Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 21-ին հաստատել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով այդ հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմի արդյունքում տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող ԼՂՀ քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի խնդրո տարածքների համայնքների հաշվառում եւ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: Սոցաջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության կարգով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ։
Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը ծրագրի շահառու է: Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 20-ը: Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:
…Մամուլում եւ սոցցանցերում հրապարակված է արցախա-ադրբեջանական 44-օրյա մարտական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 123 հայկական բնակավայրերի ցանկը: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած պատերազմն առանձնահատուկ էր` նրանում Ադրբեջանի կողմից ներգրավված էին Թուրքիան եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների շուրջ 3000 զինյալ վարձկաններ, որոնց տարածաշրջան էր բերել Թուրքիան: Թշնամին, որին բացահայտ կամ քողարկված ռազմական աջակցություն էին ցուցաբերոււմ նաեւ Իսրայելը, Պակիստանը, Աֆղանստանը եւ այլք, մինչեւ ատամները զինված էր ամենաարդիական սպառազինությամբ ու տեխնիկական միջոցներով: Պատերազմի ելքը գրեթե կանխորոշված էր, ինչը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը խնամքով թաքցնում էր` 44 օր շարունակ հաղթանակի կեղծ պատրանքով ապակողմնորոշելով ժողովրդին:
Նոյեմբերի 9-ի լույս 10 գիշերը, երբ արդեն հաղորդագրություն էր տարածվել Շուշիի անկման մասին, ՀՀ վարչապետը Մոսկվայում ստորագրեց Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ նվաստացուցիչ հայտարարությունը, որով Ադրբեջանին անցան ոչ միայն 1991-94 թթ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրված 7 շրջանները, այլեւ նախկինում ԼՂԻՄ-ի անբաժանելի մաս կազմող Հադրութը` իր 30 գյուղերով, Շուշին` Քարինտակ գյուղով, Մարտունու շրջանի գյուղերից Ջիվանին, Զարդանաշենը, Շեխերը, Սարգսաշենը, Թաղավարդը եւ Վազգենաշենը, Մարտակերտի ու Ասկերանի շրջաններից` 8-ական գյուղեր, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանը` Կովսական շրջկենտրոնով ու 52 գյուղական համայնքներով եւ Շահումյանի շրջանը` Քարվաճառ շրջկենտրոնով ու 16 գյուղերով: Սա պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտանական տվյալներով կորցված հայկական բնակավայրերն ավելի շատ են:
Ոչ մի իսկական հայորդի չի կարող անտարբեր, առանց սրտի մղկտոցի ընկալել Արցախի ծվատված քարտեզը, որից մնացել է նրա տարածքի ընդամենը 28 տոկոսը, եւ թշնամուն հանձնված մեր շեն գյուղերի ու քաղաքների ցանկը: Այդ բնակավայրերի հետ ազերի բարբարոսի հոշոտմանն են անցել նաեւ 150-ից ավելի եկեղեցիներ, խաչքարեր, մատուռներ, կրոնական ու մշակութային այլ արժեքներ, այդ թվում` Տիգրանակերտի հնավայրը, նշանավոր Դադիվանքի վանական համալիրը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցին, Ծիծեռնավանքի, Գանձասարի, Գտչավանքի եկեղեցիները, որոնցից յուրաքանչյուրն անանց արժեք է: «Տիգրանակերտը բոլորից հին է առնվազն 500-600 տարով: Փաստորեն` այդ հուշարձանը, որը Կովկասի զարդն է, մարգարիտն է եւ հայկական է, այդպես անհոգաբար թողեցինք իրենց»,- ցավով ասել է Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Նա մտավախություն ունի, որ գիտական շրջանառության մեջ գտնվող հուշարձանները, օրինակ` Դադիվանքը, Ծիծեռնավանքը եւ այլք, ադրբեջանցիները համարում են ոչ թե հայկական, այլ աղվանական, ուստի Ադրբեջանը դրանք աշխարհին կներկայացնի որպես ոչ հայկական մշակութային ժառանգություն։
Ադրբեջանական ժողովրդին ուղղված խոսքում Իլհամ Ալիեւն անդրադարձել է Արցախի հայկական եկեղեցիներին եւ, շարունակելով խեղաթյուրել պատմական փաստերը, դրանք կրկին ներկայացրել է որպես աղվանական մշակույթի մաս։ «Քելբաջարի պատմական հուշարձանները` ե՛ւ մզկիթները, ե՛ւ եկեղեցիները մեր պատմական հարստությունն են։ Ամբողջ աշխարհը պիտի իմանա, որ Քելբաջարում գտնվող եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիա հնագույն պետությանը»,- հայտարարել է Ալիեւը` հավելելով, թե հայերը «յուրացրել են աղվանական եկեղեցիները»։ Այնպես որ, կեղծիքի հիմքերն արդեն դրված են, եւ որքան էլ Պուտինը` որպես բարի կամքի արտահայտություն, պատրաստակամություն հայտնի անձամբ երաշխավորել Դադիվանքի եւ մյուս խոշոր եկեղեցիների անվտանգությունը կամ «ՅՈԻՆԵՍԿՕ»-ն խոստանա օժանդակել այդ հարցում, միեւնույն է, Ադրբեջանն իր ուզածն անելու է: Հայոց տառապանքը փորձ ունի` այդ տարածքներում արդեն իսկ հաստատվել են մշակութային վայրագության առաջին դեպքերը:
Կար հետաքրքիր մի օրինաչափություն, որն այս պատերազմում ուղղակի աչքի էր զարնում` Հայաստանը մի տեսակ նշանակություն չէր տալիս իր արժեքներին` այն ամենին, ինչը ձեռք էր բերվել կամ ստեղծվել էր սերնդեսերունդ, քաջ հայորդիների արյան գնով` լինի դա տարածք, բնակավայր, խորհրդանիշ, թե պատմամշակութային արժեք: Հակառակ դեպքում այդքան հեշտ ու հանգիստ չէինք փռի թշնամու առջեւ մեր շենշող գյուղերն ու հոգեւոր-մշակութային գանձերը: Ամենայն հավանականությամբ, անտարբերության թմբիրը արդյունք է որոշ շրջանակներում արմատներ ձգող նոր մտածողության ու նոր մոտեցումների: Դրանք աշխարհաքաղաքացիական հայացքների տեր անձինք են, որոնց համար ավանդական հայրենասիրությունը հնաոճ, իր դարն ապրած հասկացություն է: Այս համատեքստում բնութագրական է Շուշիի հանձնման առնչությամբ վարչապետի հրապարակային մեկնաբանությունը: Մեջբերենք. «Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչո՞ւ էր էդ վիճակում»: Թե կոնկրետ ինչ վիճակում էր մաքրության մեջ փայլող, գեղեցիկ, կոկ ու բարեկարգ Շուշին` Փաշինյանը ոչ մի բառ չի ասում:
Իսկ ասելու բան շատ կա: Մինչեւ հիմա առեղծված է, թե ինչպես մենք տվեցինք Շուշին` Արցախի մարգարտահատիկը: Այդ օրերին համացանցում թեժ քննարկումներ էին գնում, որ Շուշին հանձնվել է, ոչ թե գրավվել: Մարտական գործողությունները լուսաբանող ռուս լրագրողներ Սեմյոն Պեգովի եւ Ալեքսանդր Խարչենկոյի վկայությամբ նախքան եռակողմ համաձայնագրի ստորագրումը Շուշին չէր գրավվել ռազմական ճանապարհով եւ մինչեւ նոյեմբերի 14-ը քաղաքում դեռ հրամանի սպասող հայկական ջոկատներ կային: Իսկ Խարչենկոյի համոզմամբ` քաղաքի միակ մուտքը հարավային կողմից էր, «բավական էր պահել այդ մուտքը, եւ քաղաքը կմնար անառիկ»: Անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին էր Россия-24-ի եթերում նշել, որ Շուշին հանձնելու հարց նախապես երբեք չի դրվել: Ըստ նրա, եթե Փաշինյանն ընդուներ հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը, որին համաձայնել էր Ալիեւը, Շուշին կմնար հայկական կողմի վերահսկողության տակ, եւ չէին լինի հավելյալ զոհեր:
Փաստորեն հայկական կողմը թե´ մեծաթիվ զոհեր տվեց, թե´ ցավալի տարածքային կորուստներ ունեցավ, սակայն պատերազմը դրանով չավարտվեց: Ավելին` ամեն ինչ, կարծես թե, նոր է սկսվում: Այս օրերին ընթացող սահմանազատման եւ սահմանների ճշգրտման աշխատանքներն ուղեկցվում են լուրջ սահմանային բախումներով: Թուրքի ախորժակն ուտելիս է բացվում` Մարտունու Բերդաշեն համայնքում նա աչքը տնկել է հարեւանությամբ գտնվող հայի 3 հեկտարանոց լավ խնամված նռան այգու վրա, Սյունիքի Դավիթբեկ գյուղի մի քանի հեկտար ալպյան արոտավայրեր է «իրենով» արել, իսկ նոյեմբերի 26-ին ներխուժեց ՀՀ տարածք` Սոթքի ոսկու հանք` ջարդելով դարպասը եւ ծեծի ենթարկելով հայ զինվորներին: Ընդ որում` եղբայրական խաղապահների ներկայության պայմաններում:
Ի՞նչ է մտածում մեր կառավարությունը, ո՞վ է այս ամենաթողության ու կամայականությունների դեմն առնելու, ինչո՞ւ Ադրբեջանն է որոշում Հայաստանի սահմանը, ե՞րբ ենք կարողանալու տեր կանգնել գոնե այն քչին, որ մնացել է մեր զինվորի արյան գնով: Մնանք այս հարցերի պատասխաններին սպասող:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ընդունեց Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը` 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել ԼՂ անկախությունը` տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար: Այն միաժամանակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների ու օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, եւ կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում: Պաշտոնական Փարիզը, սակայն, չի ճանաչել ԼՂ անկախությունը:
Արցախի ԱԳ նախարարությունը ողջունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի` Սենատի ընդունած բանաձեւը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Վերջին մեկ ժամում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում:
Խորհրդարանը նոյեմբերի 26-ին 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախաձեռնությունը։ Նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ընդդիմադիր ԼՀ եւ ԲՀ խմբակցություններինն էր։ Սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ, նիստի սկզբում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանը, ով կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ տնտեսապես բացասական հետեւանքներ են ունենում:
Նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարում։ Այդ մասին Մանուկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Իբրեւ ՀՀ քաղաքացի, որ մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով»: Հետագա օրերին հացադուլին միացել են եւս մի քանի քաղաքացիներ: