Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Դեկտեմբերի 14-15-ը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր Արեւելյան գործընկերության 6-րդ գագաթաժողովին։ Միջոցառման շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների, ինչպես նաեւ՝ առանձնազրույց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Փաստաթղթում ընդգծված է Հարավային Կովկասում՝ ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կապուղիների զարգացմանը՝ ըստ իր տնտեսական եւ ներդրումային ծրագրի:
Մի կարճ ժամանակով ԵԽ նախագահը դեռառդեմ մենակ էր թողել Փաշինյանին եւ Ալիեւին: Ավելի ուշ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ եռակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ «Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։ Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- գրել է Փաշինյանը։
…«Բանակցությունների օրակարգի հիմնական հարցը կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ապահովումն է»,- անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության մի բարձրաստիճան պաշտոնյա։ «Այժմ մենք շատ քրտնաջան աշխատում ենք մեր հայ եւ ադրբեջանցի բարեկամների հետ այն միջոցառումների վրա, որ կարող են ավելի ամրապնդել վստահությունը նրանց միջեւ՝ հիմնվելով մի քանի շաբաթ առաջ պաշտպանության նախարարների միջեւ նախագահ Միշելի միջնորդությամբ հաստատված ուղիղ հաղորդակցման կապի հաջող մեկնարկի վրա»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը` հավելելով, որ ԵՄ-ը հատկապես հանձնառու է գտնել ճանապարհ լարվածությունից դուրս գալու համար, եւ «նախապես համաձայնեցված այս հանդիպումը կարեւոր քայլ էր այդ ուղղությամբ»: Իր հերթին՝ Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն համոզմունք է հայտնել, որ բրյուսելյան հանդիպումը տարածաշրջանին Եվրամիության քաղաքական մասնակցության ու նվիրվածության վկայությունն է:
Եռակողմ հանդիպմանը հետահայաց անդրադարձել է նաեւ ԵԽ նախագահն ինքը՝ նշելով, որ հանդիպումն ընթացել է անկեղծության եւ Հարավային Կովկասում տիրող իրադրության մասին բաց երկխոսության մթնոլորտում: Շառլ Միշելը շեշտել է, որ Եվրամիությունը հավատարիմ է իր ձգտմանը՝ «դրական դերակատարություն ունենալ այն բանում, որ Հարավային Կովկասում լինի ավելի շատ կայունություն եւ բարգավաճում»։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ն մշտապես իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին եւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը միտված բոլոր ջանքներին։ «Ես հաստատապես համոզված եմ, որ այս հանդիպումը չափազանց արդյունավետ էր եւ հավատում եմ, որ նման ուղիղ շփումները կպահպանվեն կարճաժամկետ եւ միջին ժամկետայնության հեռանկարի համար: Մենք ցույց տվեցինք, որ նույնիսկ ամենաբարդ թեմաներում ավելի արդյունավետ են ուղիղ գործիքները, եւ դրանում կա անհրաժեշտություն»,- եզրափակել է Միշելը։
Անշուշտ, ամենաբարդ հարցերում շատ կարեւոր է մեկմեկու լսելու, հասկանալու եւ, ինչու չէ, միմյանց շահերը համադրելու կարողությունը, ինչը հարավկովկասյան մշակույթում, ցավոք սրտի, բացակայում է, իսկ արցախյան հակամարտության գործոնով պայմանավորված հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ առավել եւս: Տիրապետողն այստեղ ամեն մեկը «վերմակն իր վրա քաշելու» հին կովկասյան սովորությունն է: Հավանաբար՝ պատճառն այն է, որ տարածաշրջանում իրավիճակ հաստատողներն ու խաղի կանոններ թելադրողները ի վերուստ եղել եւ շարունակում են լինել գերտերությունները: Նման իրադրությունում Մեծն լոռեցին կասեր՝ «Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ՝ վախ, վայը եկել է, տարել տկարին»: Տկարն էլ, ինչպես սրանից 100-150 տարի առաջ, դարձյալ պատերազմում հյուծված, «թղթե շերեփով» բանակցությունների գնացող ու դատարկաձեռն վերադարձող Հայաստանն է, որին թե՛ դրսից, թե՛ ներսից դարձյալ ծվատում, թալանում են «մերոնք եւ այլերը»:
Արցախյան 44-օրյա պատերազմը տանուլ տված, տարածքներ կորցրած, թշնամու կողմից նվաստացված անձը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Այս մասին վկայում են ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով ոչ հայանպաստ համաձայնագրերը, այլեւ օրերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումները: Նշված բանակցություններից ոչ մեկում Փաշինյանը որեւէ կարեւոր խնդիր չի կարողացել արծարծել՝ լինի ռազմագերիների հայրենադարձում, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած թշնամական զորքի դուրսբերում, Արցախի կարգավիճակի ճանաչում եւ այլն: Բրյուսելում եւս Փաշինյանի ներկայությունը խամրել էր Ադրբեջանի նախագահի հռետորաբանության ստվերում: «Մենք համոզել ենք Հայաստանին, որ Զանգեզուրով դեպի Նախիջեւան միջանցք բացելը անխուսափելի է»,- ինքնավստահ հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետ տեղադրի, հակառակ դեպքում Ադրբեջանը նույնպես մաքսակետ կդնի Լաչինի միջանցքում:
Լաչինի միջանցքի նարատիվը Ալիեւը շրջանառության մեջ էր դրել Բրյուսել մեկնելուց անմիջապես առաջ՝ փորձելով այն հավասարեցնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին, որն, ի տարբերություն Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ենթադրյալ հաղորդակցության, Հայաստանի հետ Արցախի միակ կապուղին է, կարելի է ասել՝ «կյանքի ճանապարհը»: Ադրբեջանի ղեկավարն ամեն անգամ մի նոր պահանջ է ներկայացնում Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությանը, եւ վերջինիս ոչինչ չի մնում, քան անտրտունջ ենթարկվել նրա կամքին: Ալիեւը հայ իշխանավորներին՝ այդ թվում Փաշինյանին, ԱԺ նախագահին, պաշտպանության նախարարին եւ մյուս բոլորին արգելել է այցելել Արցախ, նույնիսկ՝ արտաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը: Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականին նախորդել էր նրա՝ Արցախ կատարած այցը: Չեմ կարծում, թե սա պարզ զուգադիպություն էր: Ծանր է կապիտուլյանտի ճակատագիրը:
Հիմա վերադառնանք բրյուսելյան բանակցություններին եւ տեսնենք, թե ինչ է Բելգիայի մայրաքաղաքից բերել Նիկոլ Փաշինյանը: Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում գործադիրի ղեկավարը հայտնեց, որ Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ-Մեղրի երկաթգիծը, որով Հայաստանը կկապվի ԻԻՀ-ի եւ ՌԴ-ի, իսկ Ադրբեջանը Նախիջեւանի հետ: Գոհունակության անթաքույց զգացումով Փաշինյանը հայտարարեց, որ մենք արդեն ունենք երկաթուղի: Ե՞վ… երկաթուղի՞ն էր մեզ պակասում լիարժեք երջանիկ լինելու համար: Հազիվ թե: Մեր մտահոգություններն այլ են՝ կորցրած տարածքներ, տասնյակ հազարավոր անտունիներ, խոցելի սահմաններ, Արցախի կարգավիճակի անորոշություն, նրա լիակատար կորստի սպառնալիք, ահագնացող արտագաղթ, հասարակական հուսալքություն, դատական ամենաթողություն եւ այլն եւ այլն: Լիքը ներքին ու արտաքին մարտահրավերներ… ո՞ր մեկը թվես, ո՞ր մեկը թողնես:
Իսկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի դադարում ներշնչված մնալ երկաթգծի թեմայով. այն նրան ուղղակի գերել է: «Եթե մեզ հաջողվի [ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը՝ եթե հաջողվի… բախտներս բերի էլի] որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ եւ հաջողվի հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացմանը [չէ, դուք պատկերացնո՞ւմ եք…], այդ նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ»,- Փաշինյանի ոգեշնչման աղբյուրն այս անգամ բարձիթողի արված եւ գրեթե շարքից դուրս եկած Երեւան-Գյումրի-Կարս երբեմնի անշուք երկաթգծի վերագործարկման հեռանկարն է, որը, նրա խոսքով, «էապես կփոխի մեր երկրի տնտեսական, ներդրումային, քաղաքական ու անվտանգային միջավայրը»:
Իրականում թե՛ այս մոռացված-լքված երկաթուղին, թե՛ մյուսը՝ Ադրբեջանը Մեղրիով Նախիջեւանին կապողը, ձեռնտու են միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, իսկ Հայաստանի համար կարող են միայն պատուհաս դառնալ բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, ներդրումային եւ, մանավանդ, անվտանգային: Սա բավական ընդարձակ թեմա է, որին մեկ այլ առիթով կանդրադառնանք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Խորհրդարանի նախագահի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել: Օրակարգում 13 հարց էր, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ու մի շարք այլ նախագծեր։
Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Քըլըչը ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 63-ամյա դիվանագետը 1984 թվականից աշխատել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում՝ տարբեր պաշտոններում: 2014-2021 թվականներին Վաշինգտոնում Անկարայի դեսպանն էր: Պաշտոնական Երեւանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում: Առայժմ մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Ժիրայր Լիպարիտյանի անունները:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 16-ին բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը` Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններում ամենաշատ քվե ստացած Ասլանյանը երկու ամիս առաջ էր հեռացել պաշտոնից, ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր իր անունով ստեղծված դաշինքով: Չորեքշաբթի Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ սա քաղաքական ճնշում է համայնքապետի ընտրության նախօրեին։
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: «Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ 39-ն արդեն կա», - «Ազատությանը» փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը՝ նշելով, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է: Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չի ցանկացել։ Սակայն ըստ շրջանառվող լուրերի, Երեւանի քաղաքապետը գաղտնի հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահի հետ, ինչը քաղաքապետի խոսնակի կողմից հերքվել է:
Հայաստանի հետ սահմանամերձ Զանգիլանի (Կովսական) շրջանի տարածքում ծառայողական եւ մարտական գործունեություն է ծավալել նոր սահմանապահ հրամանատարությունը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը։ Աղբյուրի համաձայն` դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել նորակառույց զորամասի բացման արարողությունը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կառավարությունը սահմանային ծառայության եւս մեկ զորամաս էլ Ղուբաթլուի (Սանասար) շրջանում է կառուցել: