Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած կիրակի՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը, որին մասնակցում էին քաղաքական 11 ուժեր՝ 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել էին հանրապետության ողջ տարածքում ձեւավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը, իսկ ժամը 20:00-ին, երբ ավարտվեց քվեարկությունը, սկսվել էին քվեաթերթիկների հաշվումը եւ նախնական արդյունքների ամփոփումը: Ըստ այդմ` անցողիկ շեմը հաղթահարել էր ընդամենը երեք քաղաքական ուժ, որոնց միջեւ էլ կբաշխվեն խորհրդարանի մանդատները։ Ինչպես սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոս, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը` 8,27 տոկոս եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37 տոկոս։
Ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը:
…Այսպիսով` ընտրապայքարին մասնակցող մյուս 8 քաղաքական ուժերը, որոնք չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը, բնականաբար, չեն հայտնվի ԱԺ-ում: Ուրեմն` յոթերորդ գումարման խորհրդարանում առնվազն 5 տարի չենք տեսնի նախկին իշխանության՝ հանրապետականների, ինչպես նաեւ դաշնակցականների անախորժ դեմքերը: Ինչպես հայտնի է, Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների ընդունումը տապալվել էր հենց այս ուժերի կողմից, մինչդեռ եթե ընտրությունը կայանար փոփոխված օրենսգրքով, հնարավոր է` անցողիկ շեմը հաղթահարեին թե՛ ՀՀԿ-ն, որին չհերիքեց ընդամենը 0,3 տոկոս, եւ թե՛ ՀՅԴ-ն, որն ընդհուպ մոտեցել էր նոր օրենսգրքով սահմանված 4 տոկոս անցողիկ շեմին։ Չօգնեց անգամ ռեյտինգային ընտրակարգը, հանուն որի Հանրապետականը ձախողել էր Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Բայց անցածն` անցած է, այն այլեւս ետ չես բերի: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերն իրենց ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն: «Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, վկայում է, որ նրանց մերժում է հասարակությունը»,- ասել է Քոչարյանը: Ըստ նրա, այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան:
Հայաստանյան ընտրություններից գոհ են միջազգային դիտորդները, որոնց գնահատմամբ` դրանք անցել են ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական սկզբունքների ոգով: Իրենց էջերում ու հեռուստահաղորդումներում աննախադեպ դրական արձագանք են հնչեցրել աշխարհի հեղինակավոր շատ լրատվամիջոցներ: Ընտրությունների արդյունքները ճանաչել են դրանց մասնակից բոլոր քաղաքական ուժերը` շնորհավորելով եւ բարեմաղթանքներ հղելով խորհրդարան անցած եռյակին: Շնորհավորական ուղերձներ են շարունակում ստացվել նաեւ շատ երկրներից: Իհարկե, մանր-մունր խախտումներ ընտրություններում արձանագրվել են, որոնք սակայն, համընդհանուր կարծիքով, չէին կարող ազդել դրանց արդյունքների վրա: Ի տարբերություն 1998-ից ի վեր տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունների, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթում իսպառ բացառված էին դրամաբաժանումները, «տասովշչիկների» կուտակումները, հատուկ ուղղորդված քվեարկության, լցոնումների եւ ընտրակեղծարարության մյուս դրսեւորումները:
Ընդհանրապես` միջազգային ու տեղական դիտորդները հայաստանյան նախորդ ընտրությունների եւ «թավշյա» հեղափոխությունից հետո տեղի ունեցածների միջեւ զուգահեռներ անցկացնելիս` վերջինիս օգտին մի շարք էական տարբերություններ են մատնանշում: Եզրահանգումները մոտավորապես այսպիսին են. ա/ Հայաստանում այլեւս չի գործում մեկ կենտրոնից կառավարվող ընտրակեղծարարության մեքենան. բ/ Նախկինում ընտրախախտումները հովանավորող կամ դրանց առջեւ «աչք փակող» իրավապահ համակարգն այժմ ընտրողի կողքին է եւ գործում է ի պաշտպանություն նրա իրավունքի. գ/ Ի տարբերություն նախկինի՝ այս անգամ չկային ընտրողների կամարտահայտման վրա ապօրինի ճնշումներ ու ընտրությունների վրա ազդեցություն գործելու համակարգված փորձեր. դ/ Ներկա եւ նախկին ընտրություններին մասնակցության թվերը համեմատության եզրեր չունեն, քանի որ 1998-ից ի վեր ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիացման արդյունքում այդ թվերը մշտապես հավելագրվել են ցուցակներում ընտրողների անունների դիմաց կեղծ ստորագրություններ դնելու եւ դրան համընթաց՝ քվեատուփերի լցոնումների, կրկնաքվեարկությունների միջոցով. ե/ Արժանահավատ ելակետային տվյալ ունենալու համար ՀՀ-ում բնակվող ընտրողների իրական քանակը պետք է մեկընդմիշտ ճշգրտվի:
Ի դեպ, որոշ հաշվարկներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների իրական թիվը մեզանում 1,4-1,6 միլիոնի միջակայքում է: Թե ինչու է նախորդ վարչակարգերի օրոք այդ թիվն արհեստականորեն ուռճացվել, կարծում ենք, բոլորի համար պարզ է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը դեկտեմբերի 11-ը հայտարարել էր պիկետների եւ հանրահավաքային փուլի մեկնարկի օր: Այս մասին հաղորդագրություն էր տարածել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը։ «Մենք` ՀՀ մի խումբ քաղաքացիներս, գնահատելով տեղի ունեցածը որպես հակազգային ոճիր, պատրաստվում ենք մեր վճռական բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այս սարսափելի անարդարության»,- ասվում էր «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Խոստացված օրը ցուցարարները հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել «ապօրինի կերպով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին եւ դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը»: Նրանք վեր էին պարզել «Հայաստանի երկրորդ նախագահը` քաղբանտարկյալ», «Նոր Հայաստանի քաղբանտարկյալ #1», «Ազատություն Արցախի նախագահին» եւ նմանատիպ բովանդակությամբ այլ պաստառներ: Հասարակական կարգի պահապանները հանգիստ հետեւում էին, որպեսզի ցուցարարների ու հանպատրաստից հայտնված ընդդիմախոսների կրքոտ բանավեճերը չվերածվեն առճակատման:
…Նախ հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակում` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Այս տարվա հուլիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին, որն էլ մեկ շաբաթ առաջ` դեկտեմբերի 7-ի իր վճռով, անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այժմ ՀՀ երկրորդ նախագահը ԱԱԾ շենքում գտնվող Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում է, որտեղ ներկայացել էր ինքնակամ` չսպասելով Վերաքննիչի որոշմանը։ Կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ անձնական վենդետա է իրականացվում: Դրան հաջորդեց Հանրապետական կուսակցության հայտարարությունը, որտեղ նշված էր, որ այդ կալանավորումն իշխանությունների կողմից ընդդիմախոսներին ճնշելու, նախընտրական շրջանում ճնշումներ բանեցնելու, վախեցնելու քայլ է: Իսկ դատարանի որոշման հրապարակումից մեկուկես ժամ հետո Քոչարյանի պաշտպանները հանդես եկան նախապես ծրագրված մամուլի ասուլիսով:
Այսպես` հնչած հայտարարությունների, կամավոր կալանավայր ներկայանալու քայլի, ապաեւ մամլո ասուլիսի էֆեկտն ուժեղացնելու համար պահանջվում էր խնամքով պատրաստված դիպաշարի մեջ եւս մեկ տպավորիչ տարր մտցնել: Բայց ի՞նչ: Ու հղանում է բողոքի ակցիայի միտքը: «Կոչ ենք անում միանալ մեզ բոլոր նրանց, ում համար թանկ է հայի պատիվը եւ մեր երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան»,- Դատախազության շենքի առջեւ խրոխտ գոչում էին «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի մարտիկները։ Հայի պատի~վ, երեխաների բարեկեցիկ ապագա~… Հետաքրքիր է, իսկ ինքը` Քոչարյանը, 2008-ի գարնան առաջին օրը մտածո՞ւմ էր «հայի պատվի» կամ «երեխաների բարեկեցիկ ապագայի» մասին, երբ հրաման էր արձակում քաշել հայի վրա ուղղված զենքի ձգանը: Գիտակցո՞ւմ էր այս ամբողջ ժամանակ, որ իր խղճի վրա է ծանրացած 10 անմեղ զոհերի մեղքը, թե՞ իշխանատենչությունը, փողի մոլուցքը հիմնովին մթագնել էին ուղեղը: Հիմա նեղն է ընկել եւ գութ աղերսելու պես վկայակոչում է իր անցած ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքները, հեղինակությունը Հայաստանում, Արցախում ու արտերկրում, «ինչպես նաեւ քաղաքական հեռանկարները, որոնք հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ եւ երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին»:
Լավ, դիցուք դուք իրավացի եք, պարոն երկրորդ նախագահ՝ անցած փառավոր ուղի, գրանցած փայլուն ցուցանիշներ, հեղինակություն, հեռանկարներ եւ այլն: Այդ դեպքում կխնդրեի պատասխանել մի հատիկ պարզագույն հարցի՝ այդ ամենը ձեզ թույլ տալի՞ս է խուսափել քրեական պատասխանատվությունից եւ հանգիստ վայելել ապօրինաբար կուտակած միլիարդները:
Մեկնաբանեց Գեւորրգ Լալայանը
Միջազգային մամուլ
Հայաստանյան ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը վճռական հաղթանակ տարավ
Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանեցին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մասնավորապես՝ BBC-ն գրում է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ տարավ կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում`ամրապնդելով իր իշխանությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ վերջնական պաշտոնական արդյունքները ցույց տվեցին, որ կենտրոնամետ «Իմ քայլը» դաշինքը, որն ընգրկում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթել է քվեների 70,4 տոկոսով: Նրա մոտակա մրցակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընդամենը 8,2 տոկոս քվե: «Լուսավոր Հայաստանը», որը ազատական արեւմտամետ կուսակցություն է, ստացել է քվեների 6,3 տոկոսը:
The Guardian պարբերականը գրում է, որ թերթի նախկին խմբագիրը «դրամատիկ կերպով վերջ է դնում 90-ականներից ի վեր Հայաստանը կառավողների կադրերին»:
The Washington Post-ը գրում է. «Ընտրությունների արդյունքն արտացոլում է Փաշինյանի մեծ ժողովրդականությունը: Նա բարձրաձայնում է Հայաստանում լայն տարածում գտած աղքատության, բարձր գործազրկության եւ կոռուպցիայի շուրջ առկա հանրային զայրույթը»: Ընտրության արդյունքները, ըստ թերթի, թույլ կտան նրան հետագայում ամրապնդել իշխանությունը եւ զարգացնել իր օրակարգը: «Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նախորդ ընտրախավի ներկայացուցիչներին անվանեց կոռումպացված եւ պարտավորվեց վերակենդանացնել տնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ խրախուսել հայրենիք վերադառնալն ու աշխատելը»,- նշում է պարբերականը:
The New York Times-ը մեջբերում է կատարել ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունից, որոնք քվեարկությանը հաջորդած օրը՝ դեկտեմբերի 10-ին, բարձր գնահատեցին ընտրությունները՝ «իրական մրցակցության համար», ասելով, որ դրանք «վայելում էին հանրային լայն աջակցություն եւ հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը