Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

19-26 դեկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնված սգո երթը վերածվեց ամոթալի ֆարսի: Կառավարության շենքից Փաշինյանի դուրս գալը հրապարակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով ու «Նիկո՛լ վարչապետ» բացականչություններով։ Ողջ երթի ընթացքում Փաշինյանը շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծաթիվ աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին ոստիկանական ստորաբաժանումներ, այդ թվում` կարմիր բերետավորներ: Առավոտից այնտեղ գտնվող ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները Փաշինյանին դիմավորեցին «Նիկո՛լ դավաճան», «Նիկոլ-թո՛ւրք» վանկարկումներով: Նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կային նաեւ զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց վարչապետի ճանապարհից։

Եռաբլուրում այդ պահին լարված վիճակ էր, Փաշինյանին բազմության միջով դեպի պանթեոն, ապաեւ ետ՝ դեպի ավտամեքենա, տանում էին ուժեղացված անվտանգության օղակի մեջ առած:

…Չնայած եռաշերտ-քառաշերտ ոստիկանական պատվարին եւ անվտանգության աշխատակիցների աչալրջությանը, ովքեր սեւ անձրեւանոցներ ու հակափամփուշտային ճամպրուկներ էին պահում Փաշինյանի գլխավերեւում ու փորձում ճեղքել բազմությունը՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար, քաղաքացիներն ինչ-որ բաներ էին նետում նրա ուղղությամբ եւ վանկարկում՝ «Նիկո՛լ դավաճան»: Իրենց հերթին՝ Փաշինյանի հետ Եռաբլուր եկած նրա «մեկանգամյա օգտագործման» աջակիցները հակառակ կողմից բացականչում էին. «Նիկոլ, վարչապետ», թեեւ նրանց զգուշացրել էին, որ սգո երթին անկարելի է քաղաքական կոչեր վանկարկել: Փաստորեն՝ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը նույնիսկ Եռաբլուրում հավաքված «սեւերին» հակադրելու էր բերել իր «սպիտակներին»՝ լավ հասկանալով, որ բախումները կարող են անխուսափելի լինել: Ցավոք, այդպես էլ եղավ՝ հիշատակի հարգման միջոցառումը վերածվեց աղմկոտ հրմշտոցի, տեղ-տեղ՝ ծեծկռտուքի ու փոխադարձ վիրավորանքների:

Տեսարանը աննկարագրելիորեն ճնշող էր: Տակավին երկու տարի առաջ հեծանվով քաղաքում ազատ զբոսնող, «ժողովրդի ընտրյալի» օրինական իրավունքով հպարտացող առաջնորդն այսօր Եռաբլուր էր եկել նույն ժողովրդից անջրպետված՝ նրա ցասումից իրեն պաշտպանող թիկնազորի ու ոստիկանների խստիվ հսկողության ներքո: Եկել էր հարգանքի իր տուրքը մատուցելու Հայրենիքի պաշտպանության սուրբ նահատակների հիշատակին՝ անտեսելով սեւազգեստ մայրերի հորդորները, որոնք չէին ցանկանում այդ օրը տեսնել իրենց զավակների կորստյան համար գլխավոր մեղավորին, նրանց բառերով ասած՝ «Հայրենիքի դավաճանին», «թիկունքից խփողին» ու «սուտասանին»: Վերջին բնորոշման մեջ ակնարկվում են այն ստահոդ ամփոփագրերը, որ պատերազմի 44 օրերին հրամցվում էին Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով: «Էս մարդը ոտից գլուխ կեղծիք է»,- Եռաբլուրում լացի միջից ասում էր սեւազգեստ մայրերից մեկը:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 19-ի սգո արարողությանը չէին մասնակցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ովքեր ավելի վաղ պաշտոնապես հնչեցրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտությունը: Օրվա «հերոսին» ուղեկցում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, որոնք վախվորած նստել էին վարչապետական զրահապատ մեքենայի ետնամասում, Կառավարության այլ անդամներ: Մինչ այդ ժամանել էին Փաշինյանի աջակիցները կամ, որ ավելի տեղին կլիներ նրանց անվանել, իշխանական խեղկատակները՝ մոտավորապես 2-2,5 հազար մարդ, որոնք այդ սգո օրով բերվել էին հատուկ ղժժալու համար: Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի՝ բոլորին ցույց տալու իրեն սատարողների հնարավորինս մեծ քանակություն, առանց հաշվի առնելու պահի պատեհությունը:

Արարողությունից առաջ ժողովրդին ուղղված կոչով հանդես էին եկել ՀՀ զինված ուժերի մի հոծ խումբ պահեստազորայիններ եւ պաշտոնաթող գեներալներ՝ կարեւորելով երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ բանիմաց ու փորձառու իշխանությունների ձեւավորումը, պետական բոլոր կառույցների եւ, մասնավորապես, բանակի խնդիրների հստակ ձեւակերպումը: «Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջեւ ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, եւ պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, եւ պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի»,- ասված է բարձրաստիճան զինվորականների ուղերձում: Կոչին միացել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ մի շարք այլ գեներալներ:

Որոշ աղբյուրների համաձայն, դեկտեմբերի 19-ին իշխանությունը ոտքի էր հանել վարչական ողջ պաշարամիջոցները՝ Ոստիկանությունում հաշվառված անձանց, այդ թվում՝ քրեական տարրերին, պետական հիմնարկների, իշխանամերձ օլիգարխիայի, ատոմակայանի աշխատողներին եւ ներգրավել նրանց դեպի Եռաբլուր սգո երթի մեջ: Նպատակն էր՝ ապացուցել, որ բազմահազար աջակիցներ ունի, որոնք պահանջում են «ժողովրդից ստացած» վստահության քվեն չզիջել «պատահական» ինչ-որ մեկի: Ահա թե ինչու վարչապետի աթոռը զբաղեցրած անձը չի կարող հրաժարական տալ: Իրականում Փաշինյանը, ըստ նշված աղբյուրների, չի ցանկանում թողնել պաշտոնը, որովհետեւ դեռ Ադրբեջանին տարածքներ զիջելու պարտավորվածություններ ունի Գեղարունիքում, Սյունիքում, Վայքում, Արարատի մարզում եւ այլուր: Եվ սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանի «սրտի ուզածով» սահմանները վերաձեւելուց հետո հաջորդ քայլը լինելու է այդ երկրի հետ դեմարկացիայի պայմանագրի կնքումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որից հետո անհնար կդառնա իրավական ճանապարհով ինչ-որ բան փոխել:

Գերեվարված Շուշի: Այրվող տներ: Սոթք: Ցավոտ զիջում: Հին Թաղեր: Խծաբերդ: Սյունիք: Եռաբլուր: Սահման: Որոտան: Շուռնուխ: Հայոց հողում ծփացող թուրքական դրոշ: Եռացող հրապարակ: Մինչեւ ո՞ւր են մեզ հասցնելու աթոռից կառչած այդ անձի իշխանատենչությունն ու փողամոլությունը: Ասում են՝ իբր պատրաստվում է իր հրաժարականի մասին հայտարարել Ամանորի գիշերը՝ 2021-ի առաջին վայրկյանին: Երանի սուտ դուրս չգա: Սա հայության համար Նոր տարվա ամենալավ նվերը կլիներ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քան տողով

Դեկտեմբերի 20-ին առավոտյան Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու եւ աղոթք բարձրացնելու Արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։ Վեհափառը եւ եկեղեցականներն այցելել են զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը: Այնուհետեւ Սուրբ Գայանե վանքում Վեհափառը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքն է ուղղել հոգեւոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին եւ համայն հայ ժողովրդին։

Ավելի ուշ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի աշխատակազմը եւ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրեցին նրանց գերեզմաններին։

«Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հա՛-յա՛ս-տա՛ն», «Դավաճա՛ն, հեռացիր» վանկարկումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները դեկտեմբերի 24-ին շրջափակել էին Կառավարության շենքը, որտեղ հերթական նիստն էր մեկնարկել։ Ընդդիմությունը փորձում էր խոչընդոտել Կառավարության ներկայացուցիչների մուտքը շենք, որպեսզի նիստը չկայանա: «Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն, նրանք չպետք է վաղը կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրեւ վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,- նախօրյակին հայտարարել էր ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե «քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնում»։

Ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել Կառավարության շենքի շուրջը եւ բերման էր ենթարկում քաղաքացիներին: Ցավոք, եղան նաեւ լուրջ բախումներ:

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները դեկտեմբերի 22-ից սկսած՝ գիշերում են Հանրապետության հրապարակում եւ, չնայած ձյան առատ տեղումներին, որոշել են շարունակել նստացույցը մինչեւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: «Հայրենիքի փրկության շարժումը», միեւնույն ժամանակ, հայտարարել է համազգային գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ, ինչպես նաեւ ժամանակ էր տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները, սակայն որեւէ արձագանք չի եղել:

Դեկտեմբերի 21-ին վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ձերբակալել եւ տեղափոխել Երեւան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզվել է, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Խոսքը նախօրեի կեսգիշերին քաղաքապետի ֆեյսբուքյան գրառումն էր, որով նա գորիսեցիներին կոչ էր անում հավաքվել քաղաքի կենտրոնում եւ թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գորիս: Այս կոչն էր առիթը, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ նրան ձերբակալեն ու մեղադրանք առաջադրեն մոտ մեկ տասնյակ հոդվածներով: Սակայն քիչ անց Առուշանյանին ձերբակալությունից ազատ արձակեցին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալման որոշումը: Նույն՝ ապօրինի հավաք կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել եւ ՔԿ էր տեղափոխվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: