Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Դեկտեմբերի 15-22

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

«Երեւանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում»: Այս մասին դեկտեմբերի 17-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում` պատասխանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հարցին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, տվյալ փաստաթուղթը կերաշխավորի ոչ միայն ՀՀ-ում արտասահմանցի զինվորականների բացակայությունը, այլեւ կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը:

Հայտարարությունը մեծ աղմուկ էր առաջացրել հանրության մեջ, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակներում՝ տեղիք տալով տարընթերցումների: Հատկապես` Հայաստանում օտարերկրացի զինվորականների բացակայությունը երաշխավորելու մասով:

…Առաջին տպավորությունն այն էր, թե մշակման փուլում գտնվող հայ-ռուսական համաձայնագիրը կոչված է լինելու արգելել օտարերկրացի զինվորականների ներկայությունը Հայաստանի հանրապետության տարածքում: Այդ թվում` ռուս զինվորականներինը, քանի որ Լավրովի հայտարարության մեջ բացառությունների մասին խոսք չկար: Եվ որեւէ երկրի համար բացառություն անելը, կարծես թե, ոչ մի տրամաբանության մեջ չէր էլ տեղավորվում: Տարակուսանքը փարատելու համար լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն կար, ինչի առիթը շատ չանցած` ստեղծվեց ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հրավիրած մամուլի ասուլիսով, որը հաջորդել էր Լավրովի աղմկոտ հայտարարությանը: Ըստ երեւույթին, աղմուկը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայկական լրատվադաշտում ՌԴ արտգործնախարարի խոսքը ներկայացվել էր Հայաստանի տարածք օտարերկրյա զինվորականների մուտքն արգելելու համատեքստում: Հետագայում, ինչպես հաճախ է պատահում, որպես տարընթերցման պատճառ, նշվեց թարգմանական թյուրըմբռնումը: Ինչեւէ: Հիմա գանք Ռուսաստանի դեսպանի պարզաբանմանը, համաձայն որի` ռուսական եւ հայկական կողմերի միջեւ առկա երկխոսությունը զուտ կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ է: Ընդ որում`ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային մի շարք այլ երկրներում եւս, դեսպանի ասելով, հարկ է հասկանալ, թե ինչ է արվում այդտեղ գործող կենսաբանական լաբորատորիաներում, որքանով են փորձարկումները սպառնալիք ստեղծում Ռուսաստանի եւ, ընդհանրապես, հարեւան երկրների համար: Խոսքը Հայաստանում ամերիկյան օժանդակությամբ բացված կենսաբանական լաբորատորիաների մասին է, որոնք ներկայում տեղակայված են Լոռիում, Սյունքում, Գեղարքունիքում, Տավուշում եւ Երեւանում: Կոպիրկինը չթաքցրեց, որ այդ հարցը ռուսական կողմին շատ է անհանգստացնում: Նա, ըստ էության, «խմբագրեց» Սերգեյ Լավրովի` նախօրեին "Комсомольская правда"-ին տված հարցազրույցը։ Խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` ասելով. «Խոսքը Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում: Մեր պարագայում ռազմական ներկայության մասին խոսք չկա»:

Հետաքրքիր է՝ եթե խոսքն ընդամենը, ժողովրդի ասած, «սանէպիդեմկայանների» նկատմամբ վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որոնք բացառապես քաղաքացիական բնույթ ունեն, ուրեմն՝ ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը: Ինչի՞ց է այդքան անհանգստացած մեր ռազմավարական դաշնակիցը:

 

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետի զինծառայող, 1995 թվականի ծնված Ա. Ռ.-ին դեկտեմբերի 17-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Զինծառայողը ձերբակալվել էր դեպքից միայն 8 օր անց: 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին՝ Գյումրիի Սլաբոտկա թաղամասի իր տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Գլխավոր դատախազությունը օրեր շարունակ չէր հայտնում կալանավորված զինծառայողի անունը եւ գտնվելու վայրը: Չնայած Շիրակի մարզի դատախազի պնդմամբ՝ կասկածյալն այժմ պահվում է Գյումրիում, որոշ աղբյուրներ մատնանշում են, որ նա ռուսական ռազմահենակետի տարածքում է: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Անցած տարիներին եւս ռազմահենակետի զինվորների մասնակցությամբ միջադեպեր գրանցվել են: Ամենաողբերգականը 2015 թվականին Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանդն էր, որը սառնասրտորեն իրագործել էր ռուս զինծառայող Ա.Պերմյակովը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին 10 տարում այդօրինակ դեպքերի զոհ է դարձել 12 հայազգի քաղաքացի: Շարունակական ողբերգությունների այս վիճակագրությունը վկայում է, որ ռազմահենակետի հարեւանությամբ ապրող բնակչությունն ապահովագրված չէ հետագա բռնություններից, որոնք կարող են կատարվել ռուս զինծառայողների կողմից: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ 102-րդ հենակետում զինծառայություն անցնող անձնակազմի ընտրության առումով ՀՀ իշխանությունները ռուսական կողմի հետ հստակ անելիքներ ունեն: «Զենքով մարդու մտածելակերպի համար, իհարկե, ծառայության կազմակերպողն է պատասխանատու: Բայց մյուս կողմից էլ՝ դա նաեւ մտածողություն է, որն արտահայտվում է նման խայտառակ դրսեւորումներով»,- համոզված է իրավապաշտպանը։ Ըստ նրա, ամեն դեպքում խնդիրը ոչ միայն կոնկրետ զինծառայողի, այլ նաեւ հրամանատարության պատասխանատվության տիրույթում է:

Ի դեպ, Ջուլիետա Ղազարյանի սպանության նույն օրը լրատվամիջոցներում շրջանառվեց այն վարկածը, թե սպանողը ենթադրաբար ռուս զինծառայող է: Դրան անմիջապես հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, որում կտրուկ հերքվում էր ռուսական ռազմահենակետի զինվորի առնչությունը դեպքին։ Հիմա՝ ինչ... դեսպանությունը ներողություն խնդրելո՞ւ է ԶԼՄ-ներից՝ նրանց անտեղի սադրիչներ որակելու համար: Կամ՝ դա ի՞նչ անհասկանալի հովանավորչություն է ընդհանրապես, որ ռուսական կողմը փորձում է ցուցաբերել զազրելի ոճրագործների նկատմամբ: Այդպես էր ճիվաղ Պերմյակովի դեպքում, այդպես է, կարծես թե, եւ հիմա, երբ մարդասպանը մեկ այլ ճիվաղ է: Ու այսքանից հետո Ռուսաստանի դաշնության դեսպանատունը հայկական կողմին հորդորում է չքաղաքականացնել միջադեպը: Այ՛ քեզ բան...

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Հեղինակավոր բրիտանական պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր 

The Economist-ը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր` 2018 թվականին գրանցած առաջընթացի եւ բարելավումների համար: «Նիկոլ Փաշինյանը՝ նախկին լրագրող եւ ընդդիմադիր պատգամավոր, օրինական կերպով եկավ իշխանության՝ կոռուպցիայի եւ անարդարության դեմ բարձրացած ալիքի վրա»,- իր հոդվածում գրում է լոնդոնյան շաբաթաթերթը՝ հավելելով, որ «պուտինյան տիպի միապետը» իշխանությունից անարյուն հեռացվեց, իսկ Ռուսաստանը որեւէ հնարավորություն չունեցավ միջամտելու ներհայաստանյան գործընթացներին:

The Washington Post-ի փոխանցմամբ՝ Հայաստանն այն երկրներից մեկն է, որտեղ ժողովրդավարությունը վերադարձել է: «Գրեթե ցանկացած հաշվարկով՝ 2018-ը ժողովրդավարության համար աղետալի տարի էր, սակայն կան երկրներ, որտեղ անսպասելիորեն ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարը վիթխարի քայլեր է արել՝ հիշեցնելով, որ քաղաքական-քաղաքացիական ակտիվության, առաջնորդության ու հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը»,- հայկական հեղափոխության անցնցում բնույթն է ընդգծում պարբերականը: Հոդվածագրի ներկայացմամբ՝ հայերը դեկտեմբերի 9-ին ընտրեցին նոր խորհրդարան՝ Փաշինյանի դաշինքին տալով քվեների աննախադեպ՝ 70 տոկոսը: Սակայն կայուն ժողովրդավարության կերտման ճանապարհին, ըստ պարբերականի, դեռեւս վտանգավոր խոչընդոտներ են սպասվում կոռուպցիայի եւ ահագնացող ավտորիտարության դեմ պայքարի ելածներին:

Հայասատանյան թեմայի միջազգային արձագանքներում ուշագրավ են Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի դիտարկումները, որի համոզմամբ՝ Խորհրդային Միության ժառանգությունն աստիճանաբար դուրս է մղվում Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ Ռուսաստանի ազդեցության հետ մեկտեղ: «Ռուսաստանը դեռեւս Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առավել հզոր հարեւանն է, բայց  ուրիշներն էլ կան»,- գրում է դե Վաալը՝ լրագրողներին խորհուրդ տալով դադարել այդ երկրներին «Ռուսաստանի հարեւան», կամ առավել եւս, «բակ» կոչելուց: Ըստ հոդվածագրի, եթե դա հարեւանություն է, ապա՝ միանգամից մի քանի երկրների համար՝ Եվրամիության, Իրանի եւ Թուրքիայի: «ԱՄՆ-ն եւս այնտեղ է՝ ի դեմս միջազգային կոնսորցիումի երկու ամերիկյան ընկերությունների, որոնք սկսել են Վրաստանի Սեւ ծովի ափին նավահանգիստ կառուցել: Իսկ Չինաստանը, որը տարածաշրջանը դիտում է որպես «Մեկ գոտի եւ մեկ  Ճանապարհ» նախաձեռնության համար տարանցիկ երթուղի, այժմ հանդես է գալիս իբրեւ խոշոր առեւտրային գործընկեր»,- շարունակում է դե Վաալը:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի մասին դրվագները. «Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, որն իր էներգետիկայի ու ենթակառուցվածքների պահպանման համար ֆինանսապես կախված է Մոսկվայից, 2018-ին կարողացավ ձերբազատվել հին վարչակարգից: Արեւմտյան դիտորդներից շատերը զարմանում էին, որ Ռուսաստանը չմիջամտեց «թավշյա» հեղափոխությանը՝ բարեկամական վարչակարգը փրկելու համար, սակայն այն իրականում շատ քիչ լծակներ ուներ դա անելու համար»,- գտնում է հոդվածագիրը: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ այն բնորոշելով որպես Նիկոլ Փաշինյանի ցնցող հաղթանակի վերջին ակորդ: «Փաշինյանը հակառուսական չէ կամ, ավելի շուտ, այդպիսին է այնքանով, որքանով խոսում է եվրոպական արժեքների եւ ժողովրդավարության մասին... Նա մի սերնդից է, որը ոչ խորհրդային է, ոչ հակախորհրդային կամ հետխորհրդային, այլ պարզապես անխորհրդային»,- պարզաբանում է հեղինակը՝ կարծիք հայտնելով, որ Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր միջոցը գտել է: Եվ եթե նրանց ղեկավարները «ոչ մի հիմարություն չանեն սեփական բնակչությանն օտարելու համար» եւ միմյանց դեմ չպատերազմեն (նկատի ունի Հայաստանին ու Ադրբեջանին), «2019-ին նավարկելու լավ հնարավորություն կունենան՝ առանց Ռուսաստանի հետ առճակատման»,- եզրահանգում է դե Վաալը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: