Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-21-ը աշխատանքային այցով Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում էր:
Գեղարքունիքի մարզում նա զրուցել է քաղաքի հրապարակում հավաքված բնակիչների հետ, այցելել Մարտունու թիվ 2 դպրոց՝ ծանոթանալով այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին, ապա՝ ավելի ուշ, մասնակցել քաղաքի 190-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին ու հանդես եկել ելույթով: Փաշինյանը եղել է նաեւ մարզի մյուս քաղաքներում. Գավառում հանդիպում է ունեցել համայնքապետերի ներկայացուցիչների հետ, մասնակցել Գավառի դրամատիկական թատրոնի բացմանը, իսկ Սեւանում ծանոթացել է կառուցվող նոր մարզադպրոցի աշխատանքներին:
Արագածոտնի մարզպետարանում վարչապետի պաշտոնակատարի այցը սկսել է համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր: Տնտեսական եւ գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումից առաջ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին՝ ընդգծելով, թե ինչ պետք է արվի, որպեսզի այդ ընտրությունները լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Խորհրդակցության վերջում նա պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին: Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատարը եղել է նաեւ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունում եւ Ապարանի թռչնաբուծական ու խոզաբուծական ֆերմերային տնտեսություններում:
…Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերը որոշ շրջանակներ դիտարկում են որպես աշխատանքային ժամին իրականացվող նախընտրական քարոզչություն, ինչը, նրանց կարծիքով, վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է: Այդ առնչությամբ հայտարարություն էր տարածել մասնավորապես Հանրապետական կուսակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարին կոչ անելով խստիվ պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները եւ բոլոր կողմերի համար ապահովել հավասար պայմաններ: Ուշագրավն այն է, որ նմանօրինակ մեղադրանք ներկայացնողը ոչ այլ ոք է, քան Հանրապետականը՝ մի կուսակցություն, որն իր իշխանության տարիներին բազմաթիվ կշտամբանքներ էր ստանում ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսները չարաշահելու եւ մասնակից մյուս քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ու հնարավորություններ չապահովելու պատճառով: Այդ մասին շատ հաճախ շեշտվում էր նաեւ համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում:
Անդրադառնալով ՀՀԿ-ի սույն հայտարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով երկար տարիներ ծառայել է այդ կուսակցությանը, պարզաբանել է, որ պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում քարոզչության արգելքը վերաբերում է բուն քարոզչության ժամանակահատվածին: «Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, ըստ այդմ՝ նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ»,- նշել է Մուկուչյանը: Ասել է թե՝ մեր դեպքում այդ ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար՝ նախընտրական քարոզչության կամ վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսելը, ըստ Մուկուչյանի, ժամանակավրեպ է:
Թեմային անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը: Նա մասնավորապես ասել է. «Որեւէ մեկը սահմանափակված չէ որեւէ մարզ այցելել, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ էլ են այցելում։ Ես որպես վարչապետ եմ այցելել, որեւէ մեկը սահմանափակվա՞ծ է մարդկանց հետ շփվելուց, զրուցելուց։ Ես մարզեր այցելել եւ նմանատիպ հանդիպումներ ունեցել եմ իմ պաշտոնավարման ողջ ընթացքում»:
Այսպիսի պատասխանը դժվար թե հանրապետականներին բավարարի: Ի՞նչ երեսով նրանք կարող են մարզեր գնալ, ո՞վ նրանց այնտեղ կընդունի: Իսկ հայտարարություն գրելն անվտանգ է, ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու...
Անցնող շաբաթվա ընթացքում անցկացվել են ավանդական համահայկական երկու հանգանակություններ: Նոյեմբերի 14-18-ը Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում Եվրոպայի հայության կողմից հանգանակվել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո, որի «առյուծի բաժինը»` 1 մլն 137 հազար եվրոն, Ֆրանսիայում, 73 հազար 845-ը` Գերմանիայում, 19 հազար 717-ը` Շվեյցարիայում, 11 հազար 150-ը` Հունաստանում: «Հայաստան» հիմնադրամի հաղորդմամբ` ֆոնեթոնի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արեւային էներգիայի ներդրմանը, ինչպես նաեւ Հալեպի հայերի կարիքներին: Իսկ նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում մեկնարկած եւ 12 ժամ տեւած համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, նախնական տվյալներով, հանգանակվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար: Հավաքված միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարեւոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն-2018»-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:
…Ինչպես հայտնի է, որոշակի դրական աշխատանքների հետ մեկտեղ, նախորդ իշխանությունների օրոք համահայկական բարեգործական ծրագրերի ձեւաչափն ու իմաստը պարբերաբար ձեւախեղվում էին, հանգանակված գումարների տնօրինման գործում թույլ էին տրվում կամայական մոտեցումներ եւ, անգամ, չարաշահումներ: Անպակաս էին ծրագրերի ձախողումները, անարդյունավետ աշխատանքի ու անորակ շինարարության փաստերը, անարդար տենդերները, հանգանակված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամարին չմուտքագրելու դեպքերը եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդը, ինչպես ասում են, մատների արանքով էր նայում միջոցների ոչ նպատակային օգտագործման աղաղակող փաստերին ու կոռուպցիոն երեւույթներին: Այդ ամենի պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամն աստիճանաբար կորցնում էր բարերարների ու աշխարհասփյուռ նվիրատուների վստահությունը՝ ստվերելով հայրենիքի երկու հատվածների՝ Հայաստանի եւ Արցախի բարենորոգման ու զորացման համար հայության ներուժը համախմբելու առաքելությունը:
Ստեղծված լինելով 1992 թվականին, հիմնադրամը կոչված էր մասնավորապես խթանելու 1988-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքների հաղթահարումը, օժանդակելու Հայաստանի տնտեսության կայունացմանն ու հետպատերազմական Արցախի վերածննդին, աջակցելու սոցիալ-տնտեսական եւ գիտամշակութային կարեւորություն ունեցող համապետական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Ցավոք, մեզանում հաճախ թղթի վրա գրվածը մեկ բան է, իրականությունը՝ բոլորովին այլ բան: Բնական աղետից նույնիսկ 30 տարի անց դրա հետեւանքները մինչեւ վերջ հաղթահարված չեն, Արցախի վերածննդի մասին խոսելը եւս վաղ է, իսկ Հայաստանի տնտեսության կայունացման ծայրն ընդհանրապես չի երեւում:
Ընդունված կարծիք կա՝ հիմնադրամներն ու ճանապարհաշինությունը գումարներ մսխելու լավագույն տեղն են: Ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ է ԱԱԾ-ի այս տարվա հուլիսի 2-ի հաղորդագրությունը, համաձայն որի՝ յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո նա խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 մլն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքների կատարմանը: Ճիշտ է, հետագայում նա վերականգնել է վատնած գումարները եւ ազատ արձակվել կալանքից, սակայն տեղի ունեցածի տհաճ «մրուրը» դեռ երկար ժամանակ կմնա «Հայաստան» հիմնադրամի անվան վրա՝ որպես խարան: Ցավալի է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Հարավային Կորեայի թեկնածուն ընտրվեց Ինտերպոլի նախագահ. մեծ հարված Ռուսաստանին
The Washington Post-ը տեղեկացնում է, որ Հարավային կորեացի Կիմ Չեն Յանն ընտրվել է Ինտերպոլի նախագահ՝ դուրս մղելով Ռուսաստանի անվտանգության ծառայությունների վետերան Ալեքսանդր Պրոկոպչուկին, որի ընտրությանը խիստ ընդդիմանում էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ եվրոպական այլ երկրներ: Սպիտակ տունը եւ նրա եվրոպական գործընկերները լոբբիստական գործունեություն էին ծավալել Ինտերպոլի հաջորդ նախագահ ընտրվելու՝ Ալեքսանդր Պրոկոպչուկի փորձերի դեմ, նշելով, որ նրա ընտրվելը կհանգեցնի Ինտերպոլի «կարմիր ծանուցման» համակարգի հետագա չարաշահումներին` ռուս քաղաքական ընդդիմախոսների եւ վտարանդի այլախոհների հետապնդումների համար:
Կրեմլի ընդդիմախոսները՝ ներառյալ ֆինանսիստ Բիլ Բրաուդերը, Միխայիլ Խոդորկովսկին եւ Ալեքսեյ Նավալնին, նախազգուշացրել են, որ միջազգային իրավապահ մարմինը ղեկավարելու համար Ռուսաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նշանակումը կթուլացնի Ինտերպոլը եւ կքաղաքականացնի ոստիկանության միջպետական համագործակցությունը:
Միխայիլ Խոդորկովսկին The Guardian-ում մասնավորապես գրում է. «Ռուսաստանի նման երկրի դեպքում Ինտերպոլի համակարգի խոցելիությունը շատ պարզ է: Իշխանության մեջ գտնվող հանցախումբն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի պաշտպանի իր ղեկավարների շահերն՝ ընդդեմ ռուս ժողովրդի: Արդյունքում ոստիկանությունը չի պայքարում կազմակերպված հանցագործության դեմ: Նրանք համագործակցում են դրա հետ: Քրեական հետապնդումները հաճախ գումարներ պահանջելու կամ ունեցվածքը կողոպտելու գործիք են: Նրանց գործունեությունը կապ չունի հանցագործությունների բացահայտման եւ արդարության հաստատման հետ»: Հոդվածագրի կարծիքով՝ Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի անվտանգության «քրեականացված ապարատի» անդամի նշանակումը կսասանի կառույցի արժեքները եւ «կազդարարի աշխարհի բոլոր կառավարություններին, որ ռուսական պետության համար օրենքի չարաշահումներն ընդունելի են»:
Պուտինի մեկ այլ հայտնի քննադատ՝ Վլադիմիր Կարա-Մուրզան, The Washington Post-ի իր հոդվածում գրում է, որ «քաղաքականապես հիմնավորված ծանուցումները» եղել են Կրեմլի սիրված մարտավարությունը, որն օգտագործվում էր նրա քաղաքական հակառակորդների հետապնդումն օրինականացնելու եւ նրանց կյանքն ու տեղաշարժն ավելի բարդացնելու համար: Կարա-Մուրզան նշում է, որ «թիրախների» թվում էին Ռուսաստանի առաջատար անկախ լրատվամիջոցների նախկին սեփականատեր Վլադիմիր Գուսինսկին, «Յուկոս» նավթային ընկերության համասեփականատեր Լեոնիդ Նեւզլինը, էստոնացի քաղաքական գործիչ Էրիկ-Նիյեսս Կրոսսը, Ռուսաստանի երբեմնի ամենաազդեցիկ օլիգարխ Բորիս Բերեզովսկին, աքսորում գտնվող՝ Չեչնիայի վարչապետ Ահմեդ Զաքաեւը եւ Ալեքսեյ Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի ակտիվիստ Նիկիտա Կուլաչենկովը: Ըստ հոդվածագրի, Կրեմլի «կարմիր ծանուցումների» վերջին թիրախներից էր նաեւ ԱՄՆ-ում ծնված ֆինանսիստ Բիլ Բրաուդերը, որը ղեկավարում էր Ռուսաստանի կառավարության կոռումպացված պաշտոնյաներին ու մարդու իրավունքները ոտնահարողներին հասցեագրված պատժամիջոցների միջազգային քարոզարշավը:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը