Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ինչպես կանխավ տեղեկացվել էր, նոյեմբերի 8-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը, որն ընթացավ համազգային դիմադրություն ստեղծելու նշանաբանով: Ընդդիմադիր քաղաքական ուժը քաղաքացիներին կոչ արեց նման շարժում ձեւավորելու միջոցով հասնել իշխանափոխության, քանի որ երկիրը խայտառակ պարտության ու մեծ աղետի տարած իշխանությունը պատրաստվում է Հայաստանի շահերի հաշվին գնալ նոր զիջումների: Երկրորդ նախագահի ղեկավարած քաղաքական կառույցը վստահ է, որ միայն ազգային դիմադրության ձեւավորմամբ է հնարավոր երկրում իրավիճակ փոխել` ազգայինից մինչեւ սոցիալ-տնտեսական խնդիրներ: «Այս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի եւ մեր պետականության շահերը»,- ավելի վաղ հայտարարել էր «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Հանրահավաքի ավարտին ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։ Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել ՀՀ ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը»։
…Փորձենք նախ հնարավորինս հակիրճ ներկայացնել հանրահավաքում հնչած հիմնադրույթները, ապաեւ անդրադառնալ առավել բովանդակային, տիպական մոտեցումներին ու մեկնություններին: Ամենակարեւոր շեշտադրումները, բնականաբար, հնչեցրեց քաղաքական ամենամեծ փորձառությունն ունեցող գործիչը՝ դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ սկզբի համար ներկայացնելով պատերազմի վերաբերյալ 4 անժխտելի փաստ: Առաջին՝ իշխանությունն ամեն ինչ արեց պատերազմն անխուսափելի դարձնելու համար: Երկրորդ՝ իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար՝ հերոսների հետապնդում, բանակի գլխատում, կադրային ջարդի իրականացում եւ այլն: Երրորդ՝ տեղի ունեցավ մի բան, որը Երկրորդ աշխարհամարտից ի վեր չէր եղել. ոչ մի երկիր չդատապարտեց պատերազմ սկսած պետությանը: Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ մնացինք, ինչը դիվանագիտական լիարժեք ձախողում էր: Չորրորդ՝ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն կար հոկտեմբերի 19-ին եւ, որոշ տվյալներով, նաեւ հոկտեմբերի 7-ին, սակայն երկու դեպքում էլ մերժվեց հանցավոր բացատրությամբ: «Սա նշանակում է, որ նշված օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը իշխանության խղճին է: Այս ամենի համար մեղավորները պատասխան են տալու»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը:
Իսկ ի՞նչ էր խոստացել այս «քաղաքական խմբակը»՝ գալով իշխանության, եւ ի՞նչ ստացանք: Հարցնում է Քոչարյանը եւ ինքն էլ պատասխանում. ա/ խոստացել էր թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց ստացանք թռիչքաձեւ գնաճ, բ/ խոստացել էր անզիջում պայքար ընդդեմ մենաշնորհների, օլիգարխիայի, բայց ստացանք նոր մենաշնորհների ու նոր օլիգարխիաների կազմավորում, գ/ խոստացել էր բարգավաճում, ներդրումներ, բայց ստացանք աղքատության թռիչքաձեւ աճ, դ/ խոստացել էր ներգաղթ՝ ասելով, թե ամբողջ աշխարհից հայերը գալու են Հայաստան, բայց ստացանք ահագնացող արտագաղթ, ե/ խոստացել էր կոռուպցիայի ու թալանի դեմ պայքար, բայց ինքն է դարձել կոռուպցիայի ու թալանի առաջատարը: «Այսօր մտել են բոլորի գրպանները… փող են «շինում» գնաճից, քովիդից, հիվանդներից, անգամ՝ մահերից: Քերթում են՝ ինչից հնարավոր է եւ ինչքան հնարավոր է»,- ասել է Քոչարյանը: Արդյոք պատրա՞ստ ենք այս ամենը հանդուրժել, արդյոք պատրա՞ստ ենք ընդունել, որ ՀՀ-ում թռիչքաձեւ աճ են ունենում միայն զոհերի թիվը, մահերի թիվը, գերեզմանների թիվը, աղքատությունը՝ հաջորդ հարցն է առաջադրում Քոչարյանը եւ դարձյալ ինքը պատասխանում. «Չենք կարող հանդուրժել: Սա է իրավիճակը, եւ սրա դեմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի»:
Նա հիշեցնում է, որ, ի տարբերություն ներկա իրավիճակի, Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի բանակցային դիրքերը հիմնված էին հաղթանակների վրա, Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտու՝ 7 շրջանների եւ մարտունակ բանակի վրա: Հայաստանի եւ Արցախի միջեւ կար ընդհանուր սահման՝ Վարդենիսից մինչեւ Արաքս։ «Սա մեզ ուժ էր տալիս բանակցային գործընթացում՝ քայլ առ քայլ հասնելու դիվանագիտական հաղթանակների… Մի մարդ որոշեց, որ բանակցությունները սկսելու է զրոյական կետից եւ պետք է զրոյացնի մեր բոլոր դիվանագիտական հաղթանակները, որոնք ձեռք էին բերվել ռազմի դաշտում հաղթանակներով»,- ասել է Քոչարյանը։ Այնուհետեւ նա խոսել է սահմանազատման խորքում թաքնված սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ գործընթացը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ այդ երկրի ներսում Արցախի անկլավային վիճակի ճանաչում, ինչը Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է։ «Սահմանազատումից հետո Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին սահմանային անցակետ կդնի եւ տեղաշարժն ամբողջությամբ վերահսկելու օրինական իրավունք կստանա, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին»,- մտահոգություն է հայտնել նախկին նախագահը:
Այդուհանդերձ՝ վտանգները չեզոքացնելու ելք Քոչարյանը տեսնում է՝ Հայաստանը պետք է բացառի սահմանազատման ու սահմանագծման որեւէ փաստաթղթի ստորագրումը, բացառի նման գործընթացի սկիզբը եւ կարգավիճակի, սահմանազատման, անվտանգության, Հայաստան-Արցախ միջանցքի հետ կապված բոլոր մարտահրավերները դիտարկի ու բանակցի մեկ փաթեթում։ Ցանկացած այլ ճանապարհ, նրա խոսքով, տանում է կապիտուլյացիայի հավերժացման եւ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի կանխորոշման: Վերջում՝ խոսելով ընդդիմության անելիքների մասին, «Հայաստան»-ի առաջնորդն ասել է, որ դաշինքի խնդիրն է համոզել ժողովրդին, ցույց տալ, որ այս իշխանությունը իրենց խաբել է, դավաճանել է իր կարգախոսներին: «Մենք բոլորս պետք է միավորվենք, այս դիմադրության շարժմանը ուժ հաղորդենք՝ ամեն մեկս իր հնարավորությունների չափով: Պայքարելու ենք եւ, վստահ եղեք, սրանց վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով: Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին շարքում կանգնած եմ լինելու»,- ասելիքը եզրափակել է Երկրորդ նախագահը:
Բանակի ու բանակաշինության խնդիրներին է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ համոզմունք հայտնելով, որ բանակը չի պարտվել այս պատերազմում, պարտվել է պետական համակարգը, քանի որ չի կարողացել օգտագործել բանակի ողջ ներուժն ու հնարավորությունները: Ըստ նախկին նախարարի, բանակը կառուցվել է ժողովրդի միջոցներով եւ, ըստ էության, գտնվել է նրա մշտական հսկողության տակ՝ հաշվի առնելով, որ «յուրաքանչյուր ընտանիք բանակում ունեցել է դեսպան՝ ի դեմս իր որդու»: Նա հիշեցնում է, որ բանակը պատերազմներ է հաղթել, ազատագրել Արցախը, անառիկ պահել ՀՀ սահմանները, ստեղծել հզոր անվտանգային միջավայր։ «Այս իշխանությունները ոչնչացրին բանակը. ամեն օր նրան «ռմբակոծում» էին անընդհատ վերադասավորումներով։ Ստեղծեցին Զինված ուժերի քաղաքական կախվածություն, ուռճացրին կենտրոնական ապարատը՝ կրճատելով մոբիլիզացման ռեսուրսը»,- իշխանություների գործելակերպը քննադատել է Օհանյանը՝ մասնավորապես գնումների իրականացման եւ բանակի զարգացման ընթացքի դանդաղեցման մասով:
Դատական բարեփոխումներ խոստացած, սակայն դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ ու սպառնալիքներ բանեցնող իշխանության արատավոր վարքագծի թեման է արծարծել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը: Նրա խոսքով՝ միայն այս տարի դատարանները բավարարել են մոտ 80 տոկոս կալանավորումներ, ինչը հակառեկորդ է: Սա, ըստ Վարդեւանյանի, նշանակում է, որ դատական իշխանությունը, ինչպես Ստալինի ժամանակ, պարզապես զբաղված է քաղաքական հետապնդումներ դակելով: «Այս իշխանությունները դատարանները վերածում են մարդկանց կալանավորելու հարթակի, վախեցնելու մահակի, դատախազության կցորդի, բայց դա իրենց մոտ երկար չի ստացվելու»,- վստահ է պատգամավորը: Նրա բնորոշմամբ՝ թշնամին օկուպացրել է մեր հայրենիքի զգալի մասը, իսկ գործող իշխանությունն օկուպացրել է դատարանները, որոնք այսօր դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Սթափության կոչով դիմելով դատարաններին, նա ասել է. «Ձեր յուրաքանչյուր որոշում կարող է վճռորոշ լինել. մենք հասել ենք այն կետին, երբ ՍԴ-ն ոչ թե դիրքորոշում է արտահայտում, դատարանները ոչ թե դատական ակտ են կայացնում, այլ որոշում են մեր պետության լինել-չլինելը»:
Եղան մի շարք այլ ելույթներ եւս՝ հռետորական հարցադրումների, իշխանություններին ուղղված քննադատական խոսքերի, դժգոհությունների, պայքարի պատրաստականության հավաստիացումների բովանդակությամբ: Կամ մոտավորապես հետեւյալ սյուժեով. Ստի ու կեղծիքի իշխանությունը խաղաղության կարգախոսների ներքո 2020 թվականին բերեց պատերազմ ու պարտություն։ Մեզանից գողացան մեր հաղթանակներն ու տոնական օրերը՝ փոխարենը տալով սգո, նվաստացման, ողբի օրեր։ Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի։ «Պարտության» կուսակցությունը չի՛ կարող խաղաղություն ու զարգացում բերել։ Պարտության խորհրդանիշը չի՛ կարող արժանապատվորեն ներկայացնել մեր երկրի շահերը։ Հանուն սեփական շահի ու աթոռի հազարավոր մարդկանց մահվան տարած մարդը չի՛ կարող մեր պետությունը ղեկավարել, հետեւաբար պետք է անհապաղ հեռանա, հակառակ դեպքում՝ կհեռացվի ուժով. ահա հանրահավաքային խոսույթի հիմնական լեյտմոտիվը, որը մասամբ արտացոլված է միջոցառման ավարտին ընդունված հայտարարությունում:
Անշուշտ, ամեն ինչ միանգամայն ճիշտ է ասված, եւ հանրահավաքի եկած բավական հոծ բազմության մտահոգությունները նույնպես հասկանալի են: Բայց ինչ-որ կարեւոր բան, կարծես թե, պակասում է: Թերեւս՝ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք արդարացվեց մարդկանց ակնկալիքը, որոնք եկել էին իշխանափոխության մեկնարկին ներկա գտնվելու, ինչ-որ կերպ դրան օժանդակելու խոր հավատով։ Արդյո՞ք զուտ «խոսքային» սյուժեով եւս մեկ հանրահավաքը չի խաթարի այդ հավատը եւ չի հիասթափեցնի իշխանությունից արդեն իսկ հիասթափված քաղաքացիներին, որոնք սկսել են իրենց հույսը ընդդիմության հետ կապել: Ընդդիմությունը, այո, գիտակցում է, որ ընտրությունները չլուծեցին քաղաքական ճգնաժամը, եւ փողոց վերադառնալու պահանջ կա։ Բայց ո՞ւմ դեմքով եւ ի՞նչ ծրագրով: «Հարթակը կարող է մատուցել Նիկոլի արածների ողջ ողբերգական տարեգրությունը եւ նրան կոչել ուղիղ մեկ տարի շրջանառվող բառացանկից ցանկացածով։ Իհարկե, կարելի է բացականչել նաեւ՝ Շուշին մերն է լինելու եւ այլն, բայց ինչի՞ կբերի այդ ամենը, ո՞րն է լինելու հաջորդ օրվա անելիքը, ի՞նչ եք դուք առաջարկում»,- թեմայի իր անդրադարձում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով հասարակությանն առաջարկվող այլընտրանքի կարեւորությունը:
Ըստ փորձագետի, կա մի գաղափար, որի դրոշի տակ կարելի է համախմբել մարդկանց: Դա արժանապատվության գաղափարն է: Հովհաննիսյանն այսպես է դատում. պարտվել պատերազմում՝ չի նշանակում պարտվել որպես ազգ, չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել։ Եթե մենք արժանապատվության գաղափարի տակ հարյուր հազարներով դուրս ենք գալիս փողոց, դա, վերջինիս վերծանմամբ, նշանակում է, որ մենք չենք ընդունելու մեր արժանապատվությունը վիրավորող զարգացումներ: Ասել է թե՝ փաստաթղթերը, ձեւակերպումները կարող են լինել, մեղմ ասած, ոչ հաճելի, բայց դրանք չպետք է հատեն արժանապատվության սահմանը: «Արժանապատվություն ու պրագմատիզմ, գրագետ կառավարչական թիմեր ու գրագետ ծրագրեր. սա է վերածննդի բանաձեւը»,- համոզված է փորձագետը: Կա հետեւորդների բավական մեծ շրջանակ ունեցող եւս մեկ ուշագրավ տեսակետ, որը փորձել է բյուրեղացնել Արամ Աբրահամյանը «Առավոտի» նոյեմբերի 8-ի՝ հանրահավաքի օրվա խմբագրականում: «Եթե ինձ հարցնեք, թե ով է այն անձը, որն իր գործունեությամբ ամրապնդում է, հարատեւ է դարձնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա իմ պատասխանը կլինի միանշանակ՝ Ռոբերտ Քոչարյանը»,- գրում է Աբրահամյանը:
Նրա խոսքը ինչ-որ դավադրության կամ պայմանավորվածության մասին չէ: Ընդհակառակն, «Առավոտի» խմբագրի համոզմամբ, Երկրորդ նախագահն անկեղծորեն ցանկանում է իշխանափոխության հասնել եւ երկրի այս օրհասական իրավիճակում գալ իշխանության: Բայց, լինելով ԱԺ ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության փաստացի առաջնորդ եւ փողոցային բողոքի ամենամարդաշատ ցույցերի կազմակերպիչ, Քոչարյանն ակամա նպաստում է ներկայիս իշխանության երկարաձգմանը: Բանն այն է, որ ընտրազանգվածի մեծ մասը, ըստ Աբրահամյանի, որքան էլ դժգոհ ու հիասթափված լինի Փաշինյանի իշխանությունից, որքան էլ համարի, որ հենց ներկայիս վարչախումբն է աղետալի պարտության մեղավորը, միեւնույն է, պատրաստ չէ կանգնել Քոչարյանի կողքին, որովհետեւ վերջինս չի ընկալվում որպես քաղաքական գործիչ, առավել եւս՝ փողոցային պայքարի առաջնորդ: «Պալատներում, ապարատային խարդավանքներում նա, այո, ուժեղ է, գուցե՝ անգերազանցելի, բայց հրապարակում, ամբիոնից, «բարիկադների վրա» նրա խոսքն անկեղծ չի հնչում»,- գրում է Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ հունիսի 20-ին քաղաքացիների մեծամասնությունը ձայն տվեց «ՔՊ»-ին՝ «որպեսզի նախկինները չվերադառնան»: Հեղինակի մյուս փաստարկն էլ այն է, որ ընդդիմության քոչարյանական հատվածը չի առաջարկում որեւէ իրական այլընտրանք իշխանության ներկայիս արտաքին քաղաքական ուղեգծին:
Այնպես որ, Երկրորդ նախագահը եւ նրա քաղաքական թիմը խորհելու բան ունեն:
«Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ից` կեսգիշերից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը եւս ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային եւ սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր». այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա հայտնել է նաեւ, որ Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհն այլեւս պատրաստ եւ օգտագործելի է ինչպես բեռնատարների, այնպես էլ ցանկացած այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Ըստ ԱԽ քարտուղարի, բարեկարգման աշխատանքներ են տարվում նաեւ Գորիս-Կապան ճանապարհից Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող հատվածներում:
Արդեն շատ չանցած՝ տագնապալի լուրը ոտքի էր հանել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ երկրի ճակատագրով մտահոգ բազմաթիվ քաղաքացիների, որոնք «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով բողոքի գործողություն անցկացրին Կառավարության շենքի մոտ: «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, «քանի դեռ կա այս իշխանությունը, զիջումները լինելու են ամեն օր»։ Այդ պահին Կառավարությունում նիստ էր ընթանում, եւ մի քանի տասնյակ ոստիկաններ արգելափակել էին շենքի մուտքը: Ավելի ուշ ոստիկանների թիվը բազմապատկվեց, եւ քաշքշոց սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Եղան տասնյակ բերման ենթարկվածներ:
…Փաստորեն ժողովրդի թիկունքում կատարվեց հերթական հակահայ գործարքը. ստվերային պայմանավորվածության հիման վրա իշխանությունը թշնամուն հանձնեց մեր ռազմավարական կարեւոր բաղադրիչներից եւս մեկի՝ Գորիս-Կապան միջազգային ավտոճանապարհի վերահսկողությունը: Մինչ այդ էլ Ադրբեջանը օգոստոսից սկսած՝ Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում (որն իրենք Էյվազլի են անվանակոչել) մաքսային վարչարարություն է իրականացնում իրանական բեռնատարների նկատմամբ, այսինքն՝ նրանցից մաքսային տուրքեր է գանձում: Ըստ նոյեմբերի 10-ին Ադրբեջանից ստացված ոչ պաշտոնական ծանուցման, ինչի մասին հայտնեց ԱԽ քարտուղարը, այժմ այդ կարգը տարածվում է նաեւ ՀՀ քաղաքացիների ու բեռների վրա: Սա նշանակում է, որ Գորիս-Կապան ճանապարհը կտրող հայ վարորդը պետք է պատրաստ լինի բեռան համար մաքսատուրք վճարելու, իսկ ուղեւորը՝ անձնագրային ստուգման ենթարկվելու: Սա՝ լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքի մասին չասենք՝ ով չգիտի, թե ինչի է ընդունակ ազերի թուրքը: Միակ բանը, որ կարող էր անել մեր իշխանությունն իր «հպարտ» քաղաքացիների համար, նշված հատվածով երթեւեկողներին դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ուղղորդելն է, որը շահագործման էր հանձնվել նախորդ շաբաթ:
Այսինքն՝ Ադրբեջանի ապօրինի գործողությունը եւ, որպես դրա հետեւանք, ժողովրդի «գլխին գալիքը» իշխանության համար բնավ անսպասելի չի եղել: Նա լավ էլ տեղյակ էր Ադրբեջանի մտադրությանը, ավելին՝ չի բացառվում, որ ազերի «եղբորից» նույնիսկ ժամանակ է խնդրել Տաթեւի այլընտրանքային ճանապարհը փոքրիշատե կարգի բերելու համար, այլապես հայերի նկատմամբ եւս մաքսային վարչարարության պայմանակարգը կգործեր օգոստոսից: Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը պնդում էր, որ երթեւեկության փոփոխության արդյունքում շրջակայքի որեւէ գյուղ չի տուժում: Չեմ ասի՝ սուտ է, ուղղակի այս պնդմանը հակասող միայն մեկ փաստ կներկայացնեմ. մաքսակետ դնելուց առաջ Կապան խոշորացված համայնքի Ճակատեն գյուղից մինչեւ Կապան քաղաք ընդամենը 10 կմ ճանապարհ էր: Այժմ այդ տարածությունը մեծացել է շուրջ 15 անգամ՝ կազմելով 149 կմ: Նույն վիճակում են խոշորացված համայնքի մի շարք այլ գյուղեր՝ Շիկահողը, Սրաշենը, Ծավը, Շիշկերտը եւ այլն: Պարզ է, չէ՞, որ այս գյուղերի բնակչության համար աշխատանքի եւ ապրուստի հնարավորությունը բազմակի կդժվարանա, շատերի համար նույնիսկ կդառնա անհնար:
Հարց է առաջանում. ինչո՞ւ իշխանությունը գնաց մարդկանց՝ առանց այն էլ անուրախ կյանքը դժվարացնելու ավտոճանապարհային այս թնջուկին: Չէ՞ որ ո՛չ 2020-ի նոյեմբերի 9-ի, ո՛չ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում նման փոխհամաձայնեցված դրույթ գոյություն չունի: Իրավական ի՞նչ հիմնավորմամբ ենք մեր տարածքում գործող մայրուղին զիջում թշնամուն: Հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթաց տակավին չիրականացված՝ ինչպե՞ս որոշվեց, որ տվյալ հատվածը, որը, համենայնդեպս, մինչեւ վերջերս վիճարկելի էր ճանաչվում, մի գիշերում դարձավ ադրբեջանական: Փաշինյանը, սովորության համաձայն, մեջտեղ է բերում «ամբողջի» եւ «մասի» համադրման իր սիրած տեսությանը՝ շտապելով հայտարարել, թե մաքսակետը մերժելու գինը «միջանցքն» էր լինելու: Մեկ այլ առիթով նա ասել էր, թե Կովսականում եւ Սանասարում տեղակայված հայկական զորքերի հետքաշման հրամանն ինքը տվել է, որպեսզի մարտական գործողությունները չտեղափոխվեն Սյունիք: Սա յուրատեսակ շանտաժի հնարք է, որին «ՔՊ» առաջնորդը հաճախակի է դիմում՝ իբրեւ փրկօղակ:
Պարզվում է՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական մաքսային ու սահմանային կետերի տեղադրումն ամենեւին էլ նորություն չէ: «Իրավունք» պարբերականի տեղեկությամբ՝ դեռեւս ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել այդ ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այդ փաստաթղթի համաձայն՝ հայ զինվորները, ըստ թերթի, պետք է դիրքերը լքեին սահմանազատման ընթացքում, «բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը»: Երբ ասվում է, որ հայրենիքը մաս-մաս աճուրդի է հանել այս իշխանությունը՝ հազար թեւից վրա են տալիս «ուսապարկերը»: Ասացեք՝ է՞լ ինչ փաստեր են պետք դրանում համոզվելու եւ ակնհայտ հայրենադավության աղետի դեմն առնելու համար:
Թվում է՝ եղածը մի փոքր ճանապարհահատված է, ինչ է եղել որ: Բայց այդպես չէ. սրբազան մասունք է Հայրենիքի ամեն մի թիզը: Իսկ Սյունիքի նման աշխարհաքաղաքական կարեւորագույն առանցք ու խաչմերուկ հանդիսացող տարածագոտու դեպքում՝ առավել եւս: «Հայաստանը կորցնում է Սյունիքի մեծ թվով բնակավայրերի նկատմամբ իր վերահսկողությունը, ենթակառուցվածքային առումով այդ վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին»,- այս մասին նոյեմբերի 11-ին Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա, «Գորիս-Կապան ճանապարհով անցնել ցանկացող որեւէ մեկը չունի երաշխիք, որ «Ա» կետից «Բ» կետն անցնելիս չի հայտնվի ադրբեջանական բանտերում, կտտանքների չի ենթարկվի կամ նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար չի լինի:
Իր փուչ, հակազգային իշխանությունը պահելու համար «ՔՊ»-ական վարչախումբը ծանրագույն սպառնալիքի տակ է դրել սեփական քաղաքացիների անվտանգությունը: Ուշքի գալ է պետք, հետո վայ թե ուշ լինի՝ աններելիորեն ուշ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Երկրորդ ընթերցումը նախատեսված է հաջորդ տարվա մարտի 22-ին։ Նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթընը:
20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երեք տասնյակից ավելի պետություններ եւ միջազգային հեղինակավոր կառույցներ։ Այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործեց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները համապատասխան բանաձեւեր էին ընդունել ավելի վաղ։
Նոյեմբերի 9-ին բոլորեց Արցախյան երկրորդ պատերազմի ավարտի առաջին տարելիցը: Այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրա այցի ժամանակ լրագրողներին թույլ չեն տվել բարձրանալ «Եռաբլուր»: Քիչ անց «Եռաբլուր» են այցելել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները՝ մասնավորապես ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Հովակիմյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք:
Փարիզում նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Միրզոյանը դատապարտել է ԼՂ-ում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաեւ անընդունելի է համարել Ադրբեջանի շարունակական հայատյաց հռետորաբանությունը: Հումանիտար խնդիրների քննարկման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման ու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների զինավանում նոյեմբերի 10-ն բացվել է «Ռուսաստանյան փառքի ծառուղին», որում տեղադրված են 10 ականավոր ռուս պատմական գործիչների, այդ թվում՝ Ալեքսանդր Նեւսկու, Ալեքսանդր Պուշկինի, Անտոն Չեխովի, Լեւ Տոլստոյի, Վասիլի Շուկշինի եւ Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները։ «Ծառուղու բացումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման առաջին տարելիցին», - հաղորդում է Ռուսաստանի պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը։ Ծառուղու բացման արարողությանը մասնակցել է նաեւ զորախմբի առաջին հրամանատար, այժմ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Պաշտոնական Երեւանը խստորեն դատապարտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնք կրակ էին բացել Շուշիի մոտակա խաչմերուկում՝ Արցախի տարածքում, ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ: Բանվորներից 22-ամյա Մարտին Երեմյանը մահացել է, 31, 41 ու 43 տարեկան քաղաքացիներն այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում են։ «Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ եւ ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել էր քաղաքի 55-ամյա բնակիչը: