Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում կրկին չընդունվեցին Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեկ շաբաթ առաջ բավարար թվով ձայներ չէին ստացել խորհրդարանում: Օրենսդրական փաթեթին այս անգամ կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ չկար: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կամ 63 պատգամավորի կողմ ձայներ:
Խորհրդարանի արտահերթ նիստը հրավիրվել էր մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ, որոնք հոկտեմբերի 23-ին ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար:
…Եվ այսպես, Հանրապետականին` մասամբ նաեւ Դաշնակցությանը, հաջողվեց ԸՕ փոփոխությունների ընդունման երկրորդ փորձը եւս տապալել: Սա նշանակում է, որ առաջիկա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գործող Օրենսգրքով, այսինքն` ժամանակին ՀՀԿ-ի համար հսկայական ձայներ ապահոված ռեյտինգային համակարգով: Մինչդեռ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում էին ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ (անփոփոխելի) ցուցակներով համամասնական ընտրություններ, ԱԺ անցնելու համար նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ից 4, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս: Նաեւ նախատեսվում էր, որ ԱԺ պետք է անցնի առնվազն 4 քաղաքական ուժ, սակայն 4-րդ ուժի ստացած քվեները չպետք է ցածր լինեն 2 տոկոսից: Բացի դրանից, նախատեսվում էր, որ կանանց ներկայությունն ԱԺ-ում պետք է լինի 30 տոկոս` ներկայիս դե ֆակտո 18-ի փոխարեն: Այս նախագծով ընտրական համակարգը փաստորեն դառնում է ամբողջությամբ համամասնական, եւ ընտրատարածքներում վարկանիշային ցուցակներով թեկնածուներ չեն առաջադրվի: Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստին ընդառաջ Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվել էր պետաիրավական հանձնաժողովում եւ հավանության արժանացել: Բայց դա չխանգարեց, որ ՀՀԿ խմբակցությունն իր չմասնակցությամբ վիժեցնի օրինագծի ընդունումը: «Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը եւ ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ… Գուցե սա որոշ քաղաքական ուժերի շահերին վատություն է, բայց այստեղ մենք չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաները»,- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ԱԺ-ում երկրորդ անգամ տապալվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Գործադիր իշխանությունն էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի շուրթերով պնդում է, որ ամբիցաների խնդիր չկա, եւ ընտրական օրենսգրքի բարեփոխումներն արվում էին՝ առողջացնելու քաղաքական դաշտը: «Սա արվում էր նրա համար, որ մաքսիմալ շատ ներկայացվածություն լիներ ԱԺ–ում»,- ասել է Սիմոնյանը` գործընթացը տապալելու` ՀՀԿ-ի դիտավորությունը որակելով սաբոտաժ։ Խնդիրն ավելի լայն հարթությունում է դիտարկում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համահեղինակ, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, որի համոզմամբ` խորհրդարանում օրինագծի տապալումը միայն Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների ձեռքի գործը չէ: Գործող իշխանությունն էլ, ըստ նրա, մեղքի բաժին ունի: «Հեղափոխությամբ եկած իշխանությունները բոլոր օրինական եւ տեղին միջոցները չգործադրեցին, որպեսզի Ընտրական օրենսգիրքն ընդունվի»,- հայտարարել է Իոաննիսյանը:
Ամեն դեպքում ընտրական բարեփոխումները, վաղ թե ուշ, կյանքի են կոչվելու նոր խորհրդարանում: Իսկ ռեյտինգային անվանվող ընտրակարգը, որի հետ ՀՀԿ-ն քաղցր հիշողություններով է կապված, դժվար թե փրկօղակ հանդիսանա վերջինիս համար: Այդ կուսակցությունը գոնե մի պարզ բան պետք է լավ հասկանա. ընտրակաշառքների, թաղային հեղինակությունների, ընտրական կամայականությունների էպոպեան այլեւս ավարտված է: Իսկ դա նշանակում է՝ երբեք եւ ոչ մի ընտրակարգով հնարավոր չէ գումարներ բաժանել, եթե դա թույլ չտա պետությունը:
Հոկտեմբերի 30-ին Մինսկում կայացել է աշխատանքային այցով Բելառուս այցելած Արմեն Սարգսյանի հանդիպումը այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդման՝ Լուկաշենկոն նշել է, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։ «Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարեւոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի կունենա Մյունխենյան խմբի շրջանակում: Ձեր այցը Մինսկ եւ մասնակցությունն այս թեմայով հանդիպմանը՝ խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլեւ այն խիստ կարեւոր է հայ ժողովրդի համար: Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի՝ ունեցել եւ մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ»,- ասել է նա: ՀՀ նախագահն իր հերթին բարձր է գնահատել այն աջակցությունն ու բարեկամական զգացողությունները, որ «թավշյա» հեղափոխության օրերին ցուցաբերել է անձամբ Լուկաշենկոն:
Նույն օր երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
…Անշուշտ, Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությունը խիստ կարեւոր է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հեղինակավոր հարթակներում Հայաստանի ներկայության առումով: Դա հնարավորություն կտա մեր երկրին՝ նորովի հանդես գալ միջազգային հարաբերություններում։ Բելառուսի պարագայում այդ հանդիպումը հատկանշական է նաեւ նրանով, որ Հայաստանն այդ երկրի հետ աշխատում է միասնական տնտեսական միջավայրում՝ ԵԱՏՄ-ում, ինչպես նաեւ ռազմաքաղաքական նույն միությունում՝ ՀԱՊԿ-ում, որոնց շրջանակներում ձեռք բերվող պայմանավորվածությունները անվտանգության ու առաջընթացի լուրջ խթաններ են: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը, որը հիմնական ցուցիչներից է, գնալով աճ է գրանցում: Նախորդ տարի, օրինակ, այն կազմել է շուրջ 45-50 մլն ԱՄՆ դոլար, որը բավական լավ թիվ է: Փորձագիտական գնահատականով այդ ցուցանիշը առնվազն եռապատիկ աճի ներուժ ունի, այն թույլ կտա երկկողմ հարաբերությունները հասցնել էլ ավելի բարձր մակարդակի:
Բայցեւայնպես՝ չնայած նախագահների փոխադարձ հաճոյախոսություններին, հայ-բելառուսական հարաբերություններն այնքան էլ անամպ չեն: Գաղտնիք չէ, որ ռազմաքաղաքական ոլորտում Բելառուսն ակտիվորեն համագործակցում է մեր ամբարիշտ հարեւանի՝ Ադրբեջանի հետ, պարբերաբար զենք մատակարարելով նրան: Բելառուսական սպառազինության վերջին խմբաքանակն այս տարվա հունիսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումն էր: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական գործընկերներ են: «Իհարկե, մենք անհանգստություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, եւ դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ»,- Euroradio.fm-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքացիները դժգոհ են այդ փաստից: Հայաստանցիների հիշողության մեջ դեռ թարմ է նաեւ Արցախի մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացրած ռուսաստանցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու՝ Մինսկի ձեռնարկը: Հայաստանի պաշտոնական շրջանակներում դա որակվեց որպես հայ-բելառուսական հարաբերությունները խաթարող կեղտոտ գործարք:
Այնպես որ, ամեն ինչից զատ՝ կողմերն անկեղծանալու եւ միմյանց շահերն իրապես հարգելու անհրաժեշտություն ունեն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Իրանը ծրագրել էր Դանիայում սպանել ընդդիմադիր ակտիվիստին
The Associated Press-ի տեղեկացմամբ՝ Դանիայի հետախուզական գործակալության ղեկավարի խոսքով՝ իրենք Իրանի հետախուզական ծառայությանը կասկածում են Դանիայում Իրանի ընդդիմության արաբ գործիչներ սպանելու փորձի մեջ: Ըստ լրատվամիջոցի, հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է իրանական ծագումով Նորվեգիայի մի քաղաքացի, որը կասկածվում էր Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ «Դանիայում գործելու» եւ սպանության գործում ներգրավված լինելու մեջ:
Reuters-ը հաղորդում է, որ Նորվեգիայի քաղաքացին չի ընդունել մեղադրանքը, եւ Իրանի կառավարությունը հերքել է կապը ենթադրյալ դավադրության հետ: Պարբերականը մեջբերել է Դանիայի հետախուզական ծառայության գլխավոր տնօրեն Ֆինն Բորք Անդերսենի հայտարարությունը, թե՝ «Հարձակման նպատակն էր՝ թիրախավորել «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժման» (ASMLA) դանիական մասնաճյուղի ղեկավարին»:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հայտնել է, որ իր երկրի հետախուզական ծառայություններից ստացված տեղեկությունը «կասկածի տեղ չի թողնում», որ Իրանը պատրաստվում էր սպանել Դանիայում իր քաղաքացիներից մեկին: Դանիան, որը ետ կանչեց Թեհրանից իր դեսպանին՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների փաստացի փլուզման արդյունքում հայտնում է, որ այն հսկայական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից`Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կոչերով: «Վերջին զարգացումների լույսով Դանիան այժմ ԵՄ-ում խթանում է քննարկումներ՝ Իրանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին», - ըստ Bloomberg-ի, ասել է Սամուելսենը:
Նշյալ մահափորձի առնչությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հետեւյալ գրառումն է կատարել թվիթերյան իր էջում. «Մենք շնորհավորում ենք Դանիայի կառավարությանը՝ Իրանի վարչակարգի մարդասպանին ձերբակալելու առթիվ: Շուրջ 40 տարի Եվրոպան եղել է Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչական հարձակումների թիրախը: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին եւ գործընկերներին դիմակայել խաղաղությանն ու անվտանգությանը ուղղված բոլոր այն սպառնալիքներին, որոնք գալիս են Իրանից»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը