Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով: Նույն օրվա ուշ երեկոյան Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց ընտրություններին քաղաքացիների վերջնական մասնակցության տվյալները բոլոր 36 համայնքներում: Ըստ այդմ՝ ամենացածր մասնակցությունն ընդհուպ մինչեւ քվեարկության ավարտը գրանցվել է Արմավիրում, որն Արմավիրի մարզի եւ մերձակա գյուղերի վարչական կենտրոնն է: Այստեղ, փաստորեն, չկար ընտրություն, քանի որ մասնակցել էր միայն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը: Արմավիրում քվեարկել է ընտրողների միայն 20,7 տոկոսը: Շատ ցածր էր ակտիվությունը նաեւ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում եւ մերձակա գյուղերում, որտեղ 20.00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 25,4 տոկոսը: Ամենաակտիվն Ապարանի (64,7 տոկոս), Վայքի (67,95 տոկոս), եւ Թումանյան փոքր համայնքի (69,78 տոկոս) բնակիչներն էին:
Սա այս տարվա թվով երրորդ եւ վերջին ՏԻՄ ընտրություններն էին: Մինչ այս, ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունեցել նաեւ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին: Հիշարժան են հատկապես Սյունիքի մարզում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ համայնքների մեծ մասում իշխող ՔՊ-ն պարտություն էր կրել:
…Իշխող քաղաքական ուժի պարտությունների «շքահանդեսը» շարունակվեց նաեւ ՏԻՄ դեկտեմբերի 5-ի ընտրություններում: Համենայն դեպս՝ դա են ապացուցում պաշտոնական տվյալները: Ըստ այդմ՝ 36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ ընդամենը 15-ում (Արտաշատ, Վաղարշապատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։ Մյուս 21 համայնքներում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սեւան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը միայնակ կամ դաշինք կազմելով՝ կարող են ձեւավորել տեղական իշխանություն։ Ի դեպ, Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժեր արդեն իսկ հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձեւավորելու հայտարարությամբ։ Նույն կերպ կոալիցիաներ կազմելու՝ իշխանության հնարավորությունն, անշուշտ, ավելի մեծ է:
Եվ այսպես՝ նախ Սյունիքում, ապա Գյումրիում ու մի շարք այլ համայնքներում, իսկ այժմ նաեւ ՀՀ 36 խոշոր համայնքների մեծ մասում կառավարող կուսակցությունն առերեւույթ պարտություն կրեց: Ըստ էության, ժողովրդի միանշանակ աջակցության առումով ՔՊ-ական իշխանության առավելության առասպելն ի դերեւ ելավ: Իշխող քաղաքական մեծամասնության ոտքերի տակից, կարծես թե, հողը փախչում է: Անգամ որոշ համայնքներում ՔՊ-ի արձանագրած բարձր արդյունքները հաղթանակ չես համարի: Օրինակ՝ Արմավիրի խոշորացված համայնքում նրա օգտին ձայն է տվել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 94 տոկոսը: Բայց դա այն պարագայում, երբ ՔՊ-ն այդ ընտրատարածքի միակ քաղաքական ուժն էր, իսկ ընտրությունների գնացել էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 20 տոկոսը: Ընդհանրապես՝ բոլոր այն համայնքներում, որտեղ Փաշինյանի կուսակցությունը հաղթել կամ պարտվել էր, ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը չէր գերազանցում 30 տոկոսը: Սա հետաքրքիր ցուցիչ է:
Փաստացի՝ այդ թիվը մարզերում ՔՊ-ի ու Փաշինյանի իրական ընտրազանգվածն է: Իսկ եթե նկատի ունենանք ՏԻՄ ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսների ու ընտրակեղծիքների այլ գործիքակազմերի կիրառումը, ապա տվյալ ցուցանիշն ավելի կնվազի՝ հասնելով մոտ 20 տոկոսի, իսկ միգուցե՝ էլ ավելի ցածր, չէ՞ որ վարչական ռեսուրսների թվային արդյունավետություն դեռ ոչ ոք չի հաշվարկել: Հիմա կարող եք հարցնել՝ ուրեմն ինչպե՞ս է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժը հավաքել ընտրողների ձայների 54 տոկոսը: Դատեցեք ինքներդ: Անձամբ այս տողերի հեղինակը դրանում հիմնավոր կասկածներ ունի:
Անշուշտ, ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական թվերն ու փաստերը, ինչպես ասում են, այսբերգի երեւացող մասն է: Բայց կա նաեւ չերեւացող մաս, որը մեզ զգուշացնում է՝ չշտապել դատողություններ անել, հատկապես ՔՊ-ի պարտության եւ ոչ իշխանական ուժերի հաղթանակի թեմայով խոսելիս: ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կազմը խիստ խայտաբղետ է՝ կան հանրության մեծամասնությանն անծանոթ կուսակցություններ, կան «մեկանգամյա օգտագործման» դաշինքներ, որոնք, հնարավոր է, իշխանության ստվերային աջակիցներն են՝ չես իմանա: Ո՞վ է լսել, օրինակ, «Ապրելու երկիր», «Հանուն հանրապետության», ՀԱՍԿ կուսակցությունների կամ «Մաթեւսյան» դաշինքի, «Կարեն Եղիազարյան» դաշինքի, «Միասնական Վարդենիս» դաշինքի անունները: Այս անհայտներից շատերը որոշ համայնքներում հաղթել են: Իմացող կա՞, թե ում ակտիվում են գրվելու այդ հաղթանակները: Չի բացառվում, որ հենց՝ ՔՊ-ի ակտիվում: Այնպես որ, մինչեւ չիմանանք այս խայտաբղետ միավորների իրական նպատակները, չենք կարող անսխալ ասել, թե ով է հաղթել եւ ով՝ պարտվել:
Ինչ վերաբերում է վերը մեր ակնարկած վարչական ռեսուրսի կիրառմանը՝ կփորձենք դա ցույց տալ Աբովյան խոշորացված համայնքի օրինակով, ինչի մասին ստուգված տեղեկություններ է հրապարակել օրվա մամուլը: Այսպես՝ «Հրապարակը» նկարագրում է, թե դեկտեմբերի 5-ին ինչպիսի միջոցներ էին Աբովյանում կիրառում ՔՊ-ականները ընտրողներին դեպի իրենց թեկնածուին ուղղորդելու եւ իրենց քաղաքական ուժին ձայն տալու համար: Այդ ամենը, ըստ թերթի, համակարգում էր շրջակա միջավայրի նախարար, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը: Վերջինս Կոտայքի մարզպետ աշխատած ժամանակ, ապա նախարար նշանակվելուց հետո հատուկ խմբեր էր ձեւավորում եւ ընտրական գործընթացներում «պետական շանտաժի միջոցով մարդկանց ստիպում, որ ձայն տան ՔՊ-ի օգտին»: 2018-ից ի վեր այս անձը «քայլարածների» կողքին է, կարելի է ասել՝ նրանց ստվերը:
Համեմատության համար նշենք, որ մասամբ նույն բանն արել է նշանավոր բժիշկ Արմեն Չարչյանը՝ այն տարբերությամբ, որ Չարչյանը ոչ ոքի շանտաժի չէր ենթարկել, հատուկ խմբեր չէր ձեւավորել եւ ոչ ոքի ոչինչ չէր պարտադրել: Իր ղեկավարած բուժկենտրոնի անձնակազմին նա հորդորել էր չընտրել երկրի գլխին մեծ աղետներ բերած ՔՊ-ին: Եվ ի՞նչ… Այժմ հազարավոր կյանքեր փրկած հարգարժան պրոֆեսորը քանի ամիս կալանքի տակ է, իսկ կյանքում ոչ մի լավ բան չարած Ռոմանոսը վեր է բարձրանում պաշտոնեական սանդուղքով եւ վերջին երեք տարում արդեն երրորդ բարձր պետական պաշտոնն է զբաղեցնում. երեք օր առաջ նա նշանակվեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար: Ինչպես ասում են՝ դեռ շատ հեռուն կգնա, քանի դեռ պետության ղեկին Նիկոլ Փաշինյանն է:
Բայց վերադառնանք Աբովյանում տեղ գտած ընտրական չարաշահումներին: «Հրապարակը» շարունակում է. «Անահիտ անունով մի աղջնակ, որին Ռոմանոսն իր կապերն օգտագործելով, գործի էր տեղավորել Աբովյանի բժշկական կենտրոնում, «Վայբեր»-ում խումբ է բացել, որտեղ աբովյանցիների է ընդգրկել, եւ նամակով նրանց նրբորեն սպառնում է, որ ով ՔՊ-ին ձայն չտա, հետո իրենցից թող ոչինչ չպահանջի, եւ որ իրենք հետո պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ»: Աղջիկը, փաստորեն, հին, մերժելի մեթոդներով բացահայտ շանտաժի էր դիմում, եւ սա առաջին դեպքը չէ, որ Ռոմանոսն ու մյուս ՔՊ-ականները կիրառում են երբեմնի ճիշտ նույն ապօրինի տեխնոլոգիաները, որոնց դեմ իրենք պայքարում էին՝ գողանալով ընտրողների քվեն: Աբովյանում վարչական ռեսուրսների օգտագործման փորձերի մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նաեւ ՀՅԴ-ի թեկնածու Արման Մեղրյանը: «Սպառնում են մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամներին աշխատանքից ազատել, եթե ընդգրկված են այլ ցուցակում, դպրոցների տնօրեններին ստիպում են աշխատել իրենց համար, տարբեր համայնքներից ծառայողական մեքենաներով մարդիկ են բերում»,- NEWS.am-ին ասել է Մեղրյանը:
Եվ վերջում՝ ամենահետաքրքիրը. այդքան ջանքերից հետո էլ ՔՊ թեկնածուն չի անցել: Հաղթել է ընտրական գործընթացներում Աբովյանում ավանդաբար առաջատար հանդիսացող քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», որը միշտ սատար է կանգնում ժողովրդի սոցիալական խնդիրներին, ինչը մարդիկ գնահատում են իրենց վստահության քվեով:
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լարված իրավիճակ էր: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել եւ մոտենալով՝ նկատել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկում ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Ծեծողների թվում նա ճանաչել է մասնավորապես ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, Սիսակ Գաբրիելյանին։ Սաղաթելյանի օգնականը պնդում էր, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որեւէ կերպ չեն միջամտել։ Նրա խոսքով՝ ծեծի ենթարկվածները ՀՅԴ-ական պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականներն էին, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանը, որոնք պատգամավորի օգնական էին աշխատում հասարակական հիմունքներով։
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էր սկսվել: ԱԺ մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին խմբվել: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Դատախազության փոխանցմամբ՝ դրանք ուղարկվել են նյութեր նախապատրաստելու նպատակով։
…«Երբ ես հասա այդտեղ, ծեծկռտուքն արդեն սկսված էր։ Չգիտեմ էլ ով է մեղավոր»,- դեպքից հետո ԱԺ լրագրողների հարցին ի պատասխան՝ չքմեղացել էր ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ ՔՊ կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նույն ինքը ՀՀ առաջին աներձագը, ով, ականատեսների վկայությամբ, խորհրդարանի փոխնախագահի աշխատասենյակում հավաքված երկու տասնյակի չափ ՔՊ-ականներից մեկն էր, որոնք ծեծի էին ենթարկում ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականին։ Քսանը՝ 3-ի դե՞մ: Իսկական ոհմակային բնազդ: Աներձագը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում է նիստի։ Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը պատմեց, որ միջանցքում մինչ այդ միջադեպ էր եղել, որը հարթվել էր, սակայն որոշ ժամանակ անց իշխանական պատգամավորները սուրճ խմելու պատրվակով տղաներին հրավիրել էին Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, բայց սրճախմությունը վերածվել էր փողոցային հայհոյանքով «համեմված» ծեծկռտուքի:
Շատ չանցած՝ ԱԺ շենքի մոտ հանպատրաստի հավաք նախաձեռնած դաշնակցականների մի հոծ բազմություն՝ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ, պատասխան էր սպասում իրենց կուսակցական ընկերներին «կաբինետներում ծեծող «դուխով» պատգամավորներից»՝ պահանջելով դուրս գալ պարզաբանումներ տալու: Ոստիկանությունը խոչընդոտում էր ցուցարարների մուտքը խորհրդարանի շենք, որի ժամանակ ոստիկանության ու բողոքավորների միջեւ ընդհարում է տեղի ունենում եւ բերման է ենթարկվում ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը՝ ոստիկաններին ուղղված «Նիկոլի ստրուկներ» արտահայտության համար:
Բողոքի գործողությանը ներկա էր ծեծկռտուքի անմիջական մասնակիցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, որը մանրամասներ պատմեց ծեծկռտուքից. «ԱԺ-ում քայլելիս՝ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանն էին, ինձ ասեցին՝ «արա»: «Ասեցի՝ էդ ո՞ւմ ասեցիք «արա»: Թե՝ մենք սաղս արա ենք: Ասեցի՝ դու «արա» ե՞ս, ասեց՝ հա, ես արա եմ»: Դա է եղել, անցել-գնացել է: Դրանից հետո Ռուբինյանի օգնականը հրավիրում է իբր սուրճ խմելու, պարզաբանելու, այսինքն՝ հարթելու խոսակցությունը: Գնում եմ այնտեղ՝ ի՞նչ սուրճ, ի՞նչ բան, հարձակվում են վրաս մի 20-30 հոգով: Դարանակալել էին դռան մոտ շակալի նման, որ անսպասելիորեն հարձակվեին»: Գերասիմն այնուհետեւ ասում է, որ ծեծկռտուքին մասնակցում էին ՔՊ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Արմեն Խաչատրյանը, էլի շատերը:
Եթե ամփոփենք իրավիճակը, կստացվի հետեւյալ պատկերը. պատգամավորների ու օգնականների միջեւ ծագել է ոչ այնքան հաճելի խոսակցություն, բայց ամեն ինչ, կարծես թե, հարթվել-գնացել է: Բայց՝ ոչ: Մյուս՝ ավելի ուժեղ կողմը ներքին պայմանավորվածությամբ պլանավորել է մի լավ «դաս տալ» այդ հանդուգն ընդդիմադիրներին, որպեսզի չկարողանան այլեւս թպրտալ եւ, անգամ, ծեծկռտուքի «ճանապարհային քարտեզն» է գծել՝ միասին սրճելու, խոսելու գայթակղիչ պատրվակ, փոքրիկ կնճիռը հարթելու խաղաղասիրական նպատակ՝ դե, ում հետ չի պատահում, եւ այլն: Բայց ներքուստ՝ թունոտ վրեժխնդրության ծարավ, թիկունքից նենգաբար խփելու մարմաջ, մի խոսքով՝ փողոցից սերտած դասեր: Անբնական ոչինչ չկա՝ փողոցով իշխանության եկածները պիտի խորհրդարան բերեին փողոցային բարքեր ու գողական «ռազբիրատի» տարրեր: Ինչը եւ մի օր պիտի ապացուցվեր, եւ ապացուցվեց: Իսկ ի՞նչ էիք դուք ակնկալում «մերժման» ալիքի վրա խաբեությամբ իշխանություն զավթած «ուսապարկերից»:
Բոլոր նրանց, ովքեր տակավին կամուկացի մեջ են, հասկանալի դարձավ, թե ով է եւ ինչ է իրենից ներկայացնում քաղաքական մեծամասնություն կոչված երեւույթը, եթե, իհարկե, տվյալ դեպքում «քաղաքական» բնորոշումը տեղին է: Ավելի հետաքրքիր է մեկ այլ բան՝ ինչո՞ւ այդ միջադեպը տեղի ունեցավ հենց այդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, եւ ինչո՞ւ հենց ծեծկռտուքի տեսքով: ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը վստահ է, որ ծեծկռտուքը կազմակերպվել է գերիների մասին Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունը մոռացության տալու, երկրորդ պլան մղելու համար. «Մեզ համար մեր ընկերների վրա ձեռք բարձրացնելն ինքնասիրության հարց է… Ես անձամբ պատրաստ եմ ցանկացած պատգամավորի կոկորդ կրծել հանուն արժանապատվության, դեմ առ դեմ՝ խոսքով լինի, մտքով լինի, թե ճակատամարտով»,- հայտարարել է ՀՅԴ գործիչը:
Վկայաբերենք եւս մեկ դաշնակցական գործչի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը, որը պիտի հնչեր ամոթալի ծեծկռտուքի օրը՝ ԱԺ դեկտեմբերի 7-ի նիստում: Ահավասիկ՝ օրվա «խորհրդին» համահունչ մի փոքրիկ հատված. «Երեք ու կես տարի իշխանություն եք։ Դուք՝ ձերոնցով։ Նաեւ ամենանախկիններով։ Բացարձակ իշխանություն: Արդյունքը՝ մահաբեր ու չարագուշակ։ Չեմ թվարկելու՝ ինչ եք արել։ Իմաստ չկա։ Դժվար է խոսել մարդկանց հետ, ում ուղեղը կառավարվում է մի կետից։ Այդ կետն էլ ազգային-պետական մտածողությունից, բարոյական-հոգեւոր արժեքներից, տղամարդկային արժանապատվությունից կիլոմետր/ժամերով հեռու է։ Մի նպատակ ունեք՝ իշխանություն։ Խոսել բարձր բաներից, բայց հետեւողական ոչնչացնել դրանք։ Բայց մի բան չեք հաջողել ու չեք հաջողելու։ Ասել եք՝ մարդը բարձրագույն արժեք է ու ամեն բան արել եք, որ ոչնչացնեք մարդուն։ Պատիվ ունեցող սպային, մտածող, ինքնուրույն անհատին, հեղինակությանը, տղամարդուն։ Այստեղ ձեր վերջի սկիզբն է»:
Հոյակապ է ասված՝ վերջի սկիզբ: Ծեծկռտուքների վերածվող բանավեճեր աշխարհի բոլոր խորհրդարաններում լինում են: Սակայն լինում են ամբիոնի վրա՝ լուրջ գաղափարների, դիրքորոշումների, արժեքների շուրջ: Իշխող մեծամասնության պատգամավորների մասնակցությամբ հայոց խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, արդարեւ, վերջի սկիզբն է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին ձայների 65 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։ Սեպտեմբերի 30-ին կառավարության հավանությանն արժանացած նախագծում խորհրդարանական քննարկումների արդյունքում կատարված փոփոխություններով բյուջեի եկամտային մասն ավելացվել է 1 միլիարդ 548 միլիոն դրամով, ծախսային մասը եւ դեֆիցիտը նվազեցվել են, համապատասխանաբար, 5 միլիարդ 188 միլիոն եւ 6 միլիարդ 736 միլիոն դրամով:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է դեկտեմբերի 9-ին մեկնարկած՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, որն անցկացվել է առցանց, հայտնում է Հայաստանի կառավարությունը: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:
Ժողովրդավարության համաժողովը կազմակերպվել է Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ եւ ներկայացուցիչներ, ինչպես են նաեւ հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի նախագահը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանի հետ։ Արմեն Սարգսյանն ու Ջոն Գալագերը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: «Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ»,- հայտարարել է դեսպանը:
Հայաստանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 8-ին ՌԴ իր գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Քննարկել են նաեւ «3+3» ձեւաչափին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին դեկտեմբերի 8-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանի տեղեկացմամբ՝ գերատեսչությունը միջնորդություն է ներկայացրել վերջիներիս կալանավորելու համար։ Նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայկական կողմը Ադրբեջանին էր փոխանցել «ականապատ դաշտերի եւ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի հանրապետության այլ տարածքների քարտեզները։
Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների արդյունքում դեկտեմբերի 10-ին ծավալված փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, եւս մի քանի վրավոր զինծառայող: Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ, փոխանցել է Պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հարձակվել է արեւելյան սահմանագոտու մարտական դիրքերի վրա, իսկ Ադրբեջանն իր հերթին մեղադրել էր հայկական կողմին Քարվաճառի դիրքերը գնդակոծելու համար: