Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, սակայն այս անգամ ասուլիսը համացանցային ձեւաչափով էր: Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափում էր լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դեմառդեմ հանդիպումից: Ասուլիսի առնչությամբ նա գրել էր. «Նոյեմբերի 23-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»:
Որոշ տվյալների համաձայն՝ պատասխանների ենթակա հարցերն առանձնացված էին խիստ ընտրողաբար, բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: Միեւնույն ժամանակ ֆեյսբուքյան համապատասխան հարթակում փակված էր մեկնաբանությունների համար նախատեսված դաշտը: Սա էր, հավանաբար, ժողովրդավարությունը՝ փաշինյանական ձեւով:
…Ասուլիսի ողջ բովանդակությունը հակադրությունների ու հակասությունների մի շղթա էր: Հարցուպատասխանը նա սկսեց ստերով, որոնց մեծ մասը վաղուց հայտնի էր հանրությունը, եւ այդ ոգով էլ շարունակեց մինչեւ վերջ: Շրջանառվում էր տեսակետ, թե հարցուպատասխանի տեքստը նախապես պատրաստված, գրանցված եւ միացված էր տեսասարքին: «Ասուլիսի ընթացքում 61 սուտ մտքեր հնչեցին»,- չէր ալարել՝ հաշվել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, Փաշինյանը ոգեւորված էր Ադրբեջանի դիրքորոշմամբ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ ստեղծված ուղիղ կապով: Նրա այդ տպավորությունը մեզ քաջածանոթ «կառուցողական»-ի ու «կիրթ»-ի շրջանակում էր: Փաշինյանն, իսկապես, ծանր կացության մեջ հայտնված մարդու օգնության ճիչեր էր ասես արձակում: Նկատելի էր, որ գործ ունենք իրեն վստահված աշխատանքը տապալած մարդու հետ: «Նրա սխալների պատճառով մենք անցանք անդառնելիության կետը». այսպիսի կարծիք են հայտնում շատ փորձագետներ:
Ինքը` Փաշինյանը, հոգոց հանելով, պատմում է, որ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ աշխատանքից ազատել է ՀՀ պետական դրոշն անփութորեն գետնին գցած մաքսային ծառայողին, ինչը Հայաստանում «վիրտուալ բունտ» էր բարձրացրել: Այդ դրվագի մասին նրան ոչ ոք հարց չէր ուղղել, պատմում է ինքնաբուխ: Լսում ես ու տարակուսանք ապրում. այս մարդու կյանքի դիպվածները, ինչպես այսօր նրա պատասխանած հարցերը, ընտրողաբար են պահպանվում կամ տպավորվում: Այլապես ինչո՞ւ նրա համար նույնպիսի «հարված» չէ, երբ, օրինակ, ավտոմեքենայի շարժիչի ծալովի կափարիչի վրա փռված եռագույնի վրա իր վարորդներն ու թիկնապահները թուղթ են խաղում: Ինչո՞ւ նույնպիսի «հարված» չէր Նոյեմբերի 9-ը, Դադիվանքը, Ավետարանոցը, ի վերջո՝ Շուշին: Նույնիսկ՝ այն սահմռկեցուցիչ տեսարանը, երբ իր իսկ մեղքով թշնամին ոտնատակ էր տալիս մեր դրոշը: Սուտն ու կեղծավորությունն էլ պիտի չափ ու սահման ունենան: Ժողովրդի բերանը չես փակի, մարդիկ ամեն ինչ տեսնում են եւ սուտը իրականությունից ջոկել գիտեն: Իզուր չէ ասված՝ «ստինը եւ «էն մյուսինը» 40 օր է»:
Ներկայացնենք ֆեյսբուքյան ասուլիսի շուրջ մի քանի հակիրճ գնահատականներ կամ, եթե կարելի է այսպես ասել, «հայացք՝ կողքից»: Սայաթ Շիրինյան, Ոստիկանության գնդապետ. «Նիկոլը պաթալոգիկ ստախոս է: Ամենաանմեղ հարցերի մասին խոսելիս էլ, մեկ է, ստում է: Ցավն այն է, որ դեռ կան այս ստախոսին հավատացող իդիոտներ»: Լեւոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ. «Այդ հարցազրույցը կամ ասուլիսը ապացուցեց մի բան՝ ՀՀ-ում այսօր ունենք մի ղեկավար, որն իշխանության մոլագար է եւ դրա համար պատրաստ է ստել, արդարանալ, ասել ցանկացած թյուրիմացություն, ցանկացած անհեթեթություն եւ, այնուամենայնիվ, մնալ իշխանության»: Դավիթ Սանասարյան, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար. «Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. մեղմ ասած՝ տարակուսած եմ։ Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլեւ սխալ ռելսերով է տանում երկիրը»: Սարո Սարոյան, քաղաքագետ. «Վայ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է։ Ցավոք, մենք այդ երկիրն ենք։ Իր դեպքում ամբողջ ողբերգությունն անցյալից եկող նրա արժեքային դեֆորմացիան է, քանի որ նա մտածում է այլ կերպ, որի անբարոյական կողմը նրան չես կարող համոզել»: Արթուր Խաչատրյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր (ՀՅԴ). Խառը բառակույտով քողարկված մի քանի կարեւոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հանրությանը»:
Եթե ուշադրություն դարձրիք, հեղինակների բավական տարասեռ կազմ էր ընտրված, սակայն գրեթե բոլորն ընդգծում են, որ ի դեմս Հայաստանում վարչապետ աշխատող անձնավորության՝ գործ ունենք տգետ, ստախոս, մանիպուլյատիվ հակումներ ունեցող գործչի հետ՝ հատկանիշներ, որոնց կրող ղեկավարը, եթե շարունակի պաշտոնավարել, դեռ շատ վտանգներ ու փորձանքներ կարող է բերել մեր պետության եւ ժողովրդի գլխին: Այդ մասին վկայող փաստարկներից էր նաեւ Փաշինյանի առցանց հրավիրած այս «անկեղծ» զրույցը, որը մի շարք լղոզված հատվածներ է պարունակում, միգուցեեւ՝ ինչ-ինչ ուղերձներ, որոնց վերծանումը, թերեւս, խորագիտակ հետազոտողի գործ է: Ոմանք պատահական չեն համարում, որ ասուլիսը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ նոյեմբերի 26-ին Սոչիում եւ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպումների նախաշեմին: Այն նախատեսված էր հատուկ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, սակայն ասուլիսի ընթացքում ո՛չ լրատվամիջոց երեւաց, ո՛չ հասարակական որեւէ կառույց: Հարցերն իր հայեցողությամբ ներկայացնում էր օգնականը, եւ Փաշինյանը դրանք «չրթում» էր արեւածաղկի սերմի պես:
Վարչապետի ՖԲ էջին ուղարկված հարցադրումներն էլ առանձնապես մեծաքանակ չէին, բայց հանրությանը հուզող որոշ հարցեր, անշուշտ, կային: Մասնավորապես՝ բարձրաձայնվում էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, նոյեմբերի 15-16-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ներխուժմանն ու այդ առնչությամբ Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին գրավոր դիմելու խնդրին, սահմանագծման-սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր եւ այլն: Ահա հարցուպատասխանի ողջ տեքստի համար տիպական մի ձեւակերպում. «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են` եթե չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք»: «Չի լինելու այդպիսի բան, բայց մյուս կողմից` Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի: Այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ՝ տվյալ դեպքում Նախիջեւանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է, ես հույս ունեմ` ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի»,- հայտարարել է Փաշինյանը:
Անհասկանալի ուղերձների մասին խոսելիս՝ այս կարգի ձեւակերպումները նկատի ունեի: Փորձենք «մակերեսանց» հետազոտել այս մեջբերումը: Այն բաղկացած է առանձին մտքեր արտահայտող երեք նախադասությունից: Առաջին նախադասության ուղերձը. «ասում են՝ միջանքը չստանալու դեպքում բոլորիս կկոտորեն»: Երկրորդինը. «չկոտորվելու գինը պիտի վճարենք՝ վերականգնելով երկաթուղային ու ավտոմոբիլային կապը»: Երրորդինը. «Ադրբեջանը ճանապարհով չի բավարարվի, պիտի միջանցք տանք, քանի որ Թուրքիայի պես հզոր պետությունը եւս խաղի մեջ է, ինչը Հայաստանի շահերից է բխում»: Այսօրինակ կոդավորված ուղերձները բազմաթիվ են, դրանց անդրադառնալը երկար ժամանակ կպահանջի, ուստի բավարարվենք եւս մեկ-երկու հետաքրքիր մեջբերմամբ, որոնք ավելի շուտ ռեբուս են հիշեցնում: Կամ՝ գլուխկոտրուկ: Դատեցեք ինքներդ.
«Ընդհանուր առմամբ, մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք, կան խնդիրներ, որոնք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց ինչ-որ առումով հասցրել ենք լուծել եւ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում կլուծենք: Պատկերացնում ենք բոլոր բարդությունները՝ որտեղ քանի մետր, քանի միլիմետր, քանի կիլոմետր խնդիր ունենք, եւ դրանք լուծելի ենք համարում: Մեր խնդիրն այլ տեղ է՝ ուզում եմ նաեւ միջազգային, այդ թվում՝ Ադրբեջանի հանրությունը մեր ուղերձը ճիշտ ընկալի»: Կամ այս մեկը. «Մեզ ինչ մեղադրանք ասես՝ ասում են՝ Ղարաբաղը տվին կամ ուզում էինք տալ, պատերազմ չէր լինի, ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել, եթե Ղարաբաղ տվող լինեինք, կամ ասում են՝ հեսա տալու են: Ընդհակառակն՝ եթե էդպիսին ենք, եւ եթե մեր հակառակորդները գիտեն, որ մենք պատրաստվում ենք զիջել, ապա ամեն ինչ կանեն, որ այստեղ խաղաղ լինի, բորբոքում չլինի, որ աննկատ զիջենք: Բայց ամեն մի կրակոց վկայությունն ա նրա, որ ՀՀ շահերը մենք չենք զիջում, որ կռիվ ենք տալիս ամեն փոքր շահի համար: Հակառակ դեպքում ինչո՞ւ են մեր վրա կրակում, որեւէ մեկը կարա՞ բացատրի»:
Ասում է՝ «ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել, եթե Ղարաբաղ տվող լինեինք»: Իմաստ կա: Բացատրեմ. Ղարաբաղը պատերազմով հանձնելը մեկ բան է, անպատերազմ հանձնելը՝ լրիվ այլ բան: Առաջին դեպքում՝ «դե, պատերազմ էր, պարտվեցինք»: Ինչ-որ չափով արդարացում կա: Երկրորդ դեպքում, այսինքն՝ առանց պատերազմի հանձնելը դավաճանությանը համազոր վարքագիծ է, արդարացում չունի: Բայց կա նաեւ երրորդ, միջանկյալ տարբերակը՝ ե՛ւ պատերազմով հանձնել, ե՛ւ դավաճանի պիտակից չխուսափել, ինչպես մեր դեպքում է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Կրեմլի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ դրա կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։ Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել նաեւ նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Ռուսական կողմի միջնորդությամբ այդ օրը երեկոյան հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Հայաստանը պատրաստվում էր գրավոր դիմել Ռուսաստանին ռազմական օգնության համար։ Ինչպես մայիսին՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրացման ժամանակ, այնպես էլ Սյունիքի վերջին մարտերից հետո Ռուսաստանը պատասխանել էր դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկով, ինչը Փաշինյանն ընդունելի էր համարել Հայաստանի համար։
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։ «Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպեսեւ նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման համար»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Լրացուցիչ տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները նոյեմբերի 24-ին հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր: Հայկական կողմի փոխանցմամբ` կարեւորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Միզոյանը Լավրովին
ներկայացրել է «Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը»: Անդրադարձ է եղել նաեւ եռակողմ հայտարարություններով կողմերի պարտավորությունների կատարման ընթացքին։
Նույն օրը Երեւանում Ռուսաստանի փոխվարչապետին եւ ԱԳ փոխնախարարին ընդունել է վարչապետ Փաշինյանը:
Շաբաթվա ընթացքում շարունակվում էին նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում մի խումբ մտավորականների եւ քաղաքացիական ակտիվիստների գլխավորությամբ մեկնարկած՝ Ազգային-ազատագրական շարժման բողոքի գործողությունները: Կառավարության շենքի առջեւ ամենօրյա ռեժիմով հավաքվող բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են հրապարակել նոյեմբերի 26-ին ստորագրվելիք սահմանագծման-սահմանազատման փաստաթուղթը, թույլ չտալ «միջանցքի» բացում եւ պատշաճ կերպով զինել առաջնագիծը: Բողոքի ակցիան ներառում է փողոցների շրջափակում, զանգվածային երթեր եւ հանրահավաքներ: Նախաձեռնողները հայտարարում են, որ միջոցառումը վերկուսակցական, ապաքաղաքական շարժում է ընդդեմ Կառավարության եւ, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի հակահայ ծրագրերի ու գործողությունների: Բողոքի ալիքը գնալով՝ մեծանում է:
Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերի 23-ին երկու բանաձեւ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության եւ հայ գերիների վերաբերյալ, հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։ Բանաձեւերից մեկում, ըստ դեսպանության, խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ-ի հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով եւ կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձեւում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։
Բանաձեւն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տվյալ հոդվածով նախատեսված հանցանքը պատժվում է 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ: Հակակոռուպցիոն կոմիտեից նույն օրը «Ազատությանը» հայտնել էին, որ վառելանյութի գործով արդեն 2 տարի մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել եւս մեկ՝ կաշառքի գործով, եւ հրավիրվել է հարցաքննության: