Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

30 նոյեմբերի - 7 դեկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին ուսումնասիրության առարկա դարձրեց մի քանի ընկերությունների ու անհատների կողմից Երեւան համայնքին 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանն ավելի վաղ հրապարակել էր համայնքին աղբատար մեքենաներ նվիրած ընկերությունների եւ անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, 14 աղբատար նվիրել է «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3-ը՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին եւ ներկա պաշտոնյաների մերձավորների հետ։ Օրինակ` «Ալեքս Հոլդինգ»-ը կապվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Մինչ այս, քաղաքային իշխանությունները պնդում էին, որ Սամվել Ալեքսանյանն այս ցանկում չկա։

…Մի քանի օր շարունակ հանրության շրջանում ամենաքննարկվող օրակարգն առնչվում էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընկերություններից մեկի նվերը համայնքին, ապա արձակուրդից Հայկ Մարությանի շտապ վերադառնալն ու ֆեյսբուքյան ուղիղ եթերով բացատրություն տալը դարձել էին սոցցանցերի բանավեճերի թիվ մեկ թեման: Առանց մեկնաբանությունների բերենք ակտիվ օգտատերերի գրառումներից մի քանի հակիրճ քաղվածքներ. «Կարո՞ղ է ԿամԱԶ-ներից բացի, ճամպրուկով փող էլ է ստանում»` Անդրանիկ Թեւանյան: «Անզեն աչքով երեւում է, որ Հայկ Մարությանի դեմ արշավը սնվում է որոշ ՔՊ-ականներից, որոնք տենչում են քաղաքապետի աթոռը»` Նարեկ Մալյան: «Եղբայր, նվիրվածությունդ, անունդ, հետագիծդ ու ազնվությունդ մի զոհիր, կգա ժամանակը, ոչ մեկը դա չի հիշելու, ասեմ ավելին` քեզ դեմ կտան ու կզոհեն…»` Արամ Մանուկյան:

Եվ այսպես` մեղադրանքներ, պաշտոնաթողության հորդորներ, կշտամբանքի ու ափսոսանքի խոսքեր: Սակայն քաղաքապետն անդրդվելի էր: Նրա փաստարկմամբ` շրջանառվող լուրերը ոչ այլ ինչ են, քան ասեկոսեներ, Երեւանի քաղաքապետարանը եւ անձամբ ինքը որեւէ օրինախախտում թույլ չեն տվել: Այդ մասին ֆեյսբուքյան եթերում ընդդիմախոսներին հակադարձել է Մարությանը` միաժամանակ աջ ձեռքում թափահարելով իր ասածներն, իբր, հաստատող ինչ-որ փաստաթղթեր, որոնցում ո´չ ամիս-ամսաթիվ էր երեւում, ո´չ տարեթիվ, ո´չ էլ ստորագրություն: Ըստ էության, «ապացուցողական բազան» խիստ անհամոզիչ էր, հետեւաբար, մեկ օր չանցած` հերքվեց: «Մարությանի երեկվա ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսեւորում էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար հղում էր անում 2017-ի նախագծման թույլտվությանը` մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության, 11-րդ հարկի կառուցումից հետո եւ շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված` հնարավոր է փոփոխել հարկայնությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ներկայացրել հակառակն ապացուցող փաստաթղթեր: Դրանցից պարզ երեւում էր, որ բոլորովին վերջերս` նոյեմբերի 22-ին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը քաղաքապետից ստացել է Տերյան 5 հասցեում գտնվող իր բազմահարկ շինությանը եւս 5 հարկ ավելացնելու թույլտվություն` խիստ որոշակի ծառայության դիմաց:

Սա մեկն է բազմաթիվ այն փաստերից, որոնց մասին մամուլն ու սոցիալական ցանցերը` սկսած «Սանիտեք»-քաղաքապետարան հակամարտությունից, երկար ժամանակ ահազանգում էին, եւ որոնք «նվերի» անվան տակ քողարկված կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում: Առհասարակ` մեր ապրած ժամանակաշրջանը խիստ նպաստավոր է նման մանիպուլյատիվ երեւույթների համար: Հասարակական ցնցումներից, հեղափոխություններից հետո, որպես կանոն, անշարժ գույքի շուկայում աշխուժանում են տարաբնույթ գործարքները, մասնավորապես` գույքի օտարումը, սեփականության վերաբաշխումը, նվիրատվությունները եւ այլն: Օրինաչափությունը չի խախտվել նաեւ «թավշյա» հեղափոխությունից հետո: Վիճակագրության տվյալներով` վերջին շրջանում երբեք չեն եղել առատաձեռն նվիրատվությունների այնքան դեպքեր, որքան 2018 թվականին, որի ընթացքում անշարժ գույքի գրեթե բոլոր տեսակների` առանձնատների, բնակարանների, հանրային օբյեկտների, հողերի, ավտոտնակների գծով աննախադեպ առաջընթաց է գրանցվել: Օրինակ` եթե առանձնատների նվիրատվության ցուցանիշը 2017 թվականին 3312 էր, ապա 2018-ին այն հասավ 4143-ի կամ աճը կազմեց 25.1 տոկոս: Առաջանցիկ տեմպերը պահպանվում են նաեւ 2019-ի ինն ամիսների կտրվածքով` այդ ժամանակամիջոցում նվիրաբերված առանձնատների գծով արդեն իսկ գերազանցվել է ամբողջ 2017 թվականի համապատասխան ցուցանիշը` հասնելով 3582 դեպքի: Նույնը կարելի է ասել ավտոտնակների նվիրատվության այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքի մասին, որը եւս ավելի բարձր է, քան 2017-ի տարեկան ցուցանիշն ամբողջությամբ վերցված:

Վիճակագրությունը` վիճակագրություն, բայց նվերն անդիմադրելիորեն գայթակղիչ բան է, որպեսզի մարդ նրանից կարողանա հեշտությամբ հրաժարվել: Ուղղակի զգուշանալ է պետք այնպիսի նվերներից, որոնց մյուս երեսը կոռուպցիան է: 

 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում դրված էր հրաժարականի դեպքում Սահմանադրական դատարանի անդամներին աշխատավարձի ու պարգեւավճարների չափով կենսաթոշակ հատկացնելու` կառավարության առաջարկության հարցը: Այս նախաձեռնությամբ, ինչպես կարծում են «Իմ քայլում», հնարավոր կլինի հաղթահարել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, ոչ միայն ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում, այլեւ հայտարարում է, որ իշխանությունն ուզում է ազատվել անցանկալի դատավորներից եւ նրանց փոխարինել իր կադրերով, որպեսզի ուզած որոշումները կարողանա հեշտությամբ կյանքի կոչել:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բաբասյանը` պարզաբանելով, որ դատավորները որոշում կայացնելու համար օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետ կունենան:

Քննարկումներն անցել են տեսակետների բուռն բախման մթնոլորտում:

…Արդարադատության երիտասարդ նախարարը ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հետաքրքիր հիմնավորում էր բերում` թերեւս «Իմ քայլը» թիմում մշակված միասնական դիրքորոշումը: «Այսկերպ մենք փորձում ենք հանրության վստահությունը չվայելող դատավորներին տալ արժանապատվորեն հեռանալու հնարավորություն»,- լրագրողներին ասել է Բաբասյանը` զարմացնելով բոլոր նրանց, ովքեր նման «հոգատարության» հակառակ դրսեւորումներն էին տեսել ամիսներ առաջ: Նկատի ունենք դատավորների համառությունը կոտրելու ու նրանց հրաժարականի մղելու մի քանի փորձերը` դատարանները շրջափակելու, «վնգստացող» դատավորներին «պատերին ծեփելու» կամ «ասֆալտին փռելու», անգամ ՍԴ նախագահի մերձավորներին հալածանքի ենթարկելու գործողությունները, որոնցում հոգատարության որեւէ նշույլ չէր նկատվել: Սակայն ամենազարմանալին այն է, որ այս անգամ փոխանակ «հանրության վստահությունը չվայելող» դատավորներին պատժելու վատ աշխատանքի համար, որոշել են խրախուսել` հնարավորություն տալով անկախ տարիքից, «արժանապատվորեն» գնալ վաստակած հանգստի, ընդորում` պաշտոնական աշխատավարձերի ու պարգեւավճարների լրիվ պահպանմամբ: Ինչպե՞ս եղավ, որ 180 աստիճանով փոխվեց անհաճո դատավորներից ազատվելու մարտավարությունը: Մի՞թե գործեց արեւելյան հայտնի ասացվածքի տրամաբանությունը` «Այն ձեռքը, որը չես կարող կտրել, համբուրիր ու դիր ճակատիդ»:

Այսպես թե այնպես` արտառոց նախագիծն արդեն Ազգային ժողովի այս շաբաթվա օրակարգում է եւ, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության քվեներով: Փույթ չէ, թե սույն օրինագիծը նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության, թերեւս, ամենաքննդատվածներից է, եւ մամուլն ու սոցցանցերը ողողված են աղմկոտ դիտարկումներով: Տեղին կլիներ մեջբերել դրանցից մի քանիսը. «Մի տարբերակ էլ ես հուշեմ` «գնդակահարեք ՍԴ դատավորներին… Սա աննախադեպ ցինիզմ է, ու եթե ՍԴ որեւէ դատավոր գնա այս գործարքին, հանկարծ չմոռանա, որ մի լուսավոր օր ե՛ւ իր չաշխատած գումարներն է վերադարձնելու, ե՛ւ կոլեկտիվ դատվելու է»` Նաիրա Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր: «Ստացվում է՝ հասարակության գրպանի հաշվին խրախուսվելու են այն դատավորները, որոնք մինչ այս քարկոծվում էին վստահություն չունենալու համար»` Տարոն Սիմոնյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ: «Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ։ Չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ»` Ալվինա Գյուլումյան, ՍԴ անդամ։ «Սա մեր երկրում նախադեպը չունեցող խայտառակ մի նախագիծ է… Դատարանները երբեք այսքան կախյալ չեն եղել»` Գեւորգ Պետրոսյան, ԲՀԿ-ական պատգամավոր:

Կարող է հարց ծագել` իսկ ի՞նչ կլինի, եթե դատավորները որոշեն չտալ կամովին հրաժարական: Արդարադատության նախարարն այս հարցի պատասխանն ունի. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է օգտվել իր մեխանիզմներից եւ կազմակերպել, մասնավորապես, ստուգումներ: Օրինակ` կարող է ՍԴ դատավորների ունեցած գույքի ստուգումներ կազմակերպել»:

Ահա այսպիսի անկեղծ խոստովանություն:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Աշխատանքային երկօրյա այցով Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր, որտեղ երկու երկրների ղեկավարները ծանոթացել են առաջնագծում առկա վիճակին, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ուղղությամբ կատարված աշխատանքներին, զինծառայողների կենցաղային պայմաններին եւ զրուցել զինվորների հետ: Փաշինյանը կարեւորել է զինված ուժերի, ռազմական արդյունաբերության շարունակական զարգացումը եւ նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Այցի հաջորդ օրը` դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխադարձ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի եւ ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Նշվել է, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել, մասնավորապես, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության, անշարժ գույքի եւ մի շարք այլ ոլորտներ։

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2008 թվականի ապրիլի 9-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 2-ին Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ` ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է 2020 թվականին արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն դոլարի: Վարչապետը ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին եւ առաջիկա ծրագրերին: Նա կարեւորել է ոլորտի զարգացումը մեր երկրում եւ նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել ընկերությանը:

Դեկտեմբերի 3-ին ոստիկանությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող` Դաշնակցության երիտթեւի 24 ներկայացուցիչների ուժի կիրառմամբ բերման ենթարկեց ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Երիտասարդները նախ պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում՝ քննարկելու կրթության ոլորտում առկա խնդիրները, սակայն նախարարության շենքի մուտքի մոտից` ոստիկաններն ուժ կիրառելով, երիտասարդներին հեռացրին տարածքից։ «Արայի´կ, հեռացիր» կոչերով վերջիններս փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որը դարձյալ բացվեց ցուցարարների թվին մի քանի անգամ գերազանցող ոստիկանների կիրառած անհամաչափ ուժի միջոցով։ Քաղաքացիները եկել էին կրթության թեմայով հանդիպելու նախարարին, սակայն բախվեցին ոստիկանության բռնություններին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: