Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Այս շաբաթ Հայաստանում մեծ շուքով նշվեց Անկախության 35-րդ տարեդարձը, որին նվիրված գլխավոր տոնական միջոցառումը տեղի ունեցավ Երեւանի Հանրապետության բազմամարդ հրապարակում՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան, թեեւ հանրապետության ողջ տարածքում եւ մարզերում՝ այդ թվում Գյումրիում, միջոցառումների մեկնարկը տրվել էր ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին: Հատկանշական է, որ Անկախության 35-րդ տարեդարձն այս տարի համընկել էր հանրապետության հրապարակի 100-ամյա հոբելյանին, ինչով էլ, թերեւս, պայմանավորված էին մեկտեղված երկտոնի հանդիսավոր երեկոյի ճոխությունն ու մարդաշատությունը:
Միջոցառմանը ներկա էին երկրի բարձրագույն ղեկավարությունը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, դիվանագետներ եւ հազարավոր քաղաքացիներ: Ուղերձով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելու, որ Անկախության տոնը նշվում է խաղաղության միջավայրում՝ «այն խաղաղության ու խաղաղության գիտակցության, որին մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով»: Այնուհետեւ համերգային ծրագրի շրջանակներում ելույթներ են ունենում ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաեւ Հովհաննես Չեքիջյանի անվան պետական ակադեմիական երգչախումբը: Հնչում են դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ՝ ճանաչված արտիստների կատարմամբ:
Միջոցառումն ավարտվեց ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ դրոնների ծավալուն շոուով եւ ավանդական հրավառությամբ: Բայց օրվա խորհուրդը, բնականաբար, ոչ թե շոուներն ու հրավառություններն են, այլ երկրի ղեկավարի անկեղծ, անպաճույճ խոսքը: Համենայն դեպս՝ այդպես պետք է լիներ: Փաշինյանն իր ելույթում, այո, շարադրեց պետականության եւ քաղաքացիական գիտակցության կարեւորությունը, ընդգծեց, որ ցանկացած լուծված խնդիր բերում է նոր մարտահրավերներ, եւ պետության զարգացումը, ըստ նրա, դառնում է անդադար շարժընթաց: Այս մտքի հետեւում, կարծես թե, ինչ-որ ձախողումից, չարված ինչ-որ գործից արդարանալու տրամադրություն է նկատվում:
Տոնակատարությունը, ինչպես եւ սպասվում էր, հանրային ու քաղաքական դաշտում միանշանակ չընդունվեց եւ արժանացավ տարաբնույթ մեկնաբանությունների: Մի փոքր անդրադառնանք Հայաստանի Անկախության օրվա երկու հակադիր ընկալումներին: Այսպես՝ իշխանությունն ու նրա աջակիցները հոբելյանական երկու տարեդարձների կարեւորությունը տեսնում են պետականության ամրապնդման համատեքստում: Նրանց կողմից միջոցառումը դիտարկվում է որպես քաղաքացիների համախմբման, մշակութային բարձր արժեքների ներկայացման եւ բարդ պայմաններում ապագայի նկատմամբ լավատեսություն ներշնչելու միջոց:
Անշուշտ, որոշակի իմաստով՝ չնայած առկա ներքաղաքական բեւեռացվածությանն ու սոցցանցերում հնչած բուռն վեճերին, հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումն աչքի ընկավ բազմամարդությամբ եւ տեխնոլոգիական-կազմակերպչական մակարդակով՝ արձանագրելով հերթական հանգրվանը երկրի նորագույն պատմության մեջ: Սակայն, ընդդիմադիր կողմի հայացքով՝ այդքանը բավարար չէ միջոցառումը դրական լույսով գնահատելու համար: Ընդդիմախոսների դիտողությամբ՝ նման միջոցառման վրա մեր կիսախարխուլ բյուջեից մոտ մեկուկես միլիարդ դրամ ծախսելը, եթե չասենք՝ մսխելը, չափից դուրս մեծ եւ չարդարացված շռայլություն է շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք վզին փաթաթած երկրի համար:
Կա նաեւ խնդրի՝ ոչ պակաս կարեւոր բարոյական կողմը: Մի իրավիճակում, երբ Արցախի 4 նախագահներից երեքը Բաքվի բանտերում են, իսկ մեկը՝ ՀՀ 2-րդ նախագահը, Երեւանի բանտում, որոնք Հայաստանի ու Արցախի անկախացման առաջամարտիկներից են, որքանո՞վ է տրամաբանական եւ բարոյական այսօրինակ պերճաշքությունը, որ ցուցադրվեց: Փաշինյանի ուղերձում նույնիսկ նրանց անունները չհիշվեցին: Չնայած հասկանալի է, որ վերջինս իրականում ատում է ՀՀ անկախությունը, որովհետեւ դա ինքը չի բերել: Իր բերածը, կարծում է, խաղաղությունն է, որի մասին տասնյակ հիշատակումներ կային ուղերձում՝ ինչպես միշտ, մանիպուլյատիվ ձեւակերպումներով:
Բայց ո՞վ չգիտի, որ իր բերածը խաղաղություն չէ, դրա պատրանքն է: Խաղաղություն ՀՀ-ում կար մինչեւ չարաբաստիկ 2018-ը: Դրանից այս կողմ ի դերեւ ելան թե՛ մեր հանգիստը, թե՛ փոքրիշատե բարօր կյանքը, թե խաղաղությունը: Առայժմ՝ այսքանը:
Հայաստանից ռուսական 102-րդ ռազմահենակետը հանելու հարցի շուրջ ակտիվ քննարկումները շաբաթվա ընթացքում շարունակվում էին՝ վկայելով, որ թեման չափազանց հրատապ է, նախեւառաջ, հանրության շրջանում: Մանավանդ այն բանից հետո, երբ Փաշինյանը սառնասրտորեն հայտարարեց, թե Գյումրիում տեղակայված այդ հենակետը ՀՀ-ի անվտանգության համար «կենսական նշանակություն չունի, եւ եթե ՌԴ-ն որոշի հանել, թող հանեն, այն ոչ մի բան չի ավելացնում մեր անվտանգությանը»: Բայց մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ անվտանգային հաշվարկի վրա է հիմնված Փաշինյանի ինքնավստահությունը:
Գուցե Թուրքիայից եկող հնարավոր ռազմական վտանգն այլեւս չեզոքացվա՞ծ է։ Կամ՝ չլինի՞ Ադրբեջանի հետ մեր անվտանգային խնդիրներն են արդեն լուծված: Կա նաեւ երրորդ տարբերակի հավանականություն՝ Հայաստանին հաջողվել է ստեղծել կամ ձեռք բերել պաշտպանական այնպիսի հզոր միջոցներ, որոնցով ի զորու է ինքնուրույն ետ մղել ցանկացած ներունակ թշնամու նախահարձակ փորձերը, ուղարկել նրան գրողի ծոցը: Հետաքրքիր է՝ նշված տարբերակներից ո՞րն է Փաշինյանի վստահության աղբյուրը, որ մեծահոգաբար հրաժարվում է ՌԴ-ի հնարավոր ռազմական օգնությունից: Եթե իսկապես կա հուսալի այլընտրանք՝ մարդիկ դրա մասին պետք է իմանան, որպեսզի խուճապի չմատնվեն, իրենց ընտանիքները չթողնեն բախտի քմահաճույքին:
Ճեպազրույցներից մեկում, երբ խոսք էր բացվել ՀՀ-ի՝ 15 մլրդ դոլարի հասած պետական պարտքի մասին, Փաշինյանը հավաստիացնում էր, թե զենք են գնել՝ մեծ մասը պարտքով, ինչը հազիվ թե համոզիչ լինի: Եթե մեր գնած զենքի մասին Բաքվից հայտարարեր Իլհամ Ալիեւը, անկասկած, շատ ավելի մոտ կլիներ ճշմարտությանը: Լավ, եթե զենք ենք գնել եւ պաշտպանունակ ենք, ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչը սահմանին կանգնած հայ զինվորին հորդորում է չպատասխանել թշնամու կողմից արձակվող կրակոցին: Սա ուղղակի հանձնվողական վարքագծի գագաթնակետն է: Բա էն պարտքով առած միլիարդների զենքը ինչի՞ համար է: Թթու դնելո՞ւ…
Զինվորի մարտական ոգին կոտրելու, բանակը թուլացնելու քայլերից մեկն էլ բանակում չծառայելու պայմանով ոստիկանությունում ծառայության անցնելու գաղափարն է, որն իշխանությունն ուզում է օրենսդրորեն ամրապնդել եւ հունվարի 1-ից շրջանառության մեջ դնել: Այս «կարգավորման» իմաստը հետեւյալն է. եթե բանակային ծառայության ենթակա պատանին նախընտրում է որոշակի սահմանված ժամկետով աշխատել ոստիկանական համակարգում, ապա նա կարող է ազատվել զինվորական ծառայությունից՝ փոխարինելով այն ոստիկանի համազգեստով: Անշուշտ՝ ոստիկանություն-բանակ երկընտրանքում առավելությունը տրվելու է առաջինին, որի հետեւանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, եւ դա հասկանալի է:
Ո՞վ չգիտի, որ այդ տարիքում ոստիկանությունում աշխատելն ու վարձատրվելը ավելի գայթակղիչ եւ անվտանգ է երիտասարդի համար, քան անվճար դիրքեր բարձրանալը: Այս նախաձեռնության հեղինակները հաստատ վրիպել են իրենց հաշվարկներում եւ պետք է վերանայեն իրենց ձեռնարկը՝ հարցի նրբերանգները հավասարակշռելու իմաստով: ՀՀ-ին անհրաժեշտ է ավելի ուժեղ, մարտունակ եւ ավելի պատրաստված բանակ: Զինված ուժերի թվաքանակը կրճատելու ցանկացած փորձ պետք է խստիվ մերժվի: Պետական պաշտոն զբաղեցնող անձը, որ երբեք չի ծառայել, բայց այսօր որոշում է զինուժի ճակատագիրը, չի կարող անաչառ ու սկզբունքային լինել իր պարտականությունները կատարելիս:
Մեր ժամանակի եւ հանգամանքների տրամաբանությունն անողոքաբար պարտադրում է պետության անվտանգային, պաշտպանական, իսկ ՀՀ-ի դեպքում՝ նաեւ գոյութենական առաջնահերթությունների պահանջ: Զինծառայության արեալը պետք է ոչ թե նեղացվի ինչ-որ բանի հաշվին, այլ ընդհակառակն՝ ավելի ընդլայնվի: Չմոռանանք, որ կար ժամանակ՝ բանակում ծառայելը տղամարդու արժանապատվությունն էր, հայրենիքը պաշտպանելը՝ նրա պարտքը: Այդ արժեքները չպետք է մնան որպես անցյալի հիշողություն, դրանք պետք է կյանքի կոչել: Եվ որքան շուտ՝ այնքան լավ:
Իսկ եթե բանակի կրճատման իրական նպատակն ուրիշ է, թող իշխանությունը բաց ու անկեղծորեն ասի՝ ո՞ւմ պահանջն է կատարում եւ ո՞ւմ է պետք թույլ հայկական բանակը։ Ժողովուրդը ճշմարտությունն իմանալու իրավունք ունի: «Մի՛ վախեցեք Իլհամ Ալիեւի ճնշումներից, մի՛ թուլացրեք բանակը՝ հանուն ինչ-ինչ պահանջների։ Ուժեղ պետությունը խաղաղություն պահպանում է ուժեղ բանակով… Բանակը հայրենիքի վահանն է, եւ սակարկության առարկա չէ»,- այս մասին գրել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը: Այսքանով ամեն ինչ ասված է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Անկախության օրվա առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Աղոթքից եւ հոգեհանգստյան կարգից հետո կաթողիկոսը չի պատասխանել լրագրողների հարցերին եւ հրաժարվել է մեկնաբանել իրեն գահից հեռացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։ «Եռաբլուրը, նվիրական վայրերը հարցազրույցի վայր չեն։ Մեզ համար աղոթքի վայր են»,- ասել է Գարեգին Երկրորդը՝ հիշեցնելով, որ առավոտյան արդեն Անկախության օրվա իր ուղերձն է հղել, որում շեշտել է ազգի միասնականության անհրաժեշտությունը եւ կոչ է արել համախմբվել հայրենիքի շուրջ եւ դիմագրավել «ներքին ու արտաքին սպառնալիքներին»:
ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 24-ին պաշտոնապես ընդունեց Հայաստանի համար առեւտրի արտոնյալ պայմանների ռեժիմը՝ ՌԴ-ի կողմից վերջերս սահմանված առեւտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար: Այս միջոցառումները կազատականացնեն Հայաստանից ԵՄ արտահանումների շուրջ 80%-ը, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Այս կարգավորումը կգործի երկու տարի: «Արտոնյալ ռեժիմը նախատեսում է որոշակի պայմաններ եւ ներառում է պաշտպանական միջոցներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու համար այն դեպքերում, երբ ներմուծումը բացասաբար է անդրադառնում ԵՄ արտադրողների վրա»,- ասված է հայտարարությունում։
ԱԽՔ-ը հայտարարել է, թե պաշտոնական Երեւանը սպասում է Ադրբեջանի քաղհասարակության երկայացուցիչների այցին Հայաստան: «Հրապարակային ասում եմ՝ մենք սպասում ենք իրենց այցին, մենք շատ ուրախ կլինենք, որ այդ այցը տեղի ունենա, պատրաստ ենք շատ լավ ընդունել իրենց»,- հանրությանը մարտահրավեր նետելու հանգույն ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. այցը չեղարկվել էր, քանի որ ընդհանուր լարվածություն կար: Երկու օր առաջ Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ եւ ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երեւանում նախատեսված քննարկումները՝ «մինչեւ լարվածությունը թուլանա»:
Հայաստանից Ադրբեջան է արտահանվել ալյումինե փայլաթիթեղ՝ լրագրողներին սեպտեմբերի 24-ին տեղեկացրել է էկոնոմնախարար Գեւորգ Պապոյանը: Իսկ հարցին, թե ի՞նչ այլ ապրանքներ կարող են առաջիկայում արտահանվել Ադրբեջան, Պապոյանը կարճ արձագանքել է. «Տեսնենք»: Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել: Դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության 35-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին՝ ընդգծելով. «Մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակում»: «Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը եւ ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է, ինչ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել եւ ներդրումներ կատարել ՀՀ-ում՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը»,- ուղերձում նշել է ԱՄՆ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նյու Յորքում նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին եւ ելույթ ունեցել բարձրաստիճան հատվածում։ Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եւ արտերկրի այլ գործընկերների հետ։ Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ, թեեւ վերջնական պայմանավորվածություն դեռ չկար։ Միրզոյանի խոսքով՝ հանդիպումը կախված է կողմերի ժամանակացույցերից։
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի Անվտանգության 4-րդ ֆորումին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2025 թվականին էլ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն էր մեկնել Ադրբեջան եւ Բաքվում սեպտեմբերի 19-21-ը մասնակցել «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

