Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Կրեմլում կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը վերաբերող հարցեր էին: Հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահը նախ շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավարին՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, եւ հաջողություն մաղթել նրան։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրմանը:
Նույն օրը տեղի է ունեցել նաեւ երկու երկրների արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
…Այցի նախօրեին մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ամենաառանցքային հարցերն առնչվում են արցախյան կարգավորմանն ու գազի սակագնին: Սակայն մոսկովյան բանակցությունների օրակարգում ներառված էին նաեւ ՀԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնի շուրջ զարգացումները եւ Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցությունը: Պաշտոնական լրատվությունն այսքանով սահմանափակվում է՝ չհայտնելով այլ մանրամասներ: Սակայն վերջին մի քանի կարեւոր իրադարձությունների համապատկերում չի կարելի բացառել երկու երկրների ղեկավարների անդրադարձն այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ, կենսալաբորատորիաների գործունեության մասին առաջիկայում ստորագրվելիք ռուս-հայկական պայմանագիրը, Գյումրիում ռուս զինծառայողի ձեռքով 57-ամյա կնոջ սպանությունն ու դրա դեմ ՌԴ դեսպանատան առջեւ Փաշինյանի այցի նախօրեին տեղի ունեցած բողոքի գործողությունը եւ այլն: Այսուհանդերձ՝ մեր հանրությանը հետաքրքրող ամենազգայուն հարցերն, իհարկե, առնչվում են Արցախին եւ գազի գնին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանին «բռի մեջ պահելու» համար Ռուսաստանի ազդու լծակներից մեկը նախորդ վարչակարգերի օրոք գազն է եղել: Վերջերս շրջանառվող տեղեկություններով` Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակով հայտնել է հայաստանցի իր գործընկերոջը` Տիգրան Ավինյանին, որ սահմանին ռուսական գազի գինը ներկայիս 150 դոլարի փոխարեն լինելու է 215 դոլար` 1000 խորանարդ մետրի հաշվով, եւ դա քննարկման ենթակա չէ: Ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, սակայն Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ նոր սակագնի վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Փաշինյանի վստահեցմամբ՝ խնդիրը կքննարկվի աշխատանքային ռեժիմով եւ կկայացվի, համենայն դեպս, մեզ բավարարող որոշում: Հայկական մամուլի ակնկալած մյուս գլխավոր հարցի՝ Արցախի շուրջ, ըստ վարչապետի պաշտոնակատարի, լայն քննարկում չի եղել եւ, ընդհանրապես, «աշխատանքային կարճատեւ հանդիպման ձեւաչափն այդպիսի հնարավորություն չի տալիս»:
Այդպիսով՝ չնայած վերջին յոթ ամսում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների նկատելի առաջընթացին, 2019-ի նախաշեմին չլուծված հարցերի, անորոշությունների որոշակի բեռ տակավին պահպանվում է: Թե ինչպես կհաղթահարվեն դրանք` ցույց կտան մոտակա ժամանակները:
Հրապարակվել եւ արդեն շահագրգիռ գերատեսչություններին է ուղարկվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել համացանցում։ Դրանով նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Բնապահպանության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Պաշտպանության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության, Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարությունները: Բացի դրանից, օրինագծի համաձայն` նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, որն, ըստ ընդդիմադիրների, 2018-ի փոփոխությունների արդյունքում ներդրվել էր հատուկ Կարեն Կարապետյանի համար:
…Նախագծի համաձայն, որը մեծ աղմուկ է հանել, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Ջրային տնտեսության կոմիտեն միավորվում են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի, Կրթության եւ գիտության, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Գյուղնախարարությունը միավորվում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը` դնելով Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարության հիմքը: Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում ու կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:
Կառավարման փորձագետների գնահատականով` այս կրճատումները չեն կարող արդյունավետության բարձրացման գրավական լինել: Ավելին, շատերի համոզմամբ՝ դրանք հղի են ծանր սոցիալական հետեւանքներով, ուստի գործադիր իշխանությունը, վաղ թե ուշ, ստիպված է լինելու շտկել իր բացթողումը: Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն, օրինակ, անընդունելի է համարում նման փոփոխությունները՝ նշելով, որ այդկերպ «ստեղծվում են սուպերնախարարություններ, որոնք ընդամենը դանդաղեցնելու են պետական ապարատի գործունությունը՝ չափազանց մեծ ծավալի աշխատանքի ու զբաղվածության պատճառով»: Մտահոգության առիթ, թերեւս կա, եւ խնդիրն անտարբեր չի թողել մի շարք քաղաքական ուժերի եւս: Այսպես՝ Հայաստանի կոմկուսի բնորոշմամբ՝ կառավարության «չկշռադատված եւ խորքային վերլուծության չենթարկված քայլերը» հեռուն են տանելու. «Կոչ ենք անում կառավարությանը չգնալ շոկային թերապիայի ճանապարհով, որն իր կործանարար հետեւանքներն է ունեցել Հայաստանում 90-ականների առաջին կեսին»,- զգուշացրել է Հայկոմկուսը: Նախագծի վերաբերյալ իր տարածած հայտարարության մեջ ՀՅԴ-ն էլ նշել է. «Խնդրահարույց եւ կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետեւանքներով»։ ՀՅԴ-ին հատկապես մտահոգել է Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը: [Ի դեպ, վերոհիշյալ նախարարությունների աշխատողներն իրենց դժգոհությունն արտահայտել են ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցերով]: Իր ղեկավարի շուրթերով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարծիք է հայտնել, որ կառավարությունը, փաստորեն, պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը: «Նախագիծն այս տեսքով ԱԺ-ում քննարկման դնելու դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում դեմ կքվեարկի նախագծին»,- վստահեցրել է Էդմոն Մարուքյանը։
Մարդկանց դժգոհությունները հասկանալի են. նրանցից շատերը զրկվում են աշխատանքից, նույնիսկ կարիերայից, բայց մյուս կողմից էլ կառավարման համակարգը օպտիմալացման կարիք ունի: Ուղղակի պետք է գիտակցել, որ նման փոփոխությունների իրագործումը հապճեպություն չի հանդուրժում: Պետք է, ինչպես ժողովուրդը կասեր, «յոթ չափել, մեկ կտրել», այլապես սխալվելուց չես խուսափի, եւ կոնկրետ պարագայում դա ակներեւ է: Բերենք միայն մեկ օրինակ. որքանո՞վ է, ասենք, նպատակահարմար Ջրային տնտեսության կոմիտեի միավորումը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը: Մի՞թե ավելի տրամաբանական չէր լինի, եթե այն միացվեր գյուղատնտեսությանը, որը ջրային ռեսուրսների հիմնական շահառուն է: Գյուղնախարարությունն, անխոս, ավելի օպտիմալ կկառավարեր եւ ավելի արդյունավետ կբաշխեր ջրային ռեսուրսները:
Անցած շաբաթավերջին` դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել էր բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Արցախի հերոսի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում եւ կոչ արել անհապաղ ազատ արձակել կալանքից` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»:
...Բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն անընդհատ կրկնում էր, թե Արցախում նմանատիպ ակցիայի անցկացումը չի կարող որեւէ խնդիր առաջացնել հայաստանյան եւ արցախյան հասարակությունների միջեւ: Այդուհանդերձ` նախկին ֆիզիկոսը հայտարարություններ էր հնչեցնում, որոնք հակառակ տպավորությունն էին գործում: Ահա այդ «գոհարներից» մի քանիսը. «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի… Եվ եթե մինչեւ տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, մենք ողջ Արցախը ոտքի կկանգնեցնենք»: Հետաքրքիր է` ո՞ւմ դեմ: Կամ` այս մեկը. «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում: Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է մեր կողքին, եւ մեր պահանջն է շտապ ազատ արձակել նրան: Սա ողջ Արցախի ձայնն է»: Իսկ ամենաաղմկոտ հայտարարությունը, որը սոցցանցերում մեծ զայրույթ էր առաջացրել, հետեւյալն է. «Ո´չ, մեր հաղթանակը չպետք է բաժանենք համայն հայության վրա: Դա միա՛յն Ղարաբաղի ժողովրդի հաղթանակն է...»: Դժվար է հավատալ, որ իրեն մտավորական համարող, ուսյալ մարդը, որ պատկառելի տարիքի է հասել ու, թվում է, պետք է իմաստնացած լիներ կենսափորձով, կարող է նման անհեթեթություններ դուրս տալ: Անգամ՝ բարձր վարձատրության դիմաց:
Սոցցանցերում, ի դեպ, տարածել էին Քոչարյանի կողմից վարձատրվող անձանց մի ցուցակ, որում ընդգրկված են Մոսկվայում, Արցախում եւ ՀՀ-ում, ի պաշտպանություն «օրվա հերոսի», ակցիաներ նախաձեռնողների անունները: Այդ գործողությունները, բնականաբար, ինքնաբուխ չեն, որեւէ աղերս չունեն արդարության հետ եւ հիմնված են ոչ թե բարոյական արժեքների, այլ միայն փողի վրա: Ըստ հրապարակված լուրերի, Մոսկվայում այդ հարցերի կարգավորմամբ զբաղվում են Արկադի Ղուկասյանը, Կամո Ավագումյանը եւ Արա Աբրահամյանը, Ստեփանակերտում՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն ու ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը: Ցույցերի իրականացման հարցերով զբաղվում են նաեւ մեծ գումարներ տնօրինող Սեդրակ Քոչարյանը եւ ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: ՀՀ-ում վերջերս փորձ եղավ այդպիսի ակցիա անցկացնել, սակայն շատ խղճուկ ստացվեց, վաճառված մարդկանց այդ փոքրիկ խումբը չկարողացավ իր ձայնը տեղ հասցնել: Միգուցե հենց այդ բա՞ցն էր Գրիգորի Աֆանասյանն ուզում շտկել, երբ Ստեփանակերտում խոսում էր «ողջ Արցախը ոտքի կանգնեցնելու» եւ հարկ եղած դեպքում Հայաստան բերելու մասին:
Ճիշտ է ասված՝ շատ ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Իսրայելում արտահերթ ընտրություններ կլինեն. Կնեսետը լուծարվում է
Financial Times-ը տեղեկացնում է, որ Բենիամին Նեթանյահուի կառավարող կոալիցիան համաձայնել է լուծարել Իսրայելի խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է արել, որն ավելի շուտ դիտարկվում է որպես վետերան վարչապետի վստահության հանրաքվե: Ընտրությունները հավանաբար տեղի կունենան ապրիլի 9-ին:
The Telegraph-ի տվյալներով՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի, չնայած Իսրայելի ոստիկանության կողմից բազմիցս հնչող հայտարարություններին, որոնց համաձայն վարչապետը պետք է մեղադրվի կոռուպցիայի մեջ: Նեթանյահուն ժխտում է որեւէ մեղադրանք, եւ իսրայելցի դատախազները դեռ չեն որոշել` արդյոք նրան մեղադրանք ներկայացնե՞լ, թե՞ ոչ: Ընտրությունները նշանակում են, որ դատախազները հավանաբար ոչ մի որոշում չեն հրապարակի մինչեւ քարոզարշավի ավարտը:
The Washington Post-ը գրում է, որ ընտրությունները կանցկացվեն Իսրայելի հյուսիսային սահմանի երկայնքով Իրանի եւ նրա դաշնակից «Հեզբոլլահի» կողմից սպառնալիքի նկատմամբ աճող անհանգստության խորապատկերին, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց Սիրիայից, որտեղ նրանք օգնում էին զսպել Իրանի ազդեցությունը:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը