Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Կառավարության շենքի առջեւ արդեն երրորդ շաբաթն է՝ ամենօրյա ռեժիմով շարունակվում են արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների եւ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած Ազատագրական շարժման բողոքի գործողությունները, որոնք օրավերջին ամփոփվում են մարդաշատ հանրահավաքներով: Բողոքի ակցիաները սկիզբ էին առել Սոչիում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումից մեկ շաբաթ առաջ: Ցուցարարները Կառավարությունից պահանջում են նախքան Փաշինյանի՝ Սոչի մեկնելը, հանրայնացնել առաջիկայում նախատեսվող սահմանագծման եւ սահմանազատման հանգամանքները, նոյեմբերի 26-ին ստորագրվելիք մյուս փաստաթղթերը, բացառել «միջանցքային տրամաբանությունը», ամրապնդել մարտական դիրքերը, մասնավորապես՝ առաջնագիծը:
Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման նախաձեռնողները հայտարարեցին, որ ամփոփում են պայքարի առաջին փուլը եւ ՀՀ վարչապետի ու նախագահի հրաժարականի պահանջով մտնում պայքարի երկրորդ փուլ: «Դա կարող է լինել դժվար ու վտանգավոր, բայց ոչ մի ազնիվ պայքար հեշտ չի լինում»,- ասել է շարժման համահիմնադիր Նաիրի Հոխիկյանը։
…Անշուշտ, ողջունելի են ցանկացած առողջ նախաձեռնություն, հանրորեն ընկալելի ցանկացած գաղափար եւ գործողություն, որոնք միտված են մեր անկախ պետականությանն ու ժողովրդավարական արժեքներին, անվտանգային միջավայրին ու հայ ինքնությանը սպառնացող մարտահրավերները չեզոքացնելուն: Գաղտնիք չէ՝ այնտեղ, որտեղ մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող կադրերի բացակայության կամ նրանց սխալ տեղաբաշխումների պատճառով պետական կառավարման համակարգը հետընթաց է ապրում, իսկ օրվա իշխանություններն անզոր են հիմնավոր քայլեր ձեռնարկել ներքին ու արտաքին սպառնալիքներով պայմանավորված ճգնաժամային եւ քաոսային երեւույթները հաղթահարելու համար, առաջ են գալիս կառավարման ճեղքվածքը այլընտանքային միջոցներով, մոտեցումներով, առաջադիմական արդի տեխնոլոգիաներով փակելու խնդիրներ:
Հանրային ձեռնարկները, առաջարկություններն ու գաղափարները կոչված են ահազանգելու, տագնապի կոչնակ հնչեցնելու եւ իշխանությունների, ողջ հասարակության ուշադրությունը հրավիրելու վերը հիշատակված խնդիրների ու մարտահրավերների վրա, ուրվագծելու ծանր կացությունից դուրս գալու ելքեր: Այսպիսի առաքելությամբ է, ըստ էության, հրապարակ դուրս եկել Ազատագրական շարժում նախաձեռնությունը, որը, շարժման առաջնորդների հավաստմամբ, ապաքաղաքական, վերկուսակցական, հետեւաբար եւ իշխանական նկրտումներ չունեցող հանրային ամբիոն է: Շարժման ակունքներում հայրենասեր, չվարկաբեկված, հասարակությանը քաջածանոթ մտավորականներ են, որոնց փողոց է դուրս բերել ապաշնորհ ղեկավարների վարած անհեռատես քաղաքականության արդյունքում հայրենիքը կորցնելու մտավախությունը: Թուրք-ադրբեջանական տանդեմի հրահրած՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական երկու պետություններում ավելի է սրվել քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավիճակը:
Փաստացի շարունակվող կապիտուլյացիան՝ հայկական տարածքների, դիրքերի, ռազմավարական բարձունքների ու ճանապարհների մաս-մաս հանձնումը թշնամուն, սահմանապահ զինծառայողների սպանությունները, առեւանգումներն ու ստորացումները չեն կարող անտարբեր թողնել պետության եւ ժողովրդի հիմնախնդիրներով մտահոգ քաղաքացիներին, որոնք օրեօր ստվարացնում են ցուցարարների շարքերը՝ պահանջելով պարտված, անգործունակ վարչապետի եւ թուլակամ, «կոմֆորմիստ» նախագահի հրաժարականները: Ցավոք, պետականության կորստյան վտանգը շատերը չեն ընկալում: Նրանք ոչ միայն չեն մասնակցում Ազատագրական շարժման հանրահավաքներին, այլեւ կշտամբում են «երկրում իրավիճակը սրողներին»: Ոմանք դիտավորյալ՝ դրամական վարձատրության դիմաց, կամ իշխանությունների հորդորով, մտնում են ցուցարարների շարքերը, սադրանքներ հրահրում եւ անվայելուչ արտահայտություններ հնչեցնում կազմակերպիչների հասցեին:
Անպակաս չեն նաեւ չարախոսները, իշխանական ֆեյքերը, որոնք կեղծ լուրեր են տարածում, թե «շարժումը պառակտվել ա», «իշխանության կռիվ ա», «էսինչի կամ էնինչի գրպանի ընդդիմությունն են» եւ այլն: Իրականում պառակտվածը հասարակությունն է, որոնց ժամանակին հեռատեսորեն բաժանել էին «սեւ-սպիտակ»-ի, «հայաստանցի-ղարաբաղցի»-ի, «մերոնք-ձերոնք»-ի, որպեսզի այսօր ուզածների պես օգտագործեն: Օրեր առաջ տեղեկատվական խողովակներով տարածեցին, թե Ազատագրական շարժումից Կարին Տոնոյանի գլխավորած «5165»-ը բաժանվել է: «Սա բաժանում կամ պառակտում չէ, այլ՝ ապակենտրոն գործողություններ… Այս պահից որոշակի ծրագիր «5165» շարժումն է իրականացնելու, Ազատագրական շարժումն էլ իր ծրագիրն է իրականացնելու»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ պարզաբանել է Ազատագրական շարժման անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Կարեւորն այն է,- հավելել նա,- որ երկուսի նպատակն էլ նույնն է՝ վարչապետի եւ նախագահի հրաժարականները:
«Պառակտման» թեմային անդրադարձել է նաեւ Կարին Տոնոյանը՝ նշելով, որ Ազատագրական շարժման հետ մեկշաբաթյա փողոցային ընդվզումից հետո «5165»-ը նոյեմբերի 29-ին կմտնի պայքարի նոր փուլ՝ կանցկացնի համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ, խորհրդատվություններ քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերի հետ՝ «մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի եւ Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաներն ու ձեւավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խոր փոսից»: Ըստ նրա, հարկ եղած դեպքում «5165»-ը կարող է նորից միանալ Ազատագրական շարժմանը: Տիկին Տոնոյանը խոստովանում է, որ մեկշաբաթյա փողոցային պայքարն իր համար շատ բացահայտումներ է արել:
Եվ թվարկում է այդ բացահայտումները. 1/ Հասկացա մեր գերխնդիրը՝ ժողովուրդն ունի առաջնորդության, վստահության եւ հավատի լրջագույն խնդիր: 2/ Մեր մասնատվածությունը խանգարում է կանխազգալ օրեցօր ահագնացող վտանգները եւ պատրաստվել դրանց դիմագրավմանը: 3/ Հասկացա, որ համախմբմանը խիստ խանգարում են խմբային հավակնություններն ու վարկաբեկվելու վախերը, ինչն առավել հատուկ է տղամարդ գործիչներին: 4/ Ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական դաշտում չկա միմյանց նկատմամբ պարզագույն հարգանք, ազնվություն դրսեւորելու մշակույթ: Փոխարենը կա համատարած թշնամանք եւ խանդ, որն ինքնին թուլության խոստովանություն է: 5/ Չկա համարձակություն (մեր շատ հանդիպումների առաջարկներին պատասխանում են գաղտնի հանդիպելու պայմանով), չկա ընկալում, որ պաշտպանվելու ամենալավ միջոցը ոչինչ չթաքցնելն է: 6/ Չկա ասպետականության ու բարոյականության նորմերը չտրորելու հաստատակամություն:
Թերեւս՝ մեկ շաբաթվա համար բավական ուսանելի դասեր են: Բայց այստեղ չտրվեց շատ կարեւոր մի հարցի պատասխան. իսկ որքանո՞վ են, ընդհանրապես, նպատակահարմար ու արդյունավետ փողոցային գործողությունները, ինչը, շատերի կարծիքով, կարող է ապակայունացնել Հայաստանի՝ առանց այն էլ, հեղհեղուկ իրադրությունը: Մյուս կողմից էլ՝ այլընտրանքը պետության ինքնիշխանության ամբողջական կամ մասնակի կորուստը կարող է լինել: Ի՞նչ անել: Հուսահատության վերջնակետին հասած ժողովուրդն արտագաղթելու մասին է մտածում, սահմանամերձ բնակավայրերում վիճակն աղետալի է: Ապիկար, հայրենադավ վարչախումբն ինքնակամ չի հեռանում, եւ փողոցային պայքարն է մնում ազգուրացներին եւ անկյալներին քշելու միակ միջոցը: Իսկ ինչպե՞ս հասնել փողոցային պայքարի բարձր արդյունավետության:
Դատելով Ազատագրական շարժման, «5165»-ի եւ էլի մի քանի հասարակական-քաղաքական հոսանքների հայտարարություններից, գործնական քայլերի տրամաբանությունից եւ նախկինում այդօրինակ պայքարների փորձից, կան առնվազն երեք առանցքային գործոններ, որոնք ինչ-ոչ չափով երաշխավորում են փողոցային պայքարի հաջողությունը: Այդ գործոններն են՝ ա/ հասարակական-քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերի ու հանրության լայն շերտերի համախմբում. բ/ հստակ օրակարգի, ծրագրի եւ դրա իրականացման ճանապարհային քարտեզի ներկայացում. գ/ ազգային միասնության կոմիտեի ստեղծում՝ Սփյուռքի ուժերի, Արցախի ներկայացուցիչների եւ ՀՀ հանրային հատվածի ու քաղաքական կառույցների պատվիրակների ներգրավմամբ, եւ ստվերային կառավարության կազմավորում:
Կկարողանա՞նք այսպիսի օրակարգով, ազգուտակով գոնե մեկ անգամ դուրս գալ ու լցնել հրապարակները, ինչպես 88-ի Շարժման ժամանակ… Եթե այո՝ ուրեմն կհասնենք Հայաստանն ու Արցախը փրկելու բաղձալի նպատակին, չե՞նք կարողանա՝ ուրեմն կնստենք եւ կսպասենք, թե ինչպես են Նիկոլն ու նիկոլենք կտոր-կտոր, ծվեն-ծվեն թուրքին հանձնում մեր Հայրենիքը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը։ Այդ մասին նոյեմբերի 30-ին նա ասել է՝ ընդունելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Փաշինյանը կարեւորել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը, քննարկել գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր: Կլաարը Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները եւ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Նիկոլ Փաշինյանը եւ Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին նոյեմբերի 29-ին «Ազատությանը» հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է անցած շաբաթ օրը։ 2018-2020 թթ. պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն (յուրացում) կատարելու համար:
Հայաստանի սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը 2022 թվականի համար կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար հունվարի 1-ից կդառնա 200,47 դրամ: «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է նոյեմբերի 30-ին։ Այս տարվա օգոստոսի 9-ին էր «Վեոլիա Ջուր»-ը հանձնաժողով ներկայացրել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման 2022-ի սակագների վերանայման (ճշգրտման) հայտը:
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին, Կառավարության որոշմամբ, նշանակվեց Արմավիրի մարզպետ։ «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի, տնտեսության զարգացման, առհասարակ, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, եւ այդպիսի հնարավորության ընձեռման համար շնորհակալ եմ»,- Կառավարության նիստի ժամանակ ասել է Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2020-ի հունիսին՝ փոխարինելով Դավիթ Անանյանին։ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն անցած ամսվա վերջին ազատվեց պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ փոխվարչապետ։