Friday, 04 October 2024

F Free Platform

Թշնամին օղակը սեղմում է

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին  տարբեր եթերներով հասկանալ են տալիս, որ ցեղասպանվելու են, եւ զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր հարթակներից հնչող այդ մահաբեր գույժին։

Իմացա, որ ֆրանսիացի փաստաբաններ են այցելել Սյունիք, տեղեկացել իրավիճակին ու եկել հետեւության, որ Սյունիքի ժողովրդին եւս ցեղասպանություն է սպասվում։

Բառի գործածությունը ցեղասպանվողներիս համար սարսափազդու է, բայց անհաշտ չենք գործածության հետ, երբ գիտենք, որ հայոց ցեղը չի վերանալու արցախցիների ու սյունեցիների բնաջնջումով։

Ու երբվանի՞ց որոշվեց ցեղասպանել մեզ։ Ըստ լրատվական աղբյուրների, անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված փաստաթղթի համաձայն` Արցախը եւ Սյունիքի մի քանի տասնյակ բնակավայրեր հանձնվում են Ադրբեջանին։

Ստացվում է, որ այս ամիսների ընթացքում մեզ հաշտեցնում էին «ցեղասպանվելու» չարաղետ մտքին, որից զերծ չմնաց «հայաթափվելը», որը պակաս սարսռազդու չէ մեզ համար, որ պիտի տուն-տեղ, հայրենիք թողնենք, հեռանանք…

Գնալով օղակը սեղմում է թշնամին, նոր ադրբեջանական անցակետ է դրվել Բերձորի միջանցքում, եւ հասկացնում են, որ ցեղասպանվելու կամ հայաթափության համար մեզ ժամանակ է տրված` մինչեւ մայիսի 10-ը, ոմանք 14-ն են նշում` տալով հավելյալ ապրելու եւս 4 օրվա հնարավորություն։

Արցախում մեր ողբերգական վերջաբանի օրերը չենք հաշվում, քանի դեռ բանջարեղենի նոր սածիլներ են դրվում հողում, կարտոֆիլ են ցանում, շինարարի մուրճի ձայնն է լսվում, տուն է վերանորոգվում, սպասում են նորածին մանկան ծննդին, պատրաստվում են դպրոցական «Վերջին զանգին», նախապատրաստվում դպրոցական եւ բուհական քննությունների…

Դասականի խոսքն եմ հիշում` «Ես երգելով կուզիմ մեռնիլ…» Ու դարձավ Եղեռնի զոհ այն մեկուկես միլիոնից անբաժան:

Ես փորձում եմ հակադարձել նրան, որ մենք երգելով կուզենք ապրել… Երգելով այգի մշակենք, երգելով սերմը հողին հանձնենք, երգելով դիմավորենք մանկան աշխարհ գալը, դպրոցին երգելով հրաժեշտ տան շրջանավարտները… Ու այսպես կյանքը շարունակվի:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.