Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

2-9 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հանրության որոշ շրջանակներում երկար ժամանակ քննարկման առարկա էր դարձել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առանձնատունը: Արծարծվում էր մասնավորապես այն հարցը, որ Կառավարությունը 2 միլիոն դոլարի գումար էր հատկացրել շենքի վերանորոգման եւ նոր կահավորանքի ձեռքբերման համար, ինչը, շատերի կարծիքով, անհարկի ծախս էր Հայաստանի պես աղքատ երկրի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցուցադրել է առանձնատունը, որտեղ մի քանի օր առաջ էր տեղափոխվել իր ընտանիքը` հիշեցնելով, որ 2018 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել տունը Սերժ Սարգսյանին սեփականաշնորհելու մասին: Հետո, ըստ վարչապետի, երբ արդեն պարզ դարձավ, որ հեղափոխությունը հաղթելու է, Սարգսյանի կարգադրությամբ որոշումն առժամանակ կասեցվեց: «Մեր կառավարության առաջին որոշումներից մեկն այս առանձնատան վերաբերյալ էր` մենք համարեցինք, որ այն պետք է, ինչպես հարկն է, վերադարձվի պետությանը,- ասել է Փաշինյանը:

…Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նաեւ հիշեցրել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում Կառավարությունը «բյուջեում բերել է 130 միլիոն դոլարի չնախատեսված եկամուտ»: Սա, ըստ երեւույթին, թափանցիկ ակնարկ է առ այն, որ «կողքից եկած» 130 միլիոնից 2 միլիոնն առանձնապես մեծ բան չէ, եւ այդ առնչությամբ չարժե աղմուկ բարձրացնել: Պետք է ենթադրել, որ «չնախատեսված եկամուտ» ասելով` Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կոռուպցիոն հիմքով հաճախացած քրեական գործերի շրջանակում վնասների փոխահատուցման, տարաբնույթ տուգանքների հավաքագրման գումարները: «Կողմնակի» եկամտի օգտագործման հանդեպ անփույթ, ոչ խնայողաբար վերաբերմունքի տրամաբանությունը տիպիկ հայկական մտածողություն է: Այնպես որ, առանձնատան թեմայի համատեքստում 130 միլիոնի հիշատակումը ոչ այլ ինչ է, քան բյուջետային միջոցների ոչ ռացիոնալ օգտագործումն արդարացնելու փորձ:

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալուց մեկուկես տարի անց նոր էլիտայի երեւելի դեմքերը` մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը, հայտնվել են աղմկոտ սկանդալների եւ բուռն քննարկումների թիրախում: Փաշինյանների անձնական կյանքի երբեմնի թափանցիկությունն այժմ շղարշված է գաղտնիության անթափանց քողով: Վարչապետի ընտանիքի համար նախատեսված կառավարական նոր առանձնատան հիմնանորոգման նպատակով պետբյուջեից վերաբաշխում է կատարվել, իսկ հատկացված գումարի չափը խնամքով թաքցվում է, չնայած որոշ աղբյուրների տեղեկացմամբ` այն կազմում է 2 միլիոն դոլարին համարժեք դրամ: Հանրության համար անընդունելի է, որ հանրապետության առաջին դեմքերի, առանցքային պաշտոնյաների առանձնատների եւ պետական սեփականություն հանդիսացող մի շարք այլ տարածքների կահավորման, գրասենյակային, կենցաղային ու տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, հարակից շինությունների հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման մասին Կառավարության որոշումը կայացվում է «Հույժ գաղտնի» դրոշմագրման ներքո:

Հետո նույն` գաղտնի հիմունքներով ընդունվեց կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը, ինչը, սակայն, շատ արագ հայտնի դարձավ հանրությանը եւ արժանացավ նրա խիստ բացասական արձագանքին: Հօդս ցնդեց վարչապետի կողմից ժողովրդին խոստացված` միասին թափանցիկ աշխատելու առասպելը: Իսկ որտեղ առասպել` այնտեղ իրականության աղճատում, այնտեղ հավատի ու վստահության կորուստ: Նոր իշխանությունների նկատմամբ հանրային համակրանքը, այդպիսով, հետզհետե սկսեց տեղի տալ` սնունդ առնելով նաեւ «կրակին յուղ լցնող» որոշ շրջանակների տարածած ստահոդ լուրերից, բամբասանքներից ու շահարկումներից: Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրար են խառնվել ուղղաթիռային վոյաժների, արտասահմանյան ուղեւորությունների, շքեղ մեքենաների, թանկարժեք չարտերների, օլիգարխներից եւ ֆինանսական այլ աղբյուրներից հոսող ստվերային գումարների մասին առասպելն ու իրականությունը: Նման իրադրությունում դժվար է գլուխ հանել, թե որտեղից է սկսվում իրականությունը եւ որտեղ ավարտվում առասպելը:

Վերջին շրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ Միացյալ նահանգներ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն էր` չարտերային չվերթով: Մամուլում շրջանառվող տվյալների համաձայն՝ միայն թռիչքի համար պետական բյուջեից վճարվել է 165 մլն դրամ կամ շուրջ 350 հազար դոլար: Ի դեպ, նման թանկարժեք չվերթով նախկինում ՀՀ ոչ մի ղեկավար Ամերիկա չէր մեկնել: Վարչապետի այցի համար վարձակալվել էր հատուկ ինքնաթիռ` Gulfstream G550, որի մեկ ժամվա արժեքը տատանվում է 7000-10000 եվրոյի սահմաններում: Հայաստանյան պատվիրակության թվաքանակը` 35 անդամ, նույնպես աննախադեպ էր, իսկ այցի ընդհանուր ծախսը` քառորդ միլիարդ դրամ:

Այս տարվա սեպտեմբերի 28-ին պաշտոնական այցով Հայաստանում էր աշխարհի ամենազարգացած, ուրեմն նաեւ ամենահարուստ պետություններից մեկի՝ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն: Սա այն երկիրն է, որին ընդօրինակելու, նրա լավագույն փորձը Հայաստան բերելու մասին Փաշինյանը բազմիցս խոսել է: Եվ այդ երկրի վարչապետը իր փոքրաթիվ պատվիրակության հետ Հայաստան էր ժամանել Air Fance-ի կանոնավոր չվերթով: Հետեւությունները թողնում եմ ձեզ:

 

Կառավարության շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները նոյեմբերի 7-ին բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բողոքի ակցիան շարունակվեց նախարարության շենքի դիմաց՝ նստացույցով: Ցուցարարները վանկարկում էին «Արայի´կ, հեռացիր»: Իսկ Արայիկը, կարծես թե, անդրդվելի է. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում: Սա այդ իրավիճակը չէ»,- հայտարարել է նախարարը:

Նույն օրը կառավարության նիստին հետեւած ճեպազրույցի ընթացքում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե Դաշնակցությունն «անդաստիարակ պահվածք է դրսեւորում», իսկ ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարությունը, ըստ նրա, կապված է նախկին իշխանությունների հետ եւ «արհեստական խնդիրներ» է ստեղծում Փաշինյանի կառավարության համար: Դաշնակցության համակիրը չեմ եւ երբեք չեմ եղել, բայց պետք է հակադարձեմ ՀՀ «ամենաբազմաֆունկցիոնալ» նախարարին: Եթե «արհեստական խնդիր» կամ «անդաստիարակ պահվածք» ասելով՝ նա նկատի ունի Կառավարության շենքի մոտ այդ քաղաքական ուժի երիտասարդական թեւի կողմից անցկացվող բողոքի գործողություններն ու իր հրաժարականի պահանջ դնելը, ապա նշված որակումներն այնքան էլ տեղին չեն: Դեռ հարց է, թե ում պահվածքն է ավելի «անդաստիարակ»՝ նրա՞նց, ովքեր ժողովրդի մեծամասնության կամքին հակառակ՝ փորձում են լրջագույն վնասներ հասցնել մեր հոգեւոր սրբություններին, թե՞ նրանց, ովքեր հանրությանը խիստ մտահոգ խնդիր է դնում իշխանությունների, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանին վստահված ոլորտի առջեւ: Չէ որ այդ խնդիրը դատարկ տեղը չառաջացավ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հրաժարականը պահանջել սկսեցին ոչ միայն երիտասարդ դաշնակցականները, այլ նաեւ ուսանողության ու, ընդհանրապես, հանրության շատ շերտեր: Եվ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ «Հայերեն», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերում կամընտրական դարձնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Մտավորական շատ շրջանակներ դա գնահատեցին որպես հայագիտության դեմ ուղղված արշավ: Հարցն ավելի սրվեց եւ հասարակական հնչեղություն ստացավ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումից հետո: Մանավանդ, երբ պարզվեց, որ ոռնոցներով ուղեկցվող այդ անճաշակության համար նույն ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 2,7 միլիոն դրամ: Ավելի վաղ նախարարությունը 20 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, սեռափոխված մարդու մասին ֆիլմ  նկարահանելու համար, ինչը նույնպես դժգոհությունների մեծ ալիք էր առաջացրել: Նմանատիպ դժգոհությունները միանգամայն հասկանալի են. հասարակությունը մերժում է մեր ավանդույթներին խորթ բարքերն ու սովորույթները, եւ դրա իրավունքն ունի: Աճող սերնդը պետք է կրթվի ու դաստիարակվի նախնիների հոգեւոր բարձր արժեքների ոգով, այլ ոչ թե ընդօրինակի դրսերից հատուկ դիտավորություններով ներթափանցված հոռի երեւույթները:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցի մեկնաբանմամբ՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը որեւէ կապ չունի Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ, դա 1920 ական թվականների հայ ֆուտորիստ պոետների ժամանակակից վերընթերցումն է, իրենց խոսքով՝ միահյուսված ճարտարապետության, պարի եւ հանրային տարածքում մարմնի ներկայության տարրերին:

Դժվար է ասել, թե ինչ կարող է տալ «հանրային տարածքում մարմնի ներկայությունը», բայց մի բան պարզ է՝ այսպես շարունակվելու դեպքում, վայ թե, շուտով ականատես լինենք նաեւ սատանիզմի հիմքով համերգների: Ֆինանսավորող հաստատ կգտնվի՝ նախարար Հարությունյանի «ջանը սաղ լինի»: Իզուր չի մի առիթով ասել, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում գրաքննություն չի լինելու:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այնուհետեւ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը. նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը դիմավորել ու ողջունել են Հունաստանի նախագահին եւ տիկնոջը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահները Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի եւ Պատվո պահակախմբի ստուգայց, միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին եւ ընդունել Պատվո պահակախմբի քայլերթը:

Նոյեմբերի 4-5-ը Երեւանում անցկացվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի եւ ԽՎ-ի 12-րդ լիագումար նիստերը: Մասնակցում էին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը եւ Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի խորհրդարանների խոսնակներն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակը: Նախօրեին կայացել էր Արարատ Միրզոյանի հանդիպումը Վյաչեսլավ Վոլոդինի հետ, որի ժամանակ Միրզոյանը նշանակալի իրադարձություն է որակել Հայաստանում առաջին անգամ ՀԱՊԿ ԽՎ արտագնա լիագումար նիստի անցկացումը: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ն օրակարգային հարցերի լուծման եւ կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Փաշինյանը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը եւ նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը հանգամանորեն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար եւ խոսել «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջիկա անելիքների մասին:

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող` Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ուղենշելով առկա գործակցության առավել զարգացման եւ նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի:

Եվրամիության Արեւելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը եւ Ան Լինդեն ընդգծել են, որ այն հնարավորություն է ընձեռում գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հեռանկարները:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: