Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

10-17 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախատեսվում է, որ այն կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամ Ֆրանսուա Պուպոնը, որը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ: Նախագծում նշվում է, որ Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումից, իսկ հարցի արագ ու վերջնական լուծման համար առաջարկվում է ապահովել ԼՂՀ-ի լիարժեք ինքնորոշման իրավունքը` այն սահմաններով, որոնք արդեն կորոշվեն ԼՂՀ իշխանությունների հետ բանակցությունների միջոցով։ «Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը` անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունն ու այդ երկրի իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ` հակամարտության վերջնական լուծման համար»,- ասված է փաստաթղթում։

…Արցախի Հանրապետության ճանաչման խնդիրը ամենաչարչրկվածներից է: Այդ թեմայի արծարծումները սկսվել են դեռեւս Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, մասնավորապես այն պահից, երբ 1989-ի դեկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած` ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ ինքնավար մարզի Ազգային խորհրդի համատեղ նիստում ընդունվեց վերամիավորման մասին հայտնի որոշումը: Սակայն վերամիավորումն այդպես էլ տեղի չունեցավ, եւ խնդիրն անորոշ վիճակում հետաձգվեց երկարատեւ «հետո»-ին: Առաջին արցախյան պատերազմից հետո անցած տարիների ընթացքում  «վերամիավորումը» ժամանակ առ ժամանակ դառնում էր ինչպես փորձագիտական ու քաղաքական շրջանակների, այնպես էլ հանրային խոսույթի քննության առարկա` գլխավորապես «միավորո՞ւմ, թե՞ անկախության ճանաչում» երկընտրանքի համատեքստում: 

Այս կարգավիճակներից յուրաքանչյուրի կողմնակիցներներն ունեին իրենց փաստարկները: Նրանք, ովքեր պնդում էին Հայաստանի հետ Արցախի միավորման հայեցակարգը, համոզված էին, որ դա Արցախի անվտանգության համար առավել նպաստավոր կարգավիճակ է: Ադպիսով Արցախը, ըստ միավորման կողմնակիցների, ապահով կտեղավորվի ՀԱՊԿ-ի «տանիքի» տակ, եւ մեծապես կնվազի թշնամական ագրեսիաների ենթարկվելու վտանգը: Բացի դրանից, մեկ կենտրոնից ղեկավարվող Զինված ուժերը, պետբյուջեն, հարկային եւ մաքսային դաշտը, մյուս ոլորտներն ու գերատեսչությունները, նրանց կարծիքով, կառավարման համակարգը կդարձնեն ավելի ճկուն եւ արդյունավետ: 

Անկախության ճանաչման, ուստիեւ երկու հայկական պետությունների զուգահեռ համակեցության ջատագովներն էլ իրենց հիմնավորումներն ունեին եւ գտնում էին, որ առաջնահերթության առումով կարեւոր քայլը Արցախի անկախության ճանաչումն է, որովհետեւ արդեն երկու անկախ հայկական պետության առկայության դեպքում հետագա վերամիավորումը կդառնար զուտ տեխնիկայի խնդիր: Այս խմբին հարողները, սակայն, լավագույն տարբերակ էին համարում Արցախի ճանաչումը նախ որեւէ այլ պետության կողմից, այնուհետեւ` Հայաստանի: Այս տարբերակին էին հակված նաեւ նախորդ իշխանությունները` ակնկալելով, որ որեւէ երկիր ժամանակի ընթացքում անպայման կճանաչի Արցախի անկախ կարգավիճակը: Ժամանակն անցնում էր, բայց ոչ մի պետության կողմից ճանաչման հարց չէր բարձրացվում: 

Նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում ՀՀ առանձին քաղաքական ուժեր, մասնավորապես` ԱԺ-ում ներկայացված «Ժառանգությունը», որը ԼՂՀ-ն ճանաչելու հարցը 2007 թվականից այս կողմ խորհրդարանում քննարկման առարկա էր դարձրել, ընդհանուր առմամբ, 5 անգամ, սակայն նախագծերից եւ ոչ մեկին ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը դրական եզրակացություն չէին տվել: Ավելին` խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, բոլոր քննարկումների ժամանակ հեղինակներին կոչ էր անում նախագիծը դուրս բերել օրակարգից` համարելով, որ այն պոպուլիստական քայլ է եւ հակոտնյա բանակցային գործընթացի տրամաբանությանը, ինչը կարող է պատերազմի հանգեցնել: Սակայն «Ժառանգության» հիմնավորմամբ` ՀՀ օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարեւոր քայլ կլինի խնդրի լուծումն օրենսդրորեն կարգավորելու եւ ԼՂՀ-ի հետ իրավական հարաբերությունների հիմքեր ստեղծելու գործում: Օրվա իշխանությունը, որի կարեւոր հակափաստարկը ճանաչման դեպքում պատերազմի վերսկսման վտանգն է, միշտ մնում էր անդրդվելի: 

Այժմ, երբ պատերազմի մեջ ենք եւ, կարծես թե, այլեւս մտավախություն կամ, ինչպես ասում են, կորցնելու բան չունենք, թեման կրկին արդիականացել է: Նորերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե մոտակա օրերին չլինի հրադադար, ապա Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմելու է Հայաստանին: Այսպիսի դեպքերում միշտ գտնվում են ընդդիմախոսներ, որոնք սովորաբար չճանաչման պատճառ են բերում ժամանակի անպատեհությունը: Այս անգամ մոտիվացիան մի փոքր այլ  էր: Այսպես` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանի կողմից ճանաչումն իմաստ կունենա, եթե մեզ հետ միաժամանակ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից որեւէ մեկը եւ այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը: «Այլապես դա խնդրի լուծում չէ եւ կփակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դուռը մեր առջեւ… Սեղանի վրա պետք է դնել այն մոտեցումը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը նաեւ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հարց է»,- հայտարարել է ԼՀԿ ղեկավարը` ակնարկելով վերջերս շրջանառվող «Ճանաչում` հանուն փրկության» բանաձեւը, որի հիմքով օրեր առաջ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչել էր Ժնեւի քաղաքային խորհուրդը: 

Միով բանիվ` մեր պետական ու քաղաքական այրերը Արցախի Հանրապետության ճանաչման առումով ավելի շատ հակափաստարկներ ունեն, քան` հիմնավորումներ: Մեկն ասում է` Եվրոպան մեր առջեւ դուռը կփակի, մյուսը թե` կարող ենք ճանաչել, բայց միայն այն դեպքում, երբ ուրիշ ելք չունենանք, երրորդ զգուշանում է Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումներից, չորրորդը` պատերազմից եւ այդպես շարունակ: Այսօր Արցախի դեմ ագրեսիա ձեռնարկած Էրդողանի երկիրը միակն է, որ ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, եւ աշխարհը ցայսօր լուռ է մնում: Դե, մենք Թուրքիայի թափն ու վճռականությունը չունենք: Մենք Արցախը չենք ճանաչում, բանակցությունները չենք ձախողում, բայց դրա փոխարեն ամենաբարձր մակարդակով հայտարարում ենք` «Արցախը Հայաստան է, եւ վե´րջ»: Բա եղա՞վ…

  

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել եւ մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ըստ Կրեմլի հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում։ Կողմերը կարեւորել են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու` Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին` Մինսկի խմբի առաջարկների հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների` խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների ու մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցել է նաեւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Դենդիասը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը մտահոգում է Հունաստանին, եւ նման մտահոգություն կա նաեւ միջազգային մակարդակում։ Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ հրադադար հաստատելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը չի իրականացվում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ներկայացրած բողոքը: Մեւլութ Չավուշօղլուն խնդրել էր վերացնել հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցը: Դատարանն ուժի մեջ է թողել Հայաստանի դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը այն մասին, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: