամբ՝ բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների ու «տասովկաների» մեջ են՝ փորձելով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքները:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ իշխանության ներկայացուցիչները ջանում էին հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով համապատասխան շրջանակների հետ կապի դուրս գալ եւ իրենց ցանկալի դրական արդյունքն ապահովել: «Նրանցից ոմանք հրավիրվել են Երեւան՝ «մայր գրասենյակ»՝ քարոզարշավի ընթացքում տված խոստումների, կորցրած ձայների եւ ծախսած գումարների համար պատասխան տալու նպատակով»,- գրում է «Փաստ» պարբերականը։ Ընդհանուր առմամբ՝ լրատվամիջոցները վարչական ռեսուրսի չարաշահման, աշխատանքից ազատման եւ այլ սպառնալիքների գործադրման, յուրայիններին տարատեսակ արտոնությունների ու աջակցությունների տրամադրման բազմաթիվ փաստեր են ի հայտ բերել: Իսկ ընտրական գործընթացներում նախկին «հայտնիների» եւ տեղական հեղինակությունների ներգրավումը, մամուլի տպավորությամբ, հիշեցնում էին հին ու բարի ժամանակները. «հերթական ծառայությունը՝ հերթական իշխանությանը»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը: Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի եւ այլ խնդիրներ մասին, ՀՀ կառավարության ղեկավարը՝ որպես խաղաղության փաստաթղթի հիմք, մատնանշել է 1991թ. ստորագրված՝ ԱՊՀ-ի կազմավորման մասին համաձայնագրի սահմանները: «Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Փաշինյանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը սեպտեմբերի 24-ին այցելել է Վայոց ձորի մարզ: Հանդիպմանը մարզպետ Արարատ Գրիգորյանը նրանց է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի նախահարձակ պատերազմի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների եւ բնակչության կրած վնասները: Ըստ մարզպետարանի հաղորդագրության` քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ եռօրյա մարտերի հետեւանքով վնասներ կրած տարածքներ են այցելել նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպեսեւ ՀԱՊԿ առաքելությունն ու կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվությունը: ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Սեպտեմբերի 20-ից Երեւանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, մանրամասն քննարկել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները:

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Հունաստանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 27-ին ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նախարար Դենդիասին դիմավորել եւ նրա հետ առանձնազրույց է ունեցել  հայաստանցի պաշտոնակիցը՝ Արարատ Միրզոյանը։ Այնուհետեւ Հունաստանի ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ մանրամասն անդրադառնալով Հարավային Կովկասում եւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքներին, տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդիրներին:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 28-ին Գորիսում եւ Ջերմուկում էր։ Ռուս դիվանագետը հանդիպել է տեղում հայկական զորամիավորումների հրամանատարների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, սեպտեմբերի 13-14-ի կրակոցների ժամանակ սահմանամերձ համայնքների կրած վնասներին։ Դեսպան Կոպիրկինն այցելել է նաեւ ռուսական 102-րդ բազայի Գորիսում տեղակայված զորամիավորում, իսկ Սիսիանում՝ ռուսական խաղաղապահ անձնակազմի ավիացիոն խմբին։ Ավելի վաղ Սյունիք էր այցելել Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին եւ հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ հայտնում է Սյունիքի մարզպետարանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: