Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

25 նոյեմբերի - 2 դեկտեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցած շաբաթավերջին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուղիղ եթերում պատասխանում էր Հայաստանի քաղաքացիների եւ Սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Միջոցառմանը ներկա էր նաեւ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Էկրանի վրա երեւում էին պատասխան պահանջող հարցերը: Ըստ Փաշինյանի՝ սա քաղաքացիների հետ շփման նոր ձեւաչափ է, որը կշարունակվի նաեւ հետագայում: Նշվեց, որ շուրջ 500 հարց է ստացվել: Հարցերն, ի դեպ, նախապես էին ուղարկվել, նախապես էլ տեղեկացվել էր, որ պատասխան կստանան այն հարցերը, որոնք ձեւակերպված կլինեն «հակիճ, կոռեկտ եւ հստակ»:

Թերեւս՝ օրվա բանախոսի պատասխանների ճշգրիտ գնահատականը տալիս էին հեռարձակմանը զուգահեռ ընթացող խոսույթին մասնակից օգտատերերը՝ չհաշված, անշուշտ, վիրավորանք պարունակող հայհոյախոսական անթիվ գրառումները, ինչն ամեն դեպքում տգեղ եւ անդուր երեւույթ է: Չպետք է մոռանալ, որ տեսանյութը դիտում են նաեւ կանայք, դպրոցահասակ պատանիներ ու աղջիկներ, ընտանիքներ: Ի դեպ՝ անպատշաճ, ոչ նորմատիվային ու գռեհիկ բառապաշարը, ատելության խոսքը հանրային, սոցիալական եւ, ինչու չէ, նաեւ պաշտոնական հարթակներ են բերել առավելապես փողոցից իշխանության եկած «ուսապարկերն» ու նրանց բուծած եւ սոցցանցեր գործուղած վարձու «ֆեյքերը»:

Ասում են՝ «քաղաքացիների հետ շփման նոր ձեւաչափ…»: Կարծես թե՝ լավ է հնչում: Բայց իրականում քաղաքացիներին տեսանք միայն նկարներով, կենդանի շփումը, ցավոք, բացակայում էր, իսկ ձեւաչափի նոր կամ հին լինելը հարաբերական է, թեպետ նկատված է՝ ամեն մի նոր բան լավ մոռացված հինն է: Ակնհայտ էր, որ հարցերը նախապես մշակված, ընտրված, անգիր արված էին, պատասխանները՝ հանգամանորեն հետազոտված: Այսինքն՝ սցենարը գրված, դզած-փչած էր, Նիկոլ Փաշինյանին մնում էր 8 ժամ նստել ուղիղ եթերում եւ այդ ամբողջ բովանդակությունը՝ անշուշտ խստիվ ընտրողաբար, ներկայացնել հանրությանը, ինչը եւ արվեց:

Ինչ վերաբերում է ձեւաչափին, ապա դա իսկը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «հագով» էր: Անկեղծ, անբռնազբոսիկ, իրական շփումը երկրի իրավիճակին լավագույնս տիրապետող, ծանրակշիռ, անկաշառ, հոգեկան հավասարակշռությունը տեղը ղեկավարի համար է՝ հատկանիշներ, որոնցից Փաշինյանը կիլոմետրերով հեռու է: Նրա ոճին բնորոշ են մանիպուլյացիաները, երեսպաշտությունը, սուտը, չքմեղությունը եւ այլն, որոնք դրսեւորվեցին նույնիսկ կանխավ պատրաստված նյութը մատուցելու ընթացքում: Իհարկե, մի սեղմ մեկնաբանության մեջ հնարավոր չէ մանրամասնել մի քանի տասնյակի հասնող պատասխանները, սակայն ամենաբնութագրական որոշ շտրիխների հակիրճ կանդրադառնանք:

Ահավասիկ իր պատճառով դժբախտացած Արցախի ու արցախցիների վերաբերյալ «քաղաքացու» հնչեցրած հարցի առնչությամբ նրա վախվորած արձագանքը. «Հիմա մեր հիմնական ուշադրությունը եւ մեր կենտրոնացումը եղել են եւ կան սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով ԼՂ-ից հեռացած մեր հայրենակիցների խնդիրները»։ Կեղծավորություն, որ չունի չափ ու սահման: Սեպտեմբերի 19-ի դեպքերը անուն չունե՞ն… Իհարկե՝ ունեն, բայց համարձակությունը չի ներում արտաբերել «էթնիկ զտում», «բռնի տեղահանություն» կամ «ադրբեջանական զինված ագրեսիա» բառերը: Ասում է՝ ԼՂ-ից հեռացած Արցախից ոչ ոք չէր հեռացել՝ շուրջ երեք հազար տարի: Բա թե՝ ԼՂ-ն դեռ 1991-ին էին տվել… Իլհամն ուղղակի չգիտեր այդ մասին եւ 2020-ին պատերազմով վերցրեց, այո՞:

Հարցին, թե ինչպիսին կցանկանար՝ հիշվել պատմության դասագրքերում, երկար-բարակ բերում է Պապ թագավորի օրինակը՝ աղճատելով նրա հերսական կերպարը, որի հետ ինքը դույզն-ինչ համեմատության եզր չունի: «Եթե պատմությունը գրի այն նույն ձեռքը, որ գրել է Պապի մասին՝ պարզ է, որ պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, սրբապիղծը, հողատուն, չգիտեմ ինչը»,- ասել է Փաշինյանն այնպիսի դժկամությամբ, կարծես հենց այդպիսինը չէ: Տո, տնաշեն, դու՝ ուր, Պապ թագավորն՝ ուր. նա Հայաստան եկավ, երբ երկիրը զրադաշտականություն ընդունելու եզրին էր: Երեք կարեւոր հաղթանակ տարավ Գանձակի, Ատրպատականի ու Ձիրավի ճակատներում, եւ վերամիավորեց Հայաստանը, ամրացրեց եկեղեցու դիրքերը:

Դե, համեմատվիր… Լավագույն դեպքում Փաշինյանը կարող է իրեն համեմատել նույն՝ 4-րդ դարի ժամանակաշրջանից Մերուժան Արծրունու կամ Վահան Մամիկոնյանի հետ, որի ազգադավ վարքը չհանդուրժեց անգամ հարազատ որդին՝ սպանելով նախ դավաճան հորը, ապաեւ ուրացող մորը, ինչպես նկարագրված է Րաֆֆու «Սամվել» պատմավեպում: Փաշինյանն ուղղակի ի վիճակի չլինելով հասնել Պապ թագավորի փառքին ու բարձունքին, փորձում է նրան «ցած բերել», հասցնել իրեն:

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում «Զանգ» անունով նոր ընդդիմադիր շարժում է սաղմնավորվում, որի նախաձեռնող խումբը պայքարի որոշակի ճանապարհ անցած անկուսակցական երիտասարդներ ու քաղաքացիական այլ անձինք են: «Զանգ»-ը մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի Մաշտոցի պուրակի հարակից տարածքում՝ Արամի, Սարյան, Ամիրյան փողոցներում իրազեկման քայլերթեր է անցկացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականը եւ երկիրն օրհասական վիճակից օր առաջ դուրս բերելու ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Ակցիայի մասնակիցները՝ օրեօր քիչ-քիչ ավելացող, բայց թվով առայժմ չգերազանցելով 3-4 տասնյակի սահմանը, իրենց հետ՝ երկու կողմերից բռնած, տանում են կանգուն դիրքով մեկ վրան՝ որպես պաշտպանության կարիք ունեցող հայրենիքի խորհրդանիշ, մեկական փոքրիկ զանգակներ, մի քանի ցուցապաստառ եւ մեկ բարձրախոս՝ իրազեկման տեքստը քայլերթի ընթացքում բարձրաձայնելու եւ աջակցության ակնկալիքով իրենց ձայնը քաղաքացիներին հասցնելու համար: Երեւում է՝ ակցիայից առաջ երիտասարդները խնամքով վերանայել են իրենց իրավունքների վերաբերյալ տեղական ու միջազգային օրենսդրության պահանջները եւ ջանում էին որեւէ ավելորդություն թույլ չտալ:

Սակայն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասով Հայաստանի ոստիկանությունը սեփական պատկերացումներն ունի, որոնցով էլ առաջնորդվում է եւ, ըստ էության, ակցիայի առաջնորդությունը վերցնում իր ձեռքը՝ գծելով մասնակիցների երթուղին՝ առանց ճանապարհի երթեւեկելի մասը հատելու եւ առանց որեւէ հատվածում վրան տեղադրելու իրավունքի: Ներկայացնում է պահանջներ, որոնց չենթարկվելու կամ առարկելու դեպքում բերման է ենթարկում, ընդ որում՝ անհամաչափ ուժի կիրառմամբ: Թվում է՝ փոքրաթիվ այդ խումբը գործնականում որեւէ վտանգ իշխանության համար չի կարող ներկայացնել, մանավանդ որ քայլերթն ուղեկցող ոստիկանների թիվը խաղաղ ցուցարարների թվից ավելի մեծ է:

Բայց դա միայն մեզ է թվում, իսկ ոստիկանությունը լավ գիտի, թե ինչպես կարելի է նման առիթներն օգտագործել մյուսներին՝ վաղվա ներունակ ցուցարարներին սսկվեցնելու, նրանց աչքը վախեցնելու համար: Եվ հանրահայտ կարմիր բերետավորներն առիթը բաց չթողեցին նաեւ այս անգամ՝ բերման ենթարկելով իրազեկման ակցիայի մասնակիցներին: Չնայած դա չխանգարեց, որպեսզի հաջորդ իսկ օրը բոլոր բերման ենթարկվածները կրկին զբաղեցնեն իրենց տեղը շարքում: «Ոստիկանությունն աշխատում է քաղաքական նպատակահարմարության դաշտում»,- միջոցառումը լուսաբանելու համար հավաքված լրագրողներին ասում է նախաձեռնության անդամներից ամենափորձառուն՝ Սուրեն Սահակյանը՝ խոսելով իրենց ծրագրերի մասին:

Թե ինչ է ուզում «Զանգը»՝ մասամբ ասված է իրազեկման տեքստում, որն աննշան կրճատումներով կներկայացնենք ընթերցողի ուշադրությանը. «Հայաստանի արժանապատիվ ու վճռական քաղաքացի, մենք «Զանգ» նախաձեռնությունն ենք, ու ահազանգ ենք հնչեցնում, որ մեր հայրենիքը փորձում են վերածել, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի»: Մենք համաձայն չենք, մենք հնազանդ չեն, մենք Նիկոլ չենք եւ չենք կարող դա թույլ տալ: Այս վրանը մեր պետության սիմվոլն է, որը պիտի տեղադրենք ու պաշտպանենք: Վաղը 19:00-ից մենք կրկին հավաքվում ենք Մաշտոցի պուրակում՝ խափանելու մեր հայրենիքը «Արեւմտյան Ադրբեջանի» վերածելու պլանները»:

Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ ՀՀ կառավարության վարած ապաշնորհ քաղաքականությունը երկիրը տանում է «պաղեստինացման», ապաեւ՝ նրա լիակատար վերացման: Պատմում է «Զանգ»-ի առաջնորդ Միքայել Նահապետյանը. «Մեր խնդիրն է՝ ձեւավորել նոր կառավարություն, որը կառաջնորդվի հետեւյալ սկզբունքներով. ա/ ՀՀ-ն պետք է «ո՛չ» ասելու կարողություն ունեցող պետություն լինի; բ/ կապույտ անձնագիրը պետք է երաշխիք լինի, որ պետությունը գալու է իր ամեն մի քաղաքացու անվտանգության հետեւից՝ աշխարհի որ ծայրում էլ լինի; գ/գողությունը մեր հանրային կյանքից պետք է բացառվի, որ ամեն հաջորդ օրը լինենք ավելի լավը, քան՝ երեկ; դ/ մենք պետք է սովորենք հերթ կանգնել՝ որպես դրսեւորում այն բանի, որ մեկս մյուսի իրավունքը հարգում ենք եւ մեկս մյուսի հետ կապված ենք անտեսանելի կապերով: Վերջնական նպատակն է՝ ունենալ նմանատիպ մոդելով Հայաստան, բայց կառավարությունն այդ ճանապարհին խոչընդոտ է, բոլոր կետերով դրա հակառակն է»:

Ասում են՝ գետը փոքրիկ առուներով ու վտակներով է վարարում: Բարի երթ մաղթենք «Զանգ»-ին՝ հուսալով, որ նրա հնչեցրած կոչնակը կհասնի խորը նիրհից դժվար արթնացող մարդկանց մտքին ու հոգու լարերին: Երկրի ցավով եւ հոգսով մտահոգ ցանկացած նախաձեռնություն՝ մեծ կամ փոքր, միայն ողջունել կարելի է: Բարի երթ, «Զա՛նգ»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական եւ ընթացակարգային մի շարք հարցերի: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ սա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ ԱՀ-ի ու ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 5-րդ հանդիպումն էր։ Այն տեղի ունեցավ Իջեւանի եւ Ղազախի հատվածում:

Կրեմլի խոսնակը նոյեմբերի 29-ին հայտնել է, որ ՌԴ նախագահը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետի հետ, «բայց Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում սպասում են»։ Պեսկովը նշել է, որ Ամանորից առաջ Սանկտ Պետերբուրգում նախատեսված են ավանդական միջոցառումներ։ Խոսքը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մասին է։ Պեսկովը հավելել է, որ դրանք ոչ միայն տոնական, այլեւ աշխատանքային միջոցառումներ կլինեն՝ աշխատանքային օրակարգով։ «Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ, իսկ նրան սպասում են, այնպես ինչպես բոլորին, ապա խոսելու հիանալի հնարավորություն կլինի»,- ասել է Պեսկովը։ Փաշինյանը դեռ կամուկացի մեջ է:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ Միրզոյանը ռուսական կողմին եւս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ ու տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության եւ իրականացրած քայլերի վերաբերյալ: Իսկ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Լավրովը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ներառյալ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Հեռախոսազրույցի արդյունքում, ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի, փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զրուցակիցներն անդրադարձել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետը եւ Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել: Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:

Նոյեմբերի 29-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը. այս մասին «Ազատության»-ը հայտնել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։ Նախկին հրամանատարն ինքն էր հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Ի դեպ՝ հանձնաժողովի ձեւավորումից հետո Բաբայանը՝ որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբնական փուլում նա համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել՝ առանց հստակ պատճառներ նշելու։ Չորեքշաբթի լրագրողների հարցերին պատասխանելիս գեներալը նեղացկոտ տեսք ուներ. «Արցախի հարցը չի լուծվել եւ երբեք չի կարող լուծված լինել»,- մամուլի ներկայացուցիչներին ասել է Բաբայանը։

Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024
Օգոստոսի 17 2024
Հուլիսի 13 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: