Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

18-25 դեկտեմբերի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

«Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են երկու երկրի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով, առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն»։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Չավուշօղլուի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար կողմերն արդեն հատուկ բանագնացներ են նշանակել, որոնք շատ շուտով բանակցություններ կվարեն։ Թուրքիայի ԱԳ նախարարը դարձյալ շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացն իրականացվելու է Ադրբեջանի հետ խորհրդակցությունների արդյունքում։ «Մենք ցանկանում ենք խաղաղության հաստատում Հարավային Կովկասում, Զանգեզուրի միջանցքի բացում»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կողմերը նշանակել էին հատուկ ներկայացուցիչներ։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, որի նշանակումը ոչ միանշանակ էր ընդունվել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը երկար տարիների փորձ ունեցող դիվանագետ Սերդար Քըլըչն է, որը մինչեւ 2021 թվականի մարտ ամիս զբաղեցնում էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ Վերջինս հայտնի է իր հակահայկական հայտարարություններով։

…Դատելով նրանից, թե ինչպես է մեր երկրի առաջին դեմքը գործնական հանդիպումներում պաշտպանում Հայաստանի պետական եւ ազգային շահերը, կարելի է հստակ պատկերացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ հատուկ ներկայացուցիչ նշանակված՝ ԱԺ երիտասարդ փոխխոսնակի հետագա գործունեության տեսածիրը: Եթե դրան էլ հավելենք Թուրքիայի կողմից նշանակված համարժեք պաշտոնյայի հետ պարզ համեմատությունը, մեր հիասթափությունը կբազմապատկվի: Նկատի ունեմ բոլոր նրանց հիասթափությունը, ովքեր միամտորեն կարծում են, թե Թուրքիայի հետ մերձացման այս փորձն ինչ-որ բան կփոխի հօգուտ հայկական կողմի: Քիչ է ասել՝ Սերդար Քըլըչը փորձառու դիվանագետ է. նա Թուրքիայի ԱԳ նախարարությունում աշխատում է 1984 թվականից, այսինքն՝ Ռուբեն Ռուբինյանի լույս աշխարհ գալուց դեռ 5-6 տարի առաջ: 

Եվ բանը միայն տարիքը չէ: Քըլըչն անցել է համակարգի բոլոր «կեռմաններով»՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ՆԱՏՕ-ի հարցերի վարչության պետի օգնական, Լիբանանում Թուրքիայի դեսպան, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, Ճապոնիայում Թուրքիայի դեսպան, իսկ 2014-2021 թվականներին Վաշինգտոնում Անկարայի արտակարգ եւ լիազոր դեսպան: Աշխատանքային գործունեության այսպիսի բեղուն ճանապարհ անցած 63-ամյա պրոֆեսիոնալ դիվանագետի հետ է գործ ունենալու 3 տարի առաջ փողոցից խորհրդարան եկած Ռուբեն Ռուբինյանը: Այստեղ են ասել՝ «Տերդ խնդա, Բաղդասար»: Պետության եւ պետականության հարգն իմացող ու արժեւորող իշխանությունը Ռուբինյանի նման նորելուկ (չասենք՝ ցածրակարգ) կադրերին պատասխանատու պաշտոնի առաջարկ անելուց առաջ պետք է գոնե մի փոքր ծանրութեթեւ անի տվյալ թեկնածուի տեսական ու գործնական որակները, փորձն ու մասնագիտական պիտանելիությունն՝ ընդհանրապես: 

Չպետք է անտեսել մի շատ կարեւոր հանգամանք. ո՞ւմ հետ ես ցանկանում հարաբերություններ հաստատել, ո՞րն այդ երկիրը: Կոնկրետ դեպքում դա Թուրքիան է, որի հետ Հայաստանի մերձենալուն խանգարող հանգամանքներ միշտ եղել են, որոնցից ամենագլխավորը պատմական հիշողությունն է: Այդ երկիրը ոչ միայն լպիրշաբար ժխտում է Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման իրողությունը, այլեւ հայերի հետ հարաբերությունների լավարկման դիմաց գին է նշանակում՝ թելադրելով նվաստացուցիչ նախապայմաններ՝ հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում եւ այլն: Թուրքիան երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվի նախապայմաններից, որովհետեւ, մեծ հաշվով, Հայաստանը նրան պետք չէ: Եվ եթե, այսուհանդերձ, պաշտոնական Երեւանը ցանկություն է հայտնել հարաբերություններ հաստատել ոչ բարեկամ երկրի հետ՝ նշանակում է համաձայն է նրա առաջադրած նախապայմաններին: Սա անընդունելի է: 

Նախապայմաններից առնվազն երկուսի մասին Թուրքիան օրեր առաջ հիշատակեց «տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատման համար» գործադրած իր դիվանագիտական ջանքերի համատեքստում: Դրանք են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հայտնի «միջանցքի» բացումը: Հիշեցնենք, որ երկուսն էլ Հայաստանի համար հղի է կործանարար հետեւանքներով, որոնց մասին շատ է խոսվել: Ինչ վերաբերում է հայ-թուրքական երկխոսությանը, պետք է նկատել, որ այդ գործընթացի մասին հայկական կողմը, բացի իր ներկայացուցչի նշանակումից, այլ տեղեկություն չի հայտնել: Կառավարությունն այդ թեմայի շուրջ բաց չի արտահայտվում, իսկ Ռուբինյանն ինքը լրագրողներից իրեն հեռու է պահում: Թե ինչ օրակարգ է քննարկվելու՝ մնում է անհայտ: Նույնպիսի անհայտության քողով է շղարշված Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձեւաչափը, որին մասնակցելու իր համաձայնությունը Հայաստանը տվել է: 

Ամենայն հավանականությամբ՝ սա եւս Թուրքիայից ստացվող «դրական ազդակների» շարքից է, ինչպես որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ «ազդակների» շնորհիվ Թուրքիայի առջեւ քայլ առ քայլ բացվում են Հարավային Կովկասի դարպասները՝ մի բան, որը նրան չէր հաջողվել անցած 25 տարվա ընթացքում, քանզի այդ երկրի ցանկությունը միշտ դեմ էր առնում ՀՀ քաղաքական-դիվանանագիտական հակազդեցությանը: Հիմա այդ հակազդեցության պատը փլուզվել է: Սա պետք է հասկանայինք գոնե այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության աջակիցներից մեկը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, թուրքական «Անադոլու» լրատվականի հետ զրույցում բացեիբաց նշեց, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանին պետք է փոխարինելու գա Թուրքիան։

 

Դեկտեմբերի 22-ին Երեւանի ավագանին արտահերթ նիստում քննարկեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որը նախաձեռնել էր իշխող «Իմ քայլը» մեծամասնությունը: Վերջինս իր նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ Մարությանը, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, կապ չէր պահում ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ եւ այլն։

Հայկ Մարությանը կողմնակիցներ ուներ նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում եւ հայտարարում էր, որ խմբակցության հետ կապերը երբեք չի խզել, եւ որ պայքարելու է իր իրավունքների համար։ Բայց ավագանու արտահերթ նիստում ամեն ինչ որոշեց քվեարկությունը՝ 44 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Երեւանի ավագանին անվստահություն հայտնեց այժմ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Անվստահություն հայտնելու մասին նախագծին կողմ էր արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից՝ միայն Անի Խաչատրյանը: «Իմ քայլը» խմբակցությունից եւս մի քանի անդամներ դեմ էին արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ, ինչպես հրահանգված էր, վայր էին դրել մանդատները:

Նույն նախագծով Երեւանի քաղաքապետ ընտրվեց առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

…Մարությանի հրաժարականի մասին լուրերը նորություն չեն: Դեռ 44-օրյա պատերազմի ավարտից հետո քաղաքապետը դիմում էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին եւ խզել կապը իրեն իշխանության բերած քաղաքական ուժի հետ: Այդ օրերին շատ էին պաշտոնից նրա հրաժարականի շուրջ խոսակցությունները: Մասնավորապես՝ ասվում էր, որ Մարությանն ուզում է թողնել նաեւ պաշտոնը, սակայն Նիկոլ Փաշինյանը նրան հորդորում է շարունակել աշխատանքը: Հավանաբար՝ չէր ցանկանում «ծամոն» դառնալ քաղաքական հակառակորդների բերանում, որոնք կարող էին չարախնդալ, թե «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «իշխանական նավում առնետավազք է» եւ այլն: Խայտառակ պարտություն կրած, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Գերագույն գլխավոր հրամանատարի համար ծանր ժամանակներ էին, եւ թիմում նմանատիպ խլրտումներն իր օգտին չէին կարող լինել: 

Վերջերս հրաժարականի թեման վերաթարմացավ, երբ մամուլում տեղեկություններ սպրդեցին, թե Մարությանը պատերազմական օրերին իր քավորի՝ գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) միջոցով սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է: Պատերազմից հետո, ինչպես օրերս հայտնեց մամուլը, Երեւանի քաղաքապետը, Սեյրան Օհանյանի միջնորդությամբ, հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ: Հոդվածագիրն ընդգծում է, որ այդ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ «շատ լոյալ» դիրք էին գրավել Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում նրան «օր ու արեւ չէին տալիս». Մարությանն իշխող քաղաքական թիմի ամենաշատ քննադատվող պաշտոնյաներից էր: Թերեւս պարտքի տակ չէր մնացել նաեւ Մարությանը՝ Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվել էին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները: 

Այս վերաթարմացած լուրերի խորապատկերին Երեւանի քաղաքապետի նկատմամբ անվստահության գործընթացի նախաձեռնումն անսպասելի չէր: Մանավանդ՝ ակնհայտ էր, որ դրա հետեւում հստակ երեւում են Նիկոլ Փաշինյանի «ականջները», չնայած Օհանյանի եւ Քոչարյանի հետ Մարությանի կապի մասին ոչ մի խոսք չասվեց: Իշխանությունը նախընտրեց իր մտահոգության այդ մասը հնարավորինս չհանրայնացնել՝ թիմի ներսում ավելորդ խուճապ եւ ճեղք չառաջացնելու համար՝ դա կարող էր գործին ավելի վնասել, քան օգուտ բերել: Ամենաճիշտն անաղմուկ հեռացնելն է, այժմ Փաշինյանը Մարությանի օգնության կարիքը չունի, ինչպես մեկ տարի առաջ էր: Հետպատերազմական շրջանում ինքը կարողացել է բավականաչափ ամրապնդել դիրքերը՝ բոլոր առանցքային պաշտոններում տեղավորելով ամենահուսալի յուրայիններին: Գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում ավտորիտար համակարգ է. Փաշինյանի «գրպանում» են գործադիր ու օրենսդիր իշխանությունները, չնչին վերապահմամբ՝ նաեւ դատական համակարգը: 

Իշխանության վերահսկողությունից դուրս միայն մի շերտ էր մնացել՝ ՏԻՄ-երի մեծամասնությունը, որին էլ ուժային բռնի եղանակներով, ընտրված ոչ իշխանական համայնքապետերի նկատմամբ «մատից ծծած» քրգործեր հարուցելով, նրանց կալանավորելով ու ժողովրդավարության հերն անիծելով՝ փորձում է անմնացորդ «իրենով անել»: Այն, ինչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու դեկտեմբերի 22-ի նիստում, ըստ էության, ՏԻՄ ընտրություններում արձանագրված ապօրինությունների եւ քաղաքական ահաբեկչության շարունակությունն էր: Այդ ապօրինությունների շղթան մասամբ արտացոլվեց ինչպես Մարությանի խիստ քննադատական ելույթում, այնպես էլ ավագանու՝ այդ թվում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների ելույթներում: 

Մարությանն, իրավամբ, վեր հանեց գործող իշխանության եռամյա գործունեության հիմնական արատները, ժողովրդավարական եւ հեղափոխական արժեքների հետ աղերս չունեցող հակոտնյա երեւույթները՝ խոսքի ազատության սահմանափակումները, քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումները, անձնական բարեկեցությունը, նյութապաշտությունը, գանձագողությունը: Նրա ներկայացրած փաստերը մի դեպքում առնչվում էին 200 հազար դոլարանոց շքեղ ծառայողական ավտոմեքենա գնած ԱԺ նախագահի փառասիրությանը, մյուս դեպքում՝ պետության հաշվին «հեղափոխական պաշտոնյաների»՝ սեփական կյանքի որակի բարելավմանը, ովքեր 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում գաղտնի որոշմամբ իրենց նշանակել են մեկ-մեկուկես մլն դրամ աշխատավարձեր ու հավելավճարներ, երրորդ դեպքում՝ իշխանության հասցեին «վատ քոմենթ» գրելու կամ «վատ ստատուսի» տակ լայք դնելու համար, որքան էլ դա ծիծեղելի լինի, աշխատանքից պետական ծառայողի ազատմանը: 

Ուշագրավ դրվագներ կային նաեւ հենց «Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթներում: Օրինակ՝ Վահե Գեւորգյանը պնդեց, որ ավագանու անդամներին շանտաժի ու սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել: «Այս իրավիճակում ակնհայտ է, որ քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել, քանի որ անօրինական գործիքակազմ է կիրառվել Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,- ասել է նա։ Նույնիսկ նորընտիր քաղաքապետն է գոհունակություն հայտնել Մարությանի աշխատանքից, ինչը հայկական միջավայրում հազվադեպ երեւույթ է: «Ես գոհ եմ Հայկ Մարությանի աշխատանքից՝ որպես Երեւանի քաղաքապետ, եւ փոխարինում եմ նրան այն խղճով, որ պետք է ավարտին հասցնենք 2018 թվականից սկսած ծրագրերը։ Նախընտրական ծրագրի իրականացմանը մնացել է 2 տարի»,- նշել է Հրաչյա Սարգսյանը։ Ինչ լավ է, որ կադրերի նոր սերունդը մերժում է ազգը ջլատող «ներկա-նախկին» բաժանարարը: 

Բնականաբար, Մարությանի հասցեին հնչեցին նաեւ բացասական արձագանքներ ու գնահատականներ, որոնց կանդրադառնանք մեկ այլ առիթով՝ երբ կհանդարտվեն կրքերը եւ վրա կհասնեն ավելի սթափ դատելու ժամանակներ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 19-ին, Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Մալենան՝ «Քամի-քամի» երգով: 14-ամյա երգչուհին առաջին տեղը գրավեց ընդհանուր 224 միավորով: 218 միավորով երկրորդը Լեհաստանն էր, իսկ երրորդ հորիզոնականը 187 միավորով զբաղեցրեց Ֆրանսիան: Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում: Առաջին հաղթողը արցախցի Վլադիմիր Արզումանյանն էր՝ 2010 թվականին:

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի, որտեղ երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաեւ Հայաստանի ու Վրաստանի գործադիրների անդամներ եւ համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարներ։ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Դեկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. պատճառը հետընտրական կրքերն էին Փարաքար համայնքում։ Փարաքարի եւ 8 համայնքի բնակիչները վաղ առավոտից հավաքվել էին, որպեսզի ներկա գտնվեն իրենց ընտրած թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած Վոլոդյա Գրիգորյանի երդման արարողությանը, սակայն ոստիկանները Գրիգորյանին թույլ չտվեցին մուտք գործել համայնքապետարանի շենք։ Նրա աջակիցներն էլ որոշեցին փակել ճանապարհը։ Կան բերման ենթարկվածներ:

Փարաքար խոշորացված համայնքում իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու հոգի՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանը եւ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը: Ընտրություններին մասնակցած 3 ուժերից «Ապրելու երկիրը» ստացել էր ամենաշատ ձայները՝ 4 հազար 637, երկրորդ տեղում 2 հազար 609 ձայնով ՔՊ-ն էր, երրորդում՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը։ Այս երեք ուժերից ավագանու 21 հոգանոց կազմ է ձեւավորվել. 10 տեղ «Ապրելու երկիր» կուսակցությանն է , 11-ը՝ մյուս երկու ուժերինը։ Բոլորով երեկ պետք է ընտրեին համայնքապետ։ Թե ինչպես է ստացվել, որ երկու համայնքապետ է ընտրվել՝ վարկածները տարբեր են:

Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգեւատրումներ են իրականացվել Ազգային ժողովում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ պարգեւատրվել են ե՛ւ պատգամավորները, ե՛ւ խորհրդարանի աշխատակազմն ու աշխատակիցները։ Այս մասին փոխանցել են ԱԺ-ից՝ նշելով, որ հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Պարգեւատրվել է շուրջ 700 հոգի՝ ներառյալ 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին, որ «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ ձեւաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳ նախարարությունը: «Կարեւորվել են իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանագծման եւ սահմանազատման հարցերով մեխանիզմների ձեւավորումը»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր, որ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիման վրա:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: