Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Երկուշաբթի օրը մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի 12 օր անց՝ դեկտեմբերի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները: Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի միջեւ, որոնք հաղթահարել են նվազագույն շեմը՝ 5% կուսակցությունների համար, 7%՝ դաշինքների: Այս տարվա նոյեմբերի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2.574.916 քաղաքացի, որոնք կքվեարկեն Հայաստանի 13 ընտրատարածքներում։ 101 պատգամավորները կընտրվեն 5 տարի ժամկետով։
…Եվ այսպես՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է: Առաջադրված ուժերը քարոզարշավային 12 օր ունեն` շրջելու ողջ Հայաստանով եւ համոզելու ընտրողներին ձայն տալ իրենց կուսակցությանը: Սա համապետական ընտրությունների պատմության մեջ քարոզչության ամենակարճ ժամկետն է: Ընթացիկ ընտրաշրջանի մյուս առանձնահատկությունն այն է, որ ընտրողն ազատ է վստահության իր քվեն տալ նախընտրելի քաղաքական ուժին՝ այս անգամ համոզված, որ իր ձայնը չի կեղծվի: Համենայն դեպս՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների համար բոլոր նախադրյալները ստեղծված են եւ, որ ամենակարեւորն է, կա Երեւանի ավագանու ընտրությունների նախադեպը: Հասարակության մեծ մասն իր հույսերը կապում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հետ՝ նրանից ակնկալելով բոլոր ոլորտներում կառուցողական, արդյունավետ գործունեության իրականացում, որը լուրջ փոփոխություններ կբերի երկրի ու ժողովրդի կյանքում: Բացի դրանից, ընտրության հնարավորությունը մեծ է. մարդիկ առաջին անգամ կաշկանդված չեն իրենց քվեն տալու այն կուսակցության կամ դաշինքի օգտին, որին վստահում են, եւ որի նախընտրական ծրագիրն ավելի սրտամոտ է ու հարիր իրենց պատկերացումներին:
Մասնակից քաղաքական ուժերի քարոզարշավի առաջին օրվա երթուղիները խայտաբղետ էին, եւ դա բնական է: «Իմ քայլը» դաշինքը քարոզչությունը սկսեց ժամը 11-ին Թալինում հրավիրված հանրահավաքից, ապա այցեց Շիրակի մարզ, որտեղ նախընտրական հանդիպումներ տեղի ունեցան Մարալիկում, Արթիկում, երեկոյան էլ՝ հանրահավաք Գյումրիում: Քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից ձեւակերպել էր չվճարվող արձակուրդ: Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը նույն օրը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան եւ այլ քաղաքներում: Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուների հավաստիացմամբ` իրենք ՀՀ բոլոր մարզերում ներկայացնելու են կուսակցության նախընտրական ծրագիրը: ՀՅ Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել էր Երեւանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ համակիրների հետ հանդիպմամբ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջին օրը քարոզարշավի էր դուրս եկել երկու թիմով՝ մեկը Մանե Թանդիլյանի գլխավորությամբ հավաքներ էր անցկացնում Նոր Նորք համայնքում, իսկ մյուսը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ արշավը սկսել էր Սյունիքի մարզից: Իշխանությունը կորցրած Հանրապետականը կուսակցության գրասենյակում լրագրողներին էր ներկայացնում նախընտրական ծրագիրը՝ առանց մարզային հանդիպումների մասին որեւէ խոսք ասելու: ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Սասնա Ծռեր»-ը քարոզչության մեկնարկի համար խորհրդանշական վայր էր ընտրել` կեսօրին հավաք անցկացնելով Ազգային ժողովի այգում: Այդ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է: Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես երեւանյան քայլերթով է սկսել քարոզարշավը: ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրում երկրի առաջընթացի ու զարգացման 50 քայլ է առաջ քաշում: Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հավաք է անցկացրել քաղաքացիական պայքարի խորհրդանիշ հանդիսացող Մաշտոցի պուրակում: Նրա կարգախոսն է՝ «Ապագան ՔՈ-նն է»: Ընտրություններին մասնակցում են եւս երկու նորաստեղծ քաղաքական ուժ՝ «Ազգային Առաջընթաց» եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ առաջիկա ընտրությունները ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման եւ հեռանկարների առումով: «Յուրաքանչյուրիցս պահանջվում է բարձր պատասխանատվություն եւ գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք»,- ուղերձում նշել է նախագահը։
Անցած շաբաթավերջին Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկած երեւանյան քայլերթը, որը գլխավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելի քան 9 ժամում կտրել է 37,5 կիլոմետր ճանապարհ եւ օրվա խորհուրդն ու արդյունքները երեկոյան ամփոփել Հանրապետության հրապարակում: «Սա քավության երթ էր մեր թույլ տված բոլոր հնարավոր սխալների ու վրիպումների համար»,- ամփոփիչ խոսքում նշել է Փաշինյանը` ազդարարելով, որ այդ պահից Հայաստանում դրվում է ժողովրդական, ոչ բռնի, «թավշյա» տնտեսական հեղափոխության սկիզբը: Հեղափոխություն, որի արդյունքներով Հայաստանը, ըստ նրա, դառնալու է տնտեսապես զարգացած, բարեկեցիկ, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր:
Մինչեւ Կառավարական շենքի մոտ հասնելը` երթն անցել է Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններով: Դրան մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող բոլոր նախարարները, քաղաքապետները եւ ԱԺ պատգամավորները: «Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
…Պաշտոնական քարոզարշավից երկու օր առաջ` նոյեմբերի 24-ին, Երեւանում համաքաղաքային քայլերթի անցկացումը եւս կարող էր իրավամբ դիտարկվել որպես պետական ռեսուրսների չարաշահում, եթե այդ ակցիան շաբաթ օրով չլիներ: Այսինքն` քանի որ նոյեմբերի 24-ը ոչ աշխատանքային էր, հետեւաբար պետական ռեսուրսների չարաշահման մասին խոսք լինել չի կարող: Մի փոքր այլ էր օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների պարագան, որոնք ՀՀԿ-ական «բոմոնդի» կարկառուն ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը որակեցին վարչական ռեսուրսի չարաշահում: Եվ, կարծես թե, ոչ առանց հիմքի: Նրանք վկայաբերում էին մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2015թ. (Handbook for the Observation of Campaign Finance. @OSCE/ODIHR 2015. ISBN 978-92-9234-903-5) հրապարակված «Նախընտրական քարոզչության դիտարկման ձեռնարկի» 2-րդ գլխի G բաժինը (22-23-րդ էջեր), որը նվիրված է վարչական ռեսուրսի չարաշահմանը: «Այնտեղ մասնավորապես նշված է. «Ընդհանուր հիմնախնդիրները, որոնք պետք է ենթարկվեն դիտարկման, ներառում են պետական հիմնարկների եւ մեքենաների օգտագործումը՝ քարոզչություն անելու նպատակով, հանրային ծառայողների ներգրավումը քարոզչության մեջ՝ նրանց աշխատանքային ժամերին»:
Ընդդիմախոսներն, ըստ երեւույթին, հիմնականում նկատի ունեին այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի` Մարտունիում եղած ժամանակ այդտեղ դպրոցի բացմանը ներկա էին նաեւ հանրային ծառայողներ, պետական հիմնարկների աշխատողներ, եւ դա տեղի էր ունենում աշխատանքային ժամին: ՀՀԿ-ական գործիչների միանշանակ պնդմամբ` նախընտրական շրջանում վարչապետի պաշտոնակատարի մարզային այցելությունները միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահում են: Փաշինյանը, սակայն, չի կիսում այդ կարծիքը: «Միջազգային չափանիշը ո՞րն է, այսինքն` ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- հակադարձել է նա` պահանջելով հրապարակել միջազգային չափորոշիչները: Հետո վեճը ծավալվել է՝ մի կողմը պնդում էր, թե վարչապետը պետական միջոցների որեւէ չարաշահում չի կատարել, մյուսն էլ ապացույցներ էր բերում, որ չարաշահումների փաստն ակնհայտ է: Թե ով է տվյալ դեպքում իրավացի եւ ով՝ սխալ, թողնենք ոլորտի մասնագետների դատին: Փոխարենը մի բան շատ հստակ է՝ նախընտրական օրերին պետական ռեսուրսների տիրապետող անձը, նրա թիմի անդամները պետք է ձեռնպահ մնան կասկածահարույց գործողություններից, անհարկի կշտամբանքների բեռ չվերցնեն իրենց վրա եւ դույզն-ինչ չարժեզրկեն այն լավն ու դրականը, որին հասել են համաժողովրդական արդար պայքարի գնով: Անցածն անցած է, բայց մի՞թե չէր կարելի, ասենք, համաերեւանյան քայլարշավը ձեռնարկել երկու օր ուշ՝ պաշտոնական քարոզարշավի շրջանակներում: Դա թե՛ ավելի լավ կընկալվեր ժողովրդի կողմից, թե՛ երթն ավելի տրամաբանական կլիներ եւ, որ պակաս կարեւոր չէ, ավելի մարդաշատ:
Իհարկե, բանավեճը վատ բան չէ, բայց կոնկրետ մեր դեպքին դա չի վերաբերում: Մանրմունր հարցերով բանավեճերը շեղում են ուշադրությունն ավելի գլոբալ խնդիրներից: Սեւակը կասեր. /Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից, /Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ/:
Իմաստուն պատգամ է, որին արժե հետեւել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության սրացում Ազովի ծովում
Reuters-ի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 25-ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը կտրուկ աճեց, երբ Կիեւը հայտարարեց, թե Ազովի ծովում ռուսական ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմանավերի վրա: Պարբերականը փոխանցել է նաեւ միջազգային կառույցների արձագանքները. Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին «վերականգնել ազատ տեղաշարժը Կերչի նեղուցում» եւ հորդորել բոլորին` «գործել առավելագույն զսպվածությամբ»:
BBC-ին հաղորդում է, որ ռուսական ուժերը կրակ են բացել Ուկրաինայի նավերի վրա` վիրավորելով անձնակազմի վեց անդամի եւ գրավելով երեք ուկրաինական նավ՝ 24 զինվորականով: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ներառյալ նրա տարածքային ջրերում նավագնացության իրավունքները: «Ռուսաստանը պետք է ապահովի Ուկրաինայի նավերի անխափան մուտքը Ազովի ծով»,- ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում:
Politico-ն հայտնում է, որ Ուկրաինայի խորհրդարանը երկուշաբթի օրը քվեարկել է ռազմական դրություն մտցնելու օգտին: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անձամբ է դիմել պատգամավորներին`պաշտպանելու ռազմական օրենքի նախագիծը` նախազգուշացնելով Մոսկվայի` «Ուկրաինայի դեմ ցամաքային գործողությունների լուրջ վտանգի մասին»: Հաստատված օրենսդրությունը նախատեսում է ռազմական դրության հաստատում 30 օրով՝ Պորոշենկոյի առաջարկած 60 օրվա փոխարեն: Ռազմական դրությունը տարածվում է Ուկրաինայի 27 շրջաններից 10-ի վրա, որոնք սահմանակից են Ռուսաստանին, Մերձդնեստրին եւ Սեւ ու Ազովյան ծովերին:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, օրենսդիրը քվեարկել է նաեւ երկրի նախագահական ընտրությունների ամսաթիվը սահմանելու համար, որը տեղի կունենա հաջորդ տարվա մարտի 31-ին: Սա կոչված է նվազեցնել այն մտավախությունները, թե Պորոշենկոն կիրառում է ռազմական դրությունը՝ ընտրությունները հետաձգելու եւ իշխանությունը պահելու համար:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը