Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա ամենաքննարկվող իրավաքաղաքական իրադարձությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահն էր կալանավայրում։ Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել։ Ըստ «Փաստինֆո» լրատվական կայքի՝ դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հանրային հրապարակումներում և պաշտպանական կողմի հայտարարություններում մեղադրյալի մահն անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու որոշման հետ, ինչը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունն ու անկողմնակալությունը։
Դեպքին կոշտ արձագանք է տվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։ Նա հայտարարել է, որ գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում Հայաստանի բանտերում անտարբերության ծանր պայմաններում մահացել է 130-ից ավելի մարդ։ Յոլյանի պնդմամբ՝ Գևորգյանը որևէ առողջական գանգատ չուներ, իսկ պատշաճ հերթապահ բուժանձնակազմի առկայության դեպքում ողբերգությունը հնարավոր կլիներ կանխել։ Գևորգյանի մահվան առնչությամբ իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների ու «փոխհրաձգության» պակաս չէր զգացվում։
Հայաստանի վարչապետն այս շաբաթ մասնակցեց Անթալիայում կազմակերպված COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին, որի ընթացքում կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ երկուստեք ընդգծվել էր հայ-թուրքական կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ-թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:
Անթալիայում ընթացող COP 31 Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկկողմ հանդիպումը։
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը կարևորել են Երևանում անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնախմբի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարբեր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման գործում։
Թուրքիայի Անթալիա քաղաքում COP31 համաժողովին մասնակցելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին։ Նոյեմբերի 12–13-ը կայացած այդ երկօրյա աշխատանքային այցի նպատակն էր մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովին։ Այցի ընթացքում նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը։
Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 20 տարի անց Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։ Նա ընդգծել է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և չի ձգտում հեռանալ որևէ գործընկերոջից։
Այս ամբողջ ճանապարհը՝ մինչև վերադարձ Երևան, հանրության մեջ առավել տպավորվեց «բանանային ճամփորդությամբ»։ Ողջ պետության առաջին դեմք վարչապետը Անթալիայից հրապարակեց կարճ տեսանյութ․ պայուսակից հանելով մի բանան և դնելով ծոցագրպանը՝ նա ասաց․ «Էս էլ ճամփին պետք կգա»։ Հետո բանանը ցուցադրեց նաև Դուբլինում, ապա՝ Երևանում։ Այս արարքը ծաղրուծանակի և բուռն քննադատությունների տեղիք տվեց։ Ընդհուպ՝ համացանցում նրան նմանակեցին ադրբեջանցիները։ Բայց դե, ինչպես ասում են, սև PR-ն էլ է PR։
Բրյուսելում ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՄ հանձնակատար Վոպկե Հուկստրան ստորագրել են համաձայնագրեր ԵՄ «Customs» և «Fiscalis» ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործնական արդյունքն է։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իր վերլուծական հոդվածում անդրադարձել է Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելու առաջարկին։ Նա զգուշացրել է, որ դեպի Արևմուտք կտրուկ քայլեր անելու փորձերը պատմականորեն հանգեցրել են Ռուսաստանից կախվածության ավելի մեծ խորացմանը, ուստի ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է վտանգել ՀՀ տնտեսական և անվտանգային շահերը։
Միևնույն ժամանակ, միջազգային իրավաբան Թոմաս Բեքերը քննադատել է բանակցային ընթացիկ նախագծերը։ Նա նշել է, որ բանակցային փաստաթղթերում բացակայում է Ադրբեջանի կողմից Արցախում կատարված էթնիկ զտումների և զանգվածային ոճրագործությունների պատասխանատվության հարցը։ Բեքերի գնահատմամբ՝ առանց անցյալի պատասխանատվության և միջազգային դատարաններից հայցերի հետկանչման պահանջի պայմաններում երկարատև և արդար խաղաղություն ձևավորվել չի կարող։
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին Ռուսաստանի Դաշնություն նախատեսված այցերի մասին՝ հավելելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ «Ազգ» թերթի վերլուծության համաձայն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը կարող է նախադեպ ծառայել Կենտրոնական Ասիայի երկրների համար, ինչը Մոսկվայում լիովին գիտակցում են։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել է, որ շուրջ 25 հազար բռնի տեղահանված արցախցիներ արդեն լքել են Հայաստանը՝ սոցիալական ու բնակարանային աջակցության ծրագրերի կրճատման պատճառով։
Ֆրանսիայի արտաքին առևտրի լիազոր-նախարար Նիկոլա Ֆորիսիեն ընդգծել է, որ հայ ռազմագերիների ազատ արձակումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման է։ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» ղեկավար Կասյա Աբգարյանը նշել է, որ 3-րդ երկրի միջոցով Բաքվի բանտերում պահվող գերիներին այցելելն անիրատեսական է Ադրբեջանի ծանր դիկտատուրայի պայմաններում։
Monument Watch հարթակը արձանագրել է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության (ավելի քան 4000 հուշարձան, Շուշիի «Կանաչ ժամ», Բերձորի սրբավայրեր) հետևողական ոչնչացումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության պայմաններում։
Գերմանացի լրագրող Միխաել Շտելցլն այցելել է Հայաստան։ Իր հոդվածում նկարագրել է Սյունիքի Շիկահողի արգելոցում ու Ներքին Հանդում ադրբեջանական զորքերի ապօրինի դիրքավորումը և էկոլոգիական վնասները։ «Աուգսբուրգեր ալգեմայնե» թերթում նրա հոդվածը լույս է տեսել «Եվրոպայի մոռացված պատերազմը. Ուկրաինայից հեռու դեռևս մոլեգնում է երկրորդ լուրջ հակամարտությունը» վերնագրով։ Նա նշել է, որ Շիկահողի արգելոցի և Ներքին Հանդի հատվածում «խաղաղություն չի նշմարվում», իսկ տեղի բնակիչները ցանկացած պահի կարող են երեք կողմից գնդակոծվել։
«Հրապարակ» օրաթերթի վերլուծականում ներկայացված են քրեակատարողական համակարգի մտահոգիչ տվյալները. 2025 թվականին (արտարադատության նախարար Սրբուհի Գալյանի պաշտոնավարման ընթացքում) բանտերում մահացության ցուցանիշը կրկնապատկվել է՝ 12-ից հասնելով 24-ի (որից 8-ը՝ ինքնասպանություն), իսկ ինքնասպանության փորձերը 19-ից հասել են 46-ի։ Հոդվածագիրը նշում է, որ որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանր պայմանները շարունակում են վտանգել կալանավորվածների կյանքը։
Միջազգային հարթակում՝ ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ խոր մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Եվրոպացի պատգամավորները կալանքը որակել են որպես ընտրովի քաղաքական հետապնդում՝ կապված սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։
Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու որոշումը Բաքուն (Կովկասի մահմեդականների վարչությունը) որակել է «վանդալիզմ» և «սադրանք»։ Ի պատասխան՝ Հայաստանում Իրանի դեսպանությունը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է իրանական գրականության նկատմամբ Չարենցի հետաքրքրությամբ և խորհրդային տարիներին մզկիթը քանդումից փրկելու նրա ավանդով։
«Գեղարդ» հիմնադրամն անդրադարձել է ադրբեջանական հրապարակումներին, թե Ք․Ա․ 6-րդ դարի մասսագետների թագուհի Թոմիրիսը Ադրբեջանի առաջին կին կառավարիչն է հերքել է ներկայացված պնդումները։ Հիմնադրամը հիշեցրել է, որ Թոմիրիսը ղեկավարել է Կենտրոնական Ասիայի իրանալեզու ցեղերը և որևէ առնչություն չունի ժամանակակից Ադրբեջանի հետ։
«ՍԼՈՎՈ» հրատարակչությունը Մատենադարանին է նվիրաբերել «Աշխարհի մեծագույն թանգարանները» մատենաշարի «Մատենադարան» հատորը։ «Գրքեր մեղրի մեջ» նախագծի համաձայն՝ մոմապատված գիրքը պահպանվելու է մեղրի մեջ մինչև 4052 թվականը՝ որպես մշակութային հիշողության անխաթար պահպանման բացառիկ օրինակ։

