Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021թ. օգոստոսից, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը՝ ազատվելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նման հրամանագրեր էր ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը:
Կարապետյանի հրաժարականին նախորդել էին որոշ միջադեպեր. նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել էր Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Երկու կողմերն էլ նշում էին, որ տուժածներ չունեն:
…Պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն առանցքայիններից է եւ, բնականաբար, նախարարի հրաժարականի վերաբերյալ ծագող առաջին հարցը հետեւյալն է. ինչո՞ւ Կարապետյանին ազատեցին աշխատանքից: Այս հարցի իրական պատասխանը ստանալու ակնկալիք հանրությունը գրեթե չունի՝ հաշվի առնելով նման հարցերում ձեւավորված գաղտնապահության անխախտելի ավանդույթը: Առայժմ անհայտ են անգամ Կարապետյանի նախորդի՝ ՊՆ-ն ութ ամիս ղեկավարած Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի պատճառները: Ի դեպ, մինչ օրս հանրությանը որեւէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատման հանգամանքների մասին, որն անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին էր՝ Արցախյան վերջին պատերազմի 10-րդ օրը: Այնպես որ, պետք չէ զարմանալ, եթե Արշակ Կարապետյանի ազատման խնդիրը նույնպես երկար ժամանակ մնա անհայտության մշուշում:
Բայց շրջանառվող վարկածներ այդ առնչությամբ, իհարկե, կան: «Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Կարապետյանն ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ նոյեմբերի 15-ին քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ էր ստացել։ «Կարապետյանը չի ցանկացել կատարել նահանջի հրամանը եւ ներկայացրել է հրաժարականի դիմում»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես՝ Կարապետյանը հրապարակավ հրահանգել էր կասեցնել պետական սահմանը հատելու՝ հակառակորդի ցանկացած փորձ։ Կան պաշտոնանկության հետ կապված այլ վարկածներ եւս: Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի կարծիքով՝ ՊՆ նախկին ղեկավարը չի կատարել 6 ադրբեջանցի գերիներին առանց այլեւայլության Ադրբեջանին վերադարձնելու՝ ղեկավարության հրահանգը: Լրագրող, հաղորդավար Նաիրի Հոխիկյանն էլ համոզմունք է հայտնում, թե փաշինյանական ռեժիմը չկարողացավ հանդուրժել, որ Արշակ Կարապետյանը նոյեմբերի 8-ին, երբ Ալիեւն ու Աքարը «տոնում էին» Շուշիի գրավումը, այցելեց Արցախ եւ արեց հայտարարություններ, որոնք Ադրբեջանի իշխանության սրտով չէին։
Այսօր բարձրաստիճան հայ պետական պաշտոնյայի համար Արցախ այցելելը հերոսությանը համազոր մի բան է համարվում: Իշխանությունները զերծ են մնում Արցախ մեկնելուց: Իլհամ Ալիեւը նման այցելությունների վրա բռնարգելք է դրել՝ բոլորին սպառնալով «երկաթե» բռունցքով: Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը եւ, առհասարակ, ՀՀ գործադիր մարմնի որեւէ երեւելի պաշտոնյա ոչ մի անգամ Արցախ չեն գնացել: Նույնիսկ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծագումով արցախցի է եւ այնտեղ հայրական տուն, հարազատներ ու մերձավորներ ունի: Վախը Իլհամի «երկաթե» բռունցքից՝ շատերին է պատել: Եվ նման իրադրությունում Արշակ Կարապետյանի այցը պարզկա երկնքում ճայթած ամպրոպի ներգործություն ունեցավ: Դրանից մեկ շաբաթ չանցած՝ Կարապետյանը պաշտոնանկ արվեց՝ հավանաբար այցը Փաշինյանի հետ համաձայնեցված չէր եղել: Անվտանգության խորհրդի նոյեմբերի 16-ի նիստում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հակիրճ ներկայացրեց Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառը՝ նշելով. «Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»։ Ով ինչպես ուզում է՝ թող հասկանա:
Ասենք, որ հանրության համար պակաս հետաքրքրական չէր Արշակ Կարապետյանի հետնորդի նշանակումը: Պատմության դասատու, «ասֆալտ փռող» Պապիկյանից ի՞նչ պաշտպանության նախարար՝ տարակուսած միմյանց հարցնում էին ֆեյսբուքյան ամենահետաքրքրասեր օգտատերերը՝ նշելով, որ Փաշինյանը պարզապես հավատարիմ մարդու է նշանակել, որպեսզի հեշտ լինի նրան «բռի մեջ» պահել, թելադրել իր կամքը: Իսկ թե ճակատագրական այս հանգրվանում ինչպիսի սպառնալիք կարող է Զինված ուժերի համար լինել ոլորտի մասին խիստ մակերեսային պատկերացում ունեցող մարդու նշանակումը, ըստ երեւույթին, ամենաքիչն է հետաքրքրում Փաշինյանին: Նրա համար առաջին պլանում իշխանական աթոռն աներեր պահելու խնդիրն է: Ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար Կարապետյանի խելքին փչեց ռազմական հեղաշրջում իրականացնել: Այդպիսի փորձ մեկ անգամ արդեն եղել է: Ամեն դեպքում զգուշությունը լավ բան է: Իսկ Կարապետյանին առանց գործի չի թողնի:
Արշակ Կարապետյանի մասին նույնպես հանրային կարծիքը միանշանակ չէ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր`այն եզակի պաշտոնյաներից, ով պատերազմից հետո պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյան Քառօրյայի զոհերի եւ տարածքային կորուստների համար։ Այդուհանդերձ՝ գործող իշխանության համար Կարապետյանն ընդունելի կերպար է: Լինելով «Մարտի 1»-ի գործով առանցքային վկա, նա 2008-ի այդ օրերի ու հայտնի խորհրդակցության վերաբերյալ ցուցմունք էր տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ներկայացնելով, թե ինչ հանգամանքներում է բանակը ներգրավվել ներքաղաքական գործընթացներում։ Ավելի քան քառորդ դար ՀՀ զինված ուժերում ծառայած 54-ամյա գեներալն այսօր մեծ կարողությունների տեր է՝ ունի բիզնեսներ, առանձնատներ, ամառանոցներ եւ այլն, սակայն երբեք չի հայտնվել բանակի «թալանի» թեման ամեն Աստծո օր տարփողող Նիկոլ Փաշինյանի ու նրա «ուսապարկերի» քննադատության թիրախում: Ճիշտ հակառակը՝ 2018-ից մինչեւ 2021-ի նոյեմբերի 15-ը եղել է վարչապետի մերձավոր շրջապատում: Սա հետաքրքիր ցուցանիշ է:
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, Արցախի հանրապետության ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Հետագայում պարզվեց, որ պայթուցիկ սարք նետած քաղաքացին արցախցի Նորայր Միրզոյանն է։ Ավելի ուշ Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրեց, որ ճանապարհը բացվել է, եւ «ազատ ու անվտանգ երթեւեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը»:
Ըստ լուրերի՝ Նորայր Միրզոյանը նոյեմբերի 8-ին Շուշիի այդ հատվածում սպանված 22-ամյա հայ բանվոր Մարտիկ Երեմյանի եղբայրն է, որը տաքսիով մոտեցել էր ադրբեջանցի զինծառայողներին եւ նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ադրբեջանցիներն անկանոն կրակ էին բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։ Անցակետի մոտ ծառայող 3 ադրբեջանցի տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ էին ստացել: ԱՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չեն եղել:
…Միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել հայկական եւ ադրբեջանական լրատվադաշտում: Թշնամին, բնականաբար, պահանջում էր Ադրբեջանին արտահանձնել «հայ տեռորիստին», որին ռուս խաղաղապահներն այդ պահին, հավանաբար, հաշվեհարդարից զերծ պահելու նկատառումով ձերբակալել եւ արագ հեռացրել էին դեպքի վայրից: Որոշ ժամանակ մեկուսարանում պահվելուց հետո Միրզոյանը հանձնվել էր Արցախի իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ Շուշիի մերձակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը դիմահար կրակոցներ էր արձակել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա, ինչի հետեւանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն:
Այդ օրը լուրեր տարածվեցին, որ հայ երիտասարդին սպանողը Իլհամ Ալիեւի թիկնապահներից էր՝ զինվորական համազգեստի տակ ծպտված: Մի քանի ԶԼՄ-ներ հաստատեցին տեղեկությունը: Ալիեւը, ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ից առաջ մեծ շքախմբով Շուշի էր ժամանել՝ նշելու, այսպես կոչված, «հայրենական պատերազմում» Ադրբեջանի տարած հաղթանակի տոնը: Այդ երկրի իշխանություններն ամեն ինչ արել էին, որպեսզի «տոնական» օրը դարձնեն հնարավորինս ճոխ ու հիշվող: Եվ դասական իմաստով՝ թուրքի լամուկ թիկնապահը, ըստ երեւույթին, թուրքի լամուկ շեֆի «տոնական» խրախճանքը լիարժեք դարձնելու համար կամ հենց նրա հրահանգով զինված դուրս էր եկել «հայորսի» եւ պատահել իրենց առօրյա գործով զբաղված 4 անզեն հայի… Նոյեմբերի 13-ի դիպվածը հուսալքության կապանքները քանդող եւ թշնամուն արժանապատվորեն դիմադարձող արցախցու կամքի ու պատվախնդրության պոռթկում էր:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է այս մասին մտածում «ֆեյսբուքահայությունը», ինչպիսի տրամադրություններ են տիրում սոցցանցերում: «Եթե մեր ներքին թշնամիները փորձեն տղային պատժել՝ ուժգին ընդվզում է լինելու». Արթուր Հայրապետյան, ՖԲ օգտատեր: «Հայկական Շուշիի մատույցներում ադրբեջանական անցակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժի եւ հատուցման պահանջ». Արթուր Ղազինյան, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր: «Իրականում հայի կերպարը հենց այսպիսին է՝ հայը վախկոտ չէ, փախչող չէ, հայը այդ քոչվոր ցեղի առջեւ երբեք ծնկաչոք չի եղել եւ չի լինելու: Սա ինքնապաշտպանության դրսեւորում է եւ, միանշանակ, չի կարելի դատապարտել ու նաեւ չի կարելի խրախուսել, որպեսզի ամեն ինչ չվերածվի քաոսի». Մետաքսե Հակոբյան, Արցախի ԱԺ պատգամավոր: «Երեւանում, մարզերում եւ Ստեփանակերտում պետք է կազմակերպել երթեր եւ միտինգներ՝ ի պաշտպանություն արցախցի արժանապատիվ տղայի։ Դա կզգաստացնի ՀՀ քաղաքական չիշխանությանը». Նաիրի Հոխիկյան, լրագրող։
Նորայր Միրզոյանի նետած նռնակը միայն թուրք զինականին չէր ուղղված: Այն ուղղված էր Հայաստանի բոլոր թշնամիներին՝ ներքին թե արտաքին: Այն ուղղված էր անարդարությանը, մարդկության հանցավոր լռությանը եւ այս գիշատիչ աշխարհի բոլոր ելուզակներին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հենքին նոյեմբերի 18-ին Երեւանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստը, օրակարգում բազմաթիվ տնտեսական հարցեր են։ Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները։ Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում քննարկվել են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի քանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին: Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Ստեփանավանում, Կապանում եւ Իջեւանում: Ստեփանավանում առաջադրվել էին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՔՊ-ն, Կապանում՝ «Շանթ» դաշինքն ու ՔՊ-ն, Իջեւանում ՀՅԴ-ն ու ՔՊ-ն: Լոռու մարզի Լերմոնտովո եւ Կոտայքի Արզնի համայնքներում ընտրություններն անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով: Կազմավորվել էր ընդհանուր թվով 99 տեղամաս: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էին 8 տեղական ՀԿ-ներ:
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը կայացել էր հոկտեմբերի 17-ին: Իսկ դեկտեմբերի 5-ին նշանակված են 3-րդ փուլի ընտրությունները մի քանի այլ համայնքներում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Իգոր Խովաեւը եւ Բրիս Ռոքֆեյը խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները: «Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- մասնավորապես ասված է ՄԽ համանախագահների նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունում:
ՀԱՊԿ ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, սակայն կազմակերպությունն առայժմ Հայաստանից որեւէ պաշտոնական դիմում չի ստացել, նոյեմբերի 16-ին ՏԱՍՍ-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ «Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից որեւէ դիմում չի ստացել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - ասել է ՀԱՊԿ խոսնակը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Երեւանը կոչ է անում միջազգային հանրությանը եւ դաշնակիցներին՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու Մինսկի խմբին, արձագանքել ադրբեջանական կողմի գործողություններին, որոնք «լրջորեն վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, եւ քայլեր ձեռնարկել ՀՀ տարածքից ադրբեջանական տարածքից դուրս բերելու ուղղությամբ:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը նորից կկալանավորվի։ Սարգսյանն ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Վերաքննիչ ատյանը վերացրել է այս որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու եւ լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։