Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Շաբաթվա անցուդարձ

22-29 ապրիլի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցած կիրակի՝ ապրիլի 23-ին, տեղական եւ միջազգային ԶԼՄ-ները հեղեղված էին Ադրբեջանի տմարդի գործողությունը դատապարտող լուրերով: Թշնամին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին հարող Հակարի գետի կամուրջը՝ ապօրինաբար անցակետ տեղադրելով Բերձորի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում, որը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է: Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղակայել, ինչի մասին իրազեկված են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւ ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը: Սակայն անցակետի տեղադրումը, ըստ էության, Արցախի շուրջ օղակը սեղմելու եւ ԼՂՀ-ն վերջնականապես հայաթափելու նպատակ ունի:

Ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտել են ոչ միայն Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարությունները, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, որոնք առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու՝ Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը: Իր հերթին՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է լարվածությունը նվազեցնելու՝ Եվրամիության կոչին հակասող քայլ: Ըստ նրա, հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

Չնայած պաշտոնական Բաքվի չքմեղությանը, թե անցակետի տեղադրումն ընդամենը նպատակ ունի կանխելու, իբր, «զենք-զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների ու մշակութային պաշարների ապօրինի արտահանումը» եւ այլն, ինչը բացարձակապես ապատեղեկատվություն է, ադրբեջանական կողմի ապօրինի միջոցառումն արդեն տվել է առաջին բացասական հետեւանքները: Այսպես՝ ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ, իսկ Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները լիակատար շրջափակման մեջ են հայտնվել:

Բերձորի միջանցքում Բաքվի միակողմանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է: Այժմ անցակետի ապամոնտաժման հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության եւ ադրբեջանական կողմի միջեւ: Զորակազմը, ինչպես հայտնի է, ապրիլի 25-ից նոր ղեկավարություն ունի՝ ի դեմս Ռուսաստանի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի: Բանակցությունների հաջող ելքը փորձառու զինվորականի համար վճռականության ու կամքի կարեւոր թեստ կհանդիսանա, ինչպես նաեւ՝ վառ վկայությունը նրա գեներալական պատվի ու ծառայողական բարեխղճության:

 

Երեւում է՝ «դավաճանի» պիտակն այլեւս անջնջելի խարան է ՀՀ գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ճակատներին: Ապրիլի 25-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Չարենցի-Սայաթ Նովայի խաչմերուկի մոտերքը, թիկնազորի ու ոստիկանական խմբի ուղեկցությամբ քայլող Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար ոստիկանության բաժին էր տարվել Սամվել Վարդանյան անունով մի երիտասարդ եւ մեկուկես ժամ անց ազատ արձակվել: Ոստիկանության պարզաբանումը, թե ինչու էր երիտասարդը բերման ենթարկվել, ուղղակի ապշեցուցիչ էր. «Նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ»: Ոստիկանության ծառայողի տրամաբանությամբ՝ «դավաճան» գոռացողի գրպանում պետք է որ սառը զենք լիներ:

Բարեբախտաբար՝ իրավապահ համակարգի հետ Սամվել Վարդանյանը լուրջ խնդիր չունեցավ, սակայն կատարած «արարքի» համար գործատուի հետ տհաճ խոսակցությունից խուսափել չհաջողվեց, եւ նա ազատվեց Երեւանի հյուրանոցներից մեկի կառավարչի՝ իր զբաղեցրած պաշտոնից: «Իրենք կուսակցական չեն, բայց մտածեցին, որ իրենց համար խնդիրներ կարող են ծագել իմ նման աշխատող ունենալու պատճառով»,- Aravot.am-ին պատմել է Վարդանյանը: Պարզ է, որ հյուրանոցի տերը՝ ելնելով ՀՀ-ում առկա բարքերից, չի ցանկացել ավելորդ գլխացավանք ունենալ կամ հայտնվել ՔՊ-ական բախտախնդիրների ուշադրության կենտրոնում:

«Դավաճան»-ը վիրավորական արտահայտություն չէ, կենցաղային-առօրեական բնույթի բնորոշում չէ, «դավաճան»-ը քաղաքական գնահատական է, որ կարող է քաղաքացին տալ իր ընտրյալին, եթե հիմքեր ունի այդպես դատելու: ՀՀ քաղաքական իշխանությունների դեպքում հիմքերն ավելի քան բավարար են, թեեւ իրեն ժողովրդավար համարող ՔՊ-ական իշխանակարգը չի հանդուրժում եւ, որպես կանոն, բուռն է արձագանքում քաղաքացիների այդօրինակ գնահատանքին: Եվ որքան բուռն է արձագանքը, այնքան արժանահավատ է հասցեատիրոջ անվրեպ ընտրությունը: Տվյալ դրվագում կարելի է սփոփվել գոնե նրանով, որ քաղաքացուն չնվաստացրին՝ թքելով նրա դեմքին:

 

Նույն օրը եւս մեկ «դավաճան» ստացավ իր հասանելիքը մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման արարողության ժամանակ, երբ ելույթի համար ամբիոնին էր մոտեցել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը: Նրա ելույթի ընթացքում ներկաներից մի քանիսը սկսեցին սուլել ու «դավաճան» վանկարկել, եւ փոխքաղաքապետը ստիպված էր արագ ավարտել ելույթն ու հեռանալ: Ավինյանն արդեն երկար ժամանակ կաշվից դուրս է գալիս հանրությանը դուր գալու համար՝ հեռահար նպատակ ունենալով Երեւանի ավագանու մոտալուտ ընտրություններում առաջադրելու իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում եւ հաղթելու:

Ասել է թե հայ ազգային Արժանապատվության ասպետների՝ Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Շահան Նաթալիի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի եւ մյուսների հուշարձանի բացման պատեհությունն անգամ կյանքում ոչ մի արժանավոր գործ չկատարած Ավինյանը փորձում է օգտագործել տակավին չմեկնարկած իր նախընտրական քարոզարշավի տրամաբանության ծիրում: Հայոց իրական հերոսների շուքի խորապատկերին նրան սուլելու եւ «դավաճան» կոչելու գործողությունն ավելի քան տեղին էր: Քաղաքացիները բացականչում էին նաեւ կոչեր՝ «Արցախ», «Միացում», «Հաղթանակ» բովանդակությամբ:

1915թ. Հայոց ցեղասպանությունը հղացած ու դաժանորեն կյանքի կոչած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպեսեւ Բաքվի հայերի 1918թ. ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած քաջարի հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաեւ այս հուշարձանի միջոցով, որը ոչ միայն հարգանքի տուրք է նրանց հիշատակին, այլեւ յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ: Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երեւանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, միջնորդությունը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները:

«Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի կյանքի նշանավոր իրադարձություններից է, որն արտահայտում է Հայոց ցեղասպանության հանցագործների նկատմամբ մեր ազգային ցասման, վրեժխնդրության արդարացի հատուցման, ազգի արժանապատվության, ոգու եւ վեհանձնության գաղափարը: Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես որ սպասվում էր, հանդես եկան Երեւանում հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը դատապարտող հայտարարություններով: Բայց նրանց բնութագրումները լումայի արժեք չունեն՝ պատմությունն ինքն է տվել աննկուն հայորդիների բնութագիրը՝ ոչ որպես ահաբեկիչների, այլ իբրեւ իրականացնողներ այն արդար դատավճռի, որը կայացվել էր օրինական իրավական ատյանի կողմից:

Չմոռանանք, որ Թուրքիան առաջինն էր իրավականորեն մահվան դատապարտել 1915-ի կազմակերպիչներին ու իրականացնողներին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ գերմանական դատարանն արդարացման դառավճիռ էր կայացրել գլխավոր դահճին՝ Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ: Սրանք բավական խոսուն փաստեր են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ այդ օրն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին: Հանրապետության հրապարակից նախօրեին մեկնարկել էր «Ջահերով երթը»՝ նվիրված անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչման 108-րդ տարելիցին։ «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար». սա էր երթի խորագիրը։ Նախքան երթը՝ ՀՅԴ-ական երիտասարդներն այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 3 տասնյակի չափ երկրներ ու միջազգային կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաեւ նախագահ Ջո Բայդենը՝ երկու տարի անընդմեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ քննարկվել են Բերձորի միջանցքին եւ ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են «ԼՂ-ի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ»: ՌԴ նախագահը հայ ժողովրդի հետ իր համերաշխությունն է հայտնել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Փաշինյանը եւ Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից 5 օր անց ՀՀ վարչապետն ապրիլի 27-ին հրապարակավ անդրադարձել է այդ խնդրին: «Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքում: Եթե մինչեւ հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»,- նշել է Փաշինյանը՝ պնդելով, որ Ռուսաստանից բացի, որեւէ մեկը նշված միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։

Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով ՀՀ-ում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան: Ապրիլի 27-ին կայացել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր Կոլոնայի՝ Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան այցելության մասին: Երեւան այցի ընթացքում Կոլոնան վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար, կայուն, տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու՝ պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաեւ կոչ է արել երաշխավորել ԼՂ հայ բնակչության իրավունքները եւ անհապաղ վերականգնել երթեւեկությունը Բերձորի միջանցքով:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին ընդունել է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Բերձորի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող եւ այլ հարցեր:

Հայաստանի կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ ադրբեջանցիների կողմից ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում անցակետ դնելու հարցով. այս մասին «Ազատությանը» փոխանցել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Բերձորի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետի տեղադրումը «անվտանգության նկատառումներ» է հետապնդում։

Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի հետ զրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ԼՂ-ի ճանաչման բանաձեւ շրջանառության մեջ դնել։ «Կարծում եմ` սա բավական լուրջ ուղերձ կլինի Բաքվի բռնապետին, որ Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններն էլ պատրաստ են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները»,- ընդգծել է Շիֆը:

Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024
Օգոստոսի 17 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: