Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

23-30 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավերջին Հայաստանում կամ Հայաստանի շուրջ տեղի ունեցան երկու աղմկոտ իրադարձություններ, որոնց արձագանքները շարունակվում էին գրեթե անցնող շաբաթվա ողջ ընթացքում եւ, հավանաբար, կշարունակվեն առնվազն մինչեւ նոյեմբերի 9-ը: Այդ օրը, ինչպես «Ալիք Մեդիա»-ին հայտնի դարձավ «դիվանագիտական վստահելի աղբյուրներից», Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում, Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, «եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ»: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով ԽՍՀՄ 1920-ական թվականների պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին նույն օրը՝ հոկտեմբերի 22-ին, ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը Սոչիի «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում ունեցած ելույթում:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանցի փոխվարչապետների մակարդակով վարվող վերջին բանակցություններում, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

…Նախ՝ մի էական հանգամանքի մասին, որը չի վրիպել որոշ դիտորդների ուշադրությունից. սույն տեղեկատվական արտահոսքը «դիվանագիտական վստահելի աղբյուրների» հղմամբ հրապարակած «Ալիք Մեդիա»-ի հիմնադիրը ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանն է, ով հայտնի է իշխանությունների հանդեպ լոյալ վերաբերմունքով: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ արտահոսքը գալիս է իշխանական բուրգի ամենավերեւներից եւ նպատակ ունի ոչ միայն շոշափել հանրային տրամադրությունները, այլեւ ընդդիմությանը մղել բողոքի փողոցային գործողությունների, ինչը Նիկոլ Փաշինյանի համար հիմք կծառայի հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթերը ստորագրելուց: «Այն, որ հենց Նիկոլն է տալիս այդ արտահոսքը, նշանակում է, որ ինքը չի ուզում ստորագրել… քանի որ հասկանում է՝ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Չստորագրելու տարբերակը մի փոքր այլ տեսանկյան տակ է պատկերացնում լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: Նա գրում է. «Եթե տեքստում հստակ ասվում է ֆորսմաժորի հնարավորության մասին, ապա, ամենայն հավանականությամբ, որեւէ թուղթ չի ստորագրվելու»։ 

Ամեն դեպքում մոսկովյան հանդիպման բուն փաստը, կածես թե, կասկած չի հարուցում, եւ նոյեմբերի 9-ի ընտրությունը պատահական չէ: 2020-ի այդ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան ՀՀ սահմաններ: Նոյեմբերի 9-ը, ի դեպ, նաեւ Ադրբեջանի պետական դրոշի օրն է՝ խորհրդանիշ, որին այդ երկրի ղեկավարը սիրում է հատուկ իմաստ ու կարեւորություն տալ կամ, պարզապես, առիթն օգտագործում է աշխարհին ու սեփական հանրությանը ներկայանալու որպես հայրենասեր, մաքրամաքուր գործիչ, պետության եւ նրա խորհրդանիշների նվիրյալ: Համենայն դեպս, ցուցադրաբար փորձում է այդպիսին երեւալ՝ ներքուստ լինելով համոզված բռնապետ ու այլատյացության տիպար: Բայց դա մեզ ամենաքիչն է հետաքրքրում: Մեր խնդիրն է վերարծարծել շաբաթվա ընթացքում մեծ աղմուկ հանած այն երկու փոխկապակցված դիպվածները, որոնց մասին խոսվեց վերը, դրանք են՝ մոսկովյան առաջիկա ենթադրյալ օրակարգը, այսինքն՝ եռակողմ ձեաչափով ստորագրվելիք զույգ հայտարարությունները, եւ սահմանազատման-սահմանագծման հետ կապված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշագրավ դիտարկումները: 

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսելու առիթներ շատ ենք ունեցել: Ի մասնավորի՝ քանիցս նկարագրել ենք, թե ինչպես են Ադրբեջանի ներկայացուցիչները՝ օգտվելով ՀՀ իշխանությունների թուլությունից եւ ստեղծված բարձիթողության պայմաններից, GPS-ներով սահմանազատման ու սահմանագծման գործընթաց իրականացնում Սյունիքի, Գեղարքունիքի եւ այլ մարզերում: Նրանք անարգել տիրանում էին ռազմավարորեն շահեկան մեր դիրքերին, բարձունքներին՝ ընդհուպ մոտենալով հայկական բնակավայրերին, ցանքսերին ու արոտներին: Հետպատերազմյան առաջին ամիսներից արդեն լուրեր էին տարածվում,- եւ ոչ առանց հիմքի,- որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առանձին հատվածներում հայ դիրքապահներից հավաքում է զենքերը, պահանջում հետ քաշվել, որովհետեւ տվյալ տարածքը, ըստ նախարարության պաշտոնյաների, ադրբեջանցիներին է պատկանում: Բերենք ընդամենը մեկ օրինակ. անձամբ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի բանավոր հրահանգով՝ դա դեկտեմբերի 17-ին էր, հայկական ուժերը Գորիսի եւ Կապանի հատվածում 25 կմ հետ են գնացել՝ թշնամուն թողնելով Գորիսի, Խնձորեսկի ու Զանգեզուր-Կուբաթլուի դիրքերը: Ի դեպ, իշխանությունների հետ Սյունիքի համայնքապետերի տարաձայնությունները, ինչի համար մինչ օրս նրանց չեն ներում, այդտեղից են սկսել: 

Այդպես՝ Հայաստանի տարածքների հաշվին սեփական դիրքերը նախապես ամրացնելով, հակառակորդը սահմանազատման ու սահմանագծման գործընթացից առաջ իր համար ապահովել է բարենպաստ մեկնարկային պայմաններ՝ Հայաստանին թողնելով «թղթե» շերեփը: Ուրեմն՝ հետագայում ծագելիք դժվարությունների, անհաջողությունների համար պետք չէ մեղադրել «հայի բախտին», Ռուսաստանին, նախկիններին, չգիտեմ էլ ում: Սա՝ իմիջիայլոց: Հիմա անդրադառնանք հանրության շրջանում շատ տարածված մի հարցի՝ ձեռնտո՞ւ է արդյոք Հայաստանի համար սահմանազատման ու սահմանագծման իրականացումը: Անշուշտ՝ խնդիրը ձեռնտու լինել-չլինելը չէ, ուղղակի դա անհրաժեշտություն է, բայց գործընթացի իրականացման համար, ինչը հաճախ մի քանի տասնամյակներ է տեւում, պետք է ունենալ բնականոն նախադրյալներ եւ առաջնորդվել միջազգայնորեն ընդունված կարգուկանոնով: Հապճեպությունը, պարտվածի համախտանիշը, երկրի հասարակական-քաղաքական անկայունությունը այս գործընթացում խստիվ հակացուցված են: 

«Ալիք Մեդիա»-ի տեղեկատվական արտահոսքում մի հետաքրքիր ձեւակերպում կա, որին վերն անդրադարձանք. Հայաստանն ու Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, «եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ»: Ի՞նչ կարող է նշանակել այս յուրօրինակ վերապահումը, երբ բոլորի համար պարզ է, որ ցանկացած դեպքում Պուտինն ի զորու է կողմերից ցանկացածին ստիպել, որպեսզի ստորագրությունը դնի փաստաթղթի տակ: Անհաղթահարելի իրավիճակ, հնարավոր է, կառաջանա երկու դեպքում՝ ա/ կողմերից մեկը՝ ամենահավանականը Նիկոլ Փաշինյանն է, հրաժարական է տալիս, եւ բ/ վերջին պահին նույն Փաշինյանն ուղղակի չի ստորագրում եւ վիժեցնում է գործընթացը: Արցախյան հակամարտության տարեգրության մեջ այդպիսի դեպքեր եղել են. 2001 թվականին, երբ Քի Ուեսթում կողմերը շատ մոտ էին տարածքների փոխանակման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած տարբերակի կենսակոչմանը եւ ուր-որ է պետք է ստորագրեին համաձայնագիրը, Հեյդար Ալիեւն անսպասելիորեն հետ է կանգնում իր խոսքից: Նման մի իրավիճակ էլ ստեղծվել էր դրանից 10 տարի անց Կազանում՝ Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան բանակցությունների ավարտին, երբ կազանյան փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվում է Ալիեւ կրտսերը եւ նեղսրտած հեռանում: 

Այսօր բոլորովին այլ իրավիճակ է՝ նախ Հայաստանը պարտված կողմն է, թույլ ու անդաշնակից, նրա կարծիքը քիչ բան է նշանակում: Եվ երկրորդ՝ Փաշինյանը հրաժարական չի տա, եթե նույնիսկ շատ ցանկանա: Ինքը դեռ կիսատ գործեր ունի, որոնք պետք է ավարտին հասցնի: «Վալդայ» ակումբում հնչեցրած իր ուղերձում Պուտինը հասկանալ է տվել, որ իրադրության տերն ինքն է: Ըստ նրա, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմի եւ Ռուսաստանի մասնակցությունը։ «Այս պահին կարեւորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից եւ Ռուսաստանից, ոչ ոք պետք չէ։ Հարկավոր է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ… որովհետեւ քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջեւ։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել»,- հայտարարել է Պուտինը՝ խոսքի շարունակության մեջ ակնարկելով խորհրդային շրջանի 20-ականների քարտեզները: 

Նշված ժամանակահատվածի քարտեզներով, համաձայն մասնագետների վկայությունների, ներկայիս Ադրբեջանի հսկայական տարածքներ իրավական առումով պատկանել են Հայաստանին, հետեւապես արդարացի սահմանազատման դեպքում պետք է հարյուրամյա գերության մեջ գտնվող տարածքներն անվերապահորեն վերադարձվեն իսկական տիրոջը: Սահմանագծման եւ սահմանազատման խնդրին առնչվող ամենաաննպաստ զարգացումը Հայաստանի համար անխուսափելի կլինի, եթե երկու հակամարտ կողմերը շտապեն ճանաչել միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ նախքան Արցախի կարգավիճակի հստակեցումը: Բանակցողից կամք ու շրջահայացություն է պահանջում ճանապարհ-միջանցքների, անկլավների եւ, հատկապես, այն քարտեզների հարցը, որոնց հիման վրա իրականացվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծումը: Կունենա՞ հայկական կողմի բանակցողն այնքան կամք, շրջահայացություն եւ արժանապատվություն, որպեսզի երկրորդ «Նոյեմբերի 9»-ը չբերի հայ ժողովրդի գլխին: 

Ըստ երեւույթին՝ չի ունենա: Դա պարզորոշ երեւաց խորհրդարանական հարցուպատասխանի հոկտեմբերի 27-ի նիստում Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին «պոտենցիալ բանակցողի» տված պատասխանից: Իսկ հարցը հետեւյալն էր. Սյունիքում զորքերի հետքաշման  հրամանը (խոսքը նոյեմբերի 9-ից հետո հայկական զորքերը Կովսականից եւ Սանասարից դուրս բերելու դրվագի մասին է) եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր: Եվ ո՞վ է այն մարդը, որ նման հրաման էր արձակել: Երկար եւ անիմաստ նախաբանից հետո «պոտենցիալ բանակցողն» ասում է, որ այդ որոշումը կայացրել են պատերազմից խուսափելու համար: Նրա խոսքով՝ զորքերի հետքաշման հրամանը տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Միանձնյա տրված տարօրինակ հրաման եւ նույնչափ տարօրինակ բացատրություն, այդպե՞ս չէ: Հետո՝ դարձյալ երկար ու անիմաստ հիմնավորումներ, ջուրծեծոց, իսկ ամենավերջում հետեւյալ կոչը՝ ուղղված ընդդիմությանը. «Թող ընդդիմությունը հայտարարի, որ իրենք իշխանության գալու պարագայում Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից»: Այսինքն՝ ի՞նչ

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 22 տարի: 1999թ.-ին Նաիրի Հունանյանի հանցախումբը՝ ներխուժելով ԱԺ, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին, եւս 8 հոգի վիրավորվեց։ 2003թ. դեկտեմբերին դատարանը Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ոճրագործության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը եւ հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:

Նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցը կարելի է «պատմական» որակել։ Հայաստանի անկախությունից ի վեր, ՀՀ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանից որեւէ պաշտոնյա երբեւիցե չէր այցելել այդ երկիր: «Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական եւ իսլամական աշխարհում բացառիկ դեր ու նշանակություն ունեցող այդ պետություն»,- ասված է նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր ՀՀ պետական դրոշը:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղեւորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին ձայների 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 2, 3, 4, 5 եւ 7-ը հանել տոնական օրերի ցանկից։ Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը: Գործող օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը, հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ եւ Հայտնությունը, իսկ Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր` Մեռելոցը նշվում է հունվարի 7-ին, եւ այս բոլոր օրերը ոչ աշխատանքային են։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: